[ARM]     [RUS]     [ENG]

Սերժ Սարգսյանը դրական գործընթաց է անվանել հայ-ռուսական համատեղ ուժերի խմբավորման ստեղծումը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դրական գործընթաց է անվանել հայ-ռուսական համատեղ ուժերի խմբավորման ստեղծումը:

Այդ մասին ՀՀ նախագահն ասել է «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Դա նորություն չէ, այլ արդեն վաղուց գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունների շարունակությունը: Համատեղ ուժերի խմբավորումը ստեղծվել է դեռ 1990-ականների սկզբին: Այն ունի հրամանատարություն, ուժեր և միջոցներ: Մենք, իհարկե, ուշադիր հետևելու ենք այն ամեն նորին, որը կներառվի տվյալ համաձայնագրերում՝ ՌԴ նախագահի հրամանով»,- ասել է Սերժ Սարգսյանը։

 

ՀՀ նախագահը նշել է, որ դա դրական գործընթաց է։ «Այսինքն՝ դա լավ նորություն է, և մենք կաշխատենք՝ մինչև այդ համատեղ խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Կիսելյովի այն դիտարկմանը, թե ՀՀ նախագահն այնպես է խոսում, կարծես դա ռազմական գաղտնիք է՝ ոչ մի մանրամասն չներկայացնելով, Սերժ Սարգսյանն ասել է. «Երբ մենք օգտագործում ենք «ռազմական» բառը, գաղտնիք միշտ կա: Ես չեմ ասում, որ դա մեծ գաղտնիք է, բայց կան մանրամասներ, որոնց մասին ես չէի ցանկանա խոսել: Բայց այդպիսին է այն իրավիճակի զարգացումը, որը գոյություն է ունեցել»։

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով հավանության է արժանացրել Հայաստանի հետ երկու երկրների ուժերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը: 

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի ստորագրման մասին ՌԴ կառավարության առաջարկը»,- ասված է փաստաթղթում:

Հրամանագրի տեքստի համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ հայկական կողմի հետ բանակցություններ անցկացնել և պայմանավորվածություններ ձեռք բերելուն պես Ռուսաստանի անունից ստորագրել նշված համաձայնագիրը: