[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՑՅԱԼԻ ԴԱՌԸ ՀՈՒՇԵՐԻՑ

Երբ ՚ժողովուրդների հայրՙ Ստալինը հեռացավ կյանքից, սովետական հսկայածավալ կայսրության ծայրամասերում ազգային փոքրամասնությունների հետ կապված չլուծված հարցերն այդպես էլ մնացին չլուծված։

Ստալինը վախի ու սարսափի սպառնալիքով պահում էր դրությունը։ Բայց երբ Կրեմլում տեր ու տիրական դարձան կիսագրագետ և փառամոլությամբ տոգորված մարդիկ, ծայրամասերում ազգայնական թշնամանքի անթեղված կրակները բացազատվեցին։ Ադրբեջանում էլ պանթուրանիզմի գաղափարներով ապրող և սնվող զանգվածն արթնացավ ու սկսեց գործել։ Բոսֆորից մինչև Բայկալի ավազանն ընդգրկող Թուրան ստեղծելու գաղափարը գայթակղիչ էր, և թուրքերը ձեռնամուխ եղան այդ ճանապարհին եղած խոչընդոտները վերացնելուն։

ԼՂԻՄ-ում մարզկոմի առաջին քարտուղար Եղիշե Պետրոսյանին փոխարինեց Նիկոլայ Շահնազարովը, դավաճան մելիք Շահնազարի տոհմից, որն անգամ հայերեն չգիտեր և հավակնում էր իր դավաճան ապուպապի գործն  ավարտին հասցնել։ Նա պիտի լուծեր Արցախի հայաթափման խնդիրը, որն ըստ ազերիների՝ շատ է ուշացել։ Արաքսից այն կողմ ընկած Հայկական լեռնաշխարհի բոլոր վայրերը հայաթափվել էին, նույն վիճակում է հայտնվել նաև Ադրբեջանին բռնակցված հայկական Նախիջևանը, ուր հայերը դիմացան հոկտեմբերյան հեղաշրջումից հետո մի երկու-երեք տասնամյակ։ Բայց ահա Արցախը պինդ ընկույզ դուրս եկավ։ Արցախցին ոչ միայն չէր հեռանում, այլև ստեպ-ստեպ հիշեցնում էր իր ազատ ապրելու ցանկության մասին։ Եվ  թուրք-ազերիները պլանավորեցին այնպիսի պայմաններ ստեղծել Արցախում, որ հայերը կորցնեն այնտեղ գոյատևելու հավատը։ Ու գործի անցան։

50-ական թվականների վերջերին և 60-ականների սկզբներին Ղարաբաղում արտասովոր ողբերգական դեպքեր եղան՝ սպանություններ, անասնագողություններ, բացահայտ դիվերսիաներ նաև հոգևոր կյանքում։ Հենց այդ տարիներին էլ Թուրքիայում արմատավորված ՙԳորշ  գայլեր՚ կազմակերպության բջիջներ առաջ եկան նաև Արցախում՝ կուսակցական ղեկավարության շրջանակներում, ժողովրդական կրթության ասպարեզում, տնտեսական ոլորտներում։ 

Նպատակը մեկն էր՝ հայերին բերել այն համոզմունքին, որ նրանք Արցախում ապրելու հնարավորություն չեն ունենալու, և միակ փրկությունը թողնել-հեռանալն է։ Սպանությունները և տարաբնույթ  բռնություններ հաջորդում էին միմյանց։ Սպանեցին Մարտակերտի սովխոզի այգիների պահակին, նրա կնոջն ու երեխաներին և բոլորի դիակները պահակատանը հրդեհի ճարակ դարձրին, Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի  տրակտորիստներ Կառլիտոյին և Խեչոյին գնդակահարեցին գիշերավարի ժամանակ։ Շուշիում օրը ցերեկով փողոցում սպանեցին մի երիտասարդ հայի։ Աղդամում սպանեցին Ստեփանակերտի բնակիչ Ջավադ Ավանեսյանի որդուն։ Սպանողները մնացին անհայտ, որովհետև թուրքական շրջապատում վկայություն կորզել հնարավոր չէր։ 

Իմիշլիում հայ երեք արհեստավորներ թուրքի համար տուն էին կառուցում։ Եվ ահա տանտերը բարձր լարման հոսանքով սպանեց  նրանց։ Շուշի քաղաքում քանդում էին հայկական գերեզմանատները, պատճառաբանելով, թե Շուշիի թրքությանը փրկում են գերեզմանային շրջապատից։ Հիվանդանոցներում բույն դրած թուրք բժիշկները դիտավորյալ սպանում էին հայերին, ամլացնում էին հայ կանանց, որ այլևս չծննդաբերեն։ Վիրահատության ժամանակ, օրինակ, սպանեցին Մարտունու շրջանի դատախազ Հակոբյանին։

Տեղի ունեցավ մի դեպք ևս, որն իր դաժանությամբ վեր էր ամեն սպասածից, և մարդկության կյանքում նման  օրինակ հազիվ թե լինի։ Բերդաշենցի (Ղզղալա) Բենիկ Մովսիսյանի, որ գյուղատնտես էր աշխատում Կուրոպատկինոյի խաղողագործական սովխոզում, 9-ամյա որդուն դպրոցի տնօրեն Արշադն ու իր եղբայր Արմուշադը սպանել էին չլսված-չտեսնված եղանակով, գլխին մեխեր խփելով... Քաղաքակրթության պատմության մեջ նմանօրինակ չարագործություններ չեն եղել կամ համարյա չեն եղել։ Ի՞նչը պիտի դրդեր մարդ-արարածին նման անգթությամբ կյանքից զրկելու 9-ամյա մանկանը։  

Այս դեպքի մասին կարդացի Լաուրա Գրիգորյանի ՙՎերադարձ անցյալին չի լինի՚ (ՙԱզատ Արցախ՚, հոկտեմբերի 22) հոդվածում։ Վերհիշեցի ամբողջ կատարվածը, դատաքննությունը, որ տևեց մեկ տարի, հետևանքները, անարդար դատավճռից հետո ժողովրդական ցասումը։ 

...Կոմունիստի դիմակ հագած ՙգորշ գայլերը՚ դատաստան տեսան. բանտերը լցվեցին հայերով, որոնցից ութ հոգու սպանեցին, շատերին աքսորեցին Բայկալի ավազանի կալանավայրերը։ Այնտեղ աքսորվեցին  9¬ամյա Նելսիկի պապը՝ Համբարձումը, հայրը՝ Բենիկը, քեռին՝ Էռնեստը և խոշտանգված երեխայի շատ հարազատներ։ Իսկ մանկասպանների հայրենի գյուղ Ղարադաղլիում հանդիսավորությամբ հուղարկավորում են Արշադին և իր գործակիցներին։ Ներկա էր Ադրբեջանի մինիստրների խորհրդի նախագահ Ալիխանովը, որն իր հետ Բաքվից բերել էր նվագախումբ և մոլլաներ։ Վերջիններս ալլահից չարագործների համար երկնային դրախտ էին աղերսում արևելյան ծորուն մեղեդիների ուղեկցությամբ։

Արշադի վրա հուշաքար կանգնեցրին, որի վրա գիրք էր փորագրված, ի նշան այն բանի, որ այդ քարի տակ  իբր մտավորական է ամփոփված, և ոչ թե արնախում մի ճիվաղ։

Մի քանի տարի անց հայ մեծերը հնարավորություն ունեցան զբաղվելու տարաբախտ երեխայի տարաբախտ հարազատների ճակատագրերով։ Առանձնապես նշանակալից էր լուսահոգի Սերո Խանզադյանի արածը։ Նրա միջնորդությամբ Բենիկ Մովսիսյանը հեռավոր Սիբիրից տեղափոխվեց Երևանի Կոշիի բանտը, և մի որոշ ժամանակ  անց  ազատություն ստացավ հանցանշանների բացակայության պատճառով։ Բռնադատվածներից շատերը վերադարձան հայրենի եզերք և այնտեղ ապրեցին իրենց կյանքի մնացորդը։ Վիշտն էլ աստիճանաբար մեղմացավ, քանի որ անմիջական կրողներն այլևս չկան և վերացել են այս աշխարհից։ 

Իսկ Արցախն այսօր ուրիշ կյանքով է ապրում և ստացել է իր բաղձալի ազատությունը։

Էմիլ ԲԱԼԱՅԱՆ

Հանրապետության վաստակավոր ուսուցիչ

գ. Աշան