[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝ ՀԱՄԵՄՎԱԾ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոյի փոփոխություն արձանագրելն Ադրբեջանի համար շարունակում է մնալ օրակարգային հարց։

  Այդ երկրի քարոզչամեքենան զօրուգիշեր պտտվում է նույն թեմայի շուրջ. տիրապետող վարչակարգն ի զորու է ուժի կիրառման ճանապարհով հայկական կողմից տարածքներ վերադարձնել։ Սակայն միջազգային հանրությունը և առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններով ալիևյան կլանին պարբերաբար հասկանալ են տալիս, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Անկասկած, մեր հարևաններն ինչ-որ չափով դա գիտակցում են,  այդուհանդերձ, նրանց մոտ պահպանվում են ռազմական գերազանցության հասնելու ճանապարհով ի նպաստ իրենց խնդիրը  լուծելու պատրանքները։  Ադրբեջանական տեղեկատվական աղբյուրներից իրազեկվում ենք, որ  2017 թվականի պետբյուջեի նորացված նախագծում զինված ուժերի համար նախատեսվող ծախսերն աճել են ավելի քան 63%-ով,  կամ 1,27 միլիարդ մանաթով։ Ադրբեջանը 10 տարում սպառազինության գնման համար ծախսել է 22,7 միլիարդ դոլար՝ դառնալով ռազմական տեխնիկայի խոշորագույն ներկրող։ Պաշտոնական Բաքուն մի առանձին հպարտությամբ է հայտարարում, որ իր ռազմական բյուջեն ութ անգամ գերազանցում է Հայաստանի պետբյուջեն։ Զուգահեռաբար նշենք, որ արևմտյան քաղաքական-փորձագիտական շրջանակներն սկսել են անհանգստություն արտահայտել առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինության մրցավազքը գնալով ավելի է լրջանում, ինչը նշանակում է հետագա բախումների հավանականության մեծացում։ Այդ շրջանակներում, ի թիվս մի շարք շեշտադրումների, ընդգծվում է նաև, որ նման մրցավազք տեղի է ունենում ապրիլյան բախումներից ընդամենը 7 ամիս անց։ 

Ինչ խոսք, Ադրբեջանի սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամի պայմաններում ռազմական ծախսերն ավելացնելով՝ նախագահ Ալիևը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում իր իշխանության համար։ Պարզ է, որ ռազմական ծախսերն ավելացվում են սոցիալական ծրագրերի հաշվին՝ դրանով էլ ավելի սրելով ներքաղաքական լարվածությունը։ Բացի այդ, Բաքուն միջազգային հանրությանը ցուցադրում է ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցային  գործընթացին խոչընդոտելու իր ավանդական քաղաքականությունը և, այդ ամենով հանդերձ, չի ապահովում իր համար խիստ մտահոգիչ խնդրի՝ ուժի կիրառման ճանապարհով ղարաբաղյան խնդրի ադրբեջանանպաստ լուծումը։ 

Սպառազինության մրցավազքի առնչությամբ օրերս ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը ռուսաստանյան Russia Today գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով Հայաստանի տարածքում ռուսաստանյան հրթիռային համալիրների տեղակայմանը վերաբերող հարցին, շեշտել է, որ դա պարտադրված քայլ էր՝ ինչ-որ ձևով հավասարակշռելու իրավիճակը մեր տարածաշրջանում։ ՙԱդրբեջանը վերջին մի քանի տարիներին պարբերաբար ձեռք է բերել նորագույն սպառազինություններ։ Հայաստանը չունի Ադրբեջանի հնարավորությունները, սակայն անընդհատ փորձում ենք հավասարակշռել իրադրությունը՝ գտնելով հակաթույն։ Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում ՙԻսկանդերը՚ հենց այդ հակաթույնն է՚,-ասել Է Ս. Սարգսյանը։ Նրա  խոսքով, սպառազինությունների մրցավազքը միջազգային փոխհարաբերությունների դրական ասպեկտներից չէ, սակայն եթե հայկական կողմին ամեն օր պատերազմով ու ֆիզիկական բնաջնջմամբ են սպառնում, անհրաժեշտ է լինում ձեռնարկել համապատասխան քայլեր։ 

Առավել կտրուկ ու վճռական է արտահայտվել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը վերջերս մեզ մոտ անցկացված գնդային մարտավարական զորավարժությունների ժամանակ՝ ասելով՝  մենք ագրեսոր չենք, բայց հակառակորդը պետք է զգա մեր ուժը, պետք է իմանա, որ իր ցանկացած արկածախնդրություն կունենա կործանարար հետևանքներ՝ առաջին հերթին իր պետության ու ժողովրդի համար։   

Որպես թեմայի շարունակություն՝ հարկ ենք համարում անդրադառնալ  նաև հայ-թուրքական սահմանի բացման արևմտյան նախաձեռնություններին։ Դրանք պարբերաբար թարմացվում և մատուցվում են հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր զարգացումների ֆոնին։ Նման դեպքերում  թուրքական կողմից հնչող հայտարարություններն ունենում են մեկ ուղղություն ու մեկ իմաստ։ ՙԵթե Ադրբեջանի հողերի օկուպացիան դադարեցվի, ապա Հայաստանի սահմանները բացելու մասին Թուրքիայի կասկածները կվերանան՚. այս խոսքերն օրերս  արտաբերվել են Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի շուրթերով։ ՙԱնադոլու՚ գործակալության տեղեկությունների համաձայն՝ թուրք պաշտոնյան նման հայտարարությամբ հանդես է եկել Ստամբուլում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ նստաշրջանում։ 

Մենք գիտենք, որ թուրքական ղեկավարությունը հայ-թուրքական սահմանի բացման հարցը  քննարկելիս անմիջապես անցնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ որպես կարևորագույն պայման մատնանշելով  Հայաստանի դուրս գալը ՙօկուպացված՚ տարածքներից։ Այսինքն՝ թուրքական կողմը մեզ հետ խոսում է նախապայմանների լեզվով։ Շիմշեքն իր ասածին հավելել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են հատուկ մակարդակի վրա։ Ակնարկը հասկանալի է. երկու եղբայրական պետությունները չեն հրաժարվելու իրենց դիրքորոշումից և գործի են դնելու իրենց ողջ ներուժը։

Դրանում հայկական կողմը չի կասկածում։ Հակառակը, ավելի է համոզվում, որ ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան։ Այդուհանդերձ, պաշտոնական Ստեփանակերտն այն համոզմունքին է, որ Ադրբեջանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ հանդիպումները պետք է շարունակվեն, քանզի դրանց միջոցով տարածաշրջանում պահպանվում են խաղաղությունն ու կայունությունը։ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից հնչած հայտարարության համաձայն՝ խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա, պետք է ամեն ինչ անել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։               

2017 թվականից Ավստրիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը։ ՙԱրմենպրեսին՚ տված բացառիկ հարցազրույցում այդ երկրի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարեց, որ բռնության ևս մեկ դրսևորում ճակատագրական կլինի, և որ միջազգային հանրությունը դրան կողմնակից չէ։ Նրա խոսքով՝ բոլորը՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն, շատ հստակ դիրքորոշում ունեն այս հարցում։ Ավստրիան բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով։

Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Ս. Կուրցի այն մտքին, ըստ որի՝ հակամարտությունում ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը՝ համագործակցելու, վստահություն և երկխոսություն հաստատելու համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, այլ ոչ թե ռազմական գործողության վրա։ 

Առհասարակ, դրական արդյունքի հասնելու համար լավ ցանկությունները դեռևս քիչ են, դրանք պետք է նաև համահունչ լինեն ներկա իրողություններին։ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած պետությունները՝ 90-ականների Արցախյան պատերազմից մինչ այսօր, քաջատեղյակ են, որ  Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն առանձնանում են իրենց  ագրեսիվ ու ահաբեկչական բնույթով։ Այդ երկրների՝ ծայրահեղական գաղափարախոսության վրա հիմնված արտաքին քաղաքական հայեցակարգերը միջազգային հանրությանը հուշում են մեկ բան՝ ամեն ինչ անել՝ կանխելու մեծ պատերազմը հարավկովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջաններում։ Ապրիլյան քառօրյա պատերազմը, որը տեղի ունեցավ ադրբեջանա-թուրքական ռազմական ներուժի կիրառմամբ, պետք է դաս լինի բոլորի համար։ Սրանից բխող մտահոգությունները, թերևս, պետք է գտնվեն ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլև ՄԱԿ-ի և միջազգային մյուս հեղինակավոր կառույցների ուշադրության կենտրոնում։

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ