[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթվա ընթացքում ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հանրապետության մայրաքաղաքում և շրջաններում կազմակերպել է նոր Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումներ և ամփոփել դրանց արդյունքները:

Հիմք ընդունելով այդ ընթացքում ստացված առաջարկություններն ու դիտողությունները` հանձնաժողովը նախագիծը ենթարկել է որոշակի լրամշակման: Մոտ ապագայում  խորհրդարանում Նախագծի քննարկմանը հանրապետության քաղաքական դաշտի դերակատարները հնարավորություն կունենան մեկ անգամ ևս բարձրաձայնելու իրենց առաջարկություններն ու մտահոգությունները:  

Մեր խնդրանքով մայր օրենքում կատարված փոփոխությունների, կառավարման նոր  համակարգի  առնչությամբ հնչեցված առաջարկություններին ու դիտողություններին անդրադարձան հանրապետության արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարները:

Ըստ ԼՂՀ կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Հրանտ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ` դեռևս սահմանադրական բարեփոխումների մեկնարկին` խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ընթացքում ԿԿ-ն առաջինը միանշանակ բարձրաձայնել է ուժեղ նախագահական կառավարման ձևի անհրաժեշտության մասին: Նա այն համոզմունքին է, որ թշնամու կողմից պարբերաբար կազմակերպվող  սադրանքների և ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում, ինչպես նաև հաշվի առնելով մեր ազգային հոգեկերտվածքը` այլ համակարգի մասին խոսելն ավելորդ է: Բացի այդ, Հ. Մելքումյանի կարծիքով, խորհրդարանական համակարգի արդյունավետությունը մեր ազգի պատմության գոնե վերջին հարյուրամյակի ընթացքում չի ապացուցվել: Արցախի կոմունիստները Սահմանադրության հայեցակարգին ու  նախագծի նախնական տարբերակին ծանոթացել են, ներկայացրել սեփական դիտողություններն ու առաջարկությունները:    Առաջարկներից մեկն առնչվում է գործադիր մարմնի կարգավիճակին և հետագա գործունեության հստակեցմանը: Նոր Սահմանադրության բերած նորությունը` կապված պետնախարարի ինստիտուտի հետ, հեղհեղուկ ձևակերպում ունի, պարզ չէ, թե նա ինչ լիազորություններով է օժտված: Առաջարկություն է հնչեցվել նաև կապված դատական իշխանության հետ: Կոմունիստների համոզմամբ` դատավորները պետք է ընտրվեն համաժողովրդական քվեարկությամբ, այնպես, ինչպես կատարվում էր Խորհրդային Միությունում: Հ. Մելքումյանն առաջարկում է շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնը ևս դարձնել ընտրովի, ինչը կարելի է նաև ապահովել շրջանի ավագանու խորհրդի և գյուղապետերի մասնակցությամբ: Իսկ շրջվարչակազմի ղեկավարն իր հերթին պետք է նշանակի գյուղապետին, որպեսզի համայնքներում վերանա թայֆայականությունը, ինչն առկա է այսօր: ՙԵս հասկանում եմ, որ մեր առաջարկությունները կարող են դիտարկվել ժողովրդավարության մեր պատկերացումներին ոչ այնքան հարիր, սակայն սա է միակ ելքը գյուղերում բնակչությունը պահելու և գյուղը զարգացնելու համար՚,- համոզված է արցախյան կոմունիստների առաջնորդը:   

Նշելով, որ ներկայացված նախագծում ճիշտ է ընտրված նախագահի և ԱԺ-ի միջև հակակշիռների մեխանիզմը,  Հ. Մելքումյանը  սահմանադրությունը  պետության գաղափարախոսության արտահայտիչն ու քաղաքացու իրավունքների և պատասխանատվությունների մի ամբողջ համակարգ է որակում, որը պետք է հետագայում կարգավորվի օրենքների միջոցով: Սահմանադրության մեջ ամեն ինչ պետք է պարզ, հստակ և ճշգրիտ ձևակերպում ունենա,  որտեղ չպետք է լինեն այլևայլ մեկնաբանությունների համար սողանցքներ` համոզված է նա:  Սահմանադրության նախագծի տնտեսական կարգի մասին հոդվածում  նշված է, որ Արցախի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը: Մեր զրուցակցի դիտարկմամբ` այստեղ  իսպառ բացակայում է պետական սեփականության մասին կետը, և դա բազմաթիվ վտանգավոր հետևանքներով հղի բացթողում է, որը պետք է շտկել: Ըստ մեր զրուցակցի` աղավաղված են ներկայացված աշխատանքային իրավունքի մասին հոդվածի դրույթները: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի սոցիալական հայտարարված պետության  մայր օրենքում նշում լինի անվճար կրթության, բժշկության մասին և այլն: Մեկ այլ դիտարկում. հոդված 24-ում կարդում ենք`  ՙՈչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի՚. որևէ մեկը կարո՞ղ է հասկանալ, թե ինչ է սա նշանակում՚` նախագծի հեղինակներին հարց է ուղղում կուսակցության ղեկավարը: Նրա խոսքով՝ Սահմանադրությունն այն փաստաթուղթը չէ, որը կարելի է ցանկացած պահի  փոփոխել, այն պետք է ծառայի երկար, և սերունդներ պետք է առաջնորդվեն դրանով, և  այստեղ նուրբ մոտեցումներ են անհրաժեշտ:

 

 

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ