Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱԼԻԵՎԸ ԽԱՂՈՒՄ Է ՍՐԱՑՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ԱԼԻԵՎԱՄԵՏ ԶԼՄ-ՆԵՐԸ ՙՄԻԱՄԻՏ՚ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ

Վերջին ժամանակներս Ադրբեջանի հետ Արցախի սահմանում կրկին անհանգիստ է։

Բացի այն, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց, ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկները շփման գծի հյուսիսային ուղղությամբ՝ չեզոք գծում, նկատել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողների և պատասխան գործողություններով նրանց հետ շպրտել։ 

Երևում է, մարտի դաշտում ձախողումից դժգոհ ադրբեջանցիները որոշեցին սադրանքի դիմել տեղեկատվական դաշտում՝ տարածելով հաղորդագրություն առ այն, թե իբր գիշերը հայկական կողմը խախտել է հրադադարը՝ կիրառելով 60¬միլիմետրանոց ականանետներ, ՀԱՆ-17 տիպի նռնականետներ ու խոշոր տրամաչափի գնդացիրներ։ ՙԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն այդ հաղորդագրությունները գնահատեց որպես  ՙիրականությանը չհամապատասխանող՚ և անվանեց ՙհակառակորդ կողմի հերթական քարոզչական հնարք՚։ ԼՂՀ  ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը ու երբեք հանդես չեն գալիս ագրեսորի դերում։ Նման ապատեղակատվություն տարածելով` ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար՚,- նշում է ԼՂՀ  ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Կասկած չի հարուցում այն, որ Ադրբեջանը չի հրաժարվի հակամարտության գոտում հնարավորինս բարձր աստիճանի լարվածություն պահպանելու ի սկզբանե ամրագրած քաղաքականությունից։ Կան զանազան պատճառներ։ Այդ կերպ  Բաքուն մի կողմից փորձում է ներգործել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների վրա  (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա), մյուս կողմից` լուծել ներքաղաքական խնդիրներ, այդ թվում և` իշխանության պահպանում։ Ալիևն ինքը խոստովանեց. ՙՄեզ վրա ճնշում են գործադրում՝ նպատակ ունենալով հարկադրել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք բազմաթիվ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ դիվանագիտության կանոններ կան… Քանի դեռ մենք իշխանության գլուխ ենք կանգնած, իսկ հանրաքվեն (խոսքն ալիևյան կլանի դիրքերի՝ իշխանության մեջ ամրապնդվելուն ուղղված վերջերս անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին է.¬հեղ) ցույց տվեց, որ մենք երկար կմնանք իշխանության գլուխ, Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան՚։

Պատրա՞ստ է, արդյոք, Ալիևը լայնամասշտաբ պատերազմի։ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ չի կարելի բացառել հակամարտության սրման հավանականությունը, և այս տարվա ապրիլի սկզբին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա այդպես է, այնինչ տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս տեղի ունեցող ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ ներկա պահին լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն այդ ամենի հետ մեկտեղ այնքան էլ բարձր չէ։ Պատճառներից մեկն, ըստ քաղաքագետի, այն է, որ Բաքվի համար տեսանելի է դարձել նման պատերազմի գինը։ Մինասյանի խոսքով՝ կողմերի միջև հաստատվել է ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական հավասարակշռություն։ Թեև ասիմետրիկ՝ բայց հավասարակշռություն է։ ՙՈրոշ զինատեսակներով Ադրբեջանը միշտ առավելություն է ունեցել՝ ռազմաօդային ուժեր, ռազմատեխնիկա։ Իսկ հայկական կողմը առավելություն է ունեցել հակաօդային պաշտպանության միջոցների առումով։ Ներկայումս Հայաստանի զինված ուժերը բացարձակ առավելություն ունեն ժամանակակից օպերատիվ-մարտավարական միջոցների առումով՚,- լրագրողներին ասել է փորձագետը։ Նա նշել է, որ ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական հավասարակշռությունը բավական բարդ ու բազմաստիճան հասկացություն է, որը ներառում է ոչ միայն որոշ քանակի ռազմական տեխնիկա, այլև մարտունակություն, աշխարհագրական, պաշտպանական գծի առանձնահատկություններ, կառավարման միջոցներ, արտաքին դերակատարների ներգրավման հնարավորություն և այլն։ Ընդհանուր առմամբ, ուժերի այս հավասարակշռությունը պահպանվում է, իսկ վերջին ամիսներին հայկական կողմը ռազմատեխնիկական բաղադրիչի առումով ևս որոշակի առավելություն է ստացել։ Ս. Մինասյանը հստակեցրել է, որ նկատի չունի ՙԻսկանդերները՚, որոնք, նրա խոսքով, եղել են ԶՈՒ զինանոցում դեռ մինչև ապրիլյան ռազմական գործողությունները, ՙԻսկանդերներ՚-ի ու այլ հեռահար հրթիռային համակարգերի առկայության շնորհիվ է, որ ապրիլյան մարտերը մեծ մասշտաբների չհասան։ Փորձագետը նշել է, որ ռազմատեխնիկական միջոցները, որոնք Հայաստանը ձեռք է բերել վերջին ժամանակները ու շարունակում է ձեռք բերել, թույլ չեն տալիս լիովին խուսափել ցածր ու միջին մակարդակի էսկալացիայից։ ՙՍա դասական իրավիճակ է, երբ երկրները կարողանում են ապահովել ռազմավարական զսպում՝ կիրառելով և՜ ռազմատեխնիկական, և՜ ռազմաքաղաքական միջոցներ։ Սակայն եթե կողմերից մեկը դժգոհ է ստեղծված իրավիճակից, ապա փորձում է ինչ-որ կերպ դիմել ցածր մակարդակի էսկալացիայի՝ կիրառելով այն որպես քաղաքական լծակ՚,- ասել է Սերգեյ Մինասյանը։ 

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը համարում է, որ ադրբեջանական տեղեկատվական սադրանքները, ի թիվս ամենի, միտված են միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելուն։ ՙՍա նրանց ոճն է, ուրիշ տարբերակ չկա։ Նրանք այդպես են անում, որ վաղն արդարացնեն հրադադարի ռեժիմի իրենց խախտումները՚,- ասել է Բաբայանը ՙԱզատություն՚ ռադիոկայանին։ 

Նա նաև չի կարծում, որ սահմանում Ադրբեջանը ՙփոքր սրացումներով՚ կարող է գնալ լայնածավալ պատերազմի։ ՙԵրբ ինչ-որ մեկը պատերազմ է նախաձեռնում, պետք է համոզված լինի, որ շատ կարճ ժամանակահատվածում հաղթանակ է տոնելու։ Բացի այդ, գերտերությունները շահագրգռված չեն, որ այստեղ պատերազմ լինի։ Հետևաբար, լայնածավալ պատերազմ սկսելու հավանականությունը փոքր է։ Առավել ևս, որ Ադրբեջանը ներսից փխրուն երկիր է, որտեղ շատ փոքրամասնություններ կան, որոնք նրա առաջին իսկ պարտության դեպքում կսկսեն պահանջել իրենց անկախությունը՚։ Չի բացառվում, որ հենց այս պատճառով է Բաքուն այդպես իրար խառնվել՝ տեղեկանալով այս տարվա հոկտեմբերի 21-23-ը Երևանում անցակցված ՙԻրան և  Կովկաս. 20 տարի՚ միջազգային համաժողովի մասին, որտեղ տարբեր երկրներից գիտնականներ, այդ թվում՝ Ռուսաստանից, քննարկել են ՙԱդրբեջանի պատմության հարցեր՚։ Ադրբեջանցիներին հատկապես զայրացրել է հետազոտող և  հրապարակախոս Շահբան Հապիզովի մասնակցությունը համաժողովին, ով երբեմն  ՙՄարկո Շահբանով՚ մականունով է հանդես գալիս։ Ազգությամբ ավար Հապիզովը, ով ուսումնասիրում է Վրաստանում և Ադրբեջանում ապրող ավարների հետ կապված հարցեր, համաժողովին ուղարկվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Դաղստանի գիտական կենտրոնի կողմից։ Ադրբեջանում նա  ՙանցանկալի անձ՚ է։ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի  ՙվրդովված՚ աշխատակիցների խումբը երևանյան համաժողովը որակել է որպես ՙկոպիտ միջամտություն Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերին՚։ Ամենազավեշտականն ադրբեջանական պատմաբանների վրդովմունքն է այն բանի համար, որ համաժողովի այն հատվածը, որը նվիրված էր Ադրբեջանի և Իրանի թալիշների մասին քննարկմանը, անց է կացվել առանց Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցության. ՙՀամաժողովից ադրբեջանական գիտնականների ակնհայտ մեկուսացումն արդեն օրինաչափություն է դարձել որոշակի ՙգիտական շրջանակների՚ համար։ Իսկ Հապիզովի ու նրա նման անջատողականների ու անառողջ ազգայնականների ներգրավումն այլ բան չէ, քան Ադրբեջանի նկատմամբ ուղղակի սադրանք և գիտական ահաբեկչություն՚։ Հավակնությունները ճիշտ հասցեով չեն: Ադրբեջանական վայ-գիտնականները, որոնք, ի հաճույս ազերպրոպի գաղափարախոսության, ստիպված են զառանցական տրակտատներ հորինել, խեղաթյուրել ոչ միայն հայկական, այլև համաշխարհային պատմությունը՝ միջազգային գիտական հանրության մոտ հարուցելով ծիծաղ՝  արցունքների միջից, հարկ է վրդովմունք արտահայտեն իրենց նախագահի հրամանների շուրջ, որն արգելում է ադրբեջանցիներին, այդ թվում և գիտնականներին որևէ շփում հայերի հետ, հավասարապես  և մասնակցություն նման ֆորումների, առավել ևս՝ Հայաստանում ու Արցախում։ Հասկանալի է, որ ադրբեջանական պատմաբաններից ոչ մեկը չի համարձակվի Ալիևի դեմ հանդես գալ, դա պարզապես վտանգավոր է կյանքի համար։ Այդ ողորմելիներին մնում է միայն իրենց ՙսուլթանի՚ հրամանով վրդովմունք հայտնել նրա համար անցանկալի բոլորի ու ամեն ինչի նկատմամբ։ Հատկապես հայերի ու նրանց, ովքեր, անտեսելով Ալիևի զգացմունքներն ու հրամանները, բարեկամություն են անում նրանց հետ։ Օրերս ՙբաժին հասավ՚ Հայաստանում և Ադրբեջանում արևմտյան երկրների նախկին դեսպաններին։ Ալիևամետ haqqin.az  կայքը ցասումնալից ճառով հանդես եկավ ֆրանսիական ու ամերիկյան դիվանագետների հասցեին։ Հայաստանում Ֆրանսիայի նախկին (2002-2006թթ.) դեսպան Անրի Կյունին, ով գրել է ՙՀայաստան. մի ժողովրդի ոգին՚ գիրքը, օբստրուկցիայի է ենթարկվել այն բանի համար, որ ՙԱդրբեջանի ղեկավարությանը համարում է բռնապետական, և որ այն չի ընտրվել այդ երկրի քաղաքացիների կողմից՚… ու խոսելով ապրիլյան պատերազմի մասին,  նա հայտարարել է, որ ՙՀենց Ադրբեջանն է ամեն ինչ անում` սահմանում լարվածություն պահպանելու համար՚։ Հատկապես Բաքվին զայրացրել է ՙսահման՚ բառը Արցախի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համատեքստում, ինչպես նաև այն արտահայտությունը, թե ՙմիայն ռազմական գործողությունները կկարողանան երկարաձգել Ադրբեջանի բռնապետի իշխանությունը՚։ 

Ադրբեջանական հրատարակությունը նաև հիշեցնում է, որ դեռ 2006 թվականի հունվարին ֆրանսիական դիվանագետը հայտարարել էր, որ ՙղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարելի է օրինակ վերցնել Կոսովոյից, մասնավորապես ուսումնասիրել համագոյակցության հիմնախնդրի լուծման մոտեցումները՚։ ՙԻնչ հետևանք ունեցավ Կոսովոյի փորձը` գիտենք։ Արևմտյան երկրների մեծ մասն արդյունքում ճանաչեց արդեն փաստացի Սերբիայի նախկին նահանգի անկախությունը։ Նման ճակատագիր պարոն Կյունին, ըստ երևույթին, կանխագուշակել է Ղարաբաղին՚,- գրում է կատաղությունից փրփրած ազերպրոպի հոդվածի հեղինակը։ 

Նա նաև հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի նախկին համանախագահ Ժակ Ֆորի արտահայտությունն այն մասին, որ ՙԼեռնային Ղարաբաղի վերադարձ Ադրբեջանին հնարավոր չէ՚, ինչի համար անցյալ տարի Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Էրիկ Ֆուրնյեն Փարիզում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովի հետ զրույցում նույնիսկ ստիպված էր արդարանալ. ՙԺակ Ֆորը ներկայումս կենսաթոշակի է անցել, ոչ մի պաշտոնական դիրք չի զբաղեցնում և ոչ մի կերպ չի կարող արտահայտել Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը՚։ 

Էլ ինչ ասենք Ադրբեջանում Ամերիկայի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի մասին, ով առաջին տարին չէ, որ Ալիևին խիստ քննադատության է ենթարկում՝ երկրում բռնապետական ռեժիմ հաստատելու համար ու իր հերթին իր հասցեին  վիրավորական մակդիրների արժանանում։ 

ՙԴիվանագետներ՝ ընդդեմ Ադրբեջանի՚ խոսուն վերնագրով հրապարակման հեղինակը ՙմիամիտ՚ հարցադրումներ է անում. ՙԻնչո՞ւ Հայաստանում և  Ադրբեջանում դեսպաններ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցողներ նշանակվում են այն դիվանագետները, ովքեր ի սկզբանե Ադրբեջանի դեմ են տրամադրված։ Մնում է միայն ադրբեջանցիներին հիշեցնել Կռիլովի ՙԿապիկն ու հայելին՚ հայտնի առակից այս նախադասությունը.ՙՔան թե թվես ձերոնց զատ-զատ, լավ չէ՞ նայես, խելո՜ք, վրադ, էն գարշելուն՚։

www.ra.am

Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ

ք.Երևան