[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ Ի ՇԱՀ ԺՈՂՈՎՐԴԻ

Քաղաքական օրակարգ մտած և ամենաքննարկվող հարցերից մեկը դարձած սահմանադրական բարեփոխումների գործընթացը մտել է  վճռորոշ փուլ:

Նախագահականում շարունակվում են մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած  նախագծի նախնական տարբերակի շուրջ խորհրդատվությունները: Խորհրդարանում սպասվում են  լսումներ, որոնց ընթացքում հանրապետության քաղաքական ուժերը մեկ անգամ ևս բարձրաձայնելու են իրենց մտահոգություններն ու դիտողությունները: Մայր օրենքում սպասվելիք փոփոխությունների, կառավարման նոր  ձևի առնչությամբ սեփական տեսակետները, դիտողություններն ու  առաջարկություններն են ներկայացնում արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարները:

Բորիս ԱՌՈՒՇԱՆԱՅԱՆ. Արցախի արմենական կուսակցության նախագահ: 

- Սովորական պայմաններում, իհարկե,  առավել նպատակահարմար կլիներ հետևել ՀՀ օրինակին և  Սահմանադրական բարեփոխումների գործընթացով անցում կատարել խորհրդարանական համակարգին: Սակայն ապրիլի երկուսից հետո ստեղծված անկայուն և անկանխատեսելի իրավիճակը և մեր հանրապետության քաղաքական դաշտի չկայացվածությունը (սա իմ կարծիքն է) մեզ հուշեցին, որ այս ժամանակահատվածում անհրաժեշտ է ունենալ ուժեղ, կենտրոնացված և արդյունավետ գործող գործադիր իշխանություն, որի ղեկավարը հանրապետության նախագահն է:  Իհարկե, չկա մի համակարգ, որն ունի միայն դրական կողմեր, եւ հակառակը՝ չկա մի համակարգ, որն ունի բացառապես բացասական կողմեր: Ըստ իս, կառավարման ձևի ընտրության հարցում փորձ է արվել համադրել համակարգի ուժեղ եւ թույլ կողմերն ու գտնել լավագույն տարբերակը՝ համադրելով այն մեր ազգային առանձնահատկությունների հետ:  

Բացի գործադիր իշխանությունից, օրենսդիր և դատական ճյուղերը ևս որակյալ կադրերով պետք է համալրված լինեն, որպեսզի գործեն զուգահեռ և ստեղծեն հակակշիռների համակարգ՝ փոխադարձաբար լրացնելով և վերահսկելով միմյանց: Սահմանադրության մեջ այս ամենը հստակ ձևակերպումներով ամրագրելն այնքան էլ հեշտ խնդիր չէ: Կարևորելով դիտողություններ և առաջարկներ ընդունելու` սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի պատրաստակամությունը, մենք մի քանի լուծում պահանջող խնդիրներ ենք առաջ քաշել և դրանց լուծման համար տարբերակներ առաջարկել: Նախ նշեմ, որ վերոնշյալ խնդիրների հաղթահարումը համամասնական ընտրակարգով ձևավորված խորհրդարանի միջոցով շատ  դժվար է լինելու: Մենք  առաջարկել ենք պատգամավորի գրանցման համար տարիքային և կրթական որոշակի չափորոշիչներ սահմանել: Պատգամավորի տարիքը պետք է գերազանցի 35¬ը, նա պարտադիր պետք է ունենա բարձրագույն կրթություն, ինչպես նաև համապատասխան աշխատանքային ստաժ: Այս հարցերում ուսանելի է եվրոպական զարգացած երկրների և ԱՄՆ-ի փորձը: Իսկ այդ փորձը մեզ հուշում է, որ ընտրություն պետք է կատարվի իրապես ժողովրդի վստահությունը վայելող և ճիշտ որոշումների ընդունակ մարդկանց մեջ: Հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգը հազիվ թե նպաստի դրան: Մեր կարծիքով, ցանկալի է նաև, որ ոչ խորհրդարանական կուսակցությունները ևս մաս կազմեն ձևավորվելիք ԱԺ-ին: Անհրաժեշտ է բացառել բիզնես միջավայրի ներկայացուցիչների մուտքն օրենսդիր մարմին, նրանց տեղը տնտեսության մասնավոր հատվածում է: Բացի այդ, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների  ներկայացուցիչների աշխատանքային գործունեության  ընթացքում վերջիններիս անկախության ապահովման նկատառումով անհրաժեշտ է սահմանել որոշակի աշխատանքային և սոցիալական երաշխիքներ: Սրանք խնդիրներ են, որոնց լուծումը կարելի է  գտնել քննարկումների միջոցով: Մեր կարծիքով, կատարելագործման անհրաժեշտություն է զգում նաև  Ընտրական օրենսգիրքը: Գաղտնիք չէ, որ մեր ընտրական համակարգը բազմաթիվ թերություններ ունի: Մեր առաջարկություններից է նաև Սփյուռքի մասնակցության ապահովման մասին դրույթի ավելացումը, ինչը, կարծում եմ, խիստ կարևոր է` հաշվի առնելով ԼՂՀ տնտեսական հզորացման և միջազգային ճանաչման գործընթացի կարևորությունը: Մենք հույս ունենք, որ  շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետները լսելի  և օգտակար են  ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի համար եւ ընդունելի լինելու դեպքում դրանք կօգտագործվեն:  

Արևիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Արցախի հանրապետական կուսակցության համանախագահ:

- Մեր կուսակցությունն ի սկզբանե դեմ էր արտահայտվել սահմանադրական փոփոխություններին` հայտնելով, սակայն, այն դիրքորոշումը, որ Արցախում ներկայումս պահանջված է ուժեղ նախագահական կառավարման մոդելը։ Հետագայում ապրիլյան պատերազմն ու դրան հաջորդող լարվածությունը ստիպեցին ամրագրել, որ դա այսօր, իրոք, անհրաժեշտություն է, քանի որ մենք Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում ենք և այդ իրողության պայմաններում պետք է ամրապնդենք մեր պետականությունը, որպեսզի մեր բնակչությունն ապրի անվտանգ պայմաններում և զարգանա: Մեր կարծիքով, առայժմ գործող Սահմանադրությունը  համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։ Կնշեի միայն մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հատվածները, որոնք իսկապես բարեփոխման անհրաժեշտություն էին զգում։ Սահմանադրական նորմերը ոչ միայն պետք է հռչակեն մարդու սահմանադրական իրավունքը, այլև առավելագույնս հստակ սահմանեն դրա իրացման երաշխիքները, պետության պարտավորությունները, առանձին իրավունքների սահմանափակման թույլատրելի շրջանակները: Մարդը, նրա արժանապատվությունը,  հիմնական իրավունքները և ազատությունները պետության կողմից ճանաչվելով որպես բարձրագույն արժեք՝ պետք է պայմանավորեն իրավունքի գերակայության սկզբունքի  իրացումը և երաշխավորեն իրավունքով իշխանության սահմանափակումը:  

Դեռևս բարեփոխումների հայեցակարգային փուլում ես այն տպավորությունն եմ ստացել, որ սահմանադրական բարեփոխումների թեման ակտիվ քարոզչությամբ է ուղեկցվում, և եթե այդ փուլում դա ինչ-որ տեղ հասկանալի էր, ապա ներկայում հանրապետության գլխավոր օրենքի նախագծի քննարկումները քարոզարշավի վերածելը հանդուրժելի չեմ համարում: Սահմանադրությունը ռազմավարական նշանակության փաստաթուղթ է ոչ միայն արցախահայերիս, այլև ողջ աշխարհի հայության համար: Այսօր Մերձավոր Արևելքի հայ համայնքները ստիպված են լքել իրենց օջախները: Մենք չենք բացառում, որ այս փաստաթղթում  հայ մարդու պաշտպանության առումով կայուն երաշխիքների առկայության դեպքում գաղթի ճամբան բռնած մեր հայրենակիցները դեմքով կշրջվեն դեպի Արցախ: Նոր սահմանադրությունում ապահովված չէ արդարության սկզբունքը: Գաղտնիք չէ, որ մեր պետական պաշտոնյաները ստանում են բավական բարձր աշխատավարձ, չնայած դրան, վերջիններս պետբյուջեից վարձատրվում են նաև այլ տեղերում կրթական, ստեղծագործական և այլ բնույթի աշխատանքի համար` ստանալով դարձյալ զգալի գումար կազմող աշխատավարձ: Մեր կարծիքով, այլ աշխատանքի համար նրանք միայն նվազագույն աշխատավարձի չափով պետք է վարձատրվեն: Աղավաղված է ներկայացված ԱԺ նախագահի ընտրության մասին հոդվածը, համաձայն որի` նա նշանակվում է պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Ստացվում է, որ ժողովրդավարական կոչվող երկրում ժողովրդի քվեն չի կարևորվում: Դրանով մենք օրինականացնում ենք օրենքի շրջանցումը, որը տեղի է ունեցել ԱԺ նախորդ ընտրություններից հետո: Խղճի ազատության հոդվածի մասով ևս հստակեցման անհրաժեշտություն կա: ՙՀակակշիռ՚ հասկացությունը պետք է գործի իշխանական բոլոր ճյուղերի համար: Նախագծում անդրադարձ չկա պատասխանատվության մեխանիզմին: Ի վերջո, ԱԺ պատգամավորը պետք է պատասխանատվություն զգա իր ընտրատարածքի առջև: Այստեղ կուսակցության պատասխանատվությունը պետք է տարբերվի անհատի պատասխանատվությունից: Մենք կարծում ենք, որ այստեղ ելքը պատգամավորի հետկանչումն է: Նոր սահմանադրության ընդունումը լրջագույն և պատասխանատու աշխատանք է, այն պետք է գործի ի շահ ժողովրդի: Մենք կարող ենք ընդունել աշխարհի ամենալավ սահմանադրությունը` գործնականում այն կիրառելով ոչ ճիշտ։ 

 

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ