Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Հալեպի հայության համար պատմական օր է. հալեպահայությունը քաղաքի արևելքի ազատագրման մասին

Նախ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական աղբյուրները հայտնեցին, որ ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրվել է քաղաքի տարածքը, որտեղ ապրում է Հալեպի ավելի քան 90 հազար բնակիչ, այնուհետև լուրը հաստատվեց նաև Սիրիայի պետական հեռուստաալիքի միջոցով:
Իրադարձությունների այսպիսի զարգացումը մեծ ցնծությամբ է ընդունվել Հալեպի հայաշատ թաղամասերում, որտեղ այս լուրին սպասում էին ոչ ավել, ոչ պակաս՝ 4,5 տարի: Հենց այդքան ժամանակ է, որ Հալեպի արևելքում գտնվող հայաշատ թաղամասերի բնակիչները որոշակի ընդմիջումներով, սակայն գրեթե միշտ քնում և արթնանում էին ինտենսիվ հրթիռակոծությունների ներքո:
Անցած 4.5 տարվա ընթացքում Հալեպի հայությունն ապրեց 1915-ից ի վեր իր ունեցած ամենադաժան օրերը, որոնք ուղեկցվեցին նաև խոշոր արտագաղթով: Հալեպահայությունը հիմնականում բռնեց Հայաստանի, Լիբանանի, Եվրոպայի և Կանադայի ուղին: 
«Կարող ենք ասել, որ ամբողջ Հալեպի համար դեռևս ոչ, բայց Հալեպի հայության համար պատմական օր է: Մինչ այդ, պարբերաբար լուրեր էին տարածվում այս շրջանների ազատագրման մասին, սակայն ի վերջո փաստերը հերքում էին այդ հայտարարությունները: Մինչև չտեսա այս թաղամասերի վրա ծածանվող սիրիական դրոշի լուսանկարները` չհավատացի: Սիրիական բանակում շատ ընկերներ ունեմ, բոլորի հետ պարբերաբար կապի մեջ ենք, ահաբեկիչների մոտ եղած զենք-զինամթերքը գնալով սպառվում է, դրսից էլ օգնությունը նվազել է, սա է նրանց ջախջախիչ պարտության պատճառը», - Tert.am-ի հետ զրույցում իր ուրախությունը կիսեց մոտ մեկ տարի առաջ Երևանում բնակություն հաստատած հալեպահայ Հակոբ Քուփելյանը:
Հալեպում գործող «Գանձասար» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Զարմիկ Բողիկյան-Չիլափոշյանն էլ հայտնեց, որ քաղաքի`արդեն ազատագրված ամբողջ արևելյան հատվածում, որոնց թվում են նաև Հալեպի հայաշատ գրեթե բոլոր թաղամասերը, վիճակն արդեն կայունացած է ու խաղաղ, մինչդեռ հրթիռակոծություններն ու բախումները շարունակվում են Հալեպի այն թաղամասերում, որոնք դեռևս ահաբեկիչների ենթակայության տակ են գտնվում, սակայն հեռու են հայաշատ շրջաններից:
«Սիրիական բանակը նշանակալի առաջընթաց գրանցեց Հալեպի արևելյան հատվածում և ազատագրեց մի շարք կարևոր թաղամասեր, որոնց թվում կարող ենք նշել Սախուրը, Հայդարիեն, Ային ալ Թալը, Հուլլոկը և, իհարկե, Բուսթան Փաշան, որտեղից գրեթե 4 տարի շարունակ ռմբակոծվել են հայաշատ թաղամասերը, այդ թվում` Նոր Գյուղը: Կարելի է ասել, որ այս պահին ամբողջ արևելյան Հալեպն այլևս ազատագրված է»,- նշեց Չիլափոշյանը:
Հալեպի գլխավոր հայկական պարբերականի խմբագիրը շեշտեց, որ Բուսթան Փաշայի ազատագրումը հայկական համայնքի համար կարևոր է այնքանով, որ հենց այդ թաղամասում են գտնվում հալեպահայ արհեստավորների հիմնական մասի արհեստանոցները, և համայնքում հույս ունեն, որ հայ արհեստավորները կրկին կկարողանան վերադառնալ Բուսթան Փաշա և կրկին զարկ տալ հալեպահայ արհեստագործության ավանդույթների շարունակությանը:
Զարմիկ Բողիկյան-Չիլափոշյանը նշեց, որ Հալեպի արևելյան շրջանների ազատագրումից հետո ավելի վաղ Սիրիայից արտագաղթած հալեպահայերի վերադարձը հնարավոր է, սակայն դեռ վաղ է զանգվածային ներգաղթի մասին ենթադրություններ անել: 
«Հնարավոր է, որ ոմանք ցանկանան վերադառնալ, դա արդեն ժամանակը ցույց կտա: Շատերն, ովքեր արդեն հաստատվել և ընտելացել են նոր երկրներում, կդժվարանան վերադարձի հարցում, հատկապես` եթե ունեն դպրոցական երեխաներ: Սակայն նրանք, ովքեր դեռ ամբողջությամբ չեն ինտեգրվել նոր գաղթավայրերին և հատկապես վերջին շրջանում Հալեպից արտագաղթածները, հնարավոր է, որ գան ու անցնեն իրենց հին առօրյային և մշտական աշխատանքին: Այդպիսիններն արդեն կան»,- պատմում է Զարմիկ Չիլափոշյանը:
Նշենք, որ վերջին օրվա ընթացքում ահաբեկիչների հսկողության տակ գտնվող քաղաքի թաղամասերից անվտանգ թաղամասեր են անցել և զենքը վայր դրել 507 գրոհային: Կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի նախագահի ավելի վաղ հայտարարված որոշման համաձայն՝ տեղի բնակիչներից 484 գրոհային անմիջապես համաներման է արժանացել: