Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Ազգային ժողովի նոյեմբերի 30-ի լիագումար նիստին կառավարության անդամները վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ խորհրդարան ներկայացան ավանդական ժամին՝ պատասխանելու պատգամավորների հարցերին։

 Օրենսդիր-գործադիր հարցուպատասխանը նախատեսված էր նիստի օրակարգով։

Հայկ Խանումյանի առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրմանը։ Ապրիլին ամենաբարձր մակարդակով հայտարարվեց այդ մասին, այնուհետև  բարձրացված հարցերին ի պատասխան իրազեկեցին, որ պայմանագիրը մշակման փուլում է։ Ի՞նչ վիճակում է այն ներկա դրությամբ, հետաքրքրվեց պատգամավորը։

Նրա երկրորդ հարցն առնչվում էր կառավարության կողմից հայտարարված օպտիմալացման ծրագրին։ Գործընթացը ենթադրում էր կրճատումներ մի շարք պետական կառույցներում։ Կա՞ն հստակ տվյալներ այն մասին, թե պետական կամ քաղաքացիական քանի ծառայող է դուրս մնացել։ Մարդիկ տեղավորվե՞լ են աշխատանքի, թե՞ ոչ, և առհասարակ ի՞նչ լուծում է տրվում խնդրին։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պատասխանելով առաջին հարցին, նշեց, որ պայմանագրի նախագիծն առկա է, որի շուրջ փորձագիտական մակարդակով որոշակի աշխատանք է կատարվել  շահագրգիռ գերատեսչությունների միջև։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ պայմանագրի նախագիծը պատրաստ է, ասաց նախարարը, հետագա ընթացակարգի վերաբերյալ անհրաժեշտ է համատեղ որոշում կայացնել։ Կ. Միրզոյանը բավականին լակոնիկ արտահայտվեց. պայմանագիրն ունենում է երկու ստորագրող կողմ։

Պատասխանելով Հ. Խանումյանի երկրորդ հարցին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշեց, որ կառավարության ծրագիրը երկու նպատակ էր հետապնդում. օպտիմալացնել կառավարման համակարգը և կրճատել ծախսերը։ Ֆինանսական կրճատումների մասով ասաց, որ ինքը թվերը հստակ կներկայացնի 2017թ. պետբյուջեի նախագծի  քննարկման ժամանակ։ Կրճատվողներին վճարվել է 6 ամսվա աշխատավարձը, բայց ի սկզբանե  նպատակ չի դրվել բոլորին տեղավորել պետական կառավարման համակարգում։ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ 2017թ. դեկտեմբերի 1-ին պետբյուջեի նախագիծը ներկայացվելու է Ազգային ժողովին, դրա հետ  էլ՝ սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականությունը։ Հնարավոր կլինի խոսել նաև ստեղծված աշխատատեղերի քանակի մասին։  Մշակվել է  աշխատատեղերի ստեղծման քաղաքականություն։ Վարչապետը խոստացավ մեկ օր անց ներկայնալ առավել լայնածավալ տեղեկատվությամբ։

Էդուարդ Աղաբեկյանի առաջին հարցը վերաբերում էր ՏԻՄ համակարգի ընտրություններին։ Կառավարության որոշմամբ որոշ համայնքներում ընտրությունները հետաձգվեցին՝ կապված ապրիլյան պատերազմի հետ։  Անցած հոկտեմբերին թվով 57 համայնքներում  հետաձգվեցին այդ ընտրությունները։  Պատգամավորի խոսքով՝  Արցախի Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը նման հնարավորություն չեն ընձեռում։ Ո՞րն է ընդունված որոշման իրավական հիմքը։

Ձմեռային սեզոնին քաղաքացիները համեմատաբար ավելի շատ են վճարում ծախսված էլեկտրաէներգիայի և գազի դիմաց։ Հնարավոր չէ՞ արդյոք ինչ-որ մեխանիզմներ կիրառելով քաղաքացիների երեք ամսվա ծախսերը մարել հետագա ինն ամիսների ընթացքում։ Դա կարելի է անել նրանց հետ  պայմանագիր կնքելով կամ մեկ այլ ճանապարհով։  Սա պատգամավորի երկրորդ հարցն էր։

ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը։  Նա  նշեց, որ  ընտրությունները հետաձգվել են ապրիլյան պատերազմի պատճառով, բայց  դրանից  հետո էլ մեկ այլ իրավիճակ էր ստեղծվել։ Առկա  էր որոշ օրենսդրական դրույթների համադրության կամ տարընթերցման խնդիր։ Կա նաև սահմանադրական բարեփոխումների խնդիրը, որի հայեցակարգի շրջանակներում քննարկվում են  ընդհանուր առմամբ տեղական ինքնակառավարման ինստիտուտին վերաբերող հարցերը։ Հոկտեմբերին կառավարությունը ՏԻՄ ընտրությունները հետաձգելու որոշում  է կայացրել՝ հաշվի առնելով այս գործընթացները։ Նա առաջարկեց կազմակերպել մասնագիտական քննարկում՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

ԱԺ նախագահ  Աշոտ Ղուլյանն իրազեկեց, որ առաջիկա  օրերին նախատեսվում են քննարկումներ, ինչի շուրջ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն։  Բացահայտված են որոշ հակասություններ, որոնք պարզաբանման կարիք ունեն։

Օգտագործված էլեկտրաէներգիայի և  գազի դիմաց  վճարումների մասով  Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանն ասաց, որ ՙԱրցախէներգոն՚ ու ՙԱրցախգազը՚ ներկա դրությամբ գտնվում են սեփականաշնորհման փուլում, հունվարի 1-ին մասնավորեցման պայմանագրերը ստորագրված կլինեն։  Քանի որ էլեկտրականությունն ու բնական գազը ձեռք են բերվում այլ կազմակերպություններից, հետևաբար, պարտավորությունների խնդիր է  առաջանալու մյուս կողմերի հետ։

Գագիկ Բաղունցն արծարծեց հանրապետության բուհերի առկա և հեռակա ուսուցման վճարովի համակարգում սովորող՝ ՊԲ-ում ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների զավակների ուսման վարձավճարի դիմաց տրվող փոխհատուցման հարցը։  Պատգամավորի վկայությամբ՝ կան բողոքներ և բազմաթիվ խնդրանքներ՝ տարածելու այդ որոշումը նաև ենթասպաների ուսանող զավակների վրա։

Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի խոսքով՝  ՊԲ-ում ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև պահեստազորի սպաների զավակների ուսման վարձավճարի փոխհատուցումը կարևոր խնդիր է։ Սոցիալականից բացի այն ունի նաև իր բարոյական կողմը. մեր սպան պետք է զգա, որ իր՝ հայրենիքի պաշտպանի ընտանիքը գտնվում է պետական հոգածության ներքո։  Նախարարի իրազեկմամբ՝ մեկ ուսումնական տարվա համար նախատեսված գումարը փոխանցվել է բուհերին։ Այս տարվա համար  ևս բյուջեում համապատասխան գումարներ են նախատեսված։  Այդ որոշումը կայացնելիս նախարարությունը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք հնարավոր է այն տարածել մյուս զինծառայողների ուսանող զավակների վրա։ Այսօրվա մեր բյուջեն ի վիճակի չէ հատկացնել գումարը։ Դրա կողքին կա մեկ այլ խնդիր, հավելեց Ս. Ասրյանը, շրջանավարտները չեն ձգտում ստանալ բարձր միավորներ՝ անվճար համակարգում ընդգրկվելու համար։  Ասում են՝ եթե պետությունը վճարում է, կարելի է բավարարվել եղածով։  Նախարարի խոսքով՝ դա ընդունելի չէ, բոլոր դեպքերում ինտելեկտը պետք է վճռորոշ լինի։ Անշուշտ, եթե պետությունն ի վիճակի կլինի նաև մյուսների հարցը լուծել կամ առհասարակ վճարովի համակարգը վերացնել, ապագայում տեսանելի կլինի, ընդհանրացրեց Ս. Ասրյանը։                 

Դավիթ Իշխանյանի մտահոգությունը գյուղերին սպասարկող տրանսպորտի թանկացմանն էր առնչվում։ Եթե մեր հանրապետության համայնքներին սպասարկող տրանսպորտի ուղեվարձի նվազեցում չենք արձանագրում, ապա գոնե նախկին չափը պիտի պահպանվի, ասաց պատգամավորը՝ իրազեկելով, որ մոտ  25 համայնքների սպասարկող երթուղային  ավտոբուսներ 200 դրամով թանկացրել են փոխադրավճարը։ Ինչի՞ հետ է կապված հանրային տրանսպորտի թանկացումը։ 

Էկոնոմիկայի նախարար Ա. Խաչատրյանն ասաց, որ ինքը տեղեկություններ չունի նշված թանկացումների մասին։ Նա խնդրեց գրավոր ներկայացնել հարցը՝ քննարկելու և ուսումնասիրելու նպատակով և ապա  առաջարկեց կոնկրետ  ներկայացնել համայնքների անուններն ու թանկացման փաստերը։

Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի հարցերն ի հայտ են եկել  Քաշաթաղի շրջանի ընտրողների հետ հանդիպման արդյունքում։ Նոյեմբերի 2-ին  Այգեհովիտ գյուղում էր գտնվում։ Բավականին ցուրտ եղանակ էր, ձյուն էր տեղում, բայց գյուղի դպրոցում վառելափայտ չկար։ Պատգամավորի զարմանքն էր հարուցել այն, որ աշնանային սեզոնի ավարտին դպրոցի համար նախատեսված փայտը մթերված չէր։  Ո՞րն է պատճառը, հարցրեց պատգամավորը։ Համայնքում ևս մեկ  մտահոգիչ հարց է արծարծվել. կառավարության կողմից նախկինում  բավական աշխատանք է տարվել գյուղատնտեսական սերմերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների սուբսիդավորման ուղղությամբ։ Պատգամավորի գնահատմամբ՝ այդ ամենը, ընդհանուր առմամբ,  կատարվում է ուշացումով, ինչը բացասաբար է անդրադառնում հողօգտագործողների աշխատանքի վրա։ Գյուղացիները խնդրում ու պահանջում են, որ նշված աջակցությունը, ինչպես նաև  վարկերի տրամադրումը Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից իրականացվի ժամանակին։

Պատասխանելով առաջին հարցին՝ Ս. Ասրյանն ասաց, որ Այգեհովիտ գյուղում դպրոցի ջեռուցումն անցյալ տարի իրականացվել է մի կազմակերպության կողմից, որն այնուհետև հրաժարվել է այդ ծառայությունը մատուցելուց։ Փայտի մթերման ուշացման պատճառը նախարարը դրա հետ  կապեց։  Այս պահի դրությամբ խնդիրը  լուծված է, հայտարարեց նախարարը։

Պատգամավորի երկրորդ հարցին պատասխանեց  գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը։ Նա  տեղյակ էր իրավիճակին։ Համայնքներին հատկացվող աջակցությունն իրականացվում է գործող կարգի համաձայն, հետևաբար, ավելի արագ ու սեղմ ժամկետում պետք է ներկայացվեն հայտերը, որպեսզի նախարարությունը ժամանակին արձագանքի։ Նախարարի հավաստմամբ՝  անհրաժեշտ  սերմերը և մյուս նյութերը ժամանակին ներկրվում ու պահեստավորվում են և համապատասխան պահանջի դեպքում տրամադրվում։

Արմեն Սարգսյանի հարցը մեր հանրապետության այն գյուղերին էր վերաբերում, որոնք գազիֆիկացված չեն։ Տնտեսական տարբեր գործոնների պատճառով ներկայումս հնարավոր չէ գազ մատակարերել որոշ գյուղերի։ Գործադիրը  չի՞ կարող հեղուկ գազով ապահովել գյուղաբնակներին, հարցրեց պատգամավորը։ Չգազիֆիկացված  գյուղերի բնակիչները պատգամավորների հետ հանդիպմանը ցանկություն են հայտնել օգտվել հեղուկ գազի բալոններից՝ օգնություն ակնկալելով գործադիր իշխանությունից։

Էկոնոմիկայի նախարարն ի պատասխան հարցի՝ հաստատեց, որ համայնքների մի մասը գազիֆիկացված չէ։ Հեղուկ գազը գյուղաբնակներին հասցնելու մեջ ոչ մի խնդիր չի տեսնում, սակայն հարցը տեղափոխվում է բիզնեսի հարթություն։  Նախարարությունը պատրաստ է աջակցել, հավաստիացրեց Ա. Խաչատրյանը։         

Ռիտա Մնացականյանը վկայակոչեց մոտ երկու տարի առաջ կառավարության կողմից  ընդունված՝ խոզաբուծության զարգացման ծրագիրը։ Այդ նպատակով անց են կացվել դասընթացներ, որոնց մասնակիցներին առաջադրվել են պայմաններ։ Վերջիններիս կատարման դեպքում նրանց պետք է տրամադրվեին վարկեր՝  սեփական գործը կազմակերպելու համար։ Մասնակիցները կատարել են առաջադրվող պայմանները, սակայն  նրանց վարկ ստանալու դիմումները մերժվում են։ Ընդհանրապես, նման մարդկանց տրվո՞ւմ են վարկեր, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է մերժման պատճառը, հետաքրքրվեց  պատգամավորը։ Որպես հարցի շարունակություն՝ նա նշեց, որ վերջին ժամանակներս արձանագրվել է խոզի գլխաքանակի մեծ կորուստ։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ դա կապված է աֆրիկյան ժանտախտի տարածման հետ։ Կառավարությունը մտադի՞ր է ինչ-որ չափով փոխհատուցել վնասները։

Մի կողմից մեզ հորդորում եք վարկավորել խոզաբուծությունը, մյուս կողմից էլ ասում եք՝ ինչո՞ւ չեք  փոխհատուցում տրամադրում, ի պատասխան հարցի ասաց  վարչապետը։ Պետությունը պարտավոր չէ դա անել, եթե չկա ապահովագրություն։ Երկու տարի առաջ հանրապետությունում կար խոզի մսի դեֆիցիտ,  գինը հասել էր մինչև 4 հազար դրամի։ Այն ժամանակ կառավարությունն սկսեց օժանդակել, ինչի արդյունքում աճեց խոզի գլխաքանակը։ Այսօր հակառակ պատկերն է. եթե գլխաքանակի անկում լինի, իսկ մենք վարկավորենք, ո՞վ է փոխհատուցելու, մենք խնդիր ենք ունենալու, մտահոգությունը չթաքցրեց վարչապետը։ Երկրորդ՝ բոլոր նրանք, ովքեր զբաղվում են խոզաբուծությամբ, չեն կարողանում սպասարկել վարկերը։ Կառավարությունն ի՞նչ անի՝ վարկը տրամադրի և հետո էլ մտածի, թե դա ինչպե՞ս է մարվելու։ Երկու տարի առաջ գործադիրը խոզաբուծության խթանման մասին հայտարարություն է արել, որովհետև կար կոնկրետ ապրանքի դեֆիցիտ։  Ա. Հարությունյանը  համաձայն չէ այն կարծիքին, ըստ որի՝  ոլորտով զբաղվողներն իրենց գործունեությունը համապատասխանեցրել են առկա պահանջներին։ Վարչապետի խոսքով՝ դրա համար շատ խիստ պայմաններ են պահանջվում, աշխարհում առ այսօր չեն կարողանում խուսափել աֆրիկյան ժանտախտից։ Իսկ խոզաբուծության այն մոդելները, որոնք գործում են այսօր, պահանջում են մեծ ներդրումներ՝ ամբողջ համակարգը փակ պահելու համար։ Այդ պատճառով էլ մեր հանրապետությունում հիմնականում խթանվում է խոշոր եղջերավոր անասունների բուծումը, աշխատում են թույլ չտալ ոչխարաբուծության անկում։

Վահրամ Բալայանի հարցում կարևորվեց պայմանագրային զինծառայության ինստիտուտի զարգացումը։ Պատգամավորը բարձրաձայնեց դրա հետ կապված մի խնդրի մասին. նախքան ծառայության անցնելը՝ պահանջվում է պարտադիր բուժզննում, ինչի համար պետք է վճարել։ Մի՞ թե հնարավոր չէ  ապագա պայմանագրային զինծառայողի բուժզննումն  իրականացնել անվճար։

Վարչապետն արտահայտեց պատգամավորի առաջարկությունը քննարկելու իր պատրաստակամությունը։  Ասաց՝ կոնկրետ  կհաշվենք և կփորձենք  դա տեղավորել բյուջեում, եթե, իհարկե, հնարավոր լինի։   

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ