Աշոտ ՂՈՒԼՅԱՆ. ՙԱՌԿԱ ԵՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ 2017թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚

Նոյեմբերի 18-ին և 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նոր նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները։

 Ի՞նչ հարցեր ու առաջարկություններ են եղել հանրության կողմից, ե՞րբ է նախատեսվում համաժողովրդական հանրաքվեի դնել Սահմանադրության նոր նախագիծը։ Այս և այլ հարցերի շուրջ ՙԱրցախպրես՚-ի հետ բացառիկ հարցազրույցում իր դիտարկումներն է  ներկայացրել ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ ՂՈՒԼՅԱՆԸ։

- Պարոն Ղուլյան, ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հասցրե՞լ է, արդյոք, նախատեսված ժամկետում ավարտել Սահմանադրության նոր նախագծի  հանրային քննարկումների փուլը։

- Մասնագիտական հանձնաժողովը սահմանված ժամանակացույցով անց է կացրել բոլոր նախատեսված հանդիպումները, և այս օրերին մենք ամփոփում ենք հանրային քննարկումների արդյունքները։ Սակայն նորից շեշտենք, որ հանրային քննարկումների այս փուլի ավարտն ամենևին չի նշանակում, որ Սահմանադրության նախագծի աշխատանքային տարբերակին անդրադառնալու հնարավորություն չունենք. հակառակը, կարելի է ասել, որ պաշտոնական ներկայացումից հետո հանձնաժողովը բազմաթիվ առաջարկություններ է ստացել, այս պահին էլ շարունակում է ստանալ։

Սահմանադրության նախագիծը նոյեմբերի 20-ին ներկայացվել է հանրապետության Նախագահին։ Վստահ եմ, որ ինչպես Սահմանադրության հայեցակարգի ներկայացման դեպքում, այնպես էլ հիմա, Նախագահի նախաձեռնությամբ սպասվում են լրացուցիչ քննարկումներ և հանդիպումներ, ինչը թույլ կտա ընդլայնել հանրային քննարկումներում ներգրավված հասարակական շրջանակների և խմբերի շարքը։ Ակնկալում ենք, որ այդ քննարկումներից ևս կունենանք առաջարկություններ, ինչը մեզ համար կարևոր է՝ ներկայացված նախագծի հանդեպ հանրության վերաբերմունքը ճիշտ գնահատելու համար։

¬Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է եղել հանրության արձագանքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ի՞նչ են ցույց տվել մարդկանց հետ հանդիպումները, հիմնականում ո՞ր հոդվածներն են մեծ ուշադրության արժանացել։

- Միանշանակ կարելի է փաստել, որ մեր հանրության գերակշիռ մասն ակնհայտ հետաքրքրված է ներկայացված Սահմանադրության նախագծով։ Ինչ վերաբերում է կոնկրետ հոդվածների հանդեպ ցուցաբերած ուշադրությանը, ապա դրանք ավելի շատ կապված են հանրային այս կամ այն խմբերի նախապատվությունների ու հակումների հետ։ Մեր հասարակության մեծ մասին ավելի շատ հետաքրքրում են Արցախի ապագային միտված թեմաները, մասնավորապես՝ պետական և հանրային իշխանությունների իրավազորության սահմաններին, երկրի անվանմանը, իշխանության թևերի միջև հակակշիռների առկայությանը, անցումային շրջանի իրավակարգավորումներին և այլն։ Ստացված առաջարկությունները վերաբերում են նախագծի բոլոր գլուխներին։ Փաստորեն, կարող ենք նշել, որ առաջինից մինչև վերջին հոդվածը հանրային և քաղաքական շրջանակների կողմից արժանացել են մանրակրկիտ վերլուծության։

Այս փուլում պակաս կարևոր չէ Սահմանադրության նախագծով առաջարկվող մեխանիզմների հնարավոր ռիսկերը, որոնք մենք պարտավոր ենք գնահատել և անհրաժեշտ հետևություններ անել։ Հանձնաժողովը շարունակելու է հավաքել տարբեր գաղափարներ ու առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել նախագծի քննարկման հաջորդ փուլերի համար։

- Պարոն Ղուլյան, իսկ ընդհանուր առմամբ հանրային քննարկումների արդյունքում սահմանադրական նախագծի վերաբերյալ քանի՞ առաջարկ է ստացվել։

- Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մինչ այս պահը ստացել է ավելի քան 150 առաջարկություն, որի գրեթե կեսը մեր հանդիպումների ժամանակ առաջադրվել է բանավոր հարցերի տեսքով։ Բոլոր առաջարկություններն ու հետաքրքիր գաղափարները հանձնաժողովն այս պահին փորձում է խմբավորել, վերլուծել և առանձնացնել ընդունելի տարբերակները։

- Լրամշակվելու արդյունքում ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել, նախագծում ավելացել կամ հանվե՞լ են հոդվածներ։

- Այս պահին ավելացված հոդվածներ չունենք, սակայն եղած հոդվածներում փոփոխությունների համար արդեն ունենք որոշ գաղափարներ, որոնց մի մասը մուտքագրվել է։ Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է։

- Հանրությանը հետաքրքիր է նաև, թե Սահմանադրության նոր նախագիծը երբ է դրվելու հանրաքվեի։ Այս առումով կարո՞ղ եք գոնե մոտավոր ժամկետ նշել։

- Քանի որ հանրապետության Նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների գործընթացն արհեստականորեն չարագացնելու խնդիր է դրված, այս պահին ճիշտ չէ որևէ կոնկրետ ժամկետ նշելը։ Կարելի է ենթադրել, որ դեկտեմբերի կեսերին Նախագահը Սահմանադրության նախագիծը կուղարկի Ազգային ժողով։ Խորհրդարանը, կանոնակարգի համաձայն, նախագծի քննարկումը կարող է կազմակերպել մի քանի փուլերով. առաջին փուլում Սահմանադրության նախագծի քննարկումը ընդմիջվում է, որպեսզի պատգամավորները, խմբակցությունները կարողանան առաջարկություններ ներկայացնել հաջորդ քննարկումների համար։ Կարծում եմ՝ հունվարին քննարկումների ընթացքը ցույց է տալու, թե ինչ ժամկետներ կարելի է նախանշել լրամշակված նախագիծը համաժողովրդական հանրաքվեի դնելու համար։

Այս պահին առկա են բոլոր նախադրյալները անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելով՝ 2017 թվականի առաջին եռամսյակում Սահմանադրության նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու համար։

 

Հարցազրույցը վարեց

 Վեհանուշ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ