[ARM]     [RUS]     [ENG]

ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ.ՊԱՀԱՆՋՎԱԾ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Դմիտրի Ռոգոզինը հերթական անգամ այցելեց Ադրբեջան` քննարկելու զենքի մատակարարման հետ կապված հարցեր։ Ի՞նչ կարծիքի են փորձագետներն այս մասին։

Եվ ինչպե՞ս են դրան նայում Սփյուռքի հայերը։ Այս մասին Մոսկվայի հայկական ազգային մշակույթի թանգարանը մանրամասն  կպատմի ՙԶենքի վաճառք Ադրբեջանին. առևտուրը պահանջված  է՚ հոդվածում։  Կարևոր է խոստովանել, որ այսօր մենք ականատես ենք դիվանագիտության համատարած ճգնաժամի։ Նրա մեղմ մեթոդներն այնքան  էլ արդյունավետ չեն. չէ՞ որ բողոքի նոտաների պաշտոնական փոխանակման կողքին կան ուրիշ, ոչ պաշտոնական ցանցային կապեր բիզնեսում, գիտության և մշակույթի ոլորտներում։ Եվ կան առանձնապես ամուր ու կողմերի ավելի մեծ  շահագրգռվածությամբ ամրապնդված հարաբերություններ, որոնք վեր են դասվում ԱԳՆ-ների միջև ցանկացած փոխհարաբերություններից՝ դա   զենքի վաճառքն է։ 

Այս օրերին Հայաստանը դարձյալ հետևում էր ու գնահատում Դմիտրի Ռոգոզինի այցը Բաքու։ Հայկական ԶԼՄ-ները գրում են, որ Ռուսաստանը ՙփորձում է կախվածության մեջ պահել՚ և՜ Հայաստանին, և՜ Ադրբեջանին՝ դրանով իսկ պահպանելով իր ազդեցությունը ղարաբաղյան իրավիճակի վրա։ Որ Ադրբեջանի անվճարունակության պայմաններում Ռուսաստանը կարող է նրան մատակարարվելիք զենքը վաճառել այլ երկրների, կամ երկարաձգել պարտքի մարման ժամկետը։ ՙՀայկական ժամանակ՚-ը չի բացառում նաև, որ երկիրն ինքը կհրաժարվի ՌԴ-ի կողմից զենքի մատակարարումից։ 

Մինչ Ռոգոզինը բանակցություններ էր վարում Ալիևի հետ, հայկական  Սփյուռքը հերթական անգամ փորձում էր իր գնահատականը տալ տեղի ունեցածին։ Թեև PolitRUS փորձագիտական-վերլուծական ցանցի ղեկավար Վիտալի Արկովը համարում է, որ կոնկրետ այդ այցը հայերը չպետք է որպես սպառնալիք ընդունեն, քանի որ հանդիպումն ընդհանուր առմամբ ուղղված էր Ռուսաստանի սահմանների ամրապնդման և, ընդհանրապես, Կովկասի ամրապնդման մասին համաձայնագրին։ Փորձագետն, իհարկե,  խորամանկում է, քանի որ Բաքուն այսօր Մոսկվայից երաշխիքներ է ուզում՝ կապված Հայաստանի կողմից ՙԻսկանդերների՚ չկիրառման հետ։ 

Ռոգոզինի  յուրաքանչյուր այցը Բաքու Երևանում հիվանդագին է ընդունվում։ ՙԻսկանդերների՚ գնումից հետո Հայաստանն իրեն ավելի հաստատուն է զգում։ Հնչեցին ռազմական փորձագետ Նադիր Սաքիթօղլուի սթափ գնահատականները, ով այն կարծիքին է, թե Ռուսաստանն ինքն է որոշում՝ ում և ինչ վաճառել։ ՙՄենք չենք պատրաստվում պատերազմել Հայաստանի հետ, հետևաբար, պատճառ չկա անհանգստանալու, որ այդ համակարգերը կարող են կիրառվել Ադրբեջանի դեմ՚,- հայտարարել է Նադիր Սաքիթօղլուն ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ 

Ընդսմին, նա նշել է, որ լեռնայինղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում Բաքուն իրավունք ունի ստանալ Մոսկվայի երաշխիքն առ այն, որ Երևանին տրամադրված տեխնիկան, ռեակտիվ համակարգերը և զենքի այլ տեսակները չեն հայտնվի Ղարաբաղում։ 

Քանի որ ադրբեջանցիներն իրենք են անվերջ խախտում հրադադարի պահպանման ռեժիմը՝ սահմանում սպանելով հայ զինվորների, իսկ դպրոցի բակում՝ հայ երեխաների, հազիվ թե այդ երաշխիքներն աշխատեն։ Եթե նրանց պետք է միջնորդների դիվանագիտական կեղծիքը՝ նրանք դա  կստանան։ Բայց եթե սահմանն անցնեն, ՙԻսկանդերները՚ գործի կդրվեն։ 

Այս անգամ Բաքվում դարձյալ առուծախ էր ընթանում։ Քննարկման կարևոր կետերից մեկը դարձավ Գաբալայի ՌԼԿ-ի (ռադիոլոկացիոն կայան) վարձակալումը երկարաձգելու հարցը։ Գաբալան վաղուց է գայթակղության քար հանդիսանում ռուս-ադրբեջանական բանակցություններում։ Մի քանի տարի առաջ Ռուսաստանը ցանկանում էր հրաժարվել այդ ՌԼԿ-ից։ Ռուս փորձագետները վաղուց են վրդովմունք հայտնում, որ 7 միլիոն դոլարից մինչև 300 միլիոն թանկացած Գաբալայի համար այդքան չարժե վիզ ծռել ադրբեջանցիների առաջ, թեև Կասպիայում ՌԼԿ-ն Ռուսաստանին անշուշտ պետք է։ 

Ադրբեջանական ռազմավարական գործընկերներն առաջարկում են գործարք կնքել 7 տարով, Կրեմլը փորձում է այն երկարաձգել մինչև առնվազն 10 տարի։ Թեև թանկացած Գաբալան ռուսական կողմին ձեռնտու կլիներ 15-20 տարով։

Ապրիլի 8-ին Դմիտրի Ռոգոզինը հաստատել էր, որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին ու Հայաստանին՝ ըստ պայմանագրերի։ Վերացական ՙհավասարակշռությունը՚ ոչ թե պարզապես վիրավորական է դարձել, այլ՝ ՌԴ-ի  ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հերթական սառեցման գլխավոր պատճառներից մեկը։ Ըստ երևույթին, փաստարկները, թե Ռուսաստանը չանի, ուրիշ մատակարար կգտնվի, արդեն չեն աշխատում։ 

Ապրիլի 24-ին, երբ Հայաստանը դեռ չէր հասցրել սգալ իր զոհված զավակների հիշատակը, Ռուս-հայկական համագործակցությունը (ՌՀՀ) կազմակերպել է ավանդական ցույց՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին, որտեղ, մասնավորապես, ելույթ է ունեցել  ՙՍպրավեդլիվայա Ռոսիա՚ կուսակցությունից Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ-ի, հայրենակիցների ու եվրասիական ինտեգրման հարցերով հանձնախմբի անդամ Օլեգ Պոխալկովը։ Նա ասաց, որ 1915 թվականին հիմք դրվեց այն իրադարձություններին, որոնք այսօր տեղի են ունենում Ղարաբաղում։ Մի փոքր կայծ ու դարձյալ կրակ կբռնկվի։ Եղան նաև կոչեր՝ ուղղված հայ եղբայրներին, այն մասին, թե ՙմենք հիշում ենք, որ հարյուրամյակների ընթացքում դուք միշտ մեզ հետ էիք։ Մենք կռվում էինք Շուշիի բերդում, գիտենք, թե որքան հայ է զոհվել 1941թ. Մոսկվայի մատույցներում՚։ Սա կարեկցանքի բազմաթիվ նոտաներից մեկն էր։ 

Դրա հետ մեկտեղ ոչ ոք մտավախություն չհայտնեց՝ կապված Ռուսաստանի դիրքորոշման հետ, որը սպառազինում է մի երկրի, որտեղ արմատականացվում է սաուդիտների, Կատարի և այլոց կողմից աջակցություն ստացող սունիտական իսլամը։ Այնուհետև այս մարդիկ համալրում են ԻԼԻՊ-ը (արգելված կազմակերպություն Ռուսաստանի Դաշնությունում)։ Այսինքն՝ ՙԿասպիայում մեր անվտանգության ֆորպոստը՚ զինվում է մեր իսկ ձեռքով։

Ամռանը ՌՀՀ-ն նախաձեռնեց կլոր սեղան` ՙԻնչպես հավասարակշռել ուժերը և պայմաններ ստեղծել Հայաստանի ու Ռուսաստանի միջև կառուցողական բանակցությունների համար՚ թեմայով։ Բազմաթիվ փորձագետներ միակարծիք էին, որ ապագայի սպասումների հետ կապված լավատեսություն չի զգացվում։ 

Դրան նպաստեցին մի շարք պատճառներ։ Քաղաքագետ, Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների Անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Եվսեևն ասել էր, որ ռազմական ագրեսիան հնարավոր դարձավ այն պատճառով, որ սպառազինության անհավասարակշռություն էր ստեղծվել։ Ադրբեջանի բանակը որոշ հարցերում առավելություն ուներ։ Չնայած այն բանին, որ Հայաստանը թշնամուն  զիջում էր  զրահատեխնիկայով, հրետանով, մարտական ավիացիայով, հենց հայ զինվորների, ավելի կոնկրետ` ժամկետային զինծառայողների հերոսությունն է կանխել մեծ արյունահեղությունը։ Որպես ռազմական փորձագետ՝ Եվսեևը չէր տեսնում քայլեր, որոնք թույլ կտային խուսափել ապրիլից՝ նրա վատթարագույն տարբերակով։ Հակադարձելով զորքերը ցրելու մասին Օլեգ Պախոլկովի դիտողությանը՝ Վլադիմիր Եվսեևը հակափաստարկ է բերում՝ զորքերի ցրումն անհնար է, քանի որ հնարավորությունները հավասար չեն։ Բայց կարելի է ծանր սպառազինությունը հեռացնել սահմաններից։ Այն պայմանով, որ հայկական կողմը պիտի  լրացուցիչ սպառազինվի: Մինչև դա տեղի չունենա, խաղաղապահ հավաքակազմը չի կարելի տարածաշրջան մտցնել։ Այն տեղակայելու համար առանձնապես տեղ էլ չկա։ Նա հստակեցրեց, որ եթե հակառակորդը ցանկանա ոչնչացնել, ոչ մի խաղաղապահ չի կարող նրա ձեռքից բռնել։ Բացի այդ, խաղաղապահներն իրենք կարող են թիրախ դառնալ կամ ներգրավվել սադրանքների մեջ, իրենց պահել ոչ համարժեք, ինչպես բոսնիական Սրեբրենիցայում։

Այնուհետև Եվսեևը ձևակերպեց ռազմավարական մի քանի խնդիր. հետ քաշել ծանր սպառազինությունը՝ ոչ թե հավասարաչափ, այլ համամասնական կերպով։ Ռուսաստանը պետք է փոխի սպառազինության անվանացանկը, դադարեցնի Ադրբեջանին մատակարարել այն զենքը, որը կբերի խաղաղ բնակչության զանգվածային կորստի։ Շտապ կերպով առավելագույնս նվազեցնել ուժերի անհավասարակշռությունը։

Մի քանի ամիս անց Հայաստանի սպասումներում լավատեսության առիթ առաջացավ։ Նոյեմբերի 29-ին Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտում տեղի ունեցավ կլոր սեղան` ՙՀայաստանի նոր նախաձեռնությունները եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում՚ թեմայով՝ կազմակերպված Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ։ Կոշտ քննարկումներ էին ընթանում Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի ու Սերգեյ Շոյգուի կողմից համաձայնության ստորագրումից մեկ օր առաջ` կապված Զորքերի միավորված խմբավորման հետ, որի մեջ կմտնեն Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Այստեղ արդեն Եվսեևը հնչեցրեց հին ու նոր թեզիսներ։ 

Ուժի կիրառմամբ Ղարաբաղի  վերադարձը նախկինի պես անհնար է։ Ադրբեջանը նշանակալի հնարավորություններ ունի ռադիոէլեկտրոնային պայքարի, հետազոտական համակարգերի, գիշերային պայմաններում նպատականշման տրամադրման ոլորտներում և այլն։ Ապրիլյան իրադարձություններից հետո ուժերի հավասարակշռությունը շատ առումներով հաջողվեց վերականգնել, մասնավորապես՝ հրթիռային զսպման ճանապարհով. հայկական բանակի զինանոցում առկա են ՙԻսկանդեր՚ օպերատիվ-մարտավարական համալիրներ, ժամանակակից սպառազինության այլ տեսակներ։ Ռազմաքաղաքական դաշինքների ժամանակը` նրանց ավանդական ընկալմամբ, աստիճանաբար անցնում է, դաշնակից պետությունների տարածքներում գտնվող ռազմական ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունները նախկինի պես հրատապ են չկարգավորված տարածաշրջանային հակամարտությունների պատճառով ծագած սպառնալիքները չեզոքացնելու համատեքստում։ Հայաստանը, Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ, կարող է ներգրավվել Հարավային Կովկասի անվտանգության համակարգում. ուրվագծվում է ՙեռանկյան՚ գաղափարը։ 

Ադրբեջանի կողմից Իսրայելից 5 միլիարդ դոլարի զենք գնելու մասին նորությանը հայ բլոգերներն արձագանքեցին ավանդական կոլորիտով։ Ինչպես նշել է Արմեն Սահակյանը, ՙԱյդ տխմարն այդպես էլ չի հասկացել, որ սպառազինության արդյունավետության համար բանակը պետք է առաջնորդվի միայն մեկ չափանիշով: Դու սպառազինվում ես կա՜մ Ռուսաստանի, կա՜մ ՆԱՏՕ-ի չափանիշներով։ Եթե վերցնես ու մարմնիդ կպցնես Բուրատինոյի քիթը, Դդխկիկի ականջները, Իայի պոչը և այլն, վերջում կստանաս այլասերված հրեշ։ Այդ պատճառով մերը բանակ է, իսկ նրանը՝ այլասերվածների հավաքածու՚։

Թվում է՝ բանաձևը պարզից էլ պարզ է. հրաժարվիր անձնական պատվախնդրություններից, խառնվիր համաշխարհային տնտեսությանը ու դարձիր համաշխարհային տնտեսության թեկուզ փոքր, բայց` անդամ։ Մինչդեռ ոխերիմ բռնակալները վախենում են դրանից` ինչպես դատաստանի օրից։ Նրանք վախեր ունեն՝ կապված իրենց հետ, ու ավելի շատ փոփոխություններն են նրանց անհանգստացնում։ 

Ու եթե այլ երկրի կողմից այս փոքրոգի առիթներն օգտագործվում են օգուտ քաղելու համար, քողարկվում ՙուժերի հավասարակշռություն՚ և ՙսպառազինության դիվանագիտություն՚ գեղեցիկ խոսքերի տակ, ապա այստեղ մարդկայնություն չկա, կա միայն փող, իշխանություն ու դրանց բազմապատկում՝ ի հաշիվ բռնության ու երիտասարդ զինվորների մահվան` անտեսանելի սահմանների երկու կողմերում։

 

armmuseum. ru