Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ Է ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2016 թվականի գործունեության ամփոփ տեղեկատվությունը նախարար Կարեն ՄԻՐԶՈՅԱՆԸ  ներկայացրեց  տարեվերջյան իր մամուլի ասուլիսում, որը հրավիրվեց  դեկտեմբերի 28-ին։ 

 ԱԳՆ-ն շարունակել է իր գործունեությունը՝ հիմնվելով առաջնահերթությունների վրա. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում, ԱՀ միջազգային ճանաչում և տարբեր երկրների հետ բոլոր հնարավոր մակարդակներով համագործակցության զարգացում։ Տարվա իրադարձություններից նախարարն  առանձնացրեց ապրիլյան քառօրյա  պատերազմը, որն իր ազդեցությունն ունեցավ ոչ միայն մեր երկրի արտաքին քաղաքականության վրա։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան, իրոք, ծանր մարտահրավեր էր բոլորիս համար,  բայց Արցախի ժողովուրդը ոչ միայն կարողացավ դիմակայել այդ մարտահրավերին, այլև փառքով դուրս եկավ ծանր իրավիճակից։ Նախարարի բնորոշմամբ՝ դա  նաև ԱԳՆ-ին ուղղված լուրջ մարտահրավեր էր, որովհետև պատերազմի առաջին իսկ պահերից արտաքին քաղաքական գերատեսչությունը լծվեց միջազգային հանրությանը, միջնորդներին, շահագրգիռ բոլոր կողմերին ճշմարտությունը փոխանցելու, իրավիճակի ճիշտ պատկերը ներկայացնելու գործին։ Կ. Միրզոյանն արձանագրել է որոշ թերացումներ, բայց, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց այդ ուղղությամբ կատարված աշխատանքը։ Առիթն օգտագործելով՝ նա դրվատանքի խոսք ասաց  լրագրողների հասցեին՝ ընդգծելով այն միտքը, որ քառօրյա պատերազմի ընթացքում ակնառու էր միասնական աշխատանքը համազգային հարթությունում։ Նրա խոսքով՝ ռազմադաշտից հեռու ընթացող տեղեկատվական պատերազմում մենք հաղթանակած դուրս եկանք, աշխարհն իրազեկ դարձավ առկա իրողություններին ու նաև  ալիևյան վարչակազմի հետապնդած նպատակներին։ 

Հայաստանյան գործընկերների հետ համատեղ ԱԳՆ-ն աշխատանքներ է իրականացրել՝ միջազգային ատյաններին համապատասխան տեղեկատվություն փոխանցելու համար. հեղինակավոր կառույցներում շրջանառության մեջ են դրվել մի շարք  հայտագրեր։  Նախարարությունն իր գործընկերների շնորհիվ տարածել է ԱՀ օմբուդսմենի պատրաստած երկու զեկույցները, որոնք վերլուծում ու ներկայացնում են ողջ իրականությունն ապրիլյան պատերազմի մասին։ Խոսքը վերաբերում է  ռազմական հանցագործություններին, մարդու իրավունքների զանգվածային խախտումներին։ Միջազգային կառույցներին են փոխանցվել նաև պաշտպանության նախարարության և դատախազության կողմից ներկայացված տվյալները, որոնց միջոցով հնարավոր է համարժեք գնահատական տալ իրավիճակին և անհրաժեշտ եզրակացություններ անել։  

Կ. Միրզոյանն անդրադարձավ նաև բանակցային գործընթացին՝ շեշտելով, որ ադրբեջանական ագրեսիան ի չիք դարձրեց թե՜ միջնորդների և թե՜ հայկական կողմերի՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերը։ Բանակցային գործընթացում առկա անշարժ վիճակը Ադրբեջանի վարչակազմի անհեռատես ու հանցավոր քաղաքականության հետևանքն է։ Այժմ հայկական կողմերը միջնորդների հետ  աշխատում են բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորման ուղղությամբ։ Իսկ դա  բավականին լուրջ և դժվար գործընթաց է այն առումով, որ մենք գործ ունենք Ադրբեջանի նման հարևանի հետ, մի պետության, որը միջազգային պարտավորություններից հրաժարվելը դարձրել է ավանդական քաղաքականություն, և կիրառում է բանակցային գործընթացին ոչ հարիր այնպիսի տարրեր, ինչպիսին ուժի սպառնալիքն է։ Մինչդեռ ապրիլյան ագրեսիան հաստատեց այն ճշմարտությունը, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չունի ուժային լուծում։ Այս միտքը կարմիր թելի պես անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում։ Ավելորդ է մեկնաբանել, որ ռազմական լուծումը լինելու է ողբերգական և մեծ հարված է հասցնելու ողջ տարածաշրջանի անվտանգության համակարգին։ 

Այստեղ ամենայն հստակությամբ են պատկերացնում բանակցությունների վերսկսման պայմանները, այս մասին արտահայտվել են մեր հանրապետության Նախագահը, արցախյան այլ պաշտոնյաներ, շարունակեց արտգործնախարարը՝ հավելելով, որ  դրա համար պահանջվում է անհապաղ վերականգնել 1994 թվականի հրադադարի ռեժիմը և անել ամեն ինչ, որպեսզի այն իրագործվի իր ամբողջ խստությամբ։ Անհրաժեշտ է  կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս ուղղությամբ ոչ մի առաջընթաց չկա, ակնհայտ է նաև, թե ով է խոչընդոտում դրանց իրականացմանը։ Ադրբեջանն այսօր օգտագործում է մի բառապաշար, որն ամենևին չի համապատասխանում մերօրյա իրողություններին։ Արցախյան կողմը  շարունակելու է իր տեսակետը ներկայացնել առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև  ամենատարբեր միջազգային հարթակներում։

Համանախագահների հետ այս տարվա առաջին հանդիպումը տեղի ունեցավ ապրիլյան ագրեսիային հաջորդած օրերին, երկրորդը՝ աշնանը։ Նրանց հետ արցախյան կողմը վարում է բաց ու անկեղծ  խոսակցություն՝ առանց  դիվանագիտական հնարքների, պարզ ու շիտակ ներկայացվում է մեր դիրքորոշումը։ 

ԱՀ-ի և արտաքին աշխարհի միջև կապերի զարգացման գործընթացում նախարարն արձանագրել է դրական միտումներ։ Տարեսկզբին հայտարարություններ հնչեցին ԱՄՆ Ջորջիա  և Հավայա նահանգներից. ընդունված բանաձևերում կոչ էր արվում հարգել ու ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Արտգործնախարարը կարևորեց այն փաստը, որ ապրիլյան պատերազմի օրերին տարբեր մայրցամաքներ ու երկրներ ներկայացնող օրենսդիրներ, քաղաքական գործիչներ իրենց աջակցությունը հայտնեցին մեր ժողովրդի պայքարին ու ձգտումներին։ 

Կ. Միրզոյանն իր տպավորությունները ներկայացրեց Դանիա կատարած այցից, որտեղ նա  Եվրոպական բարեկամների կազմակերպության սրահում հանդես էր եկել դասախոսությամբ։ Վերջինս ներկաների մոտ մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Պետք է օգտագործել նաև այդ միջոցները՝ Արցախի ձայնը լսելի և ընկալելի դարձնելու արտաքին աշխարհին, ասաց նախարարը։ Նա համոզված է, որ  2017 թվականին արտգործնախարարության ու նրա  գործընկերների ջանքերն անարդյունք չեն մնա,  կշարունակվեն Արցախի ժողովրդին սատարող  հայտարարությունները։  

Անցնող տարվա ձեռքբերումներից մեկն էլ  Ֆրանսիայի և Արցախի համայնքների միջև  համագործակցության խորացումն է։ Պակաս կարևոր չեն Բելգիայի հետ շփումները. մասնավորապես ԱՀ  Նախագահ Բակո Սահակյանի այցը Բրյուսել։ Բելգիայի և այլ երկրների հետ աշխատանքը կշարունակվի, որի նպատակը Արցախի մասին ճշմարտության տարածումն է, մեր բարեկամների շարքերի ընդլայնումը և, անշուշտ, գործնական կապերի հաստատումն ու խորացումը։

Տարվա  իրադարձություններն ամփոփելուց  հետո արտգործնախարարը պատասխանեց լրագրողների հարցերին։

Միջազգային կառույցներն ինչպե՞ս արձագանքեցին ապրիլյան  պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողություններին։ Մեր երկրորդ հարցն առնչվում էր վերջերս ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցին։ Իրանի առաջնորդի մտքերից մեկն այն էր, որ ինքը տեսնում է հայկական կողմի հետ համագործակցության մեծ ներուժ, որը պետք է իրացվի առաջիկա տարիներին։ ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն  ինչպե՞ս է պատկերացնում Արցախ-Իրան երկկողմ համագործակցության հնարավորությունները։ 

Միջազգային կառույցների արձագանքի առնչությամբ Կ. Միրզոյանը նշեց, որ նրանց հետ աշխատանքում արագ արդյունք ակնկալելն իրական չէ։ Դրանք բյուրոկրատական ատյաններ են, որոնք ունեն իրենց ընթացակարգերը, իրենց բնորոշ աշխատաոճը։ Արցախյան կողմը պետք է  շարունակի ակտիվորեն շփվել տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, կարևորը մեր հանրապետության  մասին ճիշտ և անաչառ պատկերացումների ձևավորումն է։ Այսօր միջազգային  տարբեր կառույցներում հնչում են կարծիքներ, ըստ որոնց՝ այդ կառույցների ներկայացուցիչների մուտքի սահմանափակումը խնդրահարույց է առաջին հերթին իրենց համար, քանի որ դա, ի վերջո, հանգեցնում է հեղինակազրկման։ Կ. Միրզոյանը հույս ունի աշխուժացնել շփումները միջազգային կազմակերպությունների հետ՝  Արցախի մասին լիարժեք և անաչառ  տեղեկատվություն տարածելու  նպատակով, իսկ ապագայի համար կարելի է նկատի առնել նաև համագործակցության հեռանկարը։ Այս առումով ճիշտ քաղաքականություն պետք է համարել Արցախի՝ միջազգային մի շարք կոնվենցիաների և պայմանագրերի միակողմանի միանալը։ Դա  թույլ է տալիս ոչ միայն  արցախյան օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային համաձայնագրերին, այլև արտաշխարհում ստեղծում է մեր երկրի դրական պատկերը, ինչը միայն նպաստելու է միջազգային կազմակերպությունների հետ շփումների  սերտացմանը։ 

Իրանի հետ համագործակցության մասով նախարարը նշեց, որ այդ երկիրն այստեղ դիտվում է որպես կայուն ու վստահելի հարևան, որը դրսևորում է վերին աստիճանի հավասարակշռված դիրքորոշում։  Արցախյան կողմը պատրաստ է ու շահագրգիռ՝ առաջ ընթանալու այդ ուղղությամբ։ Կ. Միրզոյանը հույս հայտնեց, որ առկա գաղափարներն ու պատկերացումներն առաջիկայում քայլեր ձեռնարկելու հնարավորություն կընձեռեն։       

  

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ