Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԻԱՅՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՆԵՆԱԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՄՈՒՐ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տարվա ընթացքում համակարգում իրականացված  աշխատանքների, նախանշվող ծրագրերի մասին է նախաամանորյա մեր հարցազրույցը ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

  - Պրն Դանիելյան, ավարտվում է  2016 թվականը, ինչպիսի՞ն էր այն արդարադատության համակարգի համար, իրականացվածից ի՞նչ կառանձնացնեք` որպես կարևոր և մնայուն:

- Իրականացրել ենք այն բոլոր ծրագրերը, որոնք նախանշվել էին:  Իհարկե, գերատեսչության աշխատանքներում կարևոր տեղ է գրավում հանրապետությունում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին մեր պատասխանատուների մասնակցությունը։ Նախարարությունը բավական ակտիվ ընդգրկված էր այդ աշխատանքներում, ինչը բնական է, քանի որ մեր հիմնական գործառույթները կապված են օրենսդրության կատարելագործման հետ: Հաշվի առնելով գործընթացի կարևորությունը` մեր կողմից կազմակերպվել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ՝ ուղղված մայր օրենքի նախագիծն ավելի հանրամատչելի  դարձնելուն և հանրային իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: Սահմանադրական բարեփոխումների գործընթացն անխուսափելի էր մեր հանրապետության համար, քանի որ միայն օրենսդրական դաշտի կատարելագործմամբ և շարունակական բարեփոխումներով է հնարավոր կառուցել իրավական ամուր և արժանապատիվ պետություն:  

Տարվա ընթացքում` 2013-17թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել փաստաբանների գործունեության բարելավմանը: Հունվարից ԼՂՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն իրավաբանական օգնություն կտրամադրի նաև քաղաքացիական և վարչական գործերի դատավարության դեպքում (նախկինում նման օգնություն տրամադրվում էր միայն քրեական գործերով): Այդ նպատակով փաստաբանների թիվն ենք ավելացրել: Մշակվել և ԱԺ կողմից ընդունվել է ՙՍնանկության մասին՚ ԼՂՀ օրենքը, որի անհրաժեշտությունը վաղուց կար: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության  և Կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության համագործակցությամբ մշակվել և գործի է դրվել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության նոր կարգը, որի համաձայն` կարճ ժամանակահատվածում հնարավոր է ստանալ համապատասխան հարցման պատասխանը: Ամբողջությամբ ավարտված է Arlexis իրավական տեղեկատվական համակարգի ներդրման ծրագիրը: Կայքում արդեն տեղադրված է ԼՂՀ օրենսդրական և նորմատիվ ակտերի ողջ բազան։ Որպես նշանակալի ձեռքբերում կարելի է նշել նաև այն, որ այսօր ամբողջ ՔԿԱԳ համակարգը` շրջանային ստորաբաժանումներով, էլեկտրոնային միացյալ ցանցով է գործում, ստեղծված թվային արխիվային  բազան հնարավորություն է ընձեռում առավել արդյունավետ դարձնել մատուցվող ծառայությունների որակը: Ներկայում նաև պետական ռեգիստրի գործակալության բոլոր գրանցումները կատարվում են էլեկտրոնային ձևով: 

- Ի՞նչ առաջնահերթություններ ունեք` կապված գալիք տարվա հետ:

- Մեր հիմնական ծանրաբեռնվածությունը` կյանքի կոչվելիք ծրագրերի առումով, ամենից առաջ կապված է լինելու նոր Սահմանադրության ընդունման հետ, սա, իհարկե, այն դեպքում, եթե փետրվարին սպասվող Սահմանադրական հանրաքվեին մեր ժողովուրդը դրականորեն արձագանքի: Պետք է մշակվեն բազմաթիվ նոր իրավական ակտեր, ինչպես նաև նոր սահմանադրությանը համապատասխանացվեն  գործող օրենքները: Թեկուզ այդ աշխատանքների համար Սահմանադրության նախագիծը նախատեսում է  մինչև երկու-երեք տարի ժամկետ, գոյություն ունեն օրենքներ (ՙԱԺ կանոնակարգ՚ օրենքը, Ընտրական, Դատական օրենսգրքերը և այլն), որոնք պետք է փոփոխությունների ենթարկվեն մի քանի ամսում: ՀՀ մեր գործընկեր նախարարության հետ համագործակցության արդյունքում մոտ ապագայում նոտարիատի ոլորտում կունենանք կտակի և ժառանգության գործերի ընդհանուր բազա: 2017-ին շարունակվելու է նաև Mulberry էլեկտրոնային  փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկումը, որը նաեւ հնարավորություն կստեղծի, որպեսզի քաղաքացին համապատասխան հայտերը լրացնի էլեկտրոնային ճանապարհով: Աշխարհի շատ երկրներում օգտագործվող ճկուն այդ համակարգի շնորհիվ պետական մարմիններում հնարավոր է դառնում փաստաթղթերի հոսքի արդյունավետ կառավարումը, փաստաթղթերի և կից նյութերի էլեկտրոնային տարբերակների կենտրոնացված պահպանումն ու փաստաթղթաշրջանառության պատմության գրանցումն ու վերահսկումը փաստաթղթի շարժի բոլոր փուլերում: Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են պատասխանի համար, արդեն իսկ գտնվում են համակարգի էլեկտրոնային բազայում եւ այն գտնելն ու տրամադրելը պարզապես վարկյանների հարց է: Ոչ որպես բացթողում, այլ հաղթահարվող խնդիրների թվում կնշեի որակյալ երիտասարդ կադրերի կարիքն ու անհրաժեշտությունը, ինչին մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում:

- Տարեմուտի ի՞նչ մաղթանք ունեք: 

- Ամանորին ընդունված է միմյանց մաղթել հաջողություն, առողջություն, բարեկեցիկ կյանք: Սպասելիքները շատ են, բայց, ինչպես սիրում ենք կատակով նշել, անհրաժեշտ է նաև հասնել այդ սպասելիքների և դրանց համազոր հնարավորությունների արդյունավետ համադրությանը: Իսկ դա կարող է ստեղծվել միայն մշտական ու նվիրված աշխատանքով: Բոլորիս կմաղթեի խաղաղ ու ստեղծագործ աշխատանք՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի: Ունենանք համբերություն, կամք, կորով և վճռականություն` մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ճանապարհին:  

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ