[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՙԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ԵՎ ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայի պատմության ներկա փուլն առանձնանում է նրանով, որ  ներքին անկայունությունը կարող է տանել կա՜մ հասարակական-քաղաքական բարեփոխումների, ինչը ներկա իրավիճակում գրեթե անհավանական է թվում, կամ էլ՝ պետական հեղաշրջման մի նոր փորձի, որի հաջողության մասին դժվար է միանշանակ դատելը։

Անցյալ տարվա հուլիսի 15-ին այդ երկրում ձեռնարկված պետական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանություններն իրենց հերթին հարձակվեցին սեփական ժողովրդի վրա, որի առաջադեմ խավերն արդեն տևական ժամանակ  հանդես են գալիս հետադիմական ու ագրեսիվ  էրդողանյան վարչակարգի դեմ։ Թուրքական պետության  ներսում ներկա դրությամբ գոյություն ունեցող խնդիրները ղեկավարության վարած ներքին ու արտաքին քաղաքականության հետևանք են։ Տասնյակ հազարավոր մարդկանց կալանելով ու ազատազրկելով՝ Ռեջեփ  Էրդողանն ամեն կերպ փորձում է ամրապնդել իր իշխանությունը։ Բայց արդյո՞ք դա այն  ճանապարհն է, որը նախագահին կարող է օգնել՝ ապահովելու հուսալի սոցիալական հենարանի առկայությունը երկրում։ Բնականաբար՝ ոչ։  Իսկ թուրքական հասարակությունը միատարր չէ. նրանում առկա  ժողովրդավարական, ազգայնական, կրոնական ու ծայրահեղական շերտերն ունեն իրենց խնդիրներն ու նպատակները, անշուշտ, նաև երկրի ղեկավարությունից իրենց սպասելիքները։ Եվ գաղափարական այն հենքը, որի վրա  Էրդողանը նպատակ ունի կառուցել իր երազած Թուրքիան, չի կարող ընդունելի լինել այդ շերտերի համար։   

Պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահն սկսեց զանգվածային ձերբակալություններ իրականացնել բոլոր նրանց շրջանում, ովքեր գյուլենականներ էին, կամ էլ՝ գյուլենական շարժմանը հարողներ։ Իշխող վարչակարգն այդ մարդկանց համարում է երդվյալ հակառակորդներ։ Հասկանալի է, որ գյուլենականությունն ինքնին, որպես երևույթ, պատահականություն չէ. դա  թուրքական հասարակության առջև խոյացած  հրամայական է՝ շարժվել առա՞ջ՝ դեպի զարգացում, թե՞ հետևել մի գաղափարախոսության, որը ենթադրում է միջնադարյան բարքերի վերականգնում և միայն խոչընդոտելու է երկրի առաջընթացին, ընդ որում վտանգելու է ոչ միայն թուրքական պետության, այլև ողջ տարածաշրջանի քաղաքական կայունությունն ու անվտանգությունը։ Առնվազն միամտություն կլիներ պնդել, թե նախագահ Էրդողանն ու նրա  գլխավորած թիմը չեն գիտակցում նման գործընթացների մոտավոր ավարտը։ Հակառակը, գիտակցելով հանդերձ, Էրդողանը շարժվում է դեպի նպատակակետը՝ իսլամական աշխարհի առաջատարը դառնալու անփոփոխ ցանկությամբ։ Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով սուլթանական կարգի վերականգնումը նրա քաղաքական օրակարգի գլխավոր խնդիրն է, որը ենթադրում է ոչ միայն սեփական վարչակարգի պահպանում։    

Հուլիսյան իրադարձություններից հետո թուրքական կառավարության հրահանգով զանգվածային ձերբակալություններ են իրականացվել ոչ միայն գյուլենականների, այլև քրդական կազմակերպությունների հետ համագործակցության մեջ կասկածվող մարդկանց շրջանում։ Անցյալ տարվա երկրորդ կեսից թուրքական աղբյուրները պարբերաբար  տեղեկացնում էին երկրի տարբեր նահանգներում իրականացվող   ստուգումների և ձերբակալությունների մասին։ Անցած հոկտեմբերի տվյալներով՝ Թուրքիայում կալանավորվել է մոտ 35 հազար մարդ՝ աշխարհիկ  իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով։ Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը պաշտոնապես հայտարարել էր, որ  ստուգման է ենթարկվել  82 հազար մարդ։ Հրապարակված թվերը տարվա վերջին զգալիորեն աճել են։ 

Բարեբախտաբար, քաղաքակիրթ աշխարհը գիտակցում է  ահաբեկչական  պետության նկրտումները և փորձում է կանխել դրանք։ Խոսքը վերաբերում է Թուրքիայի հանդեպ եվրոպական ընտանիքի վերաբերմունքին, ինչպես նաև ամերիկյան կողմի՝ Ֆ. Գյուլենին Էրդողանին չհանձնելու  սկզբունքային դիրքորոշմանը։ Թե՜ Եվրամիությունը և  թե՜ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը հանդես են գալիս որպես թուրքական ղեկավարության նկրտումները զսպող ուժեր։   

Ահա այս իրավիճակում Թուրքիայի նախագահը 2017-ի նախաշեմին հանդես եկավ  հայտարարությամբ՝ նորովի ցուցադրելով սեփական երկրի ՙանվտանգության՚ հայեցակարգը։ ՙԱնադոլու՚ գործակալության փոխանցմամբ՝ նախագահն  ասել է, թե ահաբեկչական բոլոր կազմակերպություններն ունեն նույն բնույթը, այդ թվում՝ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը գլխավորած և Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական համարվող Գյուլենական շարժումը։ Նա այնուհետև կարևորել է ահաբեկչությունների դեմ պայքարը՝ ակնարկելով, որ ինքը կապ է տեսնում  երկրի ներսում կատարվող  գործողությունների և Սիրիայում ու Իրաքում ծավալվող գործընթացների միջև։ Այս նախաբանից հետո Թուրքիայի նախագահն անցել է գլխավոր մտքին՝ սիրիական հակամարտությունից տեղափոխվելով մեկ այլ հարթություն։ Նրա  բնորոշմամբ՝ սեփական տանը  խաղաղ ու երջանիկ ապրելու համար սպառնալիքները պետք է արմատախիլ արվեն իրենց ծագման օջախում։ Թուրքիայի անվտանգությունն սկսվում է ոչ թե Գազիանթեպում, այլ Հալեպում, ոչ թե Հաթայում, այլ Իդլիրում, ոչ թե Մերսինում, այլ Կիպրոսում, ոչ թե Կարսում, այլ Նախիջևանում, ոչ թե Արթվինում, այլ Բաթումիում, ոչ թե Թրակիայում, այլ Բալկաններում, ասել է նախագահը՝ հորդորելով իր ազգակիցներին երբեք չմոռանալ այդ մասին։ 

Եթե ուշադրություն դարձնենք նշված տեղանուններին, միանգամայն հստակ կուրվագծվեն  փոքրասիական տարածքի հյուսիս-արևմուտքում քոչվոր օղուզ ցեղի ներկայացուցիչների ասպատակությունների արդյունքում ձևավորված  Օսմանյան կայսրության սահմանները, որոնք  Արևելյան Եվրոպայից ձգվում էին մինչև Միջին Արևելք։ Էրդողանի տեսիլքներում նախնյաց նախնի Օսման բեյի կայսերական նկրտումներն են և երբեմնի  կայսրության սահմանների վերականգնման հետ կապված իր ռազմավարական ծրագրերը։  

Որ պաշտոնական Բաքվի քայլերը բխում են թուրքական իշխանությունների կողմից մշակված ծրագրերից,  այլևս անհերքելի իրողություն է։ Այս համատեքստում պետք է դիտարկել ուշագրավ նորությունը, այսպես կոչված, Իսլամական ռազմական դաշինք կազմակերպության ստեղծման մասին, որն, ըստ  հրապարակված տեղեկությունների, պետք է լինի ՆԱՏՕ-ին համարժեք կազմակերպություն։ Այս մասին վերջերս իրազեկել է ադրբեջանական կայքը՝ ընդգծելով, որ  Ադրբեջանը որոշում է ընդունել Իսլամական ռազմական դաշինքին անդամագրվելու մասին։ Կայքն այնուհետև հավելել է, որ այդ դաշինքին անդամակցելու է նաև  Տաջիկստանը։ Տեղեկատվական աղբյուրի փոխանցմամբ՝ նման կառույց ստեղծելու  գաղափարը Մալայզիայի վարչապետ Մ. Մոհամմեդին է պատկանում, սակայն իրականում այն իրագործվել է  Սաուդյան Արաբիայի կողմից, որի պատճառը կարող է լինել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և ՙԻսլամական պետության՚ ի հայտ գալը։  

Սույն տեղեկատվության հրապարակումից ժամեր անց  տարածվեց Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, համաձայն որի՝ Իսլամական ռազմական դաշինքին անդամագրվելու հարցն առայժմ դրված չէ  երկրի արտաքին քաղաքական օրակարգում։ Հաջիևն այս նորությունը վերագրել է պակիստանյան տեղեկատվական աղբյուրներին, հավանաբար, նպատակ ունենալով ադրբեջանական մեդիա դաշտը թողնել չեզոք գոտում։  Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթապահ հաղորդագրությամբ փորձել է հերքել արդեն միջազգային հանրության սեփականությունը դարձած նորությունը, սակայն՝ ապարդյուն։ Տեղեկատվական այս արտահոսքից կարելի է ենթադրել, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը՝ մյուս դաշնակիցների հետ միասին, ոչ միայն քննարկել, այլև փորձում են կյանքի կոչել այն։ 

Անդրադառնանք Էրդողանի հայտարարությանը։ Նա  խոսել է իր արտաքին քաղաքականության ռազմավարության մասին՝ մի կողմ թողնելով իրեն մտահոգող գլխավոր խնդիրը։ Անշուշտ, նրան առավել քան մտահոգում է իր կողմից ղեկավարվող երկրի ներքին անվտանգությունը, երկիր, որում չեն դադարում պետական հեղաշրջման փորձերը, ահաբեկչությունները, ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումներն  ու միջէթնիկական բախումները։ Օսմանյան կայսրության վերականգնումն անիրականանալի երազանք է, բայց ահա թուրքական հասարակության մաս կազմող ժողովրդավարական ուժերի պայքարն ի վերջո հանգեցնելու է բռնապետական վարչակարգի տապալման՝ ապացուցելով նեոօսմանիզմի սնանկությունը, ինչպես  նաև  այն, որ միջազգային հանրությունը չի կարող մշտապես հանդուրժել ահաբեկչական խմբավորումներին հովանավորող պետության գոյությունը։

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ