[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է

Արցախցիների անվստահությունն էլ միանգամայն հիմնավորված է 

 Ստրասբուրգում հունվարի 23-ին մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որտեղ ծավալված քննարկումներն առնչվում են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը։  Նորություն չէ, որ միջազգային այս կառույցի հեղինակությունը վաղուց արդեն խաթարվել է նրանում ներկայացված որոշ պատգամավորների անպատասխանատու և անբարո աշխատաոճի պատճառով, ինչը որակվել է որպես կաշառասիրություն կամ խավիարասիրություն։  Եղածին էլ վերջերս գումարվեց ԵԽԽՎ նախկին փոխնախագահ և Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հետ կապված աղմկահարույց պատմությունը։ 

Նստաշրջանում ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած գործողությունները մերկացվել են թե՜ հայ և թե՜ եվրոպացի պատգամավորների ելույթներում։ Տպավորությունն այնպիսին է, որ այդ կառույցի հեղինակությունն արդեն անդունդի եզրին է։  Բացահայտված փաստերը նաև հաստատել են, որ ադրբեջանական իշխանություններն իրենց գոյությունը երկարաձգում են մի կողմից՝ սեփական ժողովրդի նկատմամբ կիրառվող բռնությունների, մյուս կողմից էլ` միջազգային կառույցներում ազդեցիկ քաղաքական գործիչներին կաշառելու ճանապարհով։ 

Վոլոնտեի հետ կապված պատմությունը, բնականաբար,  մտահոգում է հայաստանյան այն քաղաքական ուժերին, ներառյալ Հանրապետական կուսակցությունը, որոնք  անդամակցում են ԵժԿ-ին։ Այս տեսանկյունից միանգամայն տեղին են ՀՀ պատվիրակության անդամների` Ադրբեջանի ղեկավարության ու ԵԽԽՎ կաշառված պատգամավորների հասցեին հնչեցրած մերկացնող  ելույթները։ ՀՀ քաղաքական դաշտի երեք ուժեր սպասելիքներ ունեն մի կուսակցությունից, որը եվրոպական տարածաշրջանում ներկայանում է որպես մարդու իրավունքների, ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ու նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման  առաջամարտիկ։ Հիշեցնենք, որ դեռևս 2012թ. փետրվարի 9-ին ՀՀԿ, ՙԺառանգություն՚ և ՙՕրինաց երկիր՚ կուսակցություններն անդամագրվել են Եվրոպական ժողովրդական կուսակցությանը` իրենց կողմնորոշումը հիմնավորելով նրանով, որ Հայաստանը պետք է հետևողականորեն զարգանա դեպի քաղաքակիրթ համաշխարհային ընկերակցություն, և եվրոպական արժեքները պետք է ներթափանցեն հայաստանյան քաղաքական իրականություն, որովհետև ժողովրդավարական բարեփոխումներն ու օրենքի գերիշխանությունն այլընտրանք չունեն։ 

ԵԽԽՎ հերթական նստաշրջանում հայաստանյան ու ադրբեջանական պատվիրակությունների միջև ծավալված պայքարի մասին պարբերաբար տեղեկացնում են հայկական լրատվամիջոցներն ու ՀՀ պատվիրակության անդամները` իրենց ֆեյսբուքյան գրառումներով։ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մասնավորապես իրազեկել է, որ  ԵԺԿ խմբում վերստին կրքեր են բորբոքվել, իսկ ադրբեջանական լոբբին մարտի է նետել իր բացահայտված ու բացահայտվող բոլոր հաճախորդներին։ ՀՀ պատվիրակությունն առաջ է քաշել իր պնդումը` ԵԽԽՎ-ն պետք է Լ. Վոլոնտեի հարցով հատուկ զեկուցող-հետաքննիչ նշանակի, ով կարճ ժամկետում վեհաժողովին կզեկուցի կոռուպցիոն այդ սկանդալի մասին, ինչը կասկածի տակ է դրել ԵԺԿ-ի հեղինակությունը ողջ Եվրոպայում։

Նստաշրջանում ալիևյան վարչակազմը խիստ քննադատության է ենթարկվել ոչ միայն պատգամավորներին կաշառելու համար. Ադրբեջանում ներկա դրությամբ հույժ կարևոր ու հրատապ խնդիր է մարդու իրավունքների հարգումը։  Հայկական պատվիրակության տեղեկությունների համաձայն` այդ երկրում մարդու իրավունքների վիճակը քննարկման առարկա է դարձել կառույցի՝ Մարդու իրավունքների իրավական հարցերի հանձնաժողովում։   

ՀՀ  պատվիրակությունը շատ կարևոր հարց է արծարծել Ադրբեջանի` Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների մասով. նա իրեն համարո՞ւմ է ԵԽ-ի անդամ պետություն, և արդյո՞ք հարգում է անդամակցությամբ իր ստանձնած միջազգային պարտավորությունները, թե՞ ոչ։  ԵԽԽՎ-ն պետք է հետևություններ անի ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստների նամակից, որում վերջիններս պահանջել էին իրենց պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, այսինքն` դադարեցնել նրա  լիազորությունները։ 

Հարկ է արձանագրել, որ նստաշրջանի տհաճ անակնկալներից մեկն էլ Պեդրո Ագրամունտի վերընտրությունն էր ԵԽԽՎ նախագահի պաշտոնում։ Նա  այդ կառույցը ղեկավարել է  2016 թվականին, այս անգամ էլ վերընտրվեց մեկ տարով։ Նրա  վերընտրությունը տեղի է ունեցել ավտոմատ կերպով, քանի որ, ըստ ԵԽԽՎ կանոնակարգի` մեկ թեկնածուի առկայության դեպքում քվեարկություն չի անցկացվում։     

Նշենք, որ քաղաքական այս գործիչը Վոլոնտեից ավելի շուտ հայտնի դարձավ  միջազգային հանրությանը` որպես Իլհամ Ալիևի կողմից կաշառված պատգամավոր։ Իսպանացի այս քաղաքական գործչի կենսագրության մասին միջազգային մամուլը տեղեկացրել է  ավելի վաղ` ի մասնավորի իրազեկելով, որ նրա երիտասարդությունն անցել է ֆաշիստական գաղափարախոսության ազդեցության տակ, ինչը լավագույնս է հիմնավորել ադրբեջանական ահաբեկչական վարչակարգի հետ նրա համագործակցությունը։ Հարց է  ծագում` արդյո՞ք  վեհաժողովում այդ մարդուն ընդունում են որպես հեղինակություն։ Լրատվամիջոցները տարածել են նրա հայտարարությունն առ այն, որ ինքը կանի հնարավոր ամեն բան` ԵԽԽՎ-ին ծառայելու համար։ Դրանով Ագրամունտն անուղղակիորեն խոստովանել է, որ նախկինում ինքը չի արել այն ամենը, ինչը բխում է եվրոպական  արժեհամակարգից և համահունչ է վեհաժողովի դավանած սկզբունքներին։  Հավանաբար, իր այս արտահայտությամբ վերընտրված նախագահը փորձում է նախևառաջ շահել վեհաժողովականների վստահությունը։ 

Դժվար է ասել, թե ինչու հենց Պեդրո Ագրամունտը դարձավ ԵԽԽՎ-ի նախագահի միակ թեկնածուն։ Մեկնաբանությունները կարող են տարբեր լինել։ Այստեղ կա մեկ ճշմարտություն. մարդու իրավունքների և ժողովրդավարական մյուս արժեքների պահպանումն այդ կառույցից պահանջում է  առնվազն չզբաղվել քաղաքական առևտրով և չդառնալ կոռուպցիոն գործարքների մեջ խրված  պատգամավորների հավաքատեղի։ 

Վերը շարադրվածը հանգեցնում է մի կարևոր եզրահանգման. խոսքը ոչ միայն կաշառակեր ու խավիարասեր պատգամավորների մասին է։ Վերջիններս  ներկայացնում են եվրոպական ազգային պետություններ, հետևաբար, խոսքը նաև այդ պետությունների միջազգային հեղինակությանն է վերաբերում։ ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իրավացիորեն նկատել է, որ վեհաժողովում նստած մոտ երկու տասնյակ պատգամավորներ ուղղակիորեն սպասարկում են  ադրբեջանական շահը` վստահաբար ո՜չ Իլհամ Ալիևի հանդեպ  եղբայրական սիրուց դրդված։  

Իտալական կողմն, անշուշտ, ճիշտ ընկալեց սկզբունքային նշանակության խնդիրը՝  Միլանի դատախազությունում քրեական գործ հարուցելով երկրի հեղինակությունը վտանգած գործչի դեմ, ինչը նշանակում է, որ ազգային պետություններն առաջին հերթին իրենք պետք է հետևեն  պատգամավորների վարքագծին ու գործունեությանը։  

Եվ ամենակարևորը. միանգամայն հիմնավորված է Արցախի ժողովրդի դիրքորոշումը միջազգային կառույցների հանդեպ։ Դեկտեմբերին մեր խորհրդարանում Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի IPSC կողմից ներկայացվեցին Արցախի Հանրապետության բնակչության շրջանում անցկացված հանրային հարցումների արդյունքները։ Ինստիտուտի միջազգային տեղեկատվական գործընկերն էր Բրյուսելում գործող ՙՀայաստանի եվրոպացի բարեկամներ՚ կազմակերպությունը։ Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը միանշանակ այն կարծիքին է, որ ապրիլյան պատերազմից հետո այստեղ նվազել է միջազգային կառույցների նկատմամբ վստահությունը։ Արցախի բնակչության այս վերաբերմունքը, անտարակույս, պետք է ազդանշան լինի նաև ԵԽԽՎ-ի համար, որն իր անպատասխանատու և անազնիվ անդամների պատճառով արժանանում է ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող ժողովրդի անվստահությանը։     

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ