Logo
Print this page

ՙԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԵՏՔ Է ՀԱՂԹՈՂ ԶԳԱՆ՚

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ  Ստեֆան ՎԻՍԿՈՆՏԻԻ բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

 2016թ. հոկտեմբերին Մեդիամաքսը հաղորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում Ստեֆան Վիսկոնտիի նշանակման մասին և ներկայացրեց նրա կենսագրության ուշագրավ դրվագները։ Այսօր ներկայացնում ենք Ս. ՎԻՍԿՈՆՏԻԻ առաջին հարցազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում։

-Ի՞նչ մտածեցիք, երբ Ձեզ առաջարկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբում ներկայացնել Ֆրանսիան։ Չէ՞ որ դա դժվարին աշխատանք է։

-Ես Կովկասի տարածաշրջանին ծանոթ եմ վաղուց (առաջին այցս Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կայացել է դեռ 1989 թվականին, երբ ուսանող էի և ճամփորդում էի)։ Ուսումնասիրել եմ տարածաշրջանի հարուստ և անկայուն պատմությունը, և այստեղ ապրող բոլոր ժողովուրդների հանդեպ մտերմության եւ հիացմունքի զգացողություն ունեմ։

Բախտ եմ ունեցել տարբեր ժամանակներում առնչվել Մինսկի խմբի աշխատանքներին, քանի որ 1997-2002թթ. եղել եմ Ֆրանսիայի վարչապետ Լիոնել Ժոսպենի դիվանագիտական խորհրդականը։ Իսկ 2009 թվականին, երբ Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսն էի Մյունխենում, երեք համանախագահների հանդիպում էի հյուրընկալել իմ նստավայրում։

Երբ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը առաջարկեց զբաղեցնել այս պաշտոնը, ես շատ ոգևորվեցի՝ միեւնույն ժամանակ գիտակցելով  նոր պարտականություններիս կարևորությունը։ Անշուշտ, սա շատ դժվարին աշխատանք է, բայց երբ խոսքը գնում է խաղաղության, կայունության եւ տարածաշրջանի ժողովուրդների բարգավաճման մասին, այդ նպատակին հասնելու համար կարելի է ցանկացած ջանք ներդնել։

- Որո՞նք են լինելու Ձեր աշխատանքի առաջնահերթությունները։

- Ուզում եմ ընդգծել, որ համանախագահների աշխատանքի էությունը հավաքական մոտեցման մեջ է, որը հիմնված է փոխադարձ վստահության, գաղտնիության, կառուցողական ոգու և մտքերի մշտական փոխանակման վրա։ Իմ անձնական ներդրումը և գաղափարները լինելու են այս շրջանակում։

Ակտիվորեն աշխատելու եմ որպես ազնիվ միջնորդ՝ հույս ունենալով ստեղծել այնպիսի դինամիկա, որն ի վերջո կարող է հանգեցնել Ղարաբաղի հիմնահարցի արդար և կայուն լուծմանը։ 2016թ. դեկտեմբերին այցելեցի տարածաշրջան և պատիվ ունեցա հյուրընկալվել նախագահներ Ալիեւի և Սարգսյանի, երկու երկրների արտաքին գործերի նախարարների և այլ հիմնական դերակատարների կողմից։ Նրանց դիտարկումները եւ խորհուրդները շատ արժեքավոր էին, քանզի աշխատանքս լիարժեք կատարելու համար շատ կարեւոր էր հասկանալ, թե որոնք են կողմերի դիրքորոշումները, նպատակները եւ ՙկարմիր գծերը՚։ Ի վերջո, լուծումը պետք է այնպիսին լինի, որ բոլոր կողմերն իրենց հաղթող զգան (win-win)։

- Այս աշխատանքում ո՞րը կլինի ամենաբարդ խնդիրը։

-Կարծում եմ, ամենադժվարը կլինի կողմերի միջև վստահության ու երկխոսության վերականգնումը, ինչին հասնելու համար պետք է ապահովել ողջախոհ, արդյունավետ և ուժեղ դինամիկա։ Պետք է անել ամեն հնարավորը՝ զինված գործողությունների վերսկսումը կամ բռնության ցանկացած բռնկումը կանխելու համար, քանի որ դրանք վնաս են հասցնելու բոլորին։

-Այսօր Լեռնային Ղարաբաղը բանակցություններում ներգրավված չէ։ Չե՞ք կարծում, որ կարևոր է Արցախին վերադարձնել ձայնի լիարժեք իրավունքը։

-Կարեւոր է տարանջատել պաշտոնապես ընթացող բանակցային ձևաչափն ու միջնորդական պայմանները (3 համանախագահ երկրներ +2) և ընդհանուր կարգավորման հարցը, որը ներառում է հետաքրքրված կողմերի ավելի լայն շրջանակ։ Ես նկատի ունեմ Մինսկի խմբի մնացած անդամներին (6 երկրներ + ԵԱՀԿ Եռյակը) և, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Շատ կարևոր է լսել բնակչության և նրանց ներկայացուցիչների՝ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի ներկայացուցիչների ձայները։

Ուզում եմ հիշեցնել, որ 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը ճանաչվեցին որպես կողմեր։ 

Բանակցությունների եռակողմ ձևաչափը փոխարինվեց երկկողմ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով 1998 թվականին, երբ Ղարաբաղի նախկին առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը իշխանության եկավ (Հայաստանում-խմբ.)։ Վստահ կարող եմ ասել, որ Ստեփանակերտի շահերը ամբողջապես հաշվի են առնվում Հայաստանի բանակցողների կողմից։

- Մոտ ապագայում Դուք և Ձեր գործընկերները տարածաշրջանային այց ծրագրու՞մ եք։

-Այցի վերաբերյալ ճշգրիտ ամսաթիվ դեռ չկա, բայց ամենայն հավանականությամբ համանախագահները գարնանը կայցելեն տարածաշրջան՝ կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

- Դուք բիզնես կառավարում եք սովորել Ֆրանսիական բարձրագույն դպրոցում (ESSEC), իսկ ավելի ուշ աշխատել եք որպես տնտեսական և ֆինանսական  խորհրդատու։ Ինչպե՞ս որոշեցիք դիվանագիտական աշխատանքի անցնել։

- Պետք է ասեմ, որ դիվանագետի մասնագիտությունը բավական խորթ է իմ ընտանիքի ավանդույթներին (բոլոր Վիսկոնտիները կամ ինժեներներ են, կամ դեղագործներ), ինչպես նաև բիզնես կրթությանս եւ առաջին տարիների խորհրդատվական գործունեությանս։ Դիվանագետ դառնալս, անշուշտ, ճակատագրի նվերն էր։ Երբ դեռ երիտասարդ մասնագետ էի, դեպքերի բերումով ծանոթացա և ընկերացա մի քանի պրոֆեսիոնալ դիվանագետների հետ։ Նրանք էլ ինձ խորհուրդ տվեցին միանալ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության թիմին։

Այդ ժամանակ 30 տարեկան էի, գայթակղվեցի և որոշեցի բախտս փորձել և առանց մեծ հույսեր ունենալու քննություն հանձնեցի։ Մրցակցությունը մեծ էր, սակայն ճակատագիրը նորից ինձ ձեռք մեկնեց, և ես հաջողությամբ հաղթահարեցի քննությունը։ 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.