Logo
Print this page

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԵՐԱՇԽԻՔ

Շրջկենտրոնի  մշակույթի պալատում հունվարի 30-ին տեղի ունեցավ հանդիպում ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, որին ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը, հիմնարկների և ձեռնարկությունների, ուժային կառույցների, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, աշխատողներ, շրջանի բնակիչներ: 

 Հանդիպումը կազմակերպվել էր սահմանադրական հանրաքվեի մասին իրազեկման միջոցառումների շրջանակներում: 

Բացման խոսքում շրջվարչակազմի ղեկավար Կ. Թովմասյանը, կարևորելով փետրվարի 20-ին կայանալիք հանրաքվեն, նշեց, որ օրվա հանդիպումը նպատակ ունի անհրաժեշտ պարզաբանումներ մտցնել, որպեսզի միասնական մոտեցում լինի քարոզարշավի աշխատանքներին:

ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության ղեկավարը շեշտեց, որ ամենակարևոր քայլը քվեարկությանը բնակչության ակտիվ մասնակցությունն է: Հանրապետության Մայր օրենքում կատարվող փոփոխությունները միտված են մերօրյա և հետագա մարտահրավերներին ժամանակին և համարժեք պատասխան տալուն, ժողովրդի անվտանգության ապահովմանը: Նոր նախագծի ընդունման հիմնական նպատակն ուժեղացված նախագահական երկիր ստեղծելն է ու նրա կառավարումը: Մայր օրենքում փոփոխություն մտցնելը հենց առաջին հերթին անվտանգության երաշխիք է: Ա.Հարությունյանը  մանրամասնեց ՀՀ և ԼՂՀ սահմանադրությունների նախագծերի և կառավարման նոր մոդելների տարբերությունը: Յուրաքանչյուր ընտրություն նախկինում բերում էր հետընտրական քաղաքական ճգնաժամ, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում երկրի և ժողովրդի համար: ԼՂՀ-ի անցած ուղին ունի ասվածի բազում ապացույցներ, ուստի այս հանգամանքը թույլ չտալու հնարավորություն է  նոր նախագծի ընդունումը: ԼՂՀ-ն լրիվ ժողովրդավար դարձնելը, ղեկավար, կառավարման օղակների, պետության առաջին դեմքի` գերագույն հրամանատար-նախագահի և Ազգային ժողովի ընտրությունը միայն ժողովրդի քվեով կատարելը պետք է բերեն ավելի ժողովրդավար երկիր ունենալու հեռանկար: Երկիր, որի ներքին և արտաքին քաղաքականության մեջ իր զգալի և որոշիչ դերը կունենա ժողովուրդը: ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության ղեկավարը ներկաների ուշադրությունը բևեռեց երկու հիմնական` տարածքային և տարածքների փոփոխության մասին կետերի վրա:

Պետության ղեկավարման համար մեծ դերակատարություն ունի ուժեղ տեղական կառավարման համակարգը, և այդ համակարգի ամրագրումը կնշանակի ունենալ զարգացած համայնքներ, որոնք էլ կայուն տնտեսությամբ երկրի երաշխիք կլինեն: Բավականին անելիքներ կան այս ուղղությամբ, որոնց մանրամասն անդրադարձավ Ա.Հարությունյանը: Խոսք բացվեց ՏԻՄ, շրջանների վարչակազմերի ղեկավարների ընտրությունների մոդելի շուրջ, որն առայժմ քննարկման փուլում է: Վերջին շրջանում քննարկվող կարևոր թեմաներից է համայնքների խոշորացումը, որին Ա.Հարությունյանը դեմ է: Հարցը Սահմանադրության հետ առնչություն չունի, բայց բավականին լուրջ նշանակություն ունի, ուստի անհրաժեշտ համարվեց այն ներկայացնել սեփական տեսանկյունից`  թեր և դեմ կողմերով: 

Այնուհետև Ա.Հարությունյանը  պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Սահմանադրության նախագծի դրույթներին և տարբեր խնդիրների: Երկրում բազում չլուծված հարցեր կան, որոնք բնակչության դժգոհության առիթ են դառնում: Նա դա շատ բնական համարեց և կոչ արեց հիշել բոլոր այն ձեռքբերումները, որ ունեցել ենք պետականաշինության կարճ ժամանակահատվածում, որոնք քայքայված ու ծանրագույն վիճակում գտնվող նորաստեղծ հանրապետությունը դարձրել են զարգացող ու ծաղկող երկիր: Նշվեց, որ կատարված ներդրումները բավականին լուրջ չափերի են հասնում ու առկա են բոլոր ոլորտներում, ինչը հնարավոր չէ չտեսնել, մնացած խնդիրներն էլ, ըստ կարևորության, կլուծվեն ժամանակի ընթացքում:

Վերջում  ևս մեկ անգամ նշվեց, որ Սահմանադրության նոր նախագծի ընդունումը միտված է երկրում ժողովրդավարության էլ ավելի ամրապնդմանն ու  բնակչության անվտանգության ապահովմանը: 

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.