[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՈ՞ւ ԹՐԱՄՓԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

American Thinker հանրահայտ հրատարակությունը հրապարակել է ամերիկագետ, "Forbes", "The National Interest" և "Россия в глобальной политике"  պարբերականների սյունակագիր Արեգ Գալստյանի  հոդվածը, որտեղ նա պատճառներ է բերում, թե ինչու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Ո՞ւմ է, որ ձեռնտու չէ դա

Օրերս Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի կայքում հրապարակվել է  զեկույց այն մասին, թե Թրամփի վարչակազմն ինչպես պետք է քաղաքական երկխոսություն կառուցի Թուրքիայի հետ։ Զեկույցի հեղինակներն են Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին և ինստիտուտի թուրքական հետազոտությունների ծրագրի տնօրեն, թուրքական ծագում ունեցող ամերիկացի քաղաքագետ Սոներ Չագափթայը։ Հեղինակների տված խորհուրդները վերաբերում են աշխարհաքաղաքական խնդիրների լայն շրջանակին, որոնք ԱՄՆ-ն  ու Թուրքիան պետք է լուծեն համատեղ ջանքերով։

Հատկանշական է, որ զեկույցի հեղինակները նշում են այն բանի անհրաժեշտությունը, որ Թրամփի վարչակազմը երաշխավորի Հայոց ցեղասպանության չճանաչումը՝ որպես ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև վստահության վերականգնման կարևոր պայման։ Մասնավորապես, նրանք գրում են. ՙԱՄՆ-ն հանգիստ կարող է երաշխավորել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը Կոնգրեսում երբեք չի անցնի։ Դա միշտ կարևոր պայման էր հարաբերություններում (ԱՄՆ-Թուրքիա), և թուրքերի մեծամասնությանը խորապես անհանգստացնում է դա՚։ 

Կասկածից դուրս է, որ հեղինակների նպատակը ոչ միայն  Թուրքիայի նկատմամբ նոր վարչակազմի արտաքին քաղաքականության զարգացման վրա ազդելն է, այլև հիշեցնելը, որ Հայկական հարցը կարող է բացասաբար անդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա։ 

Ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է հենց Թուրքիայի 

և ԱՄՆ-ի համար

Գալստյանը համարում է, որ զեկույցի հեղինակները մի շարք սխալներ են թույլ տալիս։ Նախ, դա ԱՄՆ-ի ներքին խնդիրն է։ Չի կարելի մոռանալ այն, որ 1918-1923թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական իրադարձությունները ճանաչելու պահանջը Ամերիկայի միլիոնավոր քաղաքացիների կողմից է բարձրացվում ու բացառապես հումանիտար բնույթ ունի։ Ամերիկահայերը պաշտոնական Վաշինգտոնից չեն պահանջում Թուրքիայի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկել։

 Մյուս կողմից` հայ-ամերիկյան հարաբերությունների կողմնակիցները միշտ ընդգծում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը դրական նշան կլինի ու կնպաստի ապագայում Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության հաստատմանը։ Դժբախտաբար, թուրքական իշխանությունները Հայկական հարցը դարձնում են քաղաքական շանտաժի  ու ահաբեկման  գործիք։ 

Բացի այդ, ԱՄՆ նախագահին տված խորհուրդը, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ  բանաձևի ընդունումը կանխելու նպատակով վերջինս ազդի Կոնգրեսի վրա, ճիշտ չէ։

Դա ոչ միայն միջամտություն է ինքնիշխան երկրի ներքին գործերին, այլև օրենսդիրների վրա ազդելու գործադիր իշխանությանն ուղղված կոչ, ինչը չի կարող չհարուցել ԱՄՆ քաղաքացիների վրդովմունքը։

Մի քիչ պատմություն

Գալստյանը հակիրճ անդրադարձ է կատարում Հայկական հարցի պատմությանը՝ սկսած ՙսառը պատերազմի՚ ժամանակներից, երբ Կոնգրեսը համարում էր, որ բաց քննարկումը կարող է հարուցել Թուրքիայի բացասական արձագանքը։

Իրավիճակը փոխվեց 1974թ., երբ Թուրքիան զորքերն ուղարկեց Կիպրոսի տարածք։ Ի պատասխան ագրեսիայի այդ քայլի՝ ԱՄՆ-ն արտահանման և ներմուծման արգելք դրեց Թուրքիայի վրա։ Հենց այդ ժամանակ է, որ Վաշինգտոնը չէր խոչընդոտում ՙԱնմարդկային հանցագործությունների զոհերի հիշատակի օրվա մասին՚ N148 բանաձևին։ Ընդունված բանաձևի համաձայն, ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Այդպիսով, ԱՄՆ-ն դարձավ աշխարհում միակ երկիրը, որի նախագահն ամեն տարի Ապրիլի 24-ին պաշտոնապես դիմում է հայերին։

1978թ. ԱՄՆ նախագահ Ջիմի Կարտերն առաջին անգամ օգտագործեց ՙցեղասպանություն՚ եզրույթը՝ նկարագրելով 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։  Իր նախագահության առաջին տարում Ռոնալդ Ռեյգանն աջակցություն էր ցուցաբերում հայ-ամերիկյան համայնքին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ 

Գալստյանը նաև հիշեցնում է, որ, փորձելով կանխել Հայոց ցեղասպանության ճանաչումը, թրքամետ լոբբին խառնվում էր ԱՄՆ ընտրական գործընթացներին։ Այսպես, Անկարան ու նրա լոբբիստները 1988թ. արշավ են կազմակերպել Ժողովրդավարական կուսակցության թեկնածու էթնիկ հույն Մայք Դուկակիսի դեմ։ Նրանք պայքարում էին նաև Կալիֆոռնիայի նահանգապետ, ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի թեկնածու էթնիկ հայ Ջորջ Դոքմեջյանի դեմ։

Իրենց նախընտրական արշավների ընթացքում Բիլլ Քլինթոնը, Ջորջ Բուշ Կրտսերը և Բարաք Օբաման նշում էին Հայոց ցեղասպանության շուրջ ճշմարտության վերաբերյալ բարձր մակարդակով խոսելու անհրաժեշտությունը։ Սակայն, հայտնվելով Սպիտակ տանը, նրանք դրժեցին իրենց խոստումները՝ Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու մտավախության պատճառով։ 

Ինչո՞ւ հենց Թրամփը

Ինչպես նշում է Գալստյանը, Դոնալդ Թրամփն ընդունում է այնպիսի առաջնորդի կեցվածք, ով պաշտպանում է  Ամերիկայի ու ամերիկացիների շահերը։ Նման պարագայում նոր նախագահն ու նրա  վարչակազմը չպետք է Թուրքիային թույլ տան խառնվել ԱՄՆ ներքին գործերին։

Ավելին, Թուրքիայի հայտարարությունները, թե Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը կարող է վնասել ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, խիստ չափազանցված են։ Այսօր աշխարհի ավելի քան 20 երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան։ Արդյո՞ք Ռուսաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդել է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների վրա։ Ամենևին ո՜չ։

Պաշտոնական Անկարան ավանդաբար դեմ է հանդես գալիս և սպառնում հարաբերությունների վատթարացմամբ։ Սակայն իրականության մեջ մենք ականատես ենք լինում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ակտիվ զարգացմանը՝ քաղաքականության, տնտեսության, առևտրի, տուրիզմի և էներգետիկայի ոլորտներում։

Նույնը և Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև հարաբերությունների պարագայում, այն բանից հետո, երբ Փարիզը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ի դեպ, Ֆրանսիան ու Գերմանիան, լինելով ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցներ, իրենց ներքաղաքական որոշումները կայացնում են առանց Անկարայի սպառնալիքներից վախենալու։

Այս առումով նոր վարչակազմը պետք է հստակ նախանշի իր դիրքորոշումը Հայկական հարցի շուրջ ու չվախենա Թուրքիայի ու նրա լոբբիստների սպառնալիքներից։ Թրամփն ունի երկու ընտրություն՝  նա կարող է շարունակել Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը (ինչպես Բուշն ու Օբաման) կամ դառնալ նախագահ, ով բավարար համարձակություն կունենա պատմական արդարությունը վերականգնելու համար։ ՙՀուսով եմ` Թրամփը կընտրի Ռոնալդ Ռեյգանի և ոչ թե Բարաք Օբամայի ճանապարհը՚,- գրել է Գալստյանը։

 

Նովոստի-Արմենիա