[ARM]     [RUS]     [ENG]

Կազիմիրով. ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՁԵՎՈՎ ՁԱԽՈՂԵԼ ԵԱՀԿ ՄԽ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն արդեն ավելի քան 20 տարի է խլել ու դեռ ավելի շատ ժամանակ է պահանջում։

Եթե հայկական երկու կողմերը պատրաստակամություն են հայտնում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միջնորդների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) առաջարկների շուրջ, ապա պաշտոնական Բաքուն չի էլ ձգտում դրան, հակառակը, փորձում է այս կամ այն ձեւով խոչընդոտել միջնորդների նախաձեռնություններին կամ այս կամ այն ձեւով ձգձգել դրանց քննարկումը։ Այս մասին ՙՆեզավիսիմայա գազետա՚ թերթում տպագրված իր հոդվածում գրում է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, պաշտոնանկ արտակարգ ու լիազոր դեսպան Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎԸ։

ՙԱվելին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջվա պես դիմում է ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքներին։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ներկա ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում իրատեսականորեն գնահատել կարեւորագույն գործոնները` նոր ռազմական հակամարտության ՙգինը՚  սեփական ժողովրդի ու ամբողջ տարածաշրջանի համար, դրա հետեւանքները։ Չնայած թվում էր, թե Բաքվի նախկին ղեկավարության սխալ հաշվարկները, 1991-1994թթ. ղարաբաղյան պատերազմի դասերը միանգամայն խրատական պետք է լինեին։ Չէ՞ որ հենց ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի պահանջով ռազմական գործողությունները դադարեցնելու դժկամությունը, սեփական հնարավորությունների գերագնահատումն էին հանգեցրել Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ ադրբեջանական շրջանների կորստին, որն այդքան ցավագին է ընկալվում հիմա։

Բաքվի սխալների շարքը կարելի է դասել նաեւ ղարաբաղյան կարգավորման մասին իր մասնակցությամբ ստորագրված փաստաթղթերի նկատմամբ ոչ հազվադեպ դրսեւորվող անլուրջ վերաբերմունքը։ Թվում է, թե Ադրբեջանի ԱԳՆ պատասխանատու աշխատակիցները նման փաստաթղթերի մասին պաշտոնապես արտահայտվելիս պետք է ծայրաստիճան հավաստի ու զգույշ լինեն։ Բայց ոչ։ Վերջերս տված հարցազրույցում ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւն իր դատողություններն էր շարադրել 1994-95թթ. համաձայնագրի ու նույնիսկ դրա ինչ-որ հավելվածի մասին։ ՙՀամաձայնագիր՚ ձեւակերպումն ինքնին անճշտություն է պարունակում։ Նման միասնական համաձայնագիր չի եղել։ Իրականում կան երկու համաձայնագրեր` 1994-ի մայիսի 12-ին կնքվածը հրադադարի մասին, ու 1995-ի փետրվարի 4-ին կնքվածը հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին։ Այդ երկու համաձայնագրերը ստորագրել են հակամարտության բոլոր կողմերը, ընդ որում անժամկետ։ Վերջին համաձայնագիրը առհասարակ Ադրբեջանի կողմից երկար ժամանակ անտեսվում էր։ Հնարավոր է դրա համար էլ այն ՙմիացրել են՚ 1994-ի համաձայնագրին։

Ինչ վերաբերում է 1994-1995թթ. Հաջիեւի կողմից ՙհամակցված՚ համաձայնագրի հատուկ հավելվածին, որը, նրա խոսքով, իբրեւ համաձայնագրի բաղկացուցիչն է, ես որպես այդ երկու նախագծերի հեղինակ, նման բան չեմ հիշում։ Իսկ եթե անկեղծ ասեմ՝ ո՜չ առաջին, ո՜չ երկրորդ համաձայնագրերը որեւէ հավելված չեն ունեցել, դա պարզապես հորինված է։ Մնում է միայն կռահել, թե ինչով է պայմանավորված նման հորինած տեղեկությունը՝ բաքվեցի դիվանագետի ոչ բարձր պրոֆեսիոնալիզմով ու անձնական սումբուրո՞վ, թե՞ Բաքվի իշխանությունների կողմից իրավիճակի միտումնավոր խեղաթյուրումով` քարոզչական կասկածելի շահերի ու ընթերցողին խաբելու համար։ Այս կոնտեքստում զարմանալի չէ նաեւ կեղծ մեղադրանքը Հայաստանի արտգործնախարարի հասցեին այն բանի համար, որ նա 94-95թթ. համաձայնագիրը աղավաղված է ներկայացնում։

Ինչպես արդեն նշեցինք, Բաքվի ղեկավարության վերաբերմունքը կառուցողականությամբ աչքի չի ընկնում նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությունների հանդեպ։ Գրեթե արգելափակվել են առաջնագծից դիպուկահարների հեռացման, միջադեպերի հետաքննում անցկացնելու ու դրա մեխանիզմների, վստահության միջոցառումների մասին եւ այլ առաջարկներ, որոնք կարող էին նպաստել իրադրության կարգավորմանը շփման գծի երկայնքով ու բանակցային գործընթացի շարունակմանը։ Ընդ որում երբեմն դրա համար ընտրվում է երեսպաշտական մարտավարություն, որպեսզի ստեղծվի կեղծ տպավորություն, իբրեւ, Բաքուն պատրաստ է դրական վերաբերվել համանախագահների նախաձեռնություններին կամ դեռ ուսումնասիրում է դրանք, որպեսզի հետո հրաժարվի դրանցից ու ասի, որ դրանք անընդունելի են։ Այդ հնարքները նպատակ ունեն քողարկել սեփական նեգատիվիզմը։

Օրինակ, միջադեպերի հետաքննման մեխանիզմն ադրբեջանական կողմն ընդունելի է համարում միայն զբաղեցրած տարածքներից հայկական ուժերի դուրս բերման դեպքում։ Ասես, մինչ այդ միջադեպեր առհասարակ չեն եղել ու լինել չեն կարող։ Իլհամ Ալիեւի մոտեցումը` ղարաբաղյան կարգավորումը սահմանափակել միայն հայկական զորքերի դուրս բերումով, միամտություն է ու պարզապես ոչ իրատեսական։ Միանգամայն հասկանալի է, որ զորքերի դուրս բերումը հնարավոր է միայն այնպիսի հարցերի լուծման ընդհանուր կոնտեքստում, ինչպիսիք են հրադադարի հուսալի ամրապնդումը ու Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակը։

Այդ ակնհայտ իրողության համառ ժխտումը հակամարտության տվյալ կողմի դիրքորոշումը դարձնում է բավականին խոցելի ու նույնիսկ ցավագին հենց այդ կողմի համար։ Շատ ավելի իրատեսական են 1994-ի ապրիլի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի՝ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների անմիջական մասնակցությամբ ընդունված հայտարարության թեզիսները։ Այնտեղ սահմանված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական քայլերի հերթականությունը։ Իլհամ Ալիեւի դիրքորոշումը բացարձակ անհամատեղելի է ԱՊՀ երկրների ղեկավարների մոտեցումների հետ, որոնք ամրագրվել էին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից առաջ՚։