ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՀԵՏԱՄՈՒՏ
Հադրութի շրջանում տեսանելի են այն աշխատանքները, որոնք իրականացվում են Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի նախապատրաստության ուղղությամբ:
Համաձայն ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի` ՙԱրցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին՚ որոշման, հունվարի 20-ից Հադրութ քաղաքում և շրջանի խոշոր համայնքներում կազմավորվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի 10 շտաբներ:
Շրջանի համայնքների ղեկավարների կողմից ընդունվել են որոշումներ համայնքների տարածքներում քարոզչական պաստառներ փակցնելու համար հատուկ տեղեր հատկացնելու մասին: Հադրութի շրջվարչակազմի կողմից ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով է ներկայացվել քարոզչություն կատարողներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը:
Հադրութի տարածքային հանձնաժողովը հրավիրել է իր անդրանիկ նիստը, քննարկվել են Սահմանադրության հանրաքվեի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Ըստ հանձնաժողովի նախագահ Բենիկ Կարապետյանի` հանձնաժողովի անդամների միջև կատարվել է աշխատանքի բաշխում: Հանձնաժողովի անդամների կողմից հայտեր են ներկայացվել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու վերաբերյալ: Մի շարք կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմավորվել են հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները, որոնց քանակը շրջանում 33-ն է: Հունվարի 30-ի դրությամբ բոլոր տեղամասային կենտրոնների տեսանելի տեղերում փակցված են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները: Ըստ հաստատված ժամանակացույցի` հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների առաջին նիստերը կկայանան փետրվարի 3-ից 6-ը:
Շրջանում սկսված են քարոզչության աշխատանքները: Հունվարի 25-ին Հադրութի մշակույթի տանը շրջկենտրոնի և շրջակա գյուղերի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարած Աշոտ Ղուլյանը: Մնացած համայնքներում մինչև փետրվարի 18-ը ևս կիրականացվեն քարոզչական աշխատանքներ:
Կատարվող աշխատանքները հետամուտ են այն բանին, որ Սահմանադրության հանրաքվեն շրջանում անցկացվի բարձր մակարդակով և շրջանի ընտրողներն արտահայտեն իրենց դիրքորոշումը, գիտակցելով, որ ձայն են տալիս Արցախի անկախության, հզորացման և շենացման օգտին: