ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԵՆՔ ԲՈԼՈՐՍ
Հարցազրույց ԼՂՀ արդարադատության նախարար, ԼՂՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արարատ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:
-Պարոն Դանիելյան, հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների գործընթացը մտել է եզրափակիչ փուլ: Փետրվարի 20-ին սպասվում է հանրաքվե, որի արդյունքներից կախված կլինի մեր հանրապետության գլխավոր փաստաթղթի ապագան: Հետաքրքիր է իմանալ Ձեր տեսակետը` կապված այս գործընթացի հիմնական շարժառիթների հետ: Կարելի՞ է համարել, որ ներկայիս Սահմանադրությունը գործուն չի դարձել:
- Այս հարցին սպառիչ և համապարփակ պատասխանելու համար պետք է խոստովանենք, որ Սահմանադրության դերակատարությունը պետության կյանքում շատ ավելի կարևոր է, քան մեզանից շատերն են պատկերացնում: Կարծում եմ, առաջին անգամ չէ, որ ես հնչեցնում եմ այն միտքը, որ յուրաքանչյուր երկրի Սահմանադրությունն է որոշում պետության` որպես հասարակական օրգանիզմի իրական վիճակն ու զարգացման հնարավորությունները: Այն սոցիալական, քաղաքական, տնտեսական հարաբերություններում պետք է գնահատվի և ընկալվի որպես որոշակի կայունության երաշխիք և նախատեսի այն բոլոր մեխանիզմները, որոնք կօգնեն պատասխանել ցանկացած հարցի և դուրս գալ ցանկացած իրավիճակից: Ներկայիս գործընթացը նպատակ չունի նսեմացնելու գործող Սահմանադրության դերը մեր պետականաշինության ընթացքում, պարզապես բոլոր պետությունները ժամանակի ընթացքում փոփոխում են իրենց Մայր օրենքը: Իրավունքը ևս կենդանի օրգանիզմ է, հասարակական մշակույթի յուրահատուկ դրսևորում, և արդեն իսկ գրված փաստաթղթում նույնպես պետք է փոփոխություններ լինեն` ապահովելու համար հանրային կյանքում տեղի ունեցող զարգացումների արտացոլումը: Իսկ քանի որ մեր գործող Սահմանադրությունը ՙկոշտ՚ է, այն միայն հանրաքվեի միջոցով կարող է փոփոխվել: Ասեմ նաև, որ որևէ նորանկախ երկրի դեռևս չի հաջողվել խուսափել նման գործընթացից: Կարծում եմ, տասը տարին բավական էր Սահմանադրության թերություններն ու խնդիրները տեսնելու եւ փոփոխություններով դրանք շտկելու համար:
- Սահմանադրության` արդեն լրամշակված նախագծի ո՞ր հիմնական նորույթները կառանձնացնեք:
- Սկսենք նրանից, որ բոլոր հոդվածներն ունեն վերնագրեր, ինչն ավելի դյուրին է դարձնում աշխատանքը տեքստի հետ: Հանրապետության անվանման փոփոխությունը ևս կարևոր նորություններից է: Գործող Սահմանադրությամբ մարդու իրավունքներն ու ազատություններն են ճանաչվում որպես բարձրագույն արժեք, իսկ նոր Սահմանադրությամբ հենց մարդն է ճանաչվում որպես այդպիսին: Սահմանադրական կարգի հիմունքներում ունենք նոր կետեր, որոնք վերաբերում են հայրենիքի, ընտանիքի, շրջակա միջավայրի պաշտպանությանը, կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությանը և այլն: Զգալի փոփոխության է ենթարկվել նաև մարդու և քաղաքացու իրավունքներին ու ազատություններին նվիրված գլուխը: Այստեղ հոդվածների քանակն է ավելացել, ավելի են կոնկրետացվել այն իրավունքները, որոնք սահմանափակման ենթակա չեն կամ հակառակը: Կա նաև մեկ առանձնահատկություն, որը վերաբերում է իրավունքների և ազատությունների տարանջատմանը: Նորություններ կան` կապված դատական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
- Ըստ Ձեզ` արդարացվա՞ծ է կառավարման նախագահական համակարգի ընտրությունը:
- Դեռևս բարեփոխումների մասին քննարկումների փուլում արդեն պարզ երևաց, որ հանրության մեծ մասի մոտ այն համոզմունքն է գերիշխում, համաձայն որի` ակնհայտ պատերազմի մեջ ներքաշված մեր պետության համար այլ տարբերակ չկա, քան` ժողովրդի կողմից ընտրված ուժեղ առաջնորդով առաջ շարժվելը: Հետագայում, պետության կառավարման խնդիրներն ուսումնասիրելու արդյունքում ևս պարզ դարձավ, որ դա է կառավարման ամենաընդունելի ձևը մեր պարագայում։ Եվ այս ձևով ճիշտ կառավարելու դեպքում և՜ հասարակությունն իրեն պաշտպանված կզգա, և՜ պետությունը կզարգանա ու կունենա առաջընթաց։
- Նախագծի քննարկումներին Նախագահի և ԱԺ-ի միաժամանակյա ընտրությունների անցկացման հետ կապված դիտողություններ և մտավախություն հնչեցին` կապված Նախագահի` ժամանակավորապես թափուր մնացող պաշտոնի հետ, որը երկրում չկարգավորվող իրավիճակ ստեղծելու վտանգ է պարունակում:
- Թափուր պաշտոնի խնդիր այստեղ չկա: Ըստ գործող օրենքի` հրաժարականի դեպքում պետական պաշտոնյան, լինի նա նախագահ կամ խորհրդարանի ղեկավար, շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչև ընտրությունների համար սահմանված ժամկետը: Իսկ եթե, ասենք, խորհրդարանն է նախագահին անվստահություն հայտնում, ապա նախագահը նույնպես շարունակում է իրականացնել իր գործառույթները, իսկ խորհրդարանը համարվում է արձակված` մինչև օրենսդրությամբ նախատեսված ժամկետը: Այդ ժամանակաընթացքը մեկ ամսից ավել չի կարող տևել, որից հետո միաժամանակյա ընտրություններով ընտրվում են Նախագահն ու Ազգային ժողովը:
- Կարելի՞ է ասել, որ կառավարության ղեկավարն այսպիսով զրկվում է պետական կառավարում իրականացնելու գործառույթից:
- Նոր Սահմանադրությամբ գործադիր իշխանության ղեկավարը` հանրապետության Նախագահն է քաղաքական պատասխանատվություն կրում այն գործունեության համար, որը նրա հանձնարարությամբ համակարգում է կառավարությունը` որպես կոլեգիալ մարմին: Այս գործունեությունը կազմակերպվելու է արտախորհրդարանական ճանապարհով. սա ևս կարևոր նորություն է: Նախագահը քսանօրյա ժամկետում հրապարակում է գործունեության ծրագիրը և ամենամյա հաղորդում է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իրականացվածի վերաբերյալ: Իհարկե, սրանով Ազգային ժողովի դերը չի նվազեցվում: Պարբերաբար` ամենամսյա եղանակով Նախագահի և կոլեգիալ մարմնի անդամների ներկայությամբ նախատեսված է հարցուպատասխանի կազմակերպում: Նախագահը խորհրդարանում ներկայացնում է տարվա բյուջեի նախագիծը: Կարևոր է նշել, որ իշխանության թեւերի միջեւ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների արդյունքում մենք ավելի հավասարակշռված համակարգ կունենանք:
- Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության այն պնդմանը, որ այս նախագիծը բերվել է Երևանից:
- Իհարկե եղել են խորհրդակցություններ ՀՀ մասնագետների, հայտնի սահմանադրագետների հետ, սակայն նման հայտարարություններ հնչեցնելը նշանակում է չնկատել այն հսկայական աշխատանքը, որը կատարվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից:
-Որքանո՞վ արդյունավետ եղան մասնագիտական հանձնաժողովի համար ստացված առաջարկություններն ու դիտողությունները:
-Ասեմ, որ քաղաքական բոլոր ուժերն էլ, անկախ գործընթացի հանդեպ դրսևորած վերաբերմունքից` դիտողությունների և առաջարկությունների հարցում ակտիվ էին: Ընդհանուր առմամբ, ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից ստացվել է 184 առաջարկություն: Նախօրոք մենք խնդրել էինք հիմնավորել առաջարկությունները, սակայն բոլորը չէ, որ հետևել են մեր խորհրդին: ՙՇարժում-88՚-ի ներկայացրած 38 առաջարկությունից ընդունվել է 5-ը: 36 առաջարկություն է հնչեցրել Դաշնակցությունը, ընդունվել է 8-ը: Երկու պատգամավոր` Գ. Պետրոսյանն ու Ա. Առստամյանը, ներկայացրել են 75 առաջարկություն, որից ութն է ընդունվել:
- Որպես արդարադատության նախարար` ո՞ր չընդունված առաջարկության համար եք ցավում:
- Ես այն կարծիքին եմ, որ մեր դատաիրավական համակարգն ընդհանուր իրավասության համակարգի դատարաններից բացի պետք է ունենա Սահմանադրական արդարադատություն իրականացնող առանձին մարմին, որի անհրաժեշտությունը, կարծում եմ, ավելի կզգացվի սահմանադրական հանրաքվեից հետո: Ես նաև առանձին գործող Սահմանադրական դատարանի բացակայությամբ եմ բացատրում մեր քաղաքացիների` գործող Սահմանադրությանը քաջատեղյակ չլինելը:
- Մեր հանրապետության չճանաչվածության պամաններում անիմա՞ստ է խոսել Սահմանադրության նախագիծը եվրոպական կազմակերպություններին փորձաքննության ներկայացնելու մասին:
-Դա լուրջ խոչընդոտ է, իհարկե, սակայն մենք փաստաթուղթն արդեն ուղարկել ենք ԱՊՀ հայտնի սահմանադրագետների:
-Ի՞նչ եք կարծում` այս Սահմանադրությունը նախորդից ավելի՞ գործուն կլինի:
- Սահմանադրության գործունակությունը կախված է յուրաքանչյուր քաղաքացու իրավագիտակցությունից: Ամենաանթերի Սահմանադրությունն անգամ ընդամենը փաստաթուղթ է մնում, եթե հանրության մեջ ձևավորված չէ սահմանադրական մշակույթ հասկացությունը, բացի դրանից, ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Մայր օրենքը կենսագործվի: Կարևոր է նաև, որպեսզի մեր քաղաքացին կարողանա դիտարկել Սահմանադրությունը որպես յուրատեսակ պայմանագիր պետության և իր միջև, որտեղ երկու կողմն էլ ձգտում է չխախտել դրա կետերը:
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ