[ARM]     [RUS]     [ENG]

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ Է

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը 

 -Պարոն Մելիքյան, ըստ Ձեզ, ի՞նչ է ակնարկում կամ ի՞նչ մեսիջ է ուղղում հակամարտող կողմերին՝ Երևանին ու Բաքվին, ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ՙսպառնալիք է տարածաշրջանում կայունությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին՚։

-ԱՄՆ նոր վարչակազմը դեռ որոշ ժամանակ պետք է ծախսի սեփական արտաքին քաղաքական մոտեցումները մշակելու, ձևակերպելու և դրանց կենսագործման ուղիները ուրվագծելու համար և, գուցե միառժամանակ, ստիպված է լինելու սահմանափակել իր դիվանագիտական ու ռազմա-քաղաքական ակտիվությունը։ Հարավային Կովկասում այդ հարաբերական դադարից կարող են օգտվել առավել ազդեցիկ տարածաշրջանային ուժերը՝ տեղում սեփական դիրքերն ամրապնդելու կամ բարելավելու նպատակ ունեցող ակտիվ գործողություններ նախաձեռնելով։ Կարծում եմ՝ իր հայտարարությամբ պարոն Թիլերսոնը փորձում է հետ պահել շահագրգիռ դերակատարներին՝ տարածաշրջանում առկա ուժերի հարաբերական հավասարակշռության խախտմանն ուղղված քայլերից և մատնանշում է, որ պաշտոնական Վաշինգտոնն այս տարածաշրջանը կարևոր է համարում իր ազգային անվտանգության ապահովման առաջնահերթությունների համատեքստում։

-Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ հակառակ սպասումների՝ Թրամփի վարչակազմն այնքան էլ պասիվ դիրքորոշում չի որդեգրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

-Այն կարծիքին եմ, որ նախագահ Թրամփը էապես կվերանայի ոչ միայն ԱՄՆ վարչակազմի կողմից վարվող արտաքին քաղաքականության բովանդակությունն, այլև դրա կենսագործման մարտավարությունը։ Ինձ թվում է, որ այսուհետ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն ավելի շատ կկիրառի թիրախային գործելակերպը՝ այդ թվում կփորձի կոնկրետ լուծումներ տալ որոշ տարածաշրջանային հակամարտությունների, և արցախյան հիմնախնդիրը կարող է հայտնվել ամերիկյան այդօրինակ առաջնահերթությունների ցանկում։

-Արդյո՞ք բոլոր այն խոսակցությունները, թե Թրամփը մոռացության կմատնի Անդրկովկասը՝ արցախյան հարցը, անհիմն էին։ Նման կարծիքներ էին հայտնում վերլուծաբանները։

-Ես չեմ կիսել երբևէ այդ տեսակետը։ Կարծում եմ, որ ԱՄՆ նախագահն ունակ է համարժեքորեն գնահատել Հարավային Կովկասում ձևավորված ռազմա-քաղաքական իրավիճակը, որն իր երկրի շահերի համար պարունակում է ինչպես որոշակի սպառնալիքներ, այնպես էլ բավականին խոստումնալից հեռանկարներ։ Այնպես որ, հավանաբար, պաշտոնական Վաշինգտոնը դժվար թե իրապես ՙմոռացության՚ մատնի մեր տարածաշրջանն ու, հատկապես, արցախա-ադրբեջանական հակամարտությունը։

-Արդյոք այս հայտարարութունը չի՞ գրգռի Բաքվին ու չի՞ ստիպի նրան հերթական արկածախնդրության դիմել՝ հակամարտությունը շուտափույթ կերպով լուծելու ակնկալիքով ու պատրվակով։

-Ինչպես ասացի՝ այդ հայտարարությունը նախազգուշական բնույթ ունի և միտված է նրան, որ կանխվեն ԱՄՆ շահերն անտեսող հավանական գործողությունները, անկախ այն բանից, թե ում կողմից կարող են դրանք նախաձեռնվել կամ հրահրվել։ Այդուհանդերձ, հարաբերական այս անորոշության պայմաններում ադրբեջանական կողմի ռազմական սադրանքների հավանականությունն, ինչ խոսք, բավականին մեծ է։

-Ե՞րբ և ո՞ր պարագայում Անդրկովկասում կբախվեն Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը և արդյո՞ք այդ բախումը լայնամասշտաբ պատերազմ չի հրահրի։

-Իմ գնահատմամբ՝ այս պահի դրությամբ՝ ո՜չ ՌԴ, ո՜չ էլ ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը շահագրգռված չէ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսմամբ։ Այդ առումով ապրիլյան քառօրյա ռազմագործողության մասշտաբները դժվար թե գերազանցվեն։ Ճշտեմ միայն, որ լայնամասշտաբ պատերազմ ասելով ես հասկանում եմ մի իրավիճակ, երբ հակամարտող կողմերը գործի կգցեն իրենց ողջ ռազմական ներուժն ու նաև համընդհանուր զորակոչ կհայտարարեն։

-Ու՞մ կարող է ձեռնտու լինել սահմանային իրավիճակի սրումը։

-Դա բացառապես Արցախը վերագրավելուն միտված՝ Ադրբեջանի կողմից վարվող ընդհանուր քաղաքականության կարևոր բաղադրյալն է, որը, սակայն, որոշակի պայմաններում կարող է դառնալ նաև թուրքական կամ ռուսական քաղաքականության համար կիրառելի և արդյունավետ գործիք։

-Ընդհանրապես, ի՞նչ կարելի է ակնկալել ԱՄՆ նոր վարչակազմից՝ արտաքին քաղաքականության հարցում, և, մասնավորապես՝ արցախյան հարցում։

-Կարծում եմ, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում բանակցային գործընթացում նկատվող ռուսական որոշակի նախաձեռնողականությունը կարող է չեզոքացվել, բայց այս հարցին ավելի հանգամանալի պատասխան թերևս հնարավոր կլինի տալ երկու-երեք ամսից միայն։