[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՔՎԻՆ ՀԻՇԵՑՐԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

ԼՂՀ կարգավիճակն արդեն որոշված է 

 Բաքվի վարչակազմը Ռուսաստանին ու միջազգային հանրությանը սադրում է իր սիստեմատիկ ու նպատակաուղղված գործողություններով՝ բանակցային գործընթացը սաբոտաժի ենթարկելով, կեղծիքով ու միջազգային համաձայնությունները տապալելով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայով, ահաբեկչական ներթափանցումների ընթացքում ռազմական հանցագործություններով, ցեղասպանության և զավթողական պատերազմ վարելու համար Ադրբեջանի պատասխանատվության հերքմամբ, ԶԼՄ-ներում ու կրթական համակարգում ռուսատյացության ու ատելության հակահայկական քարոզչությամբ, միջազգային ահաբեկչության փոխադարձ աջակցությամբ, հայկական հազարամյա քաղաքակրթական ժառանգության հուշարձանների ոչնչացմամբ։ 

Ադրբեջանը, ինչպես 1991-1994թթ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի տարիներին, այնպես էլ հիմա, շարունակում է խախտել ՄԱԿ-ի ԱԽ թիվ 822, 853, 874, 884 բանաձևերը։ Բաքվի վարչակազմը պարբերաբար ռազմական սադրանքներ է կազմակերպում որոշակի իրադարձությունների, ինչպես օրինակ` բարձրաստիճան հանդիպումների, բանակցությունների, տարածաշրջանային այցերի, տոնական օրերի նախօրեին: Բաքուն հրաժարվում է սահմանում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից, քանի որ վախենում է միջազգային պատժամիջոցներից։ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու ահաբեկչական կոչերը, ինչը մարտահրավեր է՝ ուղղված ոչ միայն ԼՂՀ ժողովրդին, այլև միջազգային հանրությանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակ հայտարարում է, որ չկա ոչ մի Հայաստան, այլ կա ՙԱրևմտյան Ադրբեջան՚՝ հանդես գալով տարածքային պահանջատիրությամբ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի իր բոլոր հարևանների նկատմամբ, մասնավորապես՝ ռուսական Դերբենտն Ադրբեջանում հաճախ անվանում են ՙՀյուսիսային Ադրբեջան՚։

Ստատուս քվոյի պահպանմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունն արտացոլվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձգձգելու մեջ ու նրանում, որ Բաքվի վարչակազմը ցուցադրաբար քամահրում է միջազգային իրավունքը, որը պահանջում է ԼՂՀ ճանաչում, ինչը դինամիզմ կհաղորդեր բանակցային գործընթացին։ Ադրբեջանի դիրքորոշումը զուրկ է որևէ իրավաբանական հիմքից, ամեն ինչ որոշում է տարածքային էքսպանսիայի, արկածախնդրությունների ու գիշատչական զավթախուժումների գաղափարախոսությունը։ 

Բաքվի վարչակազմը չի խորշում և Ռուսաստանի ղեկավարության հանդեպ անձնական թշնամական դրսևորումներից։  Բազմաթիվ օրինակներից մեկը հետևյալն է` 2010 թվականին WikiLeaks կայքը հրապարակել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բեռնսի հետ զրույցի ժամանակ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բավականին կոշտ ռեպլիկները։ Ադրբեջանը ՄԱԿ-ում քվեարկում է հակառուսական փաստաթղթերի օգտին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2014թ. մարտի 27-ի բանաձևի, որը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները։ 

Վերը թվարկվածներն ու դրանց նման շատ բաներ հանգեցրին նրան, որ Ռուսաստանի համբերության բաժակը լցվեց։ Ինչպես ասել է Կոնֆուցիոսը` բառերից պահանջվում է միայն այն, որ դրանք հասկանալի լինեն։

ՀԱՊԿ անդամ երկրի՝ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի 2016թ. դեկտեմբերի 29-ի ագրեսիայից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան  այդ ագրեսիան հստակ բնութագրեց որպես սադրանք, ընդգծելով, որ դա տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի համապատկերին՝ այս տարվա ապրիլին ծանր սպառազինության ու զրահատեխնիկայի օգտագործմամբ։ 

2017թ. հունվարի 17-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի դիվանագիտության 2016թ. գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսին ադրբեջանցի թղթակցի սադրիչ հարցից հետո պատասխանատու հայտարարություն արեց. ՙԼեռնայինղարաբաղյան հակամարտության առնչությամբ գոյություն ունի լուծումների մի ամբողջ շարք, նախևառաջ, այնպիսիք, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից կիրառվել են հակամարտության ամենաթեժ պահին ու պահանջում էին կրակի դադարեցում։ Եթե ձեզ հետաքրքրում է, կարելի է դիմել արխիվներին ու տեսնել՝ ինչպես էին հետևում կրակի անհապաղ դադարեցման մասին  պահանջներին, ովքեր էին հետևում և ովքեր չէին հետևում։ Այն պահից ի վեր, երբ Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ կայացավ հրադադարը, օկուպացված տարածքների ազատագրման վերաբերյալ պահանջը շարունակում է պահպանել իր ուժը, բայց ոչ մի պարագայում` ուժի ճանապարհով, և միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու դեպքում։ Դա արձանագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից՝ նրա համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջոցով։ Դա ամրագրված է բազմաթիվ հայտարարություններում, որոնք ընդունվել են համանախագահող նախագահների (Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների) կողմից, ինչպես նաև այն հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել ու ստորագրվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից։ Վեճերի խաղաղ կարգավորման մասին այնտեղ գրված է առանց որևէ երկիմաստության՚։ 

Այդպիսով, Բաքվի վարչակազմին բացատրվեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է միջազգային հակամարտություն երեք կողմերի՝  Ադրբեջանական Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության միջև, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, որ հենց Ադրբեջանը պետք է կատարի հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ 

Ինչ վերաբերում է ՙԼեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում՚ ձևակերպմանը, ակնհայտ է, որ ԼՂՀ անկախ պետական կարգավիճակն արդեն որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեին` նրա ժողովրդի կողմից, հաստատվել 2006թ. դեկտեմբերի 10-ին` ԼՂՀ Սահմանադրության ընդունման հարցով հանրաքվեին, ինչպես նաև արձանագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության նորմերի ու ողջ միջազգային իրավունքի կողմից։ Չկա միջազգային իրավունքի որևէ նորմ, որը հակասեր ԼՂՀ անկախությանը, հակառակը՝ միջազգային իրավունքը որպես հրամայական թելադրում է ԼՂՀ անկախության անհապաղ ճանաչում։ Ավելի վաղ՝ 2012թ. ապրիլի 2-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՙՂարաբաղի ժողովուրդն ինքը կորոշի իր ճակատագիրը՚։ 

Միջազգային իրավունքը հստակ արձանագրում է, որ իր քաղաքական կարգավիճակը որոշելու իրավունքը պատկանում է հենց ժողովրդին, ոչ թե ուրիշ մեկին։ Այդ իրավական նորմն արձանագրված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948թ. դեկտեմբերի 10-ի ՙՄարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում՚, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 15-րդ նստաշրջանի ՙԳաղութային երկրներին ու ժողովուրդներին անկախություն ընձեռելու մասին՚ 1960թ. դեկտեմբերի 14-ի հռչակագրում, 1966թ. ՙՏնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային պակտում՚, ՙՄիջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում՚ (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1970թ. հոկտեմբերի 24-ի թիվ 2625 բանաձև), 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտում։ Ժողովուրդների  ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար դրույթներից մեկն է։ Միջազգային իրավունքի սկզբունքների մասին 1970թ. հոկտեմբերի 24-ի հռչակագրում ընդգծվում է, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգանք ցուցաբերել ժողովուրդների կամքի հանդեպ, ինչպես նաև հաշվի առնել, որ ժողովուրդների հպատակեցումը օտար լծի հանդիսանում է ինքնորոշման սկզբունքի խախտում և հակասում է ՄԱԿ-ի Կանոնադրությանը։ 

Փաստորեն Բաքվի վարչակազմին հուշեցին Ադրբեջանի և ԼՂՀ-ի անկախության փոխադարձ ճանաչման, ինչպես նաև երկու պետությունների միջև հարցերի ողջ համալիրը միջազգային իրավունքի նորմերի հիման վրա լուծելու համար ԼՂՀ-ի հետ ուղղակի բանակցությունների սեղան վերադառնալու ողջամիտ և նպատակահարմար լինելը։ 

ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեայի ՙԳաղութային երկրներին ու ժողովուրդներին անկախություն ընձեռելու մասին՚ 1960թ. դեկտեմբերի 14-ի հռչակագիրն ընդգծում է. ՙԲոլոր ժողովուրդներն ունեն լիակատար ազատության, ինքնիշխանության ու ազգային տարածքների ամբողջականության իրացման անկապտելի իրավունք...Նրանց ազգային տարածքների ամբողջականությունը պետք է հարգվի՚։

2016թ. հուլիսի 12-ին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդգծել է. ՙԱդրբեջանի ապրիլյան ագրեսիան հստակորեն ցուցադրեց նրա ղեկավարության անկարողությունը` հետևելու իր իսկ կողմից ստորագրված համաձայնություններով ստանձնած միջազգային պարտավորություններին ու ապացուցեց, որ լեռնայինղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությամբ՚։ 

 

 

REGNUM տեղեկատվական գործակալություն 

Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆ