[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱ՝ ԸՆԴԴԵՄ ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾՈՒԹՅԱՆ

Հարավկովկասյան տարածաշրջանի  անվտանգությունն ու քաղաքական կայունությունը  ներկա մարտահրավերների առկայության պայմաններում առավել քան հրատապ  են։

Տարածաշրջանային անվտանգության պահպանման համար խնդրահարույց է  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության հանգամանքը,  դրա հետ մեկտեղ ակնառու են թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները։  Հարավային Կովկասում  բախվում են համաշխարհային ուժային կենտրոնների շահերն ու հետաքրքրությունները,  գումարած պատմականորեն իրենց դերակատարությունն ունեցած պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի ռազմավարական նպատակները։ Տարածաշրջանի երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ձգտումներն ու ռազմավարական նպատակները միանգամայն տարբեր են. Ադրբեջանն  ահաբեկչական, ֆաշիստական պետություն է, և եղբայրական Թուրքիայի հետ սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Հայաստանն ու Վրաստանն ունեն զարգացման տարբեր տեսլականներ և գտնվում են անվտանգության տարբեր համակարգերում։ Խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ին ու Հյուսիսատլանտյան դաշինքին և դրանց միջև գոյություն ունեցող կատաղի մրցակցությանը։   

Այս համատեքստում անառարկելիորեն կարևորվում են հայ-իրանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի դեկտեմբերյան այցը Հայաստան ավելի հստակեցրեց երկու երկրների փոխգործակցության ուղղություններն ու քաղաքական օրակարգը։ Երևանում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցն էր Իրան։ Սա, հիրավի, քաղաքական իրադարձություն է ոչ միայն Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության առումով. ավելի վաղ ուրվագծված տնտեսական ու քաղաքական նախագծերին հավելվեցին այլ ոլորտներ, և, թերևս, ամենաուշագրավը ռազմարդյունաբերական փոխգործակցության տեսլականն է։  

Պաշտոնական այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆի և Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը, կարևորվել են անվտանգության ոլորտում երկու պետությունների փոխգործակցության ամրապնդման, հայ և իրանական ժողովուրդների բարեկամական կապերի խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր։ Վ. Սարգսյանը ներկայացրել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։  Ա. Շամխանիի հետ հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովում, խոսվել է երկկողմ համագործակցության առաջնահերթությունների մասին։ 

Դիտարկելով Իրան-Հայաստան կապերը՝ հարկ է սևեռվել Ադրբեջան-Իսրայել ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը մեր օրերում տարածաշրջանին ուղղված լուրջ մարտահրավերներից մեկն է։  Ճիշտ է, Ադրբեջանն ապրիլյան պատերազմից հետո համոզվել է, որ մեծ քանակության զինտեխնիկայի գնումը Իսրայելից  իրեն ոչ մի առավելություն չի տալիս, այդուհանդերձ,  սպառազինության կտրուկ ավելացումն Իլհամ Ալիևին կարող է մղել մի նոր արկածախնդրության։  

Անդրադառնանք մոտ երկու ամիս առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի Բաքու կատարած այցին, որը, փաստորեն, տեղի ունեցավ Համբուրգում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումից հետո։ Բաքվում  Ալիև-Նաթանյահու հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում Ադրբեջանի նախագահը գոհունակությամբ հայտարարեց, որ իրենք հաջողություններ են արձանագրել ռազմարդյունաբերության ոլորտում, և երկու պետությունների միջև կնքված պայմանագրերում վավերացվել է 5 միլիարդ դոլարի գործարք։ Իսրայելի վարչապետն առանձնահատուկ կարևորել էր Ադրբեջանի հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում, ինչպես նաև իր այդ այցը բնորոշել որպես շրջադարձային Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում։  Ալիևյան ցինիզմով ու իսրայելական պոռոտախոսությամբ շաղախված այս հայտարարության ֆոնին հայ-իրանական համագործակցության խորացումը զսպող հանգամանք է, ինչն ամենևին էլ մեր հարևանների սրտովը չէ։  Անգամ բարելավման ձգտող թուրք-իսրայելական հարաբերություններն ի զորու չեն փոխել Իրանի արտաքին քաղաքական վեկտորները։  Տարածաշրջանային ներկա  իրողությունների համապատկերին` Իրանի հավասարակշռված քաղաքականությունը ի չիք է դարձնում թուրք-ադրբեջանական նկրտումները։  Չմոռանանք նաև Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի  համատեղ ներգրավվածությունը խոշոր էներգետիկ նախագծերում։ 

Այսքանից հետո միանգամայն  հասկանալի է  ադրբեջանական հիստերիայի նոր բռնկումը՝ կապված ՀՀ պաշտպանության նախարարի Թեհրան կատարած այցի հետ։ Պաշտոնական Բաքուն մեղադրեց Իրանին դիվանագիտական խողովակներով ադրբեջանական ՙՌԵԱԼ՚ շարժման ակտիվիստներին աջակցելու մեջ։ Վերջինս ընդդիմադիր դաշտում գործող հասարակական ուժ է։ Բաքվում Իրանի դեսպանությունը փետրվարի 2-ին ստիպված  եղավ  հերքել Ադրբեջանի անհիմն մեղադրանքը՝ ընդգծելով, որ դա  իրանաֆոբիայի հերթական դրսևորումն է։ Իրանական դիվանագիտական առաքելության զայրույթն են հարուցել ադրբեջանական  ԶԼՄ-ների հրապարակումները և Իրանի դեսպանին հասցեագրված մեղադրանքները, ով իբր գումար է տրամադրել ադրբեջանական ընդդիմադիր կազմակերպությանը։  Իրանական կողմն իր հայտարարության մեջ շեշտել է, որ դեսպանի հանդիպումը բաց է եղել և համապատասխանել է դիվանագիտական գործունեության նորմերին։ 

Ուշադրություն է գրավում ադրբեջանական ընդդիմադիր մամուլի արձագանքը, որում տեղեկացվում է, որ հունվարի 27-ին Իրանի դեսպանը եղել է նշված շարժման գրասենյակում, զրուցել ակտիվիստների հետ,  ադրբեջանական դատախազությունն էլ, առիթից օգտվելով, դիմել է կեղծիքի՝ իրանական կողմին սևացնելու համար։ 

Ի՞նչ եզրակացության են հանգեցնում նշված զարգացումները։ Անկասկած, ադրբեջանական իշխանությունների մեղադրանքն ունի քաղաքական ենթատեքստ.  Իրանում ՀՀ պաշտպանության նախարարի  հանդիպումները նսեմացնել՝ ներկայացնելով դրանք` որպես հարաբերություններ մի երկրի հետ, որը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին։ 

Իրանում նույնպես քաջածանոթ են Բաքվի ջղագրգիռ կեցվածքին,  ինչը ադրբեջանական կողմը ցուցադրում է առիթից առիթ։ Ալիևյան կլանը մշտապես ձգտել է  Իրանի միջոցով մեկուսացնել Հայաստանին և այդպես Թեհրանին ու Երևանին տրամադրել միմյանց դեմ։  Նման քայլերը, սակայն,  իրենց վերջնակետին չեն հասնում, քանի որ Իրանի նման պետությունը, Հայաստանի հետ ունենալով  պատմականորեն ձևավորված հարաբերություններ, չի կարող կուլ գնալ ալիևյան քաղաքականությանը։ Բացի այդ, Ադրբեջանի նման ֆաշիստական պետության հետ Իրանն ընդհանուր ոչինչ չունի։     

Հավելենք մի կարևոր հանգամանք ևս. Իրան-Ադրբեջան հարաբերություններում Նարդարանի խնդիրը մշտապես  իրեն զգացնել է տվել։ Դա  գտնվում է Ադրբեջանի կազմում,  բայց  հայտնի է ՙփոքրիկ Իրան՚ անվանումով, և իր ազդեցությունն ունի երկու երկրների հարաբերությունների վրա։ 

Ադրբեջանը ջանքեր է գործադրում նաև Ռուսաստան-Ադրբեջան-Իրան  աշխարհաքաղաքական եռանկյունի ստեղծելու ուղղությամբ, որի նպատակը  Հայաստանին մեկուսացնելն է։ Իրանի հավասարակշռված քաղաքականությունը, սակայն, ձախողման է դատապարտել  ադրբեջանական  նկրտումները։  

Իրանի հետ Արցախի շփումների ընդլայնման առնչությամբ արտահայտվել է  ԱՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանն իր տարեվերջյան մամուլի ասուլիսում։ Մեզ մոտ  առկա են գաղափարներ, որոնք մոտ ապագայում կյանքի կկոչվեն՝ մի նոր մակարդակի վրա դնելով մեր չճանաչված հանրապետության հետ այդ երկրի հարաբերությունները։  

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ