[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԽՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Հարցազրույց  ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների  բաժնի պետ, ոստիկանության մայոր Արմեն ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ

 - Արմեն Նիկոլայի, հաշված օրեր են մնացել մինչև փետրվարի 20-ը՝ Սահմանադրական հանրաքվեի օրը։  Ինչպես հայտնի է՝ Հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կազմվում են ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի կողմից: Ցուցակների կազմման ինչպիսի՞ կարգ գոյություն ունի, ովքե՞ր կարող են մասնակցել հանրաքվեին։ 

- Ցուցակները կազմվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա: ԼՂՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող ԼՂՀ քաղաքացիները: Քաղաքացին կարող է ընդգրկվել միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ: 

Հանրաքվեին կարող են մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները, և ըստ այդմ էլ ցուցակներում ընդգրկվում են 18 տարին լրացածները։ Հանրաքվեին չեն կարող մասնակցել դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

Հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները ՙՀանրաքվեի մասին՚ ԼՂՀ օրենքի համաձայն տեղամասային կենտրոններում` բոլորի համար տեսանելի տեղում, փակցվում են հանրաքվեի անցկացման օրից ոչ ուշ, քան 20 օր առաջ: Նույն օրենքի համաձայն՝ ցուցակները կազմելու և վարելու, քաղաքացիներին ցուցակներում ընդգրկելու և  առաջադրվող բոլոր պահանջները՝ ցուցակների մատչելիությունը, դրանց անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ճշտելու կարգը, հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելը, սահմանվում են ԼՂՀ ընտրական օրենսգրքի  համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներին առաջադրվող պահանջներին վերաբերող դրույթներով սահմանված կարգով:

Հանրաքվեի դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան յոթ օր առաջ, ներկայացնում են դիմում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն:

ԼՂՀ-ում հաշվառում չունեցող քաղաքացիները հանրաքվեի ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան յոթ օր առաջ, ներկայացնում են դիմում` ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: 

Դիմումներն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, տվյալ ընտրողներին ընդգրկում են քվեարկության օրը ԼՂՀ-ում գտնվելու վայրի՝ մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք:

 Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել լիազոր մարմնին։ Բավարար հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմինը՝ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժինը, ընտրողների ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

-Այնուամենայնիվ՝ լինում են դեպքեր, երբ մարդկանց անուններ են դուրս մնում ընտրողների ցուցակից։ Ի՞նչ պետք է անեն նման անձինք։ Կամ՝ երբեմն մահացած մարդու անուն է հայտնվում ցուցակում...

- Քվեարկության օրվան նախորդող չորս օրվա ընթացքում` մինչև քվեարկության ավարտը, յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրողների ցուցակում իրեն ընդգրկելու մասին դիմում ներկայացնել: Ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որպեսզի ընտրողը հնարավորություն ունենա մասնակցել քվեարկությանը: 

Ինչ վերաբերում է մահացածի անունը ցուցակում հայտնվելուն՝ մեղքը հիմնականում հարազատներինն է. ժամանակին պետք է ներկայացնել մահվան փաստաթուղթը, ինչը հիմք կընդունվի տվյալ քաղաքացուն ցուցակից հանելու համար։ Միայն բանավոր տեղեկությամբ դա անել չի թույլատրվում, ամեն ինչ պետք է արվի իրավաբանորեն։ Ցուցակները կազմելիս Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) բաժնից վերցնում ենք հանրապետությունում անցկացված վերջին ընտրություններից հետո մահացած քաղաքացիների ցուցակները։

Ասեմ նաև, որ ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացման և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերը լուծվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: 

- Գաղտնիք չէ, որ կան քաղաքացիներ, ովքեր վաղուց դուրս են եկել հանրապետության տարածքից՝ բնակություն հաստատելով մեկ այլ տեղ, բայց գրանցված են Արցախում...

-Եթե գրանցված են այստեղ, ուրեմն ԼՂՀ քաղաքացիներ են։ Մենք իրավունք չունենք նման անձանց հանել ցուցակից։ Հանրաքվեից մեկ շաբաթ կամ մի քանի օր առաջ նման քաղաքացիները պետք է ներկայանան և մասնակցելու ցանկություն հայտնեն։ Դիմումի համաձայն մենք տվյալ քաղաքացիներին ընդգրկում ենք լրացուցիչ ցուցակում՝ որպես հաշվառում չունեցող մեր քաղաքացիներ, քանզի ընտրողների ցուցակներում ընդգրկվում են  միայն հաշվառում ունեցող քաղաքացիները։ Գործընթացը կազմակերպում ենք օրենքի սահմաններում, անում ամեն ինչ՝ ընտրողի իրավունքը չոտնահարելու համար։ 

-Գործընթացն իրականացնելիս ո՞ւմ հետ եք համագործակցում։

-Տարբեր կառույցների հետ, հատկապես ՔԱԿԳ-ի, շրջվարչակազմերի և համայնքների ղեկավարների և, իհարկե, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։

-Ընդհանուր առմամբ` ընտրողների թիվն Արցախում ինչքա՞ն է կազմում։

- Նախնական ցուցակների համաձայն՝ հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 101 220 ընտրող:

Հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների վերջնական ցուցակները տեղամասային կենտրոններում` բոլորի համար տեսանելի տեղում, փակցվում են հանրաքվեի անցկացման օրից 2 օր առաջ:

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ