[ARM]     [RUS]     [ENG]

ԵԿԵԼ ԷԻՆ ԴԱՍ ՏԱԼՈՒ, ԲԱՅՑ ԴԱՍ ՍՏԱՑԱՆ

Փետրվարի 12-ն էր: 1988 թվականի: Մոտալուտ ազատությամբ հուսավառ, մի հայրենիքում ապրելու անզսպելի տենչանքից  խենթացած արցախցիներս շունչներս պահած հետևում էինք, թե ինչ վերջաբան կունենա կուսակցության Ստեփանակերտի քաղկոմի շենքում ընթացող  կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովը:

Սովորական հերթական  ակտիվի ժողով չէր դա: Բաքվից բարձրաստիճան հյուրեր էին ներկա` ԱդրԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Կոնովալովը, վարչական մարմինների բաժնի պետ Ասադովը և այլք: Ներկա էին կուսմարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովը, մարզկոմի բյուրոյի անդամներ: Ադրբեջանը մտադիր էր տեղիս  ղեկավարների ձեռքով, քանի դեռ ուշ չէր, սանձել մեր ժողովրդին, որն իր ստորագրությունն էր դրել մայր հայրենիքին վերամիավորվելու մասին Կրեմլ ուղարկված խնդրագրերի տակ, աշխատանքային կոլեկտիվների ընդհանուր ժողովներում հավանություն տվել ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու հռչակագրին: Նախօրոք կազմված սցենարով մի քանի ղեկավարներ պիտի ելույթ ունենային և մարզի բնակչության բողոքն ու ցասումը բացատրեին տնտեսական դժվարություններով, որոնք իբր առկա են նաև Ադրբեջանի մյուս վարչատարածքային միավորներում: Նրանք պիտի հավաստեին, որ մարզի կյանքի բոլոր ոլորտներում ստեղծված ծանր կացությանը քաղաքական աստառ են տալիս մի խումբ անձինք, իսկ ժողովուրդն իբր հավատում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը կշտկի թերությունները, և ամեն ինչ հունի մեջ կընկնի: Իսկ վերջում որոշում պիտի ընդունվեր ու դատապարտվեր Շարժումը:

Ակտիվի ժողովին հրավիրված էին հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների տնօրենները, սկզբնական կուսակցական կազմակերպությունների քարտուղարները և արհմիութենական կոմիտեների նախագահները:

Բաքվից եկածները չէին էլ կասկածում, որ հնարավոր է տապալվեն: Մարզկենտրոնից հետո նրանք նույն ՙներկայացումը՚ պիտի կազմակերպեին շրջկենտրոններում, տարբեր ժամերի: Կկարողանայի՞ն, արդյոք, Ստեփանակերտում ընդդիմանալ Բաքվին, չենթարկվել ճնշումներին: Ստեփանակերտի պահվածքն, անշուշտ, իր ներգործությունն էր ունենալու շրջանների վրա:

Կուսքաղկոմի առաջին քարտուղար Զավեն Մովսիսյանի ճիգերը` ժողովը վարել ու անցկացնել նախանշված ձևով, զուր են անցնում: Դահլիճը չէր կառավարվում:  Նախագահության անդամներն ստիպված են լինում   հեռանալ, և ոչ մի որոշում այդպես էլ չի ընդունվում:

Իսկ ժողովուրդը ցնծում էր: Մաքսիմ Միրզոյանի անունը շուրթից շուրթ էր անցնում: Նա էր օրվա հերոսը: Նա էր, որ համառորեն ելույթ ունենալու  իրավունք էր նվաճել և առաջինը դառը ճշմարտությունը շպրտել անկոչ հյուրերի երեսներին: Իսկ առաջինների մեջ առաջինը լինելու խիզախությունը, համաձայնեք, բոլորին չի տրված: Այդ տարիներին դա չլսված-չտեսնված բան էր: Շատ քչերը կհանդգնեին հոսանքին հակառակ շարժվել ու բարձրաձայն արտահայտել մտացածն ու զգացածը: Մ. Միրզոյանից հետո խոսք էր վերցրել Ստեփանակերտի տեխնիկական ուսումնարանի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը և նույնպես հունից հանել նախագահությանը: Բաքվից եկել էին մեզ դաս տալու, բայց դաս ստացան: Շրջաններում նույնպես նրանց ծրագիրը հաջողություն չի ունեցել:

Մ. Միրզոյանը 1988-ին Ստեփանակերտի 2718 ավտոշարասյան պետն էր: Հետագայում երեք անգամ ընտրվել է ԼՂՀ խոհրդարանի պատգամավոր:

Ակտիվի ժողովի մասին մանրամասները` Մ. Միրզոյանի հետ զրույցում.   

-Առավոտյան ժամը 10-անց 30 րոպեին զանգահարեցին կուսակցության քաղկոմից` հայտնելով, որ տեղի է ունենալու ակտիվի ժողով:  Կուսքաղկոմի շենքի շուրջ կանգնած էին անծանոթ շատ մարդիկ`  քաղաքացիական հագուստով ու ամրակազմ մարմիններով: Ժողովի մասնակիցները հավաքված էին շենքի առջև: Պավել Նաջարյանը, որ ասֆալտի գործարանի տնօրենն էր, և  հանգուցյալ Վլադիմիր Գևորգյանը`  ջրամատակարարման  գրասենյակի տնօրենը, հարցնում են. ՙԳիտես, չէ՞, որ դրանք եկել են: Ի՞նչ ենք անելու,  մեզ ի՞նչ է սպասվում՚: ՙԳիտեմ,- ասում եմ, - հանգիստ եղեք, մենք  պատրաստ ենք՚: Մտնում ենք դահլիճ: Այստեղ էին կուսմարզկոմի բյուրոյի անդամները, քաղկոմի բյուրոյի անդամները և Բաքվից եկածները: Պարզ էր`  եկել էին մեր համարձակությունը կոտրելու, ստեղծելու այնպիսի մթնոլորտ, որպեսզի հետագայում ընդհանրապես  Ղարաբաղին  վերջ տան: 

Ժողովը բացեց Զ. Մովսիսյանը: Բ. Կևորկովն ու Վ. Կոնովալովը ներկայացրին իրավիճակն Ադրբեջանում, Ղարաբաղում: Մեզ վրա մատ էին թափ տալիս. ՙԷսքան բան ենք արել ձեզ համար, իսկ դուք  երախտամոռ ժողովուրդ եք: Միևնույն  է, ձեզ ոչինչ չի հաջողվի, մենք պատրաստ ենք ցանկացած քայլի՚: Այնուհետև անցան ելույթներին: Ասացին` ժողովրդավարություն է, ուստի պետք է ամեն մեկն իր կարծիքն արտահայտի:  Զավեն Մուշեղովիչը հարցրեց. ՙՈ՞վ է ուզում ելույթ ունենալ՚: Հարցրեց ու անմիջապես էլ վրա բերեց. ՙԽոսքը տալիս ենք 10-րդ  դպրոցի տնօրեն Անուշավան Պողոսյանին՚: ՙԴպրոցն ուշադրությունից դուրս է, տանիքը կաթում է, - նշեց Ա. Պողոսյանը: - Նման մանրուքներն են հանգեցրել վիճակի սրման:  Դեմ ենք, դեմ էլ կմնանք՚: Հավաքվածները լուռ լսում էին: Ասաց ու նստեց: Պարզվեց, որ գիշերվա ընթացքում 11 հոգու համար, այդ թվում և ադրբեջանցիների, ելույթ են  նախապատրաստել:

-Դեմ է Հայաստանին վերամիացմա՞նը:

-Մի քանի հոգու տեսակետ հայտնեց, ժողովրդի տեսակետը չէր: Զ.  Մովսիսյանը հարցրեց. ՙՈ՞վ է ուզում խոսել՚: Ասացի` ես: Կարդաց. ՙԽոսքը տալիս ենք կահույքի ֆաբրիկայի կուսկոմիտեի քարտուղար Միքայել Շահրամանյանին՚: Ֆաշիզմի դեմ միասին մարտնչել ենք, վերջին  պատառ հացը կիսել, անհասկանալի է, թե ինչո՞ւ են խնդիրներ առաջացել. այս էր ելույթի համառոտ բովանդակությունը: Ճշմարտությունն ասելու պահը հասունացել էր: Նորից ձեռքս բարձրացրի: Տեսա, որ նախագահողն ուշադրություն չի դարձնում, մոտեցա ամբիոնին. ՙԶավեն Մուշեղովիչ, ձեռքս քանի՞ անգամ պետք է բարձրացնեմ՚: Թե` համեցեք: Ասելիքս ասացի:

- Ի՞նչ ասացիք, պարոն Միրզոյան:  Նախապատրաստվե՞լ էիք` Դուք, Ձեր համախոհները, թե ովքեր պիտի ելույթ ունենային, ինչ պիտի ասեին:

- Իմ փոխարեն կարող էր մեկ ուրիշը լինել: Բայց պահը կորցնում էինք: Նման խաղերում եթե պահը կորցնում ես, խաղն էլ ես տանուլ տալիս: Նախապատրաստվել պետք չէր. իրավիճակին քաջատեղյակ էի:

- Ելույթը նախապատրաստելու մասին չէ խոսքը, այլ թե ովքեր պիտի ելույթ  ունենային:

- Նման բան չկար: Իմ ելույթում եկածներին ապացուցեցի, որ 70 տարի շարունակ իրենք են իրենց քայլերով արցախցիներին հասցրել անելանելի վիճակի, և իրենք պատասխանատու են դրա համար: Մի քանի անգամ փորձեցին ընդհատել: Ասացի. ՙԵս ձեզ չեմ ընդհատել, թույլ տվեք խոսեմ՚: Վերջում Կոնովալովը հարցրեց. ՙԻ՞նչ եք առաջարկում՚: ՙԵս չպիտի առաջարկեմ, դուք պիտի առաջարկեք,- ասացի:- Կազմակերպեցեք  հանրաքվե, ու ժողովուրդը ձեր պատասխանը կտա և կհասկանաք, որ միացումը  իմ պահանջը չէ, մի քանի անհատների պահանջը չէ՚:  ՙԷ՛լ ինչ եք ուզում` հանրաքվե՛,- քամահրեց ու հետո էլ սպառնաց: - Գիտե՞ք` ի՛նչ կանենք ձեզ՚: ՙՄեր ժողովրդին չվախեցնեք,- ասացի,- էնքա՛ն են վախեցրել, բավ է՚: Դահլիճը պայթեց: Ցուցակը մոռացել էին ու արդեն դահլիճին էին դիմում, թե ով է ուզում խոսք ասել:  Վլադիմիր Սարգսյանը վեր կացավ ու փաստերով մեղադրեց թե՜ տեղի, թե՜ հանրապետական ղեկավարությանը: Դահլիճն ավելի ոգևորվեց:

- Դրսում հավաքված մարդիկ կայի՞ն, որպեսզի զգայիք, որ ձեր թիկունքում ժողովուրդն է,  և  ավելի համարձակ ու վստահ լինեիք:

- Մենք անընդհատ ժողովրդի հետ էինք, գիտեինք նրա տրամադրությունը: Լավ էինք պատկերացնում, թե ինչի է ընդունակ, ինչի է  պատրաստ ժողովուրդը: Դրսում մարդիկ կային, ովքեր սպասում էին արդյունքի. այդ  ժողովները պետք է բոլոր  շրջկենտրոններում անցկացվեին:

Ցուցակով երրորդը հրավիրեցին Ղարմետաքսկոմբինատի տնօրեն Ռադիկ Աթայանին: Նա հրաժարվեց: Քաղկոմի առաջին քարտուղարը թե`  բյուրոյի անդամ  ես,  արի խոսքդ ասա:  Աթայանը մտածեց, գնաց բարձրացավ ամբիոն, գրպանից հանեց մի թուղթ` իր համար նախապատրաստված ելույթն էր: Քիչ էլ մտածեց, թուղթը դրեց գրպանում և կարճ կապեց. ՙԱսելիք չունեմ: Մաքսիմ  Միխայլովիչն արդեն ասել է, եկեք հանրաքվե անցկացնենք ու հարցը փակենք: Ինչ կասի ժողովուրդը, այն էլ կանենք՚:

- Այդքանն ասելու համար էլ համարձակություն էր պետք:

- Քիչ է ասել համարձակություն էր պետք: Այն ժամանակ ամեն մի բառ, ամեն մի խոսք...

Հրավիրեցին մի ադրբեջանցու, կարծեմ, մանկավարժական ինստիտուտի պրոռեկտորն էր: Շվվացրին, ու նստեց: Մի բժի՞շկ էր, թե՞ անասնաբույժ` սա՜ վեր կացավ: Էլի շվվացրին: Կատարյալ ձախողում էր, և նախագահությունը թողեց դահլիճն ու փախավ:

Դրսում սպասող մեր տղաները, որոնցից մեկը Կարապետյան Արկադին էր,  լուրը հասցրին շրջաններ, որ Ստեփանակերտում  հակահարված են տվել: Նույն ձևով  նրանց ՙընդունեցին՚ Ասկերանում: Լուրը հասավ մինչև Ամերիկա, Ավստրալիա...

- Ասում եք` պահը չպիտի բաց թողնվեր: Ամեն մեկն էլ այդկերպ պիտի դատեր: Եթե ամբիոն չբարձրանայիք, հնարավոր էր, չէ՞, ժողովը պատրաստի սցենարով ընթանար: Մեծ ռիսկ էր բարձրանալ ամբիոն և առաջինն ընդդիմանալ Բաքվից եկածներին, տեղի կուսակցական  ղեկավարներին: Դուք հետևանքների մասին այդ պահին չէի՞ք մտածում:

- Եթե նման քայլ չանեինք, դատապարտված էինք կորցնելու և՜ հայրենիք, և՜ ժողովրդի մեծ մասին, քանզի Բաքուն պատրաստ էր ամեն ինչի: Ուզում էին ձեռքներին ունենալ արձանագրություն, որ ակտիվը  դատապարտում է Հայաստանին միանալը: Ասադովին էին բերել, Գերագույն դատարանի և Գերագույն  դատախազության երկրորդ դեմքերին էին բերել, որպեսզի սկսեն ժողովրդին մտավորականներից զրկելու գործը: Դա արդեն վերջի սկիզբն էր լինելու:

- Ինչո՞ւ չձերբակալեցին Ձեզ, մյուսներին:

- Պատրաստ էինք և դրան: Նրանք քաջ գիտեին` Ղարաբաղում ինչ է կատարվում,  լավ էին  պատկերացնում մեր համարձակության աստիճանը: Հազիվ թե Գորբաչովի հայտարարած վերակառուցման ժամանակ նման քայլի դիմեին` ի՛նչ կասեր աշխարհը: Քննադատում են` թող քննադատեն, էլ ո՛ւր մնացին վերակառուցումը, ժողովրդավարությունը: Նրանք այդքանը փայլուն գիտեին:

- Նույն վերակառուցման`  պերեստրոյկայի ժամանակ ՙսումգայիթ՚ եղավ`  ակտիվի ժողովից երկու շաբաթ անց: Սկզբում երևի այնքան էլ լուրջ չէին վերաբերվում մեզ, մեր միասնությանը: Նրանց թվում էր` հնարավոր է ահաբեկել  արցախցիներին, մասնատել մեր ժողովրդին:

- Ձեր ասած  հանգամանքները հաշվի չէին առել: Բայց լավ տեղեկացված էին` ինչ է  կատարվում Մոսկվայում:  Ալիև ունեին, որ Կրեմլի  ելումուտն իմանում էր: Գիտեին, որ Գորբաչովի՝ երկրի ղեկավար դառնալու գլխավոր նպատակը Խորհրդային Միությունը քանդելն էր։ Նրանք ուզում էին մեզ թողնել փլատակների տակ: Դրա դեմ միակ ելքը ոտքի կանգնելն ու  պայքարելն էր: Հետո դա վերաճեց պատերազմի: Ինչ ավարտ ունեցավ պատերազմը, գիտենք:

 

Ծովինար  ԳՐԻԳՈՐՅԱՆ