[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ` ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՊՏՏԱԽԱՂՈՒՄ

ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, դեռեւս մինչեւ այդ պաշտոնում նշանակվելը, Սենատի լսումների ժամանակ անդրադառնալով լեռնայինղարաբաղյան հակամարտությանը, հայտարարել է, որ ՙկաշխատի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ խաղաղ, երկարաժամկետ լուծում գտնելու համար, ինչը թույլ կտա տարածաշրջանում կայունություն և բարգավաճում ապահովել՚։

Նրա խոսքով՝ ՙտարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար առաջին քայլը պետք է լինի վստահության և երաշխիքների ձեռքբերումը, որպեսզի կողմերի միջև համաձայնությունները պահպանվեն՚, իսկ հարցին՝ ՙի՞նչ է անելու ԱՄՆ¬ն, որպեսզի հանի Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը՚, Թիլերսոնը պատասխանել է, որ ՙմտադիր է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՚։ 

Սակայն Թիլերսոնի նշած երկու դիրքորոշումների շուրջ իրավիճակը մնում է անորոշ։ Եթե խոսենք խնդրի իրավաբանական կողմի մասին, ապա ներկայիս հրադադարի պահպանման ռեժիմի հիմքում, որը շարունակ խախտվում է, 1994թ. փաստաթուղթն է։ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ձեռքբերված վիեննյան և սանկտպետերբուրգյան պայմանավորվածությունները՝ հակամարտող կողմերի շփման գծում դիտարկման համակարգի և միջազգային դիտորդների ինստիտուտի ներդրման շուրջ, չեն գործում, քանի որ դրանց տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը։ Հակամարտող կողմերի միջև ՙխաղաղություն, վստահություն և երաշխիքներ՚ սահմանելու համար բացարձակապես ոչինչ չի արվել։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, ապա այդ հարցը լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրների հետ կապելու ժամանակը բաց է թողնվել։

Եթե Թուրքիան վավերացնի 2009թ. ստորագրված հայտնի ցյուրիխյան արձանագրությունները, որոնք նախատեսում են Երևանի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնում և նրանց միջև սահմանների բացում, ապա դա կանի` ելնելով միանգամայն այլ նկատառումներից։ Եթե նույնիսկ որոշ կոալիցիոն ուժերի միջոցով հաջողվի ԻԼԻՊ¬ի (Ռուսաստանում արգելված խմբավորում) նկատմամբ հաղթանակ տանել, միևնույն է, Թուրքիային կսպառնան սիրիական հարցը և քրդերի խնդիրը։ Նման իրավիճակում հավանականություն կա, որ Անկարային կհրավիրեն (իհարկե, սա դեռ փաստ չէ¬ Ս.Տ.) մասնակցություն ունենալու լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բայց ամենևին էլ ոչ առաջնային դերում։ Միևնույն ժամանակ, երբ ապրիլյան պատերազմի ընթացքում այնպես ստացվեց, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներից միակն էր, որը հանդես եկավ միջնորդական ջանքերով զինված բախումների դադարեցման գործում, Բաքուն, հրաժարվելով ստորագրել սանկտպետերբուրգյան համաձայնություններն ու այնուհետև տապալելով Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև ենթադրյալ գագաթնաժողովը, ջանքեր գործադրեց` չեզոքացնելու տարածաշրջանում Ռուսաստանի զորացող դերակատարությունը։ Ուստի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունն առ այն, որ լեռնայինղարաբաղյան հակամարտությունը վաղուց արդեն Ադրբեջանի ներքին գործերի հարցը չէ, ընկալվում է որպես Մոսկվայի հստակ արձագանքը Բաքվի քաղաքականությանը, այն բանի հավաստումը, որ Ադրբեջանը կորցրել է սուվերենությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, և հիմնախնդիրը վաղուց գտնվում է միջազգային հարթության վրա` հակամարտության կարգավորման մեխանիզմների շուրջ իր մի շարք կանոններով։

Յուր ժամանակ` 2006թ. փետրվարին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու կատարած այցի շրջանակներում Վրաստանի հետ կապված մի շարք հայտարարություններ արեց։ Նրա խոսքով՝ ՙշատ է ցավում վրացիների համար, քանի որ Վրաստանը դժվար ժամանակների և հսկայական սոցիալական խնդիրների միջով է անցնում՚, և ՙեթե ինչ-որ մեկը համարում է, որ նման հարցեր կարելի է լուծել` ուշադրությունը շեղելով նոր թշնամիներ փնտրելու վրա, դա սխալ ուղի է՚։ Ընդ որում, նա ընդգծեց հետևյալը. ՙՔննադատելով ԽՍՀՄ¬ը այն բանի համար, ինչ տեղի էր ունենում նրա ներսում, անգամ եթե ճիշտ քննադատություն է, չի կարելի այդ նույն սխալներն անել՚։ 2008թ. օգոստոսին Վրաստանը կրկնեց այդ սխալները, իսկ Ադրբեջանն այդպես էլ չազատվեց այդ սխալներից։ Նախկինի պես իրավիճակը մնում է առկախված։ Ըստ եվրոպական փորձագետների՝ ՙՆերկա դրությամբ, գործնականում, բոլոր դիրքորոշումները, բեմագրերը, տարբերակները քննարկվել են անթիվ-անհամար անգամներ, ընդ որում, ո՜չ ԱՄՆ¬ն, ո՜չ Ռուսաստանը, ո՜չ Ֆրանսիան՝ որպես միջնորդ բանակցային գործընթացում, ոչ մի տարաձայնություն չունեն բոլորին հայտնի ՙՄադրիդյան սկզբունքների՚ հարցում, որոնցում կա կետ հանրաքվեի անցկացման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասին` ադրբեջանական մի քանի շրջաններն ազատելու հետ մեկտեղ: Ընդ որում, այդ փաստաթղթի տրամաբանությունն իսկ նախատեսում է Ստեփանակերտի ներգրավումը բանակցային գործընթացին, ինչին ակտիվորեն ընդդիմանում է Ադրբեջանը։ Դեռ ավելին, Ադրբեջանի բոլոր փորձերը` ռուս-ամերիկյան կամ ռուս-արևմտյան դիմակայության ՙխաղաքարտն՚ իր օգտին խաղարկելու, էներգետիկ նախագծերի միջոցով հիմնախնդրին իր բեմագրով լուծում տալու համար, ձախողվեցին։ Հետաքրքրական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջև լեռնայինղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միշտ ընդհանուր համաձայնություն է եղել։ 

Կփոխի արդյո՞ք ստեղծված իրավիճակը Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը։ Մեր դիտարկումներով՝ Անդրկովկասում միայն Ադրբեջանը և Վրաստանն են ակներև մտահոգություն հայտնում ԱՄՆ նոր նախագահի տարածաշրջանային քաղաքականության կապակցությամբ։ Ռուսաստանյան փորձագետ Իրինա Ջորբենաձեն համարում է, որ նրանց համար խնդիրը կայանում է ԱՄՆ-ից և Արևմուտքից ունեցած սպասելիքներում` ՙտարածաշրջանը, ինչպես նաև ողջ հետխորհրդային տարածքը Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելու ձգտումները կամ դրանց բացակայությունը, շարունակել օգտագործել կամ չօգտագործել նախկին խորհրդային հանրապետությունները որպես գործիք` Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար՚: Թեպետ, վերջերս Թբիլիսիում գտնվելու ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին վստահեցնում էր, որ նախագահ Թրամփը ՙկշարունակի Վրաստանին աջակցություն ցուցաբերել՚: Քերրին Բաքու և Երևան չեկավ՝ ավելի վաղ հայտարարելով, թե հակամարտող կողմերը պատրաստ չեն լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այժմ, եթե զուգահեռներ անցկացնենք, ապա Բաքուն և Երևանը գործողությունների կդիմեն`՝ առաջնորդվելով աշխարհաքաղաքական հստակ իրադարձությունների ընթացքով, որոնք, անկասկած, առաջին հերթին կանդրադառնան հարևան Մերձավոր Արևելքի վրա։ 

Կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ¬ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Մոսկվան այդ բանակցությունները պաշտոնապես որակել է որպես դրական և հայտնել, որ կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը, սիրիական հակամարտությունը, Ուկրաինայում տիրող իրավիճակը, իրադրությունը Մերձավոր Արևելքում, արաբաիսրայելական հակամարտությունը, ռազմավարական կայունության և չտարածման ոլորտը, ինչպես նաև իրանական միջուկային ծրագրի և Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը։ Ինչպես տեսնում ենք, լեռնայինղարաբաղյան հակամարտությունն այդ ցանկում չկա։ Ավելի վաղ նախագահ Թրամփն արդեն հանձնարարել էր պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսին 30 օրվա ընթացքում ԻԼԻՊ¬ի դեմ պայքարի պլան մշակել, որն ամերիկյան ԶԼՄ¬ների տվյալների համաձայն՝ կնախատեսի ԱՄՆ¬ի գլխավորությամբ կոալիցիայի համար նոր դաշնակիցների որոնում։ Սպիտակ տանը հայտարարել են Ռուսաստանի հետ համատեղ գործելու և նման նպատակներ ունեցող ցանկացած երկրի հետ համագործակցելու պատրաստակամության մասին: Կրեմլի մամուլի ծառայությունը հստակեցրել է, որ երկու երկրների ղեկավարները ՙկողմ են արտահայտվել փոխհամաձայնեցված գործելուն` Սիրիայում ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների ջախջախման նպատակով՚: Բայց այստեղ ինտրիգ կա:

Խնդիրն այն է, որ ներկայում ԱՄՆ¬ն արդեն իսկ գլխավորում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար կազմված ավելի քան 60 երկրներից բաղկացած միջազգային կոալիցիան, կա իսլամական կոալիցիա, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Ռուսաստան¬Թուրքիա¬Իրան դաշինքը։ Ընդ որում, Թուրքիան, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք այլ երկրներ, մտնում են բոլոր կոալիցիաների և դաշինքների մեջ։ Ի՞նչ նոր դաշինքների ստեղծման շուրջ են բանակցություններ վարում Վաշինգտոնում։ Այդ առումով որոշ փորձագետներ մատնանշում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի վերջերս Ադրբեջան կատարած այցը, որի արդյունքը կարող է լինել ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան եռանկյունին, որը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև լեռնայինղարաբաղյան հակամարտության վրա։ Սա, ակնհայտորեն, կարող է հարուցել Ռուսաստան-Հայաստան-Իրան եռանկյունու պատասխան արձագանքը: Միևնույն ժամանակ, երևում է` Թրամփը մտադիր է ՙավելի ակտիվորեն միջամտել սիրիական հակամարտությանը՚, ստեղծել այնտեղ, այսպես կոչված, ՙպաշտպանվող գոտի՚ և, նույնիսկ, հնարավոր է, ամերիկյան ցամաքային զորքեր ուղարկել ԻԼԻՊ¬ի դեմ պայքարի համար։ 

Անկարան, որն ավելի վաղ պայքարում էր նման ՙգոտիների՚ համար, դրան զուսպ արձագանքեց` զգուշանալով այն բանից, որ ԱՄՆ¬ն Իսրայելի հետ միասին Սիրիայում կաջակցեն քրդերին։ Իրադարձությունների նման զարգացումը Թուրքիային կհեռացնի Ադրբեջանից՝ որպես Իսրայելի դաշնակից, կխթանի նրա դրեյֆն Իրանի կողմը, որի մոտ արդեն նշմարվում են խնդիրներ ԱՄՆ¬ի հետ հարաբերություններում, կամրապնդի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նման դասավորության դեպքում չի կարելի բացառել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի մասին խոսել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Թիլերսոնը։

Իրականում ինչպես կհարաբերակցվեն Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ ծրագրերը Ռուսաստանի խնդիրների և նպատակների հետ, դեռևս դժվար է ասել։ Ամերիկաիրանական հարաբերությունների կարգավորումն ու ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումների հետագա մերձեցումը և շահերի համադրումը, ընդհակառակը, կարող են նվազեցնել Թուրքիայի և Ադրբեջանի կարևորությունն Արևմուտքի աշխարհաքաղաքական դիրքորոշումների և խնդիրների համար։ Ուստի, մնում է միայն սպասել, թե ինչ ջրի երես կհանեն վաշինգտոնյան աշխարհաքաղաքական հերթական նախագծերի հեղինակները, ինչ դաշինքում և ում հետ է ԱՄՆ¬ը տեսնում Ադրբեջանի ու ոչ միայն նրա տարածաշրջանային դերակատարությունը, արդյոք մտադիր է ԱՄՆ-ն ամրապնդել կամ, ընդհակառակը, նվազեցնել Անդրկովկասի հանրապետությունների դերակատարությունն իր սևծովյան-կովկասյան ռազմավարությունում՝ որպես գլխավոր գործընկեր ունենալով Ռուսաստանը։ Նման կերպ է վճռվելու Լեռնային Ղարաբաղի պատմական ճակատագիրը։ Առջևում բոլորին շատ դժվար խաղ է սպասվում։  

 

regnum.ru

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ