[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿԱՏԱՐԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ՝ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ՚

Հարցազրույց ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ  Սրբուհի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ

 - Սրբուհի Գրիգորիի, հաշված օրեր են մնացել մինչև Սահմանադրական հանրաքվեի  օրը։ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի կողմից նախապատրաստական և կազմակերպական ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։

- Նախապատրաստական ու կազմակերպական հիմնական միջոցառումների ժամանակացույցը ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի կողմից հաստատվել էր հանրաքվե անցկացնելու մասին ԼՂՀ Նախագահի հրամանագրի հրապարակման հաջորդ օրն իսկ: Այն բավականին ընդգրկուն է թե՜ աշխատանքի ծավալի և թե՜ դրանք իրականացնող պատասխանատու կառույցների շրջանակով: Ժամանակացույցով նախատեսված անելիքների զգալի մասն արդեն իսկ իրականացվել է: Մասնավորապես, հանրապետության բոլոր շրջաններում, մայրաքաղաք Ստեփանակերտում, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում և Շուշիի քրեակատարողական հիմնարկում կազմավորվել են հանրաքվեի տեղամասային կենտրոններ (թվով 280), ընդ որում` դրանց մի մասն առավել բարվոք շենքային պայմաններով է՝ ի համեմատ 2015թ. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ առանձնացված շենք-շինությունների:  

ՀՀ-ում բնակվող կամ գտնվող ԼՂՀ քաղաքացիների` հանրաքվեին մասնակցելու իրավունքն ապահովելու և հանրաքվեն կազմակերպելու հարցերով զբաղվում է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում (ք.Երեւան) կազմավորված հանրաքվեի տեղամասային հանձնաժողովը:

Ձևավորվել են հանրաքվեի տեղամասային հանձնաժողովները, որոնք, ի տարբերություն 2015թ. համապետական ընտրությունների, ընդգրկում են 9-ի փոխարեն 8-ական անդամներ: Ընդհանուր թվով հանրաքվեի աշխատանքները համակարգելու, կազմակերպելու և անցկացնելու են 2300 հանձնաժողովականներ:

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հոգացել է բոլոր հանձնաժողովներին անհրաժեշտ փաստաթղթերով, իրավական գրականությամբ ու նյութատեխնիկական միջոցներով ապահովելու խնդիրները, մշակել ենք ձեռնարկներ և ուղեցույցներ դիտորդների, տեղամասային հաձնաժողովների անդամների համար, պաստառներ ու ցուցանակներ են փակցվել տեղամասային կենտրոններում ու համեմատաբեր մեծ համայնքներում, նկարահանվել է հանրաքվեի քվեարկության կարգը քաղաքացիներին պարզաբանող տեսահոլովակ:

Համայնքի ղեկավարների կողմից որոշումներ են ընդունվել հանրապետության համայնքների տարածքներում քարոզչական պաստառներ փակցնելու համար հատուկ տեղեր հատկացնելու մասին, իսկ հանրաքվե նշանակվելուց անմիջապես հետո  շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի կողմից Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով են ներկայացվել  այն դահլիճների ու շինությունների ցանկերը,  որոնք անվճար հիմունքներով կարող են տրամադրվել քարոզչություն կատարողներին: Այս ինֆորմացիան հասանելի է բոլորին` տեղադրված է ԼՂՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջում:

Հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո սկսվեց նաև հանրաքվեի քարոզչությունը, որն իրականացնելու իրավունքը օրենսդրությամբ վերապահված է  ԼՂՀ քաղաքացիներին, կուսակցություններին և հասարակական միավորումներին: Ներկա դրությամբ քարոզչությունն իրականացվում է օրենքով սահմանված կանոնների  շրջանակներում: Դրա վերաբերյալ բողոքներ հանրաքվեի հանձնաժողովները չեն ստացել: Ի դեպ, հանրաքվեի քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով քարոզչություն կատարողների կողմից ԼՂՀ տարածքում գործող 2 բանկերում բացվել են քարոզչության հիմնադրամներ` հատուկ ժամանակավոր հաշիվներ, որոնցում կատարվող մուծումների, դրանց հաշվարկման ու ծախսերի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում  Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ ստեղծված վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը: Առաջիկայում ծառայությունը հանրությանը կներկայացնի վերահսկողության արդյունքներով կազմված  համապատասխան տեղեկատվություն:

Մոտ ժամանակներս Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 4 հասցեում գտնվող` Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի շենքում կգործի նաև Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամլո կենտրոնը, որը կհամակարգի հանրաքվեի լուսաբանման աշխատանքներն անմիջապես հանրաքվեին նախորդող օրվանից մինչև դրա նախնական արդյունքների ամփոփումը: 

Հիշեցնեմ, որ ԿԸՀ-ի պաշտոնական կայքում` առանձին բաժնի տեսքով հանրության համար հասանելի է առաջիկա հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին ամբողջ տեղեկատվությունը:

- Հանրաքվեի և մինչ այսօր անցկացված համապետական ընտրությունների տարբերությունների մասին. կա՞ն ինչ-որ առանձնահատկություններ՝ քվեարկության կարգի հետ կապված։

- Թե՜ համապետական ընտրությունները և թե՜ հանրաքվեն գրեթե նույն ընթացակարգով են կազմակերպվում: Թերևս տարբերությունն  այս երկու միջոցառումների սուբյեկտների մեջ կարելի է փնտրել. ընտրությունների դեպքում թեկնածուն անձն է, հանրաքվեի դեպքում` փաստաթուղթը` տվյալ դեպքում Սահմանադրության նախագիծը: Տարբեր են քվեաթերթիկների ձևերը. հանրաքվեի դեպքում քվեաթերթիկում հարցադրում է (ՙՀամաձա՞յն եք, որ հանրաքվեի դրված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծն ընդունվի որպես Արցախի Հանրապետության Սահմանադրություն՚), և դրա պատասխանի ակնկալիքը` ՙկողմ եմ՚ կամ ՙդեմ եմ՚ դիրքորոշման տեսքով, իսկ ընտրությունների դեպքում թեկնածուների անունները` նրանցից մեկին ընտրելու առաջարկով:

Այս երկու միջոցառումները տարբերվում են նաև քարոզչություն կատարելու առանձնահատկություններով, քվեարկության արդյունքների ամփոփման ընթացակարգով ու  ժամկետներով, որի մանրամասները տեսանելի են  ՙՀանրաքվեի մասին՚ ԼՂՀ օրենքում և մեր կողմից հաստատված միջոցառումների ծրագրում:

- Քանի՞ ընտրող կա հանրապետությունում։ Ընտրացուցակները ճշտվա՞ծ են, թե դեռ անելիքներ կան այս ուղղությամբ։

- Փետրվարի 10-ի դրությամբ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 102 746: Այս թիվը վերջնական չէ: Ընտրացուցակները մշտապես թարմացվող փաստաթղթեր են, և դրանով զբաղվող ԼՂՀ ոստիկանության կողմից քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների վերջնական թիվը կհրապարակվի հանրաքվեից 1 օր առաջ` փետրվարի 19-ին:

- Դիտորդների, լրագրողների հավատարմագրման մասին. գործընթացն ավարտվե՞լ, թե՞ շարունակվում է։

- Փետրվարի 9-ի դրությամբ հավատարմագրվելու նպատակով ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով են  դիմել 78 տեղական դիտորդներ` 3 կազմակերպություններից, և 40 ներկայացուցիչներ` 11 զանգվածային լրատվամիջոցներից: Մասնակցության հրավերին արձագանքել և հանրաքվեին ներկա լինելու պատրաստակամություն են հայտնել միջազգային դիտորդներ մի շարք երկրներից: Այս գործընթացը դեռ ընթացքի մեջ է, հավատարմագրումը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը, իսկ արդեն մասնակիցների մասին ամփոփ տեղեկատվությամբ հանդես կգանք հանրաքվեից հետո: 

- Հանրաքվեի ծախսերի նախահաշվի մասին. որքա՞ն է այն կազմում։

-  ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հաստատել է հանրաքվեի նախապատրատման և անցկացման հետ կապված` ԼՂՀ հանրաքվեի հանձնաժողովների ծախսերի նախահաշիվը` 76 597 200 ՀՀ դրամի չափով, որի մեջ  զգալի մաս են կազմում հանրաքվեի գործընթացում ներգրավված՝ հանրաքվեի հանձնաժողովների անդամներին տրվող աշխատավարձերի և փոխհատուցումների գումարները` 59 711 500 դրամ (78 %-ը): 

- Ձեր խոսքն ընտրողներին։

- Կատարել իրենց քաղաքացիական պարտքը ` ակտիվորեն մասնակցել հանրաքվեին:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ