[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստը նվիրված էր Արցախի զարգացման հեռանկարներին` սահմանադրական բարեփոխումների համապատկերին:

Բանախոսը բուհի հումանիտար առարկաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանն էր: Անդրադառնալով պետականության կարևոր խորհրդանիշին` Սահմանադրությանը, նա նշեց, որ այն պետության կայացման, պետության մեջ տեղի ունեցող զարգացումների վկայությունն է:

Ինչպես գիտենք, ԼՂՀ Սահմանադրությունը հանրաքվեի միջոցով ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին և արդեն տասը տարի է` ծառայում է իր նպատակին: Այսօր երկիրը կանգնած է սահմանադրական բարեփոխումների  ճանապարհին: Բանախոսը հիմնավորեց  դրա  անհրաժեշտությունը. կյանքը զարգանում է, անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ,  առնչվում ենք մարտահրավերների, դրանց դիմագրավելու անհրաժեշտությանը, և տեղի ունեցող փոփոխությունները պարտադրում են վերանայել մեր Մայր օրենքը, վերանայել նաև բոլոր ուղղություններով իրականացվող քաղաքականությունը, որպեսզի այդ ամենին համահունչ հետագա քայլեր ձեռնարկվեն: 

Ըստ Մ. Հարությունյանի` Արցախում սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են մի քանի տեսանկյունից:

Նախ արտաքին մարտահրավերների տեսանկյունից. այն  մեկ անգամ ևս փաստում է մեր երկրի ժողովրդավարական ուղի ընտրելու հանգամանքը, ապացուցում, որ  ժողովրդավարական արժեքներով ավելի բարձր մակարդակում գտնվող Արցախի Հանրապետությունը  երբեք չի կարող որևէ ուղղագիծ հարաբերություններ ունենալ հարևան Ադրբեջանի հետ: Այսինքն`  ժողովրդավարության ոլորտում ունեցած մեր ձեռքբերումները մեկ անգամ ևս մեզ հնարավորություն են տալիս փաստել ինքնուրույն, անկախ պետականություն ունենալու անհրաժեշտությունը: Ներքին հանգամանքների առումով բարեփոխված սահմանադրությունը հնարավորություն կտա ժամանակին համահունչ ձեռնարկել մեր հետագա քայլերը: Այս առումով բանախոսը մի հետաքրքիր պահի վրա ուշադրություն հրավիրեց: Ինչպես հայտնի է, ՀՀ-ում իրականացված սահմանադրական բարեփոխումներից հետո այնտեղ ընտրվել է պառլամենտական կառավարման ձևը: Իսկ Արցախում առաջարկվում է նախագահական կառավարման ձևը` հաշվի առնելով  Արցախի Հանրապետության` պատերազմական իրավիճակում գտնվելը: Այսինքն` մեր երկու հայկական հանրապետությունները հնարավորություն են ստացել փորձարկել կառավարման 2 մոդելներ: Ժամանակը ցույց կտա, թե դրանցից որն է ավելի կենսունակ, ավելի հեռանկարային: Եվ հետագայում ըստ երևույթին  ընտրություն կատարելու հնարավորություն կունենանք: 

ՙԱյս հանրաքվեով նոր, բարեփոխված սահմանադրություն ընդունելով` մենք հետագա զարգացման հեռանկարներ կապահովենք մեր հանրապետության, մեր ժողովրդի համար, որովհետև կյանքն անընդհատ առաջ է գնում, և մենք պարտադրված ենք հետ չմնալ ժամանակի հարահոսից՚,- ասաց Մ. Հարությունյանն` այս տեսակետից  կարևորելով նաև մեր հանրապետության ուսումնական հաստատությունները արդիական, ժամանակակից տեխնոլոգիաներով զինելը: Տեղեկատվական պատերազմի մեր դարաշրջանում հրատապ է Արցախում ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ տեղեկատվության տարածումը: 

Այսօր բարձր տեխնոլոգիաների զարգացումը հրատապ է մի քանի կողմերով`  և՜ տնտեսության, և՜ հասարակական-քաղաքական կյանքի զարգացման, և ամենակարևորը` պաշտպանության ոլորտի ամրապնդման առումով: Բանախոսը վկայակոչեց   ռազմական փորձագետների այն տեսակետը, որ ներկայում ասպարեզը կամաց-կամաց նվաճում են բարձր տեխնոլոգիաները, ճշգրիտ խոցման զենքերը, որոնք հնարավորություն են տալու փոքրաթիվ կոնտինգենտով կոնկրետ խնդիրներ լուծել կոնկրետ թիրախներ խոցելով: Իսկ այդպիսի պատերազմի պատրաստ կարող ենք լինել, երբ ունենանք տեխնոլոգիական ուղղությամբ փայլուն մասնագետներ: Հենց  այդ նպատակին է կոչված Շուշիում բացված տեխնոլոգիական համալսարանը, որտեղ  օր օրի հիմքեր են դրվում տեխնիկական կրթությամբ բարձր որակավորում ունեցող, ապագան կերտող  մասնագետներ պատրաստելու համար: ՙԵս հավատացած եմ, որ այդ ապագան լինելու է կայուն, այն շատ հեռու չէ, և  բոլորիս ջանքերով մենք ունենալու ենք հզոր պետություն, բոլոր այն իղձերի իրականացումը, որոնք մենք փայփայում ենք՚,- նման լավատեսությամբ ավարտեց  իր բանախոսությունը Մ. Հարությունյանը, որին լրացնելու եկավ ուսանողների ուժերով պատրաստված  տեսաֆիլմը, որտեղ  փորձ է արվում ցույց տալ Արցախի զարգացման ներկա վիճակը և հեռանկարը: 

Քննարկմանը հնչեցին նաև ելույթներ, հարցադրումներ: Մասնավորապես, ուսանողներից մեկը մտավախություն հայտնեց, որ ՙԱրցախի Հանրապետություն՚ անվանումը դժվար կլինի  աշխարհում տարածել և, հետևաբար, ճանաչելի դարձնել:  Մ. Հարությունյանը պատասխանեց, որ մեր հանրապետության անվանակոչության շուրջ  թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից աղմուկ է բարձրացվել: Մեր հանրապետության թշնամիները խուճապի մեջ են հենց իսկ անվան փոփոխության փաստից: ՙԱրցախի Հանրապետություն՚ անվան առավելությունները շատ-շատ են, որովհետև Արցախ` ինքնին նշանակում է հայկականություն, նշանակում է պատմական անվան վերականգնում,  մեր հեռագնա նպատակների իրականացման ուղղությամբ հերթական կարևոր քայլ:  Իսկ աշխարհը ժամանակի ընթացքում կհամակերպվի Արցախի Հանրապետություն անվան հետ, հաշվի կառնի նաև այդ փաստը: 

Կրթությունը և գիտությունը բանակից հետո առաջին տեղում են գտնվում ազգային գաղափարախոսության ապահովման և պետականության անվտանգության տեսակետից: Նոր Սահմանադրությամբ ինչպիսի՞ն են կրթության և գիտության  հեռանկարները: 

Բարեփոխված Սահմանադրությունը  նոր հեռանկարներ է բացում  երիտասարդության  կայացման, նրա կրթագիտական մակարդակն էլ ավելի բարձրացնելու, մեր պետական կառավարման գործընթացին մասնակցության  առումներով: 

Շատերին մտահոգում է վերջին` 175-րդ հոդվածը, որն ասում է.ՙՄինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո՚. դա կարծես շրջանցում է հակառակորդի կողմից բռնազավթված մեր հողատարածքների հարցը: Հետևյալ պարզաբանումը տրվեց.ՙՏարածքային ամբողջականության վերականգնման՚ եզրույթի տակ պետք  է հասկանալ այն տարածքները` Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի հարթավայրային բնակավայրերը, Մարտունու շրջանի մի որոշակի հատված, որոնք այսօր գտնվում են  հակառակորդի վերահսկողության տակ, դրանց վերադարձի պահանջատիրության իրականացում: Իսկ ՙսահմանների ճշգրտում՚ բառակապակցության տակ, որը շատ տարողունակ է, մենք շատ բան կարող ենք հասկանալ. ինչպես մեր ազատագրված տարածքներն ամրագրելը մեր հանրապետության սահմաններում, այնպես էլ մեր պատմական հողերի նկատմամբ մեր պահանջատիրության արտահայտումը, որոնք տարբեր ժամանակաշրջաններում հանիրավի պոկվել են Արցախ աշխարհից, և հենց ՙԱրցախի Հանրապետություն՚ անվանումն էլ այդ ենթատեքստն է պարունակում:

Գիտխորհրդի նիստը եզրափակիչ խոսքով ամփոփեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումներն առաջին հերթին ընդունում են  որպես Արցախի զարգացման հայեցակարգ, ապա ներկայացրեց իր պատկերացումներն այդ առնչությամբ: Դիմելով երիտասարդներին` ռեկտորն ակտիվության կոչ արեց: ՙՄենք կարողացանք մեր մեջ ուժ գտնել և դառնալ զարգացող, միջազգային, համամարդկային արժեքներ դավանող պետություն: Այսօր դրված է մի խնդիր. դա հզոր Արցախի Հանրապետության կառուցումն է:  Եվ բոլորս պետք է զինվորագրվենք այդ վեհ գործին՚,-ասաց Հովհ. Թոքմաջյանը: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ