[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԱՊՐՈՒՄ Է ԻՐ ԿՅԱՆՔՈՎ, ԻՍԿ ԱԼԻԵՎԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ

Ի՞նչ է հուշում Բաքվին ՙՀամամիութենական կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության  համառոտ դասընթացը՚ 

 2016թ. սոցիալ¬տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված` նախարարների կաբինետի ընդլայնված նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում անդրադարձել է լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։ Նրա հնչեցրած դրույթներն ի ցույց են դնում 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած գագաթնաժողովներից հետո այդ խնդրի առնչությամբ Բաքվի ունեցած դիրքորոշումները։ Այդ հանդիպումները տեղի ունեցան հակամարտող կողմերի շփման գծում ապրիլյան արյունահեղ մարտերից հետո, որոնք հաջողվեց դադարեցնել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդական ջանքերից հետո։ Այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ մասնակցությամբ քայլեր ձեռնարկվեցին` ուղղված ձեռքբերված համաձայնությունների իրավաբանական ամրագրմանը, որոնք նախատեսում են հակամարտության գոտում դիտարկման համակարգի և միջազգային դիտորդների ներդրման անհրաժեշտությունը։ Հակամարտության գոտում հաճախակի դարձած զինված ընդհարումների պատճառով Բաքուն և Երևանը, սովորության համաձայն, իրավիճակի բարդացման մեջ իրար են մեղադրում և ավելի հրատապ դարձնում պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։ Առավել ևս, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները բացեիբաց հայտարարում էին, որ հենց նման մեխանիզմը կարող է իրական նախադրյալներ ստեղծել հակամարտության կարգավորման շուրջ, այսպես կոչված, ընդլայնված բանակցությունների անցնելու համար։ 

Անցյալ տարի՝ նախ օգոստոսին, ապա դեկտեմբերին, խոսվում էր Ալիևի և նրա հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի միջև կայանալիք ևս մեկ հնարավոր գագաթնաժողովի մասին։ Հանդիպումը չկայացավ։ Նախևառաջ այն պատճառով, որ թեև Բաքուն մասնակցել է գագաթնաժողովներին, բայց իր ստորագրությունը չի դրել վիեննյան և սանկտպետերբուրգյան պայմանավորվածությունների տակ։ Սակայն ադրբեջանական դիվանագիտությունը բազմիցս հրապարակավ վկայակոչել է այդ փաստաթղթերը և, ըստ երևույթին, կշարունակի հղում անել դրանց։ Այստեղից է հետևում նրա բացահայտ մեթոդոլոգիական ձախողումը։ Ինչքան ասես կարելի է մեղադրել Երևանին ՙհակամարտության գոտում դիվերսիոն գործողություններ կազմակերպելու փորձերի, սահմանում իրավիճակն ապակայունացնելու ձգտումների մեջ՚, բայց դրան ո՞վ կհավատա, եթե հայկական կողմը միշտ բացեիբաց հայտարարել է, որ համաձայն է շփման գծում դիտարկման համակարգի ու դիտորդների տեղակայմանը, իսկ ադրբեջանական կողմը միշտ դեմ է արտահայտվել՝ այդ կերպ կարևորություն չտալով հարցին՝ ով է նախահարձակ եղել, ինչն էլ ակամայից այն մտքին է հանգեցնում, որ որոշակի շահագրգռվածություն կա հրադադարի ռեժիմի խախտման և վիեննյան ու սանկտպետերբուրգյան գործընթացների խաթարման մեջ։ Ինչո՞ւ։ 

Մեր կարծիքով` այն պատճառով, որ 2016թ. երկրորդ կեսից շատ երկրների քաղաքագետների բառապաշարում` լեռնայինղարաբաղյան հակամարտության հետ կապված, նորից սկսվեց կիրառվել ՙսառեցված՚ սահմանումը։ Վերջերս այն կիրառել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: Իսկ ավելի վաղ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին Washington Ideas¬ի համաժողովում։ Քերրին խոսել է այն մասին, որ ներկա պահին կարգավորման հնարավորություններ չեն նշմարվում, քանի որ ՙառաջնորդները պատրաստ չեն՚։ Հասկանալի է, որ ՙսառեցված հակամարտությունը՚ մղվում է համաշխարհային քաղաքականության և դիվանագիտության երկրորդական պլան, ուշադրության արժանանում ոչ առաջնահերթության կարգով, ու եթե նույնիսկ լինում է վերադարձ խնդրին, ապա միայն որպես հավելում ինչ¬որ աշխարհաքաղաքական զուգահեռ հարցի։ Բացի այդ, ՙսառեցված հակամարտությունների՚ կարգավորման հեռանկարները դիտարկելիս անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի առնել ոչ այնքան միջազգային իրավունքի տեսական սկզբունքները, որքան որ ՙիրական քաղաքականության՚ պահանջները:

Ադրբեջանին դա չի գոհացնում։ Ապրիլյան պատերազմից հետո կարգավորման գործընթացում դիվանագիտական ջանքերի աշխուժացում էր դիտվում, սակայն հետո ամեն ինչ վերադարձավ ստատուս քվոյին: Դիմելով միջազգային իրավունքի տերմինաբանությանը՝ կարելի է ասել, որ ՙսառեցված հակամարտությունը՚ խաղաղություն չէ, այլ զինադադար, այսինքն` վերադարձ 1994թ. իրավիճակին։ Իրադարձությունների նման զարգացումը չի գոհացնում Բաքվին, որը սկսել է սրացման վրա խաղալ։ Մի կողմից  նկատվում է ձգտում` փոփոխելու հակամարտության կարգավորման ձևաչափը, զինված հակամարտության վերսկսումը թույլ չտալու համար ստեղծված իրավաբանական հիմքը։ Մյուս կողմից՝ ինչի մասին է խոսել Ալիևը կառավարության նիստին. Ադրբեջանը ՙցանկացած ժամանակ կարող է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով՚։ Իրոք, Բաքուն ավելացնում է բանակի սպառազինության ծախսերը։ Անխուսափելի հարց է առաջանում՝ ինչի՞ն կծառայի ՙապասառեցումը՚. իրեն պարտված համարող կողմի ռազմաքաղաքական ռևանշի՞ն,  թե՞ խոսքը վերաբերում է տարածաշրջանում իրադրության ապակայունացմանը՝ հակամարտության մեջ արտաքին խաղացողների անխուսափելի ներգրավմամբ, որին կհետևի ուժերի հավասարակշռության խախտում ոչ միայն Անդրկովկասում, այլև հնարավոր է նաև Մեծ Մերձավոր Արևելքում։ Թե՞ Ալիևը սկսել է զգալ ՙհաղթանակած՚ (Բաքվի տարբերակով) ապրիլյան պատերազմի ռեսուրսի թուլացում, դրա համար էլ նրա հայտարարություններն ավելի շատ պայմանավորված են Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակով։

Խնդիրն այն է, որ լեռնայինղարաբաղյան հակամարտությունը գործիք է դարձել ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ արտաքին խաղացողների ձեռքում։ Հայաստանը, ոչ առանց վարանելու, Ռուսաստանի հետ հույսեր է կապել և, ինչպես պարզվում է, գրագիտորեն է կանխատեսել և պլանավորել իր արտաքին քաղաքականությունը։ Բաքուն, այսպես կոչված, ՙբազմավեկտորություն՚ դրսևորելով, փաստորեն ՙհեռու Ռուսաստանից՚ ուղղություն է վերցրել՝ միանալով միջազգային տարբեր մարտավարական դաշինքների։ Բայց արդյունքում, ինչպես արձանագրում է National Interest ամերիկյան պարբերականը՝ լեռնայինղարաբաղյան հակամարտության ծագման պահից ի վեր ամերիկյան վարչակազմերից ոչ մեկը հակամարտությունն ադրբեջանական բեմագրով կարգավորելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել, թեև նախագահներ Բուշ Կրտսերը, Քլինթոնը և Օբաման լիովին խաղարկում էին ադրբեջանական ՙխաղաքարտը՚՝  մե՜րթ գայթակղելով Բաքվին ռուսական գազից Եվրոպայի էներգետիկ կախվածության նվազեցման քաղաքականության մեջ մասնակցության հեռանկարներով (ինչի՞ փոխարեն ¬Ս.Տ.), մե՜րթ կառուցելով ՙեվրաինտեգրման՚ մշուշոտ հորիզոններ, մե՜րթ Ադրբեջանին շնորհելով թիկունքային պլացդարմի կարգավիճակ, որը ՙԱֆղանստանում գործողություններ և Իրանի դեմ հետախուզական գործունեություն է ապահովում՚։

Ընդ որում, այնպես էր ստացվում, որ ամերիկյան արտաքին օրակարգը վերածվում էր  ադրբեջանական ներքին օրակարգի, իսկ երբ Բաքուն անհնազանդություն էր ցուցաբերում, Արևմուտքն առաջին պլան էր մղում ՙմարդու իրավունքների պարբերաբար խախտման, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունների հարցերը՚։ Լեռնայինղարաբաղյան հակամարտության համար դա նշանակում էր այն, որ ՙավտորիտար վարչակարգը՚ չի կարող ընդլայնել ազդեցության գոտին՝ ՙնույնիսկ իր երբեմնի սահմաններում գտնվող, հայկական բնակչություն ունեցող տարածքների հաշվին՚: Յուր ժամանակ այս բանաձևը բացատրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ հայտարարելով, որ  Վաշինգտոնը ՙսերտ հարաբերություններ է կառուցում միայն ժողովրդավարական երկրների հետ՚։ Նա ասել է հետևյալը. ՙԵլնելով ադրբեջանական կառավարության տրամաբանությունից՝ փորձում եմ հասկանալ նրանց  դիրքորոշումը։ Նրանք պնդում են, որ հանուն երկրի կայունության ստիպված են նման քայլեր ձեռնարկել։ Ասում են, որ Ադրբեջանը շատ  վտանգավոր տարածաշրջանում է գտնվում։ Դա, իրոք, այդպես է։ Բայց մենք այլ դիրքորոշում ունենք, համարում ենք, որ ինչքան բաց լինի քաղաքացիական հասարակությունը, այնքան ավելի ամուր կլինի կայունությունը։ Սա բխում է ինչպես հենց հասարակության, այնպես էլ երկրի կառավարության շահերից։ Բայց այն երբեմն անհասկանալի և ավելորդ քայլեր է ձեռնարկում, մասնավորապես տանջում է քաղաքացիներին։ Բայց մենք միշտ խոսել ենք ու կշարունակենք խոսել Ադրբեջանի կառավարության հետ ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին՚։

Ընդ որում, Մորնինգսթարի կարծիքով՝ որոշակի պայմանների առկայության պարագայում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա ճնշումները կարող են հրահրել Ուկրաինայի դեպքերին համանման իրադարձություններ։ Դրանից հետևում էր, որ ԱՄՆ-ի և նրա գործընկերների համար լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր հնարավորություններ կհայտնվեն միայն Ադրբեջանի ժողովրդավարացման դեպքում, ու ոչ մի ուրիշ կերպ:

Չթաքցնենք, որ Հայաստանի՝ որպես Ռուսաստանի դաշնակցի նկատմամբ, ցանկության դեպքում նույնպես կարելի էր առաջ քաշել ժողովրդավարական սկզբունքների պահպանման մասին հարցեր։ Սակայն Մոսկվան Երևանի գլխին երբեք նման թեմայով ՙքարոզներ չի կարդացել՚։ Փոխարենը Ալիևի վարչակարգը հայտնվել էր ՙէներգառեսուրսներն առանձին, Լեռնային Ղարաբաղն առանձին՚ հայեցակարգի ճիրաններում։ Ի դեպ, այժմ նմանատիպ գործընթացների միջով է անցնում նաև Բաքվի ռազմավարական գործընկեր Թուրքիան։ Արդյունքում ուկրաինական իրադարձությունները նախագահ Ալիևին դրդեցին ակտիվ դիվանագիտական մանևրեր սկսել Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի հետ, բայց դրանք միայն մարտավարական քայլեր են։ Այժմ Բաքվի փորձագետներն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական արտահայտությունները փորձում են տեղափոխել Ադրբեջանին հարմար հարթություն` այն հույսով, որ ՙառաջիկա չորս տարիներին Միացյալ Նահանգներն ավելի քիչ հետաքրքրություն կցուցաբերեն մարդու իրավունքների խնդիրներին այդ երկրում՚: 

Սակայն Հայաստանը լիովին գերազանցում է Ադրբեջանին։ Այն ՀԱՊԿ անդամ է, մտնում է Եվրասիական տնտեսական միության մեջ, միաժամանակ առևտրային և ներդրումային համաձայնագրեր է ստորագրում Վաշինգտոնի հետ, առևտրի և ներդրումների հարցերով խորհուրդ է ստեղծում, կանոնավոր կերպով մասնակցում է ՆԱՏՕ-ի ՙԳործընկերություն հանուն  խաղաղության՚ ծրագրի աշխատանքներին։ Կարելի՞ է արդյոք համարել, որ նման ձևով Երևանը երկակի չափանիշների քաղաքականություն է վարում Մոսկվայի հանդեպ։ Ոչ, քանի որ հենց այսպես  գրագիտորեն են վարում ՙբազմավեկտոր քաղաքականությունը՚, որը թույլ է տալիս պահպանել ստատուս քվոն տարածաշրջանում և որի առկայության պարագայում Բաքվի ցանկացած զինված դեմարշ կարող է որակվել որպես ագրեսիայի ակտ, լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ  նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների խախտում։ 

Անկեղծ ասած, Հայաստանի բախտը բերում է այն բանում, որ Ադրբեջանում իշխանությունը մենաշնորհել են քաղաքական գործիչներ, որոնք ուղղորդվում են ՙՀամամիութենական կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության համառոտ դասընթացով՚, ընդունակ չեն ճկուն քաղաքականություն վարել, նշանակում է՝ չեն կարողանում պաշտպանել իրենց ազգային շահերը։ Չնայած, եթե Բաքուն Լեռնային Ղարաբաղի հայերին շարունակում է իր քաղաքացիները համարել, վաղուց արդեն ժամանակն է` Ստեփանակերտի հետ շփման եզրեր փնտրելու և նրան բանակցային գործընթացում ներգավելու։ Հրաժարվել տեղեկատվական պատերազմից, ընդհակառակը`  կազմակերպել ադրբեջանական լրագրողների այցը Ստեփանակերտ, այլ ոչ թե մեծացնել խայտառակ ՙսև ցուցակը՚ այն մարդկանց հաշվին, որոնք ՙանօրինական՚ այցելություն են կատարում Լեռնային Ղարաբաղ։ Ցրել ազգային պատմաբանների շտաբը, որը ՙգիտական՚ կարիերա է կերտել` ՙնոր պատմություն՚ գրելով առանց հայերի և նույնիսկ առանց ռուսների: Ստիպել Վաշինգտոնին և Մոսկվային ՙտեղից շարժվել՚` նախաձեռնելով Իսրայելի և Եգիպտոսի միջև կնքված Քեմփ Դեյվիդի համաձայնագրի նման ինչ-որ բան: Մի խոսքով, ադրբեջանական դիվանագիտությունը պետք է աշխատի, այլ ոչ թե հայտարարի, որ ինչ-որ մեկը ինչ-որ  բան է Բաքվին ՙպարտավոր՚։ Միջոցներ ձեռնարկել, նույնիսկ միակողմանի, որպեսզի ցույց տա պայմանավորվելու իր ցանկությունը։ Վերջապես անհրաժեշտ է գիտակցել այն փաստը, որ հենց բոլշևիկները, նախևառաջ` ադրբեջանական, նպաստեցին այն բանին, որ ստեղծվի Ադրբեջան` նախկին խորհրդային սահմաններում։ Եվ հենց այդ նույն  բոլշևիկներն ամեն ինչ արեցին, որ Լեռնային Ղարաբաղը հեռանա Բաքվից։ Անհրաժեշտ է այլ սկզբունքների վրա կառուցել նոր  Ադրբեջանը։ 

regnum.ru

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ