[ARM]     [RUS]     [ENG]

ԲՌՆԱՊԵՏԵՐԸ ԽՆԴԻՐ ՉԼՈՒԾԵՑԻՆ. ՆՐԱՆՔ ՎԵՐԱԾՎԵՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿԻ

Բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի որոշումը որքան անմարդկային, նույնքան էլ սպասելի էր. դա  դեգրադացիա ապրող երկու պետությունների բռնապետ-ղեկավարների ծրագրված գործարքն էր։

Ադրբեջանում լրագրողին սպառնում է քրեական հետապնդում երկու հոդվածներով՝ երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր և Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում։ Բաքուն նույնիսկ հայտարարել է ազատազրկման ժամկետի մասին։ Քանի որ այս ամենի հիմքում մեծ քաղաքականությունն է և  փոխադարձ շահերը,  բնականաբար, օրինականության տարրը բացակայում է։  Ի՞նչ է կատարվել, անկախ լրագրողը մտել է  մի տարածք, որն Ադրբեջանի պետական սահմանի հետ ոչ մի առնչություն չունի։ Դա Արցախի Հանրապետության տարածքն է, որտեղ ապրում է քառորդդարյա  պետականություն ունեցող ժողովուրդը։ Եթե լրագրողը բացահայտ  համակրանք է արտահայտել  Արցախի ժողովրդի ազատագրական պայքարի հանդեպ՝  հընթացս ներկայացնելով  նաև իր տեսակետն ու դիրքորոշումը, ոչ մեկն իրավունք չունի հաշիվ պահանջել նրանից։  Լրագրողն օգտվել է ազատ տեղաշարժի, տեղեկատվություն ստանալու և տարածելու իր իրավունքից։ Ադրբեջանը կարող էր նրան ներառել իր ՙսև ցուցակում՚, ինչպես արել էր նախկինում Արցախ այցելած հարյուրավոր մարդկանց հանդեպ։   

Բելառուսն ակնհայտորեն ցույց տվեց,  որ ինքը թքած ունի  մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա։  Միջազգային պարտավորությունները, որպես կանոն, բռնապետերի համար չեն գործում։  Ադրբեջանի և Բելառուսի միջև կեղտոտ գործարքը հիշեցնում է տարիներ առաջ հունգարական ծախու իշխանությունների հետ ադրբեջանական առևտուրը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էլ արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին և խաչ դրեց իր քաղաքական կարիերայի վրա՝ դառնալով Եվրոպայի ամենաանհաջող քաղաքական գործիչը։ Եվ ահա նրա կողքին տեղ է զբաղեցնում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում ներկայացրած երկիրը, դժբախտաբար, համարվում է նաև Հայաստանի գործընկերը և նրա հետ գտնվում է կոլեկտիվ անվտանգության նույն համակարգում։ 

Պաշտոնական Ստեփանակերտը՝ ի դեմս Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի, հայտարարեց, որ այս պարագայում կոպտորեն խախտվել են միջազգային իրավունքն ու նորմերը։ Բելառուսն ու Ադրբեջանը մնացին անպատիժ. Սաֆարովի դեպքում  կաշառվեց Հունգարիան, և միջազգային որևէ կազմակերպություն որևէ կերպ  չարձագանքեց։  Լապշինի արտահանձնումը նույն գործընթացի շարունակությունն է։ ՙԻնտերպոլը՚  հենց Լուկաշենկոյին պետք է ներառի հետախուզման մեջ գտնվող մարդկանց ցանկում, ընդգծել է Բաբայանը։       

Միջազգային կառույցների արձագանքի հետ կապված՝ անհրաժեշտ ենք համարում վկայակոչել ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչի խոսքերը. ՙՀիասթափված եմ։ Բլոգեր-լրագրողին բանտ են ուղարկում՝ ինչպես վտանգավոր հանցագործի՚։ Ի դեպ, սա պաշտոնական հայտարարություն չէր, այլ ընդամենը թվիթերյան գրառում։ Տեղեկատվության հարցերով զբաղվող եվրոպաշտոնյայի այս կեցվածքը, կարծում ենք, պետք է արժանանա եվրոպական հանրության խիստ քննադատությանը։   

Կա մեկ այլ հանգամանք. Լապշինը Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի է։ Թվում է, թե երկու ազդեցիկ պետությունները հավուր պատշաճի պիտի պայքարեին իրենց քաղաքացու իրավունքների պաշտպանության համար։ Սակայն դա տեղի չունեցավ։ Եվ այս ուղղությամբ խորհելու տեղիք է տալիս Բելառուսում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Սուրիկովի հայտարարությունը։ ՙՄեր հյուպատոսական ծառայությունն աշխատել է իսրայելցիների հետ՚,-ասել է նա՝ ընդգծելով, որ լրագրողին կարելի էր հանձնել Ռուսաստանին, սակայն նրա դեմ հարուցված քրեական գործ ՌԴ-ն չունի։ Գլխավոր դատախազությունը պետք է քրեական գործ հարուցեր, որի դեպքում նրան, ամենայն հավանականությամբ, կարտահանձնեին Ռուսաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին։  Ինչպես տեսնում ենք, դեսպանն անուղղակիորեն մեղադրել է ռուսաստանյան իրավապահներին։ Լրատվամիջոցները տեղեկացրել էին նաև Բելառուսի գլխավոր դատախազության հայտարարության մասին, որում մասնավորապես նշվել է, որ ո՜չ Ռուսաստանը և ո՜չ էլ Իսրայելը Լապշինի հարցով Բելառուսին չեն դիմել։ Սա  խոսում է Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում առկա լարվածության մասին, ինչից էլ օգտվել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Նախարար  Է. Մամեդյարովը Լապշինի հարցով հանդիպել էր իր երկրում ՌԴ դեսպան Վ. Դորոխինին։ Մամեդյարովի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԱԳՆ-ն ՌԴ-ի և Իսրայելի դեսպանություններից այդ հարցով նոտա է ստացել։ 

Ռուս քաղաքագետ  Եպիֆանցևի կարծիքով՝ Լուկաշենկոյի նման պահվածքի պատճառներից մեկն այսօր առկա՝ ռուս-բելառուսական լուրջ տարաձայնություններն են։ Կա նաև ռուս-ադրբեջանական հակասության պահը. քաղաքագետը վկայակոչում է Մոսկվայում կայացած Լավրով-Մամեդյարով հանդիպումը, ինչի առնչությամբ Ադրբեջանի արտգործնախարարը հրապարակայնորեն իր դժգոհությունն է արտահայտել։    

Ավելի քան ակնհայտ է, որ Բելառուսի գերագույն դատարանը չի փոխելու գլխավոր դատախազության որոշումը Լապշինին արտահանձնելու մասին այն պարզ պատճառով, որ ենթատեքստում վերը նշված իրողություններն են։ Գերագույն դատարանի վճռի ընդունումից հետո անմիջապես հատուկ չվերթով Լապշինին Մինսկից տեղափոխել են Բաքու։ 

Երկու պետություն կեղտոտ  գործարքի մեջ են մտել՝ անտեսելով միջազգային իրավունքն ու զանգվածային լրատվության միջոցների աշխատանքի համար սահմանված միջազգային չափանիշները։ 

Տարիներ առաջ  սաֆարովյան  կեղտոտ  գործարքի, ավելի ճիշտ՝ Հունգարիայի իշխանությունների չարչիական քաղաքականության ականատեսը դարձանք։ Միլիարդների եկամուտն այդ երկրի վարչապետին ստիպեց գնալ նվաստացուցիչ քայլի, ինչը հավասարազոր էր եվրոպական արժեհամակարգի ինքնաոչնչացման։  Դա Վիկտոր Օրբան քաղաքական գործչի վերջն էր։ Այս խայտառակ միջադեպից  հետևություններ չարեցին ո՜չ  Ալիևը և ո՜չ էլ  Լուկաշենկոն, քանզի նրանց թյուր կարծիքով՝ նավթադոլարներով դեռևս կարելի է խնդիր լուծել։  Որ դրանք ալիևյան կլանին չեն պատկանում՝ կաշառք վերցնողին ամենևին չի հետաքրքրում։ 

Լապշինի արտահանձնումն իրականացվեց  ՀԱՊԿ անդամ պետության՝ Բելառուսի ակտիվ ջանքերով։ Միջազգային ասպարեզում նախագահներ Ի. Ալիևն ու Ա. Լուկաշենկոն բռնապետի պիտակ ունեցող ղեկավարներ են, իսկ նրանց բարեկամության հիմքում ադրբեջանական բնական ռեսուրսներն են։ Այդ ՙբարեկամությունը՚ ավելի բարձր է, քան անվտանգության նույն համակարգում գտնվելը, քան մարդու իրավունքներն ու ազատությունները։ Արդյո՞ք նման ղեկավարի հետ կարելի է քննարկել Հայաստանի անվտանգության հարցը։ Կասկածից դուրս է, որ երկու բռնապետերը նպատակ են ունեցել Լապշինի օրինակով, այսպես ասած,  դաս տալ բոլոր նրանց, ովքեր երբևիցե այցելել կամ պատրաստվում են այցելել Արցախ։  Այս պարագայում հայկական կողմի առավելությունը կրկնապատկվում է, քաղաքակիրթ  հանրության ընկալումներում Ալիևն ու  Լուկաշենկոն ներկայանում են որպես  քաղաքական դիակներ՝ զրոյական  վարկանիշով, և  նման ղեկավարների  ձեռքը սեղմելը դառնում է ամոթալի մի բան։ 

Հոդվածի վերջաբանը կարող է լինել Եվրախորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելի արձագանքը  Լապշինի արտահանձմանը։՝Լրագրողների աշխատանքն Արցախում ունի կարևորագույն նշանակություն, ասել է նա, և դա պետք է ավելի ակտիվացնել։ Նրա համոզմամբ՝ Լապշինի արտահանձնման փաստը չի կարող որևէ  կերպ խոչընդոտել Արցախ կատարվելիք հետագա այցելություններին, հակառակը,  այսուհետ  այցելությունները պետք է  լինեն ավելի շատ,  անչափ կարևոր է նաև  Արցախում մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջազգային քննարկումներին ու  հանդիպումներին։  

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ