[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ

Սահմանադրական հանրաքվեի իրազեկման միջոցառումների շրջանակներում ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարող Աշոտ Ղուլյանը, Ազգային ժողովի պատգամավոր, ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Թովմասյանը, մի խումբ պաշտոնատար անձինք փետրվարի 12-ին Մարտունու մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպում ունեցան Մարտունու հասարակության հետ:

 Հանդիպմանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը, շրջվարչակազմի աշխատակիցներ, ներկայացուցիչներ տարբեր կոլեկտիվներից, շարքային քաղաքացիներ:

Ա. Ղուլյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հանդիպմանը ներկայանալու համար, կարևորեց օրվա նշանակությունը: Առանձնացնելով  շրջանի բնակչության դերակատարությունն Արցախյան գոյապայքարում, նրա ունեցած ներդրումը Մարտունին անառիկ պահելու գործում, նա հույս հայտնեց, որ կայանալիք հանրաքվեին շրջանի բնակչությունը կցուցաբերի առավելագույն ակտիվություն և ՙԱյո՚ կասի` գիտակցելով, որ նոր Սահմանադրության նախագծի ընդունումը կարևոր պայման կդառնա Արցախի զարգացման և անկախության ճանաչման համար: Ա. Ղուլյանը տեղեկացրեց, որ Սահմանադրության նախագիծն արժանացել է խորհրդարանի հավանությանը, և նախքան քարոզարշավի մեկնարկը, ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցությունն ու ԱԺԿ-ն հռչակագիր են ստորագրել քարոզարշավի շրջանակներում միավորվելու մի շտաբում` համատեղ աշխատանք իրականացնելու նպատակով:

Ա. Ղուլյանը խոսեց առաջին Սահմանադրության դերի մասին: Ըստ այդ Սահմանադրության` հանրապետությունում ստեղծվել են կառավարման համակարգի բոլոր ինստիտուտները, որոնք հնարավորություն են տվել Արցախում լուծել պաշտպանական և ԼՂՀ անկախության ճանաչման բնագավառներում առաջացած մի շարք խնդիրներ: Նա մատչելի ձեւով ներկայացրեց նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունն ու կարևորությունը: 2016 թվականի փետրվարից սկսվել են նոր Սահմանադրության նախագծի քննարկումները: Ապրիլյան պատերազմի պատճառով ավելի քան 2 ամիս այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, և միայն հուլիսից սկսվել են սահմանադրական բարեփոխումների քննարկումները: Երկար քննարկումների արդյունքում մասնագիտական հանձնաժողովը երկրի կառավարման մոդել ընդունեց նախագահականը և այն ներկայացրեց ԼՂՀ Նախագահին, ում համաձայնությունից հետո սահմանադրական բարեփոխումների նախագիծը դարձավ հասարակության լայն քննարկման առարկա: Նախագիծը հաստատվեց  ԱԺ-ի կողմից և ներկայացվեց երկրի Նախագահին, ում հրամանագրով էլ որոշվեց հանրաքվեի անցկացման օրը:

ԱԺ նախագահը մանրակրկիտ ներկայացրեց Սահմանադրության նոր նախագծի բոլոր հոդվածները, բացատրեց առանձնահատկությունները` կանգ առնելով փոփոխված որոշ հոդվածների վրա, որոնց իրականացումը հնարավոր է միայն համաժողովրդական հանրաքվեով: Ըստ Ա.Ղուլյանի` Սահմանադրությունը պետք է լինի ճկուն, սակայն ոչ դյուրությամբ փոփոխվող:

 Նա խոսեց Արցախում անկախության օրվանից գործած օրենքների, կառավարման ձևերի մասին, հետադարձ հայացքով ներկայացրեց ԼՂՀ անկախության 25 տարիներին երկրի տնտեսական ու քաղաքական ոլորտներում ունեցած ձեռքբերումները: Այդ օրենքների ու կառավարման ձևերի հիմքի վրա այսօր իրականացվում են նոր փոփոխություններ, որոնք միտված են ԼՂՀ անվտանգության պետական կառավարման համակարգի արդյունավետության ապահովմանը: Վերջինիս համար ստեղծված են բոլոր ինստիտուտները, որոնք, սակայն, գործում են դանդաղ:

Իր խոսքում Ազգային ժողովի պատգամավոր Ա. Թովմասյանը համոզմունք հայտնեց, որ նոր Սահմանադրության նախագծի ընդունման առաջամղիչը համարվելու է ազգային գիտակցությունը: Փետրվարի 20-ը կդառնա կրկնակի հիշարժան օր: Նաև համոզմունք հայտնեց, որ շրջանն ակտիվորեն կմասնակցի հանրաքվեին և ՙԱյո՚ կասի նոր Սահմանադրությանը: Ա. Թովմասյանն անդրադարձավ նաև ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության և ԱԺԿ համատեղ գործունեությանը:

Վերջում հանդիպման մասնակիցներն Ա.Ղուլյանին և Ա. Թովմասյանին ուղղեցին սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարցեր և ստացան սպառիչ պատասխաններ:

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի