[ARM]     [RUS]     [ENG]

ՏԻՄ-ԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հանրաքվեի ներկայացրած նոր Սահմանադրությամբ ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտում. այս մասին պարզաբանումներ ստացանք Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Լենա ՍԻՄՈՆՅԱՆԻՑ, ինչպես և հետաքրքրվեցինք բաժնի գործունեությամբ:

 Բաժնի պետի տեղեկատվությամբ` փոփոխված Սահմանադրությունում Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) վերաբերյալ գլուխը հիմնարար փոփոխությունների չի ենթարկվել: Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից եղել է առաջարկ, որի ընդունման դեպքում Ստեփանակերտը, Երևանի պես, կամրագրվեր որպես համայնք` օրենքներով սահմանված առանձնահատկություններով, սակայն առաջարկը չի ընդունվել: Փոփոխություններն էլ, հիմնականում, վերաբերում են համայնքի ղեկավարի ընտրություններին. եթե գործող Սահմանադրությամբ նախատեսված էր միայն ժողովրդի կողմից ընտրության ձևը, ապա փոփոխված Սահմանադրությունը նախատեսում է համայնքի ղեկավարի ուղղակի և անուղղակի ընտրություններ, այսինքն` կամ ժողովրդի կողմից, կամ` ավագանու: Առաջարկվող փոփոխություններից է նաև հետևյալը. փոքր համայնքներում, որոնց սեփական եկամուտների ծավալը մեծ չէ կամ ընդհանրապես չկա, ինչն անհնարին է դարձնում համայնքային նշանակության հարցերի լուծումը, նախատեսել սեփական եկամուտների աղբյուրներ ստեղծելու  հնարավորություններ: Նախատեսվում է նաև ավագանու դերի ամրապնդում, մասնավորապես` վերահսկողական լիազորությունների ուժեղացում:

Իրավաբանական և Ստեփանակերտի քաղաքային տեսչության եկամուտների բաժինների կողմից մշակվել և ԼՂՀ կառավարություն է ներկայացվել որոշման նախագիծ, որով պետք է հաստատվի համայնքի ավագանու կողմից  ՙԳույքահարկի մասին՚ և ՙՀողի հարկի մասին՚ ԼՂՀ օրենքներին համապատասխան արտոնություններ սահմանելու կարգը: Այս առաջարկը պայմանավորված է ԼՂՀ համայնքներում ներկայում ստեղծված իրավիճակով, երբ առկա են սոցիալապես անապահով, բազմազավակ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ, միայնակ թոշակառուներ, հաշմանդամներ և այլ անվճարունակ անձինք, ովքեր, ելնելով սոցիալական ծանր վիճակից, երբեմն հնարավորություն չեն ունենում ՙԳույքահարկի մասին՚ և ՙՀողի հարկի մասին՚ ԼՂՀ օրենքների պահանջներին համապատասխան կատարելու գույքահարկի և հողի հարկի գծով հարկային պարտավորությունները:

Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգի համաձայն, ավագանին արտոնություն  կսահմանի առանձին հարկ վճարողների համար տվյալ համայնքի վարչական տարածքում գտնվող (հաշվառված) և գույքահարկով ու հողի հարկով հարկվող օբյեկտ հանդիսացող գույքի և հողի մասով` տարվա համայնքի բյուջեի հաստատումից հետո: Հարկ վճարողներին գույքահարկի և (կամ) հողի հարկի արտոնություն կարող է սահմանվել ինչպես համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի նախաձեռնությամբ, այնպես էլ հարկ վճարողի հայցմամբ` համայնքի ղեկավարի եզրակացությամբ: Արտոնություն տրվում է միայն բարեգործական, մարդասիրական, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հասարակական կազմակերպություններին, սոցիալապես անապահով ֆիզիկական անձանց, ինչպես նաև այն դեպքերում, երբ արտոնություն տալու հիմնավորումը պայմանավորված է մարդու իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ: Հարկվող օբյեկտի, հարկի դրույքաչափի կամ հարկի նվազեցման գծով արտոնություն սահմանելիս արտոնության գումարը հաշվարկվում է` ՏԻՄ հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարների հաշվառմամբ: Հարկի հաշվարկման կամ վճարման ժամկետի, ինչպես նաև հարկային օրենսդրությունը և ԼՂՀ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի ու տուգանքների վճարման ժամկետի գծով արտոնություն սահմանելիս տվյալ բյուջետային տարում արտոնության գումարը հաշվարկվում է հետաձգվող հարկային պարտավորության գումարի նկատմամբ տվյալ բյուջետային տարվա ընթացքում արտոնության մնացած ժամանակահատվածի համար սահմանված կարգով հարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարի չափով:

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի գործունեության վերաբերյալ բոլոր նյութերը պատրաստվում են իրավաբանական բաժնի կողմից: Հրավիրվել է հանձնաժողովի 31 նիստ,  որի ընթացքում կայացվել է 52 որոշում՝ անչափահասի գույքի օտարման, անգործունակ ճանաչված քաղաքացիների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նկատմամբ խնամակալ և հոգաբարձու նշանակելու, պատրոնաժ սահմանելու վերաբերյալ: Երեխաների շահերին վերաբերող դատական գործերով տրվել է 32 եզրակացություն,  երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու մասին` 2, հաստատությունից դուրս գրելու մասին` 3 եզրակացություն: Երեխայի որդեգրման վերաբերյալ. որդեգրել ցանկացող անձի տրվել է 1 դրական եզրակացություն և որպես որդեգրման ենթակա հաշվառման է վերցվել 1 երեխա:

Բաժնի վրա է դրված նաև Ստեփանակերտի քաղաքապետարանին կից Անչափահասների գործերով հանձնաժողովի նյութերի պատրաստումը: Ըստ Լենա Սիմոնյանի` նշված հանձնաժողովներով անցած գործերով արտառոց դեպքեր չեն գրանցվել: Ուշադրության կենտրոնում են, ինչպես միշտ, անցումային հասակի երեխաների արարքները, որոնք չեն հատում դժվար տարիքաշրջանի օրինազանցության սահմանները: Կատարվել են Ստեփանակերտի քաղաքային ոստիկանության անչափահասների գործերով բաժնի կողմից ուղարկված նյութերի ընթացիկ հաշվառման աշխատանքներ, որի ընթացքում հաշվառվել է 39, հաշվառումից հանվել 42 անչափահաս:

Ընդդեմ Ստեփանակերտի քաղաքային համայնքի դատարաններ ներկայացվող բողոքները նվազել են: Ընդհանուր առմամբ, 2016 թվականին Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու կողմից կայացվել են թվով 60, Ստեփանակերտի քաղաքապետի  կողմից` 2215 անհատական որոշումներ, իսկ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներով բեկանվել է ընդամենը 2 որոշում:

Կատարվել է մեծ թվով քաղաքացիների ընդունելիություն, տրվել իրավաբանական խորհրդատվություն, պարզաբանումներ, առաջարկություններ, յուրաքանչյուր հարցի լուծման համար քաղաքացիներն ուղղորդվել են պատշաճ և լիազորված մարմնին:

Աշխատանքներ են տարվել Ստեփանակերտի քաղաքային համայնքի կողմից ընդունվող որոշումներն ու կարգադրությունները Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Օրենսդրական բացերը լրացնելու, ինչպես նաև լիազորությունների իրականացման ընթացքում բացահայտված թերությունները շտկելու նպատակով կատարվել են մի շարք իրավական ակտերի ընդունման և փոփոխությունների առաջարկներ: Մասնավորոպես, կառավարության հավանությանն են արժանացել ՙԱղբահանության և սանիտարական մաքրման մասին՚ ԼՂՀ օրենքը, ՙԲազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին՚ ԼՂՀ կառավարության որոշումն ընդունելու առաջարկը և հանձնարարություն է տրվել պատրաստել դրանց նախագծերն ու ներկայացնել կառավարության հաստատմանը, որից հետո այդ նախագծերը կուղարկվեն ԼՂՀ Ազգային Ժողով:

 

 Էմմա ԲԱԼԱՅԱՆ