[ARM]     [RUS]     [ENG]

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկը 5 խորհրդարանական եւ 3 արտախորհրդարանական ուժեր համատեղ տվեցին` նախորդ տարվա սկզբին:

Ժամանակի ընթացքում նոր Սահմանադրության հիմնական ուղղվածությունը հստակեցվեց, քաղաքական ուժերի դիրքորոշումները` եւս: Արդյունքում` Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկով Նախագահին ուղարկելու որոշումը խորհրդարանում միաձայն չանցավ. ներկա 28 պատգամավորներից 20-ը կողմ քվեարկեց, 7-ը` դեմ, 1-ը` ձեռնպահ: Փետրվարի 20-ին ընդառաջ՝ քվեատախտակին արձանագրված պատկերը քարոզարշավի տիրույթ տեղափոխվեց: 

ԱՅՈ

Կողմի պարագայում ամեն ինչ բավական արագ կատարվեց: 20 քվեն ապահոված քաղաքական ուժերը` ՙԱզատ Հայրենիք՚-ն ու Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, հունվարի 24-ին հայտարարեցին, որ քարոզարշավին մասնակցելու են միասնական ճակատով: Քիչ անց՝ ՙԱյո՚-ի ճամբարին միացան Արցախի ՙՀանրապետական՚, Կոմունիստական եւ Արմենական կուսակցությունները: ՙԱյո՚-ի քարոզարշավի ընթացքում հիմնական դեմքերը, սակայն, մնացին հենց խորհրդարանական ուժերը: Նույն ճակատով, բայց ոչ իրար կրկնող հիմնավորումներով՝ ՙԱԺԿ՚ եւ ՙԱզատ Հայրենիք՚-ի ղեկավարներ Աշոտ Ղուլյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպումներ են ունեցել հանրապետության բոլոր շրջաններում եւ մայրաքաղաքում: ՏԻՄ-ը պետք է կատարելագործվի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նորույթներ կան, որոնք ցանկալի է ներառել Ացախի Սահմանադրության մեջ, նախագահական կարգը պետք է` քաղաքական ճգնաժամերը բացառելու, արտաքին վտանգի դեպքում օպերատիվ գործելու համար, իսկ Արցախի տարածքների հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի միայն համաժողովրդական հանրաքվեի մակարդակով: Սրանք հիմնական հիմնավորումներն էին, որ քարոզարշավի ընթացքում փորձել են ընտրողներին հասցնել ՙԱյո՚-ի ճամբարի ներկայացուցիչները՝ դրանով իսկ պատասխանելով ընդդիմախոսների հակափաստարկներին: 

ՁԵՌՆՊԱՀ

Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկով երկրի Նախագահին ներկայացնելու որոշմանը Ազգային Ժողովում ՙձեռնպահ՚ է քվեարկել ՙՇարժում-88՚ կուսակցությունը ներկայացնող համանուն խմբակցությունը: Կուսակցությունը քվեարկությամբ էլ սահմանափակվել է: Քարոզարշավին չի մասնակցել: ՙԿողմ՚-ի եւ ՙԴեմ՚-ի հարցում կողմնորոշվելու հարցն էլ թողել է իր ընտրազանգվածի հայեցողությանը: Իսկ կողմնորոշվել պետք է. ի վերջո, փետրվարի 20-ին քվեաթերթիկում ՙՁեռնպահ՚ քվեարկելու հնարավորություն չի նախատեսվում: 

ՔՎԵԱՐԿԵԼ ԵՆ

Ազգային ժողովում քվեարկել են ՙԴեմ՚, սակայն Սահմանադրության առաջարկվող տարբերակից շատ չեն դժգոհ դաշնակցականները: Անգամ իրենց առաջարկներն են ներկայացրել` այն ավելի լավը դարձնելու նպատակով. առաջարկների մի մասը մասնագիտական հանձնաժողովն ընդունել է: Անհաղթահարելին կառավարման կարգի հարցում ունեցած տարաձայնությունն էր: Դաշնակցությունը խորհրդարանական կարգին է կողմնակից: Մասնագիտական հանձնաժողովը նախագահական կարգին նախապատվությունը տվեց. Դաշնակցությունը ՙԴեմ՚ քվեարկեց: Սակայն ակտիվ քարոզարշավ՝ կուսակցության անդամների եւ համակիրների շրջանակներից դուրս, դասական տարբերակով, չերեւաց: 

ՈՉ

Այս ճակատում ակտիվ գործողը ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցությունն էր: Առաջին իսկ հանդիպումներից կուսակցությունը նյութականացրեց ՙՈչ՚-ի հիմնավորումները: ՙՍահմանադրության ընդունման դեպքում գործող Նախագահը կկառավարի մինչեւ 2030թ.՚.- սա կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանի քարոզչության առանցքն էր: Դրանով ընդդիմադիր գործիչը Սահմանադրության հանրաքվեն նախագահական ընտրության մակարդակի հասցրեց. եթե դեմ ես գործող Նախագահին՝ դեմ քվեարկիր Սահմանադրությանը:

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

Ամռանն անցկացված սոցհարցման մասնակիցների մոտ 70 տոկոսը նշել է, որ քվեարկությանը կմասնակցի:  Նախորդ ընտրությունների փորձն ու այսօրվա տրամադրությունը հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ այսօր էլ այդ թիվը իրատեսական է: ՙԿողմ՚-ի եւ ՙԴեմ՚-ի ակնկալվող հարաբերակցությունում կողմնորոշվելն ավելի դժվար կլինի: Հավանականությունը, որ ՙԴեմ՚-ը մոտ 25 տոկոսի, պլյուս-մինուս 3, կարող է հասնել՝ առկա է. այս ակնկալիքի հիմքում նախորդ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում գրանցված ցուցանիշներն են, գումարած այն, որ ՀՅԴ-ն, համենայնդեպս, ՙԿողմ՚ չի քարոզել: Արդյունքում` Սահմանադրության նախագիծը կհաստատվի, բայց բավական ժողովրդավարական ցուցանիշներով՝ քվեատախտակի բազմագունությունը տեղափոխելով քվեատախտակից քվեաթերթիկ: Եվ եթե ՙԱյո՚-ի դափնիները ճամբարի մասնակիցները կարող են կիսել, ապա ՙԴեմ՚-ի հարցում ցանկացած ձեռքբերում ՙԱզգային վերածնունդ՚-ի օգտին կգրանցվի, որպես ճամբարի միակ ակտիվ գործող: Դա, սակայն, կլինի մեկանգամյա օգտագործման քաղաքական կապիտալ. կարող եմ նեղացած լինել իմ հարեւանից կամ ղեկավարից եւ դեմ քվեարկել Սահմանադրությանը, բայց` չլինել ՙԿողմ՚ ՙԱզգային վերածնունդ՚-ին: 

Հ.Գ. Չի բացառվում, որ փետրվարի 20-ի հանրաքվեն անվավեր քվեաթերթիկների թվով ռեկորդակիր դառնա. կան մարդիկ, որ եւ իշխանությունից են նեղացած, եւ ընդդիմությունից հույսը կտրած: Եվ դա ինչ-որ կերպ կարտահայտվի: