[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԱՍԱԾ ՙԱՅՈ՚-Ն ԱՅՈ Է ԱՐՑԱԽԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հանրաքվեին ընդառաջ` շարունակվող քարոզարշավի շրջանակներում՝ ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության նախագահն օրերս հանդիպել է Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ: Ինչո՞ւ ՙԱյո՜՚ եւ ինչո՞ւ հիմա: Մանրամասնել եւ պարզաբանումներից հետո ներկաների հարցերին է պատասխանել Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

 Հանդիպմանը Քաշաթաղի շրջանի ակտիվն է մասնակցել` համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Ամբիոնում Արայիկ Հարությունյանն է` ՙԱյո՚-ի հիմնավորումներով: Ի՞նչ վտանգներ է պարունակում գործող Սահմանադրությունը: Պրակտիկայում հաջողվել է դրանից խուսափել, բայց տեսականորեն` գործող Սահմանադրությունը քաղաքական ճգնաժամում հայտնվելու վտանգներ էր պարունակում, մանրամասնում է Արայիկ Հարությունյանը, եւ եթե հանրապետության Նախագահն Ազգային ժողովում աջակցող մեծամասնություն չունենա՝ այդ ճգնաժամը կարող է վտանգավոր կերպով երկարել: Հայաստանի Հանրապետությունը ճգնաժամերից խուսափելու համար փոփոխությունների գնաց եւ սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման կարգը ընդունեց: Այն, որ Արցախում նոր Սահմանադրությամբ կառավարման նախագահական կարգն է սահմանվում, թող ընտրողներին թյուրիմացության մեջ չգցի, վստահեցնում է Արայիկ Հարությունյանը, առաջարկվող տարբերակը խորհրդարանականից շատ չի տարբերվում: ՙՊարզապես երկրի առաջին դեմքը ոչ թե խորհրդարանի կողմից ընտրված վարչապետն է լինելու, այլ ժողովրդի կողմից ընտրված Նախագահը՚,- ընդգծում է ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության ղեկավարը:

Իշխանության գործադիր թեւը ներկայացնող Նախագահի հակակշիռը օրենսդիր մարմինն է լինելու` Ազգային ժողովը, որն անհամեմատ ավելի լայն լիազորություններ է ունենալու, քան ունի ներկայիս` կիսանախագահական կառավարման համակարգում գործող խորհրդարանը: ՙՆոր Սահմանադրությամբ խորհրդարանն է նշանակելու դատավորներին, ձեւավորելու Հաշվեքննիչ պալատը, ընտրելու Մարդու իրավունքների պաշտպանին,-թվարկում է Արայիկ Հարությունյանը: - Եվ, ամենակարեւորը, ընդամենը 17 պատգամավոր կարող է անվստահություն հայտնել երկրի նախագահին՚:

Հանդիպման մասնակիցներից շատերն էին հասցրել նախապես ծանոթանալ հանրաքվեի դրված նախագծին: Ոմանք նաեւ իրենց գնահատականներն ունեին: Նաեւ հարցեր հնչեցին: Տիգրան Բրուտյանն, օրինակ, հետաքրքրվում է` ի՞նչ երաշխիք կա, որ մի 10 տարի անց Սահմանադրությունը նորից  չի փոխվի: Արայիկ Հարությունյանը երաշխիքներ չի տալիս, բայց վստահեցնում է` կփոխվի, եթե մեր շուրջը շատ լուրջ փոփոխություններ կատարվեն, իսկ ավելի թեթեւ հարցերը նաեւ Սահմանադրության մեջ փոխելու հնարավորություն եւ իրավունք կունենա նաեւ խորհրդարանը` պատգամավորների երկու-երրորդի դրական քվեով: Իսկ կարեւոր հոդվածներում ցանկացած փոփոխություն հնարավոր կլինի միայն համաժողովրդական քվեով` հանրաքվեի միջոցով: Դրանց թվում նաեւ Սահմանադրության վերջին` 175-րդ հոդվածն է, որն Արցախի Հանրապետության իրավազորության սահմաններն է ամրագրում: ՙԴրանով մենք հերթական անգամ ենք ամրագրում, որ ոչ ոք իրավունք չունի մեր զինվորին հետ քաշվելու հրաման տալ: Արցախի տարածքներին վերաբերող ցանկացած որոշում պետք է ընդունի ժողովուրդը՝ հանրաքվեով: Այլ տարբերակ լինել չի կարող՚,- ընդգծում է Արայիկ Հարությունյանը:

Նորայր Հովսեփյան