[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍահմանադրական բարեփոխումների գործընթացը չի վերանայում պետականաշինության մեր փիլիսոփայությունը՚

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը  տիկնոջ հետ քաղաքացիական պարտքը կատարելու համար այցելեց հանրաքվեի Ստեփանակերտի թիվ 3/3 տեղամաս՝:

Նրան դիմավորեցին զուռնա-դհոլով՝ ազգային երգ-երաժշտությամբ, առաջին տիկնոջը՝ նաև ծաղկեփնջով: Քվեարկելուց հետո Նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին, շնորհավորեց  Արցախի վերածննդի 29-ամյակի կապակցությամբ, նշելով, որ փետրվարի 20-ը սկիզբ է դրել  Ազգային ազատագրական շարժմանը և ԼՂ  պետականության վերակերտմանը, ու պատահական չէ, որ  տարիներ անց հենց այդ տոնական օրը մասնակցում ենք  երկրի համար կարևորագույն  նշանակության իրադարձության՝ Սահմանադրական հանրաքվեին: Բ. Սահակյանը համոզմունք հայտնեց, որ այս հանրաքվեն  պետականաշինության գործընթացում  ևս մեկ  կարեւոր քայլ է դեպի առաջ: Նրա խոսքով, անցած տարիները լավագույն ապացույցն են ԼՂ հանրապետության  անշեղ ճանապարհի, իսկ Հանրաքվեով ժողովուրդը  որդեգրած արժեքներին  հայտնում է իր  հաստատակամությունն ու  հավատարմությունը:

Ըստ Բ. Սահակյանի, ազատագրական պայքարը լավ հնարավորություն է` ինքնուրույն տնօրինելու սեփական  ճակատագիրը, և Արցախը հաստատուն քայլերով առաջանալու է դեպի երազած ապագան:  Պատասխանելով հարցին` մեկնաբանել առկա տեսակետը, ըստ որի Սահմանադրական փոփոխություններն իրականացվում են իր՝ Նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու նպատակով,  նա ասաց, որ քաղաքական ուժերը նախաձեռնել են այդ գործընթացը  մեկ պարզ  նպատակով, և դրա մասին բազմիցս բարձրաձայնվել է: ՙԱյս քայլով հետապնդում ենք մի նպատակ՝ լրացուցիչ հնարավորություններ ստեղծել երկրի զարգացման, հզորացման համար: Սահմանադրական բարեփոխումները, իրավական մշակույթը կոչված են  ոչ թե մեկ անձի նպատակները երաշխավորելու, այլ իրավական մշակույթի պայմաններում և շրջանակներում տվյալ երկրի կյանքը կառուցելու, կենսագործունեությունը ապահովելու համար՚,-ասաց Բ. Սահակյանը, հավելելով, որ  այլ կերպ մեկնաբանողները ոչ միայն ճիշտ չեն, այլև անազնիվ են: Ունի՞ Բ. Սահակյանը նախագահի պաշտոնում հետագայում ևս առաջադրվելու նպատակ՝ այս մասին նա ասաց, որ տվյալ շրջանում պետությունը կենտրոնացել է սահմանադրական բարեփոխումների  աշխատանքների վրա. ճիշտ է, քաղաքական  ուժերի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել,  որ, երբ կգա ժամանակը, կխոսեն նաև ապագայի մասին. այն  ժամանակ կհայտարարվի ընդունված  որոշման մասին:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ փուլում են ՄԻԵԴ-ում ներկայացված գործերը, կապված ապրիլյան իրադարձությունների հետ, ի՞նչ քայլեր են արվում Արցախի ձայնը միջազգային հարթակներում լսելի դարձնելու համար:  Այսօրվա հանրաքվեն, Նախագահի խոսքով, այդ միջոցառումների շարքին է դասվում. ՙՍա հայտ է՝ ներկայացված միջազգային հանրությանը, որ շարունակելու ենք ժողովրդավարական արժեքների կողմնակից, հետևողական լինելու մեր դիրքորոշումը: Այս միջոցառումը ևս մեկ հնարավորություն է համոզվելու, որ մենք մեր սկզբունքներից հետ չենք քաշվել՚,- ասաց նա: -Սահմանադրական բարեփոխումների գործընթացը չի վերանայում պետականաշինության մեր փիլիսոփայությունը. մենք եղել ենք, կանք ու կմնանք ժողովրդավարական արժեքների և ազատ երկրում ապրելու կողմնակից, և դիտորդական առաքելություն իրականացնողները, կարծում եմ, կհամոզվեն, որ այն, ինչ հայտարարում ենք, համապատասխանում է իրականությանը՚:  Խոսք եղավ այն մասին, որ  միջազգային հանրությունը լեգիտիմ չի համարում այստեղ անցկացվող Հանրաքվեն և  կոշտ գնահատականներ է տալիս: Բ. Սահակյանը համաձայն չէ, որ գնահատականները կոշտ են. միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարություններով, նշելով, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունը ճանաչված չէ, հետևաբար Հանրաքվեի արդյունքները ընդունելի չեն լինելու: Բայց միջազգային հանրության կողմից նաև տեսակետներ են հնչեցվել, որ պետականաշինության զարգացման ուղղությամբ իրականցվում է  հերթական միջոցառումը, և այդ առումով Հանրաքվեն նրանք կասկածի տակ չեն դնում:

Հանրաքվեի 3/3 տեղամասային հանձնաժողովի նախագահ Վանիկ Ղազարյանի տեղեկատվությամբ, հանրաքվեի ընթացքը նորմալ է, քվեարկողների հոսքը՝ ակտիվ. ժամը 11-ի դրությամբ արդեն քվեարկել էին ավելի քան 200 հոգի: Երկու ժամ անց դրանց թիվը շուրջ 400 էր: Այդ տեղամասում  ընտրողների թիվը կազմում է 1350: Ստացվում է, որ օրվա առաջին կեսին տեղամաս է այցելել ընտրողների ընդհանուր թվի ավելի քան 30 տոկոսը: Հանձնաժողովի նախագահն իրազեկեց, որ  տեղամաս են այցելել բազմաթիվ դիտորդներ և լրագրողներ (ըստ տեղեկությունների, դրանց թիվն անցնում է երկու տասնյակից, շուրջ 104-ը միջազգային դիտորդներ են): Արտասահմանցի դիտորդներ նրանց մեջ այդ ժամի դրությամբ չեն եղել:

Հանրաքվեի այդ տեղամասում մենք հանդիպեցինք Ազատ Հայրենիք և ԱԺԿ կուսակցությունների ներկայացուցիչների: Նրանք նշեցին, որ որևէ օրինախախտում կամ բողոքի հայտ չի եղել: Ընտրացուցակների տվյալների անճշտության, թյուրիմացությունների դեպքեր ևս չեն արձանագրվել:

Սրբուհի ՎԱՆՅԱՆ