[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Փետրվարի 20-ին՝ Հանրաքվեի օրը, լրագրողների խնդրանքով  ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԸ որոշ հարցերի շուրջ ներկայացրել է իր մեկնաբանությունները.

 - Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում ընտրողների հաճախելիության մակարդակը:

- Կարծում եմ`  բավականին բարձր, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հանրապետության բնակչության մեծ մասը  սովորաբար քվեարկության է ներկայանում  օրվա երկրորդ կեսին։ Մանավանդ որ օրը նաև տոնական է՝ Արցախի վերածննդի օրն է։ 

-Մարդիկ, ովքեր քննադատում էին սահմանադրական  բարեփոխումների նախագիծը,  նշում էին, որ այն արվում է Բ. Սահակյանի՝ այդ պաշտոնում մինչև  2030 թվականը մնալու նպատակով:  

-Ես չեմ կարծում, որ այդ փոփոխությունը դիտարկելի է նման տեսանկյունից։ Ի վերջո, սա պետության մայր  օրենքն է, այն պետք է ծառայի երկրին տարիներ շարունակ, և  փոփոխությունները որևէ անհատի հետ կապելը ճիշտ չէ։ Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ անհրաժեշտություն կա  Սահմանադրության մեջ  ավելի շատ տեղ հատկացնել մարդու իրավունքներին, իսկ գործող Սահմանադրությունում այդ բացն առկա է։ 

-Քննադատողները նաև ասում են, որ Նախագահը հրապարակավ չի հերքել երկրորդ ժամկետից հետո  իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին խոսակցությունները։ Գուցե Նախագահի կողմից նման հայտարարություն եղե՞լ է։ 

- Նոր Սահմանադրությամբ  նախագահական ընտրությունների մասով նախատեսվում է նաև  երեք  տարվա անցումային ժամանակահատված։ Չեմ ուզում այսօր  խոսել այնպիսի  երևույթների մասին, որոնք քաղաքական օրակարգում առայժմ չկան։ Դժվար է ասել, թե իրավիճակն ինչպիսին կլինի հետագայում։  Առաջին հերթին կարևոր է, որ սահմաններում  կայունություն լինի, և երկրի  անվտանգությունն ապահովվի։ Իսկ մնացած զարգացումները ցույց կտա ժամանակը։

-Միջազգային  հանրությունը ևս (այդ թվում` Մինսկի խումբը) հայտարարություններ է արել, որ չի ընդունում հանրաքվեի արդյունքները և դրանք չեն կարող կանխորոշել ԼՂՀ վերջնական կարգավիճակը: 

-Մինսկի խմբի  համանախագահները նշել են, որ չեն ընդունում հանրաքվեի  արդյունքները ԼՂՀ իրավական կարգավիճակի փոփոխության տեսակետից։ Դա այդպես է։ Այս հանրաքվեն մեր իրավական կարգավիճակը որևէ ձևով չի փոխում, որովհետև  Արցախի ժողովուրդը 1991թ.  սեպտեմբերի 2-ին հռչակեց ԼՂ Հանրապետությունը, այնուհետև, նույն թվականի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի ժամանակ վերահաստատեց իր կամքը։ Այս Սահմանադրությունը չի վերանայում իրավական կարգավիճակը, նրանք այստեղ իրավացի են: Բայց այս հայտարարության մեջ կա ավելի կարևոր կետ, որտեղ նրանք նշել են, որ  այսօրվա  հանրաքվեն  երկրի ներքին կյանքը կարգավորելու մի ձև է։ Փաստորեն, միջազգային հանրությունը ճանաչում է այն և ողջունում, մանավանդ որ այն ժողովրդավարական ձևով է անցնում։

-Պարոն  Բաբայան, Լապշինի  գործի վերաբերյալ Ձեր մեկնաբանությունը։ Կարծիք կար, որ այդ գործը կարող է նախադեպ լինել, որպեսզի  դիտորդները զգուշանան Արցախ այցելելուց, այնուամենայնիվ, հարյուրից ավելի միջազգային  դիտորդներ են եկել Արցախ հետևելու  հանրաքվեի ընթացքին:

-Այն կարելի է դիտարկել երկու  տեսանկյունից։ Առաջինը՝ քաղաքական. այն վատ ազդեցություն ունեցավ նախ Բելառուսի և Ադրբեջանի վարկանիշի վրա, և երկրորդը՝ ֆինանսական. Արցախն այնքան  մարդ է այս օրերին այցելել, որ շուտով  Ադրբեջանի  կառավարությունը ստիպված կլինի պատկառելի  գումար հատկացնել  լոբբիստական գործունեության համար։ Այդ գումարի մի զգալի մասը կգնա որոշ մարդկանց գրպանը։ Այդպիսով՝ այդ գործը ֆինանսական առումով  Ադրբեջանի համար նոր հորիզոններ, նոր հնարավորություններ է բացում: Ինչ վերաբերում է բազմաթիվ դիտորդների այցին Արցախ, ապա դա միջազգային հանրության պատասխանն է Ադրբեջանի բռնապետությանը: 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ