[ARM]     [RUS]     [ENG]

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԿԱՐՈՂ Է ՕՐԻՆԱԿԵԼԻ ԼԻՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՈԼՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սահմանադրական հանրաքվեի հաջորդ օրը հագեցած էր դիտորդական առաքելությամբ մեր հանրապետությունում գտնվող պատվիրակությունների մամուլի ասուլիսներով: 

 Մինչ հանրաքվեի ընթացքի վերաբերյալ սեփական  գնահատականը ներկայացնելը` ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց Արցախի ժողովրդին Վերածննդի օրվա առթիվ` նշելով, որ պատմական այդ օրը արցախցիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ընթանում են ազգային վերածննդի և համերաշխության ճանապարհով: Ըստ նրա` խորհրդարանական  բազմակուսակցական պատվիրակությունը բաժանվել է երեք խմբի և քվեարկությանը հետևել  30-ից ավելի համայնքներում: Նրանք ականատես են եղել մասնակցության բարձր ցուցանիշի։ Պատվիրակության անդամները նաև հարցախույզ են  անցկացրել բնակիչների շրջանում` պարզելով, որ մարդիկ բավական իրազեկված են, թե ինչ փոփոխություններ են  նախատեսվում և ինչ է սպասվում հանրաքվեին ՙայո՚ ասելու դեպքում։

ՙՍահմանադրական այս հանրաքվեն ցույց տվեց, որ Արցախի ժողովուրդը միասնական է` անկախ  ու ազատ հայրենիքում կառուցելու ժողովրդավարական պետություն: Այս գործընթացը ևս մեկ անգամ ապացուցում է, և միջազգային դիտորդական խմբերի արդեն իսկ հնչեցրած հայտարարությունները դա են փաստում, որ Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացներն անհամեմատելի են հարևան պետությունում ընթացող համապետական նշանակության նման գործընթացների հետ՚,-նկատեց նա: Ըստ բանախոսի` Արցախում ապրիլյան իրադարձություններից հետո  առաջին համապետական միջոցառման ընթացքում Արցախի հանրությունը միասնաբար ցույց տվեց, որ անկախ կրկնվող ռազմական սադրանքներից, անշեղորեն ընթանալու է ազատ և անկախ իր պետությունը զարգացնելու ճանապարհով: ՀՀ ԱԺ փոխխոսնակն այն համոզմունքը հայտնեց, որ Արցախում տեղի ունեցած հանրաքվեն կարող է օրինակելի լինել տարածաշրջանի բոլոր պետությունների համար` նշելով, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր է, քանի որ այստեղ արդեն ավելի քան 25 տարի կառուցում են ժողովրդավարական երկիր, որը խարսխված է սեփական քաղաքացիների վստահության վրա: 

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Արցախում իրականացված հանրաքվեի վերաբերյալ վերջին հայտարարությանը` Էդ. Շարմազանովը նշեց, որ տարիներ շարունակ այդ պետության ղեկավարի հնչեցրած որևէ հայտարություն չի բխում տարածաշրջանային խաղաղության և կայունության շահերից, դեմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներին և դիվանագիտական ու բանակցային տրամաբանությանը: ՙԵս համոզված եմ, որ այդ պետությունում հնչող յուրաքանչյուր նման հիվանդագին հայտարարությունից հետո ավելի անխուսափելի է դառնում Արցախի Հանրապետության մոտալուտ ճանաչումը՚,-ասաց նա: 

                                                                                                                 

 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ