Logo
Print this page

ԱՌԿԱ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Վստահաբար հայտարարում են միջազգային դիտորդները 

 Էմմա ԳԱՄԻՍՈՆԻԱ (Աբխազիայի Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ).- Մեր պատվիրակության կազմում ընդգրկվել են ևս երկու պատգամավոր. նրանցից մեկը ազգությամբ հայ է՝ Գալստյան Լևոն Մերուժանի։ Եղել ենք մի քանի ընտրատարածքներում, համոզվել, որ ձեզ մոտ ժողովրդավարության ինստիտուտը բավականաչափ զարգացում է ապրել։ Մարդիկ հաճույքով էին գնում քվեարկելու։ Ամենուրեք խաղաղ տրամադրություն և խաղաղ կոչեր էին։ Պահպանվել են օրենքի տարրը, ընդունված համընդհանուր չափանիշները։ Արդյունքներն ակնառու են. կարող ենք շնորհավորել։ Ձեր ժողովրդի  համար սա իսկապես մեծ տոն է, և մենք մեծ ոգևորությամբ ենք ընդունել այն ամենը, ինչ տեղի ունեցավ ձեր երկրում։ Մեր պատվիրակությանն ընդունել են հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը,  Ազգային ժողովի նախագահն ու արտաքին գործերի նախարարը։  Ուզում եմ ընդգծել, որ պատվով են մեզ ընդունել, և մեզ համար էլ մեծ պատիվ էր որպես դիտորդ հետևել հանրաքվեին։ Փորձի փոխանակման անհրաժեշտություն եմ տեսնում։ Մարտին Աբխազիայում ընտրություններ են սպասվում, և մենք էլ մեր հերթին արցախցիներին ենք հրավիրում։ 

Հանրաքվեին ադրբեջանական արձագանքի առնչությամբ միայն կասեմ, որ մենք նույնպես մեր  ճանապարհին բազում խոչընդոտների ենք հանդիպել։ Առավել կարևոր է այն, որ Ղարաբաղում զարգանում է ժողովրդավարության ինստիտուտը, և այս հանրաքվեն էլ անցկացվեց գործող օրենքին և միջազգային հանրության կողմից ընդունված  չափանիշներին համահունչ։ Իսկ դա  շատ ավելի վեհ է և տրամաբանական ոչ մի կապ չունի Ադրբեջանի վարած քաղաքականության և ՙսև ցուցակի՚ հետ։ Նրանց կողմից մեծ սխալ է թույլ տրվել. երբ մարդիկ հոգ են տանում իրենց ինքնորոշման մասին և կառուցում են իրենց պետությունը, դրանից վեր ոչինչ չի կարող լինել։   

 

Օսկար ԼՈՊԵՍ ԳՈԼԴԱՐԱՍԵՆԱ  (Ուրուգվայ, փաստաբան, նախկին սենատոր, ՙՈւրուգվայ-Լեռնային Ղարաբաղ՚ ֆորումի անդամ).- Առաջին անգամ եմ այցելում Արցախ։  Մեր ֆորումը միավորում է քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Նպատակը խաղաղ գործընթացներին նպաստելն է, նաև Արցախի ինքնորոշման իրավունքին սատարելը։ Ուրուգվայն աշխարհի առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ցանկանում ենք, որ այն լինի նաև  Արցախի անկախությունը ճանաչած առաջին երկիրը։ Վստահ ենք, որ առկա են ինքնորոշման իրավունքի իրացման բոլոր նախապայմանները։ Ես չեմ հոգնում պնդելուց, որ այս ժողովուրդն արդեն ինքնորոշվել է, անկախացել, մարդիկ պարզապես իրացնում են իրենց քաղաքացիական իրավունքը։  Եվ բացարձակապես նշանակություն չունի՝ միջազգային հանրության կողմից երկիրը ճանաչվա՞ծ է, թե՞ ոչ։ Հենց միայն շնորհիվ իր պատմության՝ Արցախն իրավունք ունի ճանաչվել որպես անկախ պետություն։ 

Ուրուգվայն էլ փոքր երկիր է։ Կարծում եմ, խաղաղությունը երաշխավորելու մեկ ձև գոյություն ունի. այնպես անել, որ և՜ մեծ պետությունները, և՜ փոքրերը հարգեն ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա  ավելի բարձր հասկացություն է, քան ուժը։ Իրավունքը խաղաղությունն ապահովելու ավելի մեծ ուժ ունի։ Աշխարհում խաղաղության հասնելու ընդունված ձևը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ու մշակութային բազմազանությունը հարգելն է։ Շատ հասարակ բան եմ ասում, բայց, իրոք, այդպես է։ 

Իմ և ՙՈւրուգվայ-Լեռնային Ղարաբաղ՚ ֆորումի անունից կարող եմ ասել, որ անհրաժեշտ է գնալ խաղաղության և ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը։  Արցախը պետք է համարվի անկախ պետություն։ 

Անհրաժեշտ է շարժվել իրավունքի գերակայության սկզբունքով։ Ադրբեջանն իրավացի չէ, ուստի և դիմում է այնպիսի միջոցների, ինչպիսիք են հրադադարի ռեժիմի խախտումն ու ուժի կիրառումը։ 

Արպե ՀՈԼԳԵՐ (Գերմանիա, ՙԱյլընտրանք Գերմանիայի համար՚ կուսակցության ներկայացուցիչ).- Առաջին անգամ եմ Ղարաբաղում։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից։ Մեծ ուշադրությամբ էինք հետևում Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին դեռևս ձեր պայքարի սկզբնական փուլում։ Հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո մեզ հետաքրքրում էր այն ամենը, ինչ  տեղի էր ունենում այստեղ։  Գերմանիայի Բունդեսթագը քննադատական վերաբերմունք ունի այս տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը վտանգի տակ դնող ուժերի նկատմամբ։ Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է, արտաքին աշխարհի հետ կապերը թույլ են։ Եթե այստեղ ժողովրդավարական գործընթացները զարգացում ապրեն, դա միայն դրական ազդեցություն կունենա միջազգային հանրության հետ  ձեր հարաբերությունների վրա։ Ընդհանրապես, տարածաշրջանի խաղաղությունը հիմնված է ժողովուրդների ինքնորոշման և նրանց անկախության վրա։ Եվ եթե ժողովուրդը կարողանում է իր սեփական երկրում ապրել խաղաղ կյանքով, դա միայն պետք է ողջունել ու պաշտպանել։    

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.