Logo
Print this page

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ

Ավստրիայի պատվիրակության ներկայացուցիչ, Ավստրիայի դաշնային զորքերի պաշտոնաթող գեներալ-մայոր, Վիեննայի երկրամասային խորհրդարանի պատգամավոր  Վոլֆգանգ  Յունգը նախ շնորհակալություն հայտնեց կրկին Արցախ այցելելու հնարավորության համար` նշելով, որ հանրաքվեի ընթացքին հետևել է թե՜ մայրաքաղաքում, թե՜  հանրապետության գյուղերում տեղակայված տեղամասերում: 

 Նա դրական տպավորություններով է հեռացել տեղամասերից: ՙՄենք նաև քաղաքացիների հետ զրուցելու հնարավորություն ենք ունեցել և կրկին համոզվել, որ դուք անկոտրում եք ձեր ընտրած ճանապարհին՚,-ասել է նա: Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ ապագայում ևս կհաջողվի այցելել Արցախ:

***

Դիտորդական առաքելությամբ մեր հանրապետություն այցելած Բասկերի Երկրի ներկայացուցիչները ևս ներկայացրել են իրենց գնահատականները: Այդ երկրի խորհրդարանի նախկին անդամ Ռաֆա Լարեյնան նշել է, որ գործընթացը շատ ճիշտ էր կազմակերպված, և քվեարկության արդարացիության ու թափանցիկության վերաբերյալ իրենց մոտ  կասկածներ չեն ծագել, քանի որ  որևէ խախտում չեն նկատել: Նրա համոզմամբ`  հանրաքվեն լիովին համապատասխանում է ժողովրդավարական միջազգային չափորոշիչներին և կարող է օրինակ ծառայել այն երկրների համար, որտեղ ժողովրդավարության պակաս կա: 

Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա Լոպես դա Լակալայինը նույնպես ներկայացրել է իր դիտարկումները` նշելով, որ արդեն երրորդ անգամ է այցելում Արցախ և ամեն անգամ, չնայած դժվարին իրավիճակին, ուրախացնող առաջընթաց է արձանագրում կյանքը բարելավելու ուղղությամբ: Ըստ նրա` հանրաքվեն անց է կացվել բավական բարձր մակարդակով, բողոքներ չեն արձանագրել: Օրվա ընթացքում նրանք  այցելել են հանրապետության տարբեր բնակավայրերի 14 տեղամաս և ամենուր ականատես  եղել գործող ժողովրդավարության օրինակների: ՙԵս շատ ուրախ եմ, որ, չնայած պատերազմի մշտական վտանգին, արցախցիներն ամրապնդում են պետականությունը, զարգացնում իրենց տնտեսությունը: Դուք մտածում եք ոչ թե այսօրվա, այլ ապագայի մասին: Ձեզ համար ամենակարևորը ապագա սերունդներին արժանապատիվ երկիր կտակելն է՚- ասել է դա Լակալայինը: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` բանախոսը շեշտել է, որ հանրաքվեն ժողովրդավարության հրաշալի մի օրինակ էր: ՙՔվեարկողների հետ ունեցած շփումները բերել են այն համոզման, որ բոլորն էլ գիտակցում են իրենց առաքելությունը հանրաքվեին,-ասաց նա: -Մենք պատրաստ ենք դառնալ ձեր խոսափողը նաև այն երկրներում, որոնք կողմնակալ վերաբերմունք ունեն կամ ամտեղյակ են այս ամենին՚: Բանախոսի տեղեկատվությամբ` այս տարվա մարտին Լեհաստանում պատվիրակությունը զեկույց է ներկայացնելու, որտեղ տեղ կտրվեն նաև Արցախի խնդիրներին: 

***

ՙՀայաստանի եվրոպացի բարեկամներ՚ կազմակերպության (EuFoA) գործող նախագահ Մայքլ Քեմբեքը, առաքելության անդամներ Հանս-Յոխեն Շմիդտը (Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան) և դոկտոր Հանս-Յուրգեն Զահորկան  (Եվրոպական միության արտաքին հարաբերությունները լուսաբանող ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրախորհրդարանի նախկին անդամ)  ևս հանդես են եկել մամուլի ասուլիսով: 

Հանս-Յոխեն Շմիդտը, ով մինչեւ 2013-ը Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնն էր զբաղեցնում Երեւանում, նախ խոսեց միջազգային հանրության շրջանում Արցախի շահերը ներկայացնելուն միտված իր գործունեության մասին` նշելով, որ վերջին շրջանում աշխարհում ուժգնացող թեժ հակամարտությունների կողքին արցախյան հարցը հետին պլան է մղվել: Նա իրազեկեց, որ նոր են վերադարձել առաջնագծից, որտեղ զրուցել են զինվորների և սպաների հետ, ծանոթացել այնտեղ գրանցված փոփոխություններին: Կազմակերպության ներկայացուցիչներն օրվա ընթացքում հասցրել են լինել տարբեր տեղամասերում, որտեղ խախտումներ չեն արձանագրել: Մայքլ Քեմբեքի  խոսքով` իրենց պատվիրակությունը  դիտարկումների արդյունքում կարող է փաստել, որ հանրաքվեն լավ էր կազմակերպված և ԼՂՀ քաղաքացիների համար անհրաժեշտություն էր՝ Ադրբեջանի կողմից աճող ռազմական վտանգի պայմաններում հատկապես 2016-ի ապրիլին տեղի ունեցած դեպքերից հետո։ Հանրաքվեին բնակչության 76,5 % մասնակցությունը և 87,6 % ՙԿողմ՚ քվեարկելը խոսում է միայն ժողովրդի ազատ կամարտահայտության մասին: Արդյունքները հստակորեն արտահայտում են մարդկանց ընտրությունը: Նա ասաց, որ հանրաքվեի օրը եղել են  տարբեր համայնքներում, անգամ այցելել են  19 ընտրող ունեցող աննշան գյուղ: Որոշ տեղերում նկատել են տեխնիկական փոքրիկ թերություններ, որոնք չէին կարող ազդել հանրաքվեի վերջնական արդյունքների վրա: 

Մ. Քեմբեքը նաև նշեց, որ հանդիպել են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ: Նա խնդիր համարեց քարոզարշավի ընթացքում ԶԼՄ-ներում նրանց նվազ ներգրավվածությունը: ՙԱյստեղ որոշ զարգացումների հստակ անհրաժեշտություն կա, ինչը կնպաստի ընտրական գործընթացի հանդեպ տեղական և միջազգային վստահության աճին՚,-ասաց նա: Պատվիրակության անդամ Հանս-Յուրգեն Զահորկան  ասաց, որ ուսումնասիրել է  Արցախի նոր Սահմանադրության տարբերակը` հատկանշելով, որ չնայած այն հասկանալի պատճառներով հնարավոր չի եղել ներկայացնել Եվրախորհրդի ՙԺողովրդավարություն՝ իրավունքի միջոցով՚ եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձաքննությանը, սակայն որևէ կերպ չի հակասում եվրոպական չափորոշիչներին, և օրենքում ներառված բոլոր հոդվածներն էլ կարելի է բնութագրել որպես ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխանող:  

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.