[ARM]     [RUS]     [ENG]

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ

Հերթական մամուլի ասուլիսում Բոլիվիայի Պատգամավորների պալատի խորհրդարանականները շեշտեցին, որ Արցախ են ժամանել Բոլիվիայի  նախագահ Էվո Մորալեսի հրահանգով, անչափ տպավորված են  այս երկրի գեղեցկությամբ, բնակչության հյուրընկալությամբ, պետական այրերի ուշադրությամբ, ինչի համար շնորհակալ են։ 

 Որպես միջազգային դիտորդներ` հնարավորություն են ունեցել լինել տարբեր  տեղամասերում, տեսնել, թե ինչպես է ժողովուրդը քվեարկում։ Նրանք վստահություն հայտնեցին, որ հանրաքվեից հետո երկիրը նոր քաղաքական ուղղություն կորդեգրի, որը զարգացման նոր փուլ կմտցնի այն։ 

Պատգամավոր  Նելլի Լինսն   արցախցիներին փոխանցեց Է. Մորալեսի ջերմ  ողջույնները, նշելով, որ  որպես բազմազգ  և  ժողովրդավարություն կերտող պետության ներկայացուցիչներ, ուրախ են  դիտորդական առաքելություն իրականացնելու   ժողովրդավարական  ակտ հանդիսացող  միջոցառման՝ հանրաքվեի ժամանակ։ Նրանց դիտարկումներով` բնակչության մասնակցության մակարդակը հանրաքվեին բարձր էր։ ՙՈւրախ ենք   առաջին անգամ Արցախում լինելու առիթի համար, հույս ունենք, որ  առաջիկայում նորից կայցելենք, կակտիվացնենք համագործակցությունը,  փոխառելով արցախցիների և տալով սեփական փորձը տարբեր բնագավառներում՚,-ասաց նա: Խորհրդարանականները նշեցին, որ աշխատում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, և պատահական չէ, որ  Բոլիվիան  արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 

 

***

ՌԴ պատվիրակությունը՝ քաղաքագետ Վալերի Կորովին, քաղաքական և ռազմական փորձագետներ Ալեքսանդր Սկակով և Վլադիմիր Եվսեև կազմով, նույնպես հանդես եկավ լրագրողների ու դիտորդների առջև: Նշվեց, որ հանրաքվեն  անչափ կարևոր է ժողովրդավարության կառուցման ճանապարհին, և Արցախի Հանրապետությունում դրան  մասնակցության բարձր մակարդակը տեսնելով, կարելի է փաստել, որ ժողովուրդն անտարբեր չէ սեփական երկրի ճակատագրի հանդեպ։ 

Վ. Կորովինը շեշտեց, որ ՌԴ-ում հաճախելիության նման բարձր ցուցանիշ չի արձանագրվում։ Ռուսական պատվիրակությունն այցելել է  շրջաններում տեղակայված  տեղամասեր, շփվել   թալիշցիների հետ,  գնահատել ՙապրիլի՚ թողած ազդեցությունը ժողովրդի վրա,  ու զարմացած է նրանց՝ իրենց օջախները  վերադառնալու ու կրկին շենացնելու վճռականությամբ։ 

ՙԱյցելելով, տեսել ենք, որ մարդիկ քվեարկության են գնում բարձր  գիտակցությամբ: Որևէ ճնշում ընտրության հարցում չի զգացվել։  Վստահությամբ կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես ժողովրդավարական պետություն, լրիվ կայացել է՚,- սա Վլ.Եվսեևի  կարծիքն է, ով բավականին հաճախ է հյուրընկալվում մեզ:- Արցախը մի պետություն է, որը  լրիվությամբ կարող է  ինքնուրույն գոյություն ունենալ, ոչ միայն պաշտպանել իրեն, այլև  զարգանալ: Այն կարող է և պետք է անկախություն ունենա և անպայման բանակցությունների կողմ լինի՚։

Ալեքսանդր Սկակովի դիտարկմամբ, ժողովրդի մեջ վստահություն կա իր ուժերի, ապագայի նկատմամբ. դա  ողջունելի է, և փաստում է այն մասին, որ այս ժողովրդին ոչինչ չի կոտրի։  

***

Ռուսաստանի պատվիրակության մամուլի ասուլիսից անմիջապես հետո հանդես է եկել  Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի արհեստավարժ միջազգային պատվիրակությունը։ Անկարելի է թերագնահատել Հայ Դատի հանձնախմբի դերն   ազգային հարցերի  բարձրացման, լուծման գործում: Արդեն երկրորդ  անգամ է, որ նրա անմիջական ջանքերով   մասնագիտացված միջազգային դիտորդների խումբ է  բերվում Արցախ։ Այս անգամ պատվիրակության ղեկավար Կասպար Կարապետյանին ուղեկցում էին 12 դիտորդ  Իսպանիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Լատվիայից, Ռումինիայից և Սլովենիայից։ Նրանք պրոֆեսիոնալ դիտորդներ են, որոնք աշխատում են տարբեր կազմակերպությունների համար։ 

Կ. Կարապետյանը   ներկայացրեց նրանց եզրակացությունը` ասելով, որ   որոշ դիտողություններ ունեն։ Նա միաժամանակ  նշեց, որ ուրախությամբ է տեղեկացել ՀԿՀ նախագահ Ս. Արզումանյանից, որ նախկինում դիտորդների կողմից արձանագրված թերացումները շտկվել են։ Առաքելության բոլոր դիտորդները եզրակացրել են, որ ընտրական հարցերով պատասխանատուներին հաջողվել է հանրաքվեի  օրինակելի գործընթաց անցկացնել։ Պահպանվել են միջազգային բոլոր չափանիշները, այն  կազմակերպվել է պրոֆեսիոնալ  մակարդակով։   Ութ մասնագետ-դիտորդներն այցելել են  48 ընտրատեղամաս և փաստում են, որ հանրաքվեն օրինական է,  օրենսդրությամբ նախատեսված  բոլոր  նախադրյալներով և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, մասնակցությունը՝ բարձր։ Փոքր բացթողումների շարքում ընդգծվեց, որ երեք ընտրատեղամասերում մարդիկ կային, որոնք չպիտի գտնվեին ներսում, իսկ մեկ ընտրատարածքում հասարակական կազմակերպության ներկայացուցիչը ցույց էր տալիս ընտրողին, թե ինչպես քվեարկել։ Նշվեց սակայն, որ այդ բացթողումները  հանրաքվեի արդյունքների վրա չեն ազդել, և դիտորդները տալիս են դրական եզրակացություն։ 

 

* * *

 Հանրաքվեի վերաբերյալ իր եզրակացությունը տվեց նաև Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը։ Մնացած դիտորդների նման, նա նույնպես փաստեց, որ գրեթե 76 տոկոս մասնակցությունը բարձր ցուցանիշ է։ 

ՙԱրցախցիներն ընտրությունների, հանրաքվեների  գնում են գիտակցումով, որ նման միջոցառումներն անչափ կարևոր են: Նրանց համար դա   աշխարհին ուղղված  մանիֆեստ է այն մասին, որ իրենք կան, անկախ են և պատրաստ՝ զարգացնելու իրենց երկիրը։ Հանրաքվեն, ինչպես և Արցախում ընթացող մյուս ընտրությունները, անցել  են թափանցիկ,  և ավելի լեգիտիմ են, քան բազմաթիվ ճանաչված երկրներում։ Այս հանրաքվեն հետաքրքիր էր ոչ միայն որպես տեղական իրադարձություն, այլև որպես ընտրական գործընթացների ուսունասիրության նյութ մասնագետների համար, քանի որ  այստեղ կան սեփական մշակումները,  ընտրությունների անցկացման տեխնիկական, տեխնոլոգիական լուծումները։ Հաջորդ ընտրական գործընթացը,  որ այստեղ պիտի կայանա, պետք է  օգտագործվի, այն ուսումնասիրելու համար հրավիրվի  փորձագետների լայն  շրջանակ՚,- ասաց Դ. Դվորնիկովը։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ