Logo
Print this page

ԴԻՏՈՐԴՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հանրաքվեի ավարտից հետո միջազգային դիտորդական խմբերը հրավիրեցին մամուլի ասուլիսներ։ Առաջին ասուլիսը տրվեց հենց փետրվարի 20-ի երեկոյան՝ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության ղեկավար Գրիգորի Դիեչենկոյի կողմից։

 Նշելով, որ օրը հիշարժան է Արցախի  համար, Գ. Դիեչենկոն համոզմունք  հայտնեց, որ կայացած հանրաքվեն  երկրի զարգացման համար հերթական փուլ կլինի։ Նա նշեց, որ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունը հետևել է ոչ միայն տեղամասերում քվեարկության ընթացքին, այլև ներկա է գտնվել քվեատուփերի կնքման, քվեաթերթիկների հաշվման և մյուս արարողակարգերին։

 Պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտ և Շուշի քաղաքների,  Սզնեք, Կ. Շուկա, Ճարտար, Սարուշեն համայնքների ընտրատարածքներ. խախտումներ չի արձանագրել։ Նրանց դիտարկումներով, գյուղական բնակչությունն առավել ակտիվ էր մասնակցում հանրաքվեին և կարծես առավել  տրամադրված էր Սահմանադրական բարեփոխումներին կողմ քվեարկելուն։ Գ. Դիեչենկոն հայտարարեց` իրենց այցելած տեղամասերից մեկում հանրաքվեին ընտրողների մասնակցությունը 100%-ոց էր։ Դա թիվ 10/70 տեղամասն էր՝ Շուշիի  կալանավայրը։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.