[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ ՔՎԵԱՐԿԵՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ

Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով մեր հանրապետություն ժամանած հյուրերը փետրվարի 21-ին մամուլի ասուլիսներ անցկացրին ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար՝ հրապարակելու իրենց  գնահատականներն ու տպավորությունները։

Օրվա առաջին ասուլիսով հանդես եկան Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելը (Արցախի բարեկամության խմբի ղեկավար), Յարոմիր Շտետինան և Էլենի Թեոխարուսը։

Ֆ. Էնգելն իր ներածական խոսքում նշեց, որ հանրաքվեի արդյունքները բավականին խոսուն են. նախնական թվերը թույլ են տալիս պատկերացում կազմել գործընթացի մասին։ Դիտարկումներն անց են կացվել և՜ մայրաքաղաքում, և՜ շրջաններում։ Քվեարկության  հետ կապված ընտրախախտում կամ որևէ խնդիր չեն արձանագրել, դրանք համապատասխանել են ներկայումս գործող տեխնիկական չափանիշներին։  Պարոն Էնգելի խոսքով՝ սա իր համար նշանակալից հանրաքվե է, որովհետև իր երկրի համեմատությամբ ունի բավականին առավելություններ։ Այն անցկացվեց շատ ավելի բարձր մակարդակով, ուրեմն, ժողովրդի համար սա, իրոք, կարևոր իրադարձություն է։ Ղարաբաղի միջազգային չճանաչվածությունը հանրաքվեի վրա  ազդեցություն չունեցավ։ Քվեարկության ժամանակ ժողովուրդը ցույց տվեց, որ Ղարաբաղը ժողովրդավարական և կենսունակ երկիր է։ Նա միաժամանակ իր հավատարմությունը  ցուցաբերեց ժողովրդավարական նորմերին։ Արդյունքները հստակ են և կասկածի տեղ չեն թողնում։ 

Ներկաների հետ  իր տպավորությունները կիսեց նաև  Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան՝ նախևառաջ ասելով, որ  նման արդյունքն իր համար անսպասելի էր։ Նա քվեարկությանը հետևել է  Ասկերանում և Հադրութում, նրա հավաստմամբ՝ ամեն ինչ համապատասխանում էր միջազգային չափանիշներին։  Յա. Շտետինան շնորհավորեց արցախցիներին՝ բարձր  մակարդակով հանրաքվե անցկացնելու առթիվ, և հավելեց, որ  հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրությունը ճանապարհ կհարթի դեպի կատարյալ ինքնուրույնություն։ Մեր ժողովրդին էլ մաղթեց մեծ հաջողություններ։ 

Հյուրերն այնուհետև պատասխանել են լրագրողների հարցերին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես էր  եկել հայտարարությամբ, որում Արցախ ժամանած դիտորդներին սպառնացել է ներառել ՙսև ցուցակում՚։ Ինչպե՞ս են դրան արձագանքում Եվրախորհրդարանի պատգամավորները։ Եվ երկրորդ՝ հանրաքվեն ինչպե՞ս կազդի ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա։  Հայտնի ցուցակի առնչությամբ Ֆ. Էնգելն  ասաց, որ չի պատրաստվում իր արձակուրդներն անցկացնել Ադրբեջանում։ Ինքը ՙսև ցուցակում՚ դեռևս տեղ չունի, չնայած հաճախակի է լինում Արցախում։ Տիկին Թեոխարուսը վաղուց է արժանացել ադրբեջանցիների ուշադրությանը։ Եթե  ինքն էլ հայտնվի ցուցակում, իր համար զարմանալի չի լինի։ Դա չի կանխի իր հետագա այցելություններն Արցախ։           

Երկրորդ հարցի առնչությամբ Էնգելը նշեց, որ անձամբ հետևել է մամուլի հրապարակումներին, որոնցում տարբեր երկրների  հայտարարություններն են Արցախը և նրա Սահմանադրության հանրաքվեն չճանաչելու մասին։ Ինձ համար դա տրամաբանական չէ,  ասաց Արցախի բարեկամը՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պարտավոր է ընդունել այս ժողովրդի՝ սեփական կամքը ժողովրդավարական ճանապարհով արտահայտելու իրավունքը։ Նպաստել նրան, որ արցախցիները կարողանան ազատ կերպով արտահայտել ապագայի հետ կապված իրենց ձգտումները: Համոզել բոլորին. դա է գլխավոր խնդիրը։ Ֆ. Էնգելը հույս հայտնեց, որ Արցախը չճանաչող որոշ  կազմակերպություններ ի վերջո  կընդունեն, որ կովկասյան այս ժողովուրդն ազատ կամարտահայտման իրավունք ունի։ Միջազգային հանրությունը պիտի հասկանա, որ Արցախում իր կարծիքն արտահայտող մարդը չի հայտնվում բանտում, ինչպես դա տեղի է ունենում հարևան Ադրբեջանում։ Արցախը շնչում է ազատությամբ, ինչի ականատեսն են միջազգային դիտորդներն ու կառույցները, որոնք չեն կարող անտեսել Արցախի Հանրապետության դե ֆակտո գոյությունը։ Հակամարտության լուծման ցանկացած տարբերակի կիրառման դեպքում հարկ կլինի հաշվի նստել  ժողովրդի դիրքորոշման հետ։ Տարածքային ամբողջականության հարցն այս պարագայում որևէ կերպ չի կարող դիտարկվել։ 

Եվրախորհրդարանի պատգամավորները համաձա՞յն են այն կարծիքին, ըստ որի՝ հանրաքվեն  բացասականորեն կանդրադառնա  հակամարտության խաղաղ կարգավորման վրա։ Պարոն Էնգելի պատասխանը միանշանակ ՙոչ՚ էր։ Դրա պարզ պատճառն այն է, որ Արցախի ժողովուրդը քվեարկում է ժողովրդավարության և իր ինքնիշխանության օգտին։  Առաջին անգամ չէ այստեղ հանրաքվե անցկացվում։ Ինքը չի կարծում, որ, առհասարակ, հանրաքվեն  կարող  է ինչ-որ ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա։ Միակ բանը, որ կարող է ազդել, հարևան երկրի անբարյացակամ դիրքորոշումն է։ Նա հուսով է, որ հետագայում Ադրբեջանում կհասկանան այստեղ ծավալվող գործընթացները, սակայն այս պահի դրությամբ փոխըմբռնման որևէ նշույլ չկա։ 

Էլենի Թեոխարուսը, ով ավելի ուշ միացավ ասուլիս անցկացնող իր գործընկերներին, տեղեկացրեց, որ ուշանալու պատճառն իր հարցազրույցն էր հունական հեռուստատեսությանը, որում անդրադարձել է արցախյան  հանրաքվեի արդյունքներին։ Տիկին Թեոխարուսն ընդգծեց, որ այս հանրաքվեն ոչ մի կապ չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ։ Արցախի ժողովուրդը ժողովրդավարության դաս է տվել աշխարհին, հատկապես արևելյան հարևաններին։ Նրա եզրահանգումն այսպիսին էր. Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, միակ լուծումը ձեր ազատությունն է, ձեր ինքնորոշումը, ինչպես դուք եք ցանկանում. կամ Հայաստանի հետ միասին, կամ որպես առանձին պետություն։ 

Յարոմիր Շտետինան հավելեց, որ  ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես է գործելու ընդունված Սահմանադրությունը։ Եթե այն կիրառվելու է ինչպես հարկն է, ուրեմն հնարավոր կլինի համեմատել Արցախի և Ադրբեջանի քաղաքական համակարգերը, ինչը տեսանելի կդարձնի մի կողմում  ժողովրդավարական, իսկ մյուս կողմում  բռնատիրական համակարգերը։  Պարոն Շտետինայի՝ արցախցիներին ուղղված բարեմաղթանքը հակիրճ էր, բայց իմաստալից՝ պահպանել սահմանադրական կարգը։

Եվրախորհրդարանի պատգամավորներն արդյո՞ք հետևում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ապրիլյան իրադարձություններին առնչվող գործերի ընթացքին։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Արցախը՝ այդ գործընթացներում որպես երրորդ կողմ ներգրավվելու համար։ 

Ֆրանկ Էնգելի իրազեկմամբ՝ այս մասին ինքը խոսել է ԱՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի հետ, երբ նա Ստրասբուրգում էր։  Ճիշտ չէ, որ Արցախի ձայնը հաշվի չի առնվում, ի վերջո, արցախցիներն ունեն հայաստանյան անձնագրեր, ինչը միջազգային ատյաններում բարձրաձայնելու  հնարավորություն է ընձեռում։ Էնգելի հավաստմամբ՝ իրենք պատրաստ են ամեն ինչ անել այդ ուղղությամբ։ Փորձ է արվում հաղթահարել չճանաչվածության արգելքը։ Խնդիրը միայն իրավական հարթությունում չէ. կան հարցեր՝ երիտասարդների կրթության հետ կապված, որոնց լուծումները փորձում են գտնել։ Կարվի ամեն հնարավորը՝ աջակցություն ցուցաբերելու համար։ 

Տիկին  Թեոխարուսի համոզմամբ՝ Արցախի անկախության ճանաչման հարցում հիմնական խոչընդոտը ադրբեջանական քարոզչությունն է։ Այստեղ տեղի ունեցող գործընթացներն այդ երկրում ընկալվում են որպես  անջատողականների շարժում։ Պետք է համոզել միջազգային հանրությանը, որ խոսքը ժողովրդի պայքարի և մեծ ցանկության մասին է, որը չի ուզում  Ադրբեջանի մաս կազմել։ Միայն համոզել, այլ ճանապարհ գոյություն չունի։

                

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ