ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՈՒ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

Գեորգի ԿՈԼԱՐՈՎ,  քաղաքագետ, ռազմական փորձագետ, Բուլղարիա.

 - Ես երրորդ  անգամ եմ դիտորդական առաքելությամբ  այցելում Լեռնային  Ղարաբաղ և հետևում  ընտրական գործընթացին ու համոզված էի,  որ Հանրաքվեն կանցնի նորմալ, օրինավոր՝  միջազգային չափանիշներին համապատասխան։ Ես ճիշտ եմ համարում Նախագահ Բ. Սահակյանի  լիազորությունների ժամկետի  երկարաձգումը, քանի որ Արցախը, կարելի է ասել, գտնվում է ռազմական դրության մեջ, իսկ նման իրավիճակում ճիշտ չէ գլխավոր հրամանատար փոխելը։ Սա իմ՝ որպես ռազմական փորձագետի, համոզմունքն է։ Ճիշտ եմ համարում նաև Սահմանադրությամբ ԼՂՀ անունը փոխելը և պատմական Արցախ անունը վերականգնելը։ 

Կարծում եմ, առաջիկայում հայերը պիտի որոշեն նաև՝ անհրաժեշտ է ունենալ երկո՞ւ  հայկական պետություն՝ ի դեմս Արցախի և Հայաստանի, թե՞ առաջինը պիտի   գոյություն ունենա  Հայաստանի կազմում։  Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտնի  ՙսև ցուցակին՚, կարող եմ ասել, որ այն վաղուց շատերին, այդ թվում և ինձ, չի մտահոգում։ Ես այցելելու եմ Արցախ՝ երբ ինձ հրավիրեք։

Քամալ ԽԱՆ, իրավապաշտպան, Պակիստան.

- Ձեր հարցին ի պատասխան, թե՝ չե՞մ  վախենում, որ Հայաստան, Արցախ այցելելու համար Պակիստանում, որը Ադրբեջանի դաշնակիցն է, կարող եմ խնդիրներ ունենալ, պետք է ասեմ, որ չնայած Պակիստանն իմ հայրենիքն է, բայց  ես հիմա ապրում եմ Գերմանիայում: Չեմ  պատրաստվում առայժմ մեկնել այնտեղ. ստացվել է այնպես, որ Պակիստանում ապրելով, այնտեղ մարդու իրավունքների հարցեր էի  բարձրացնում, ինչի պատճառով ենթարկվել եմ հալածանքների և  ստիպված թողել երկիրը։ Ինչպե՞ս եմ լսել  և ի՞նչ գիտեմ  Արցախի մասին. լինելով  իրավապաշտպան,  ուսումնասիրել եմ մարդու իրավունքների հետ կապված նյութեր, փաստեր, հոդվածներ, այդպես ծանոթացել Հայաստանին, հայերին, Արցախին  և  Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ  ագրեսիայի դրսևորման, մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ փաստերին։  Կարիք կար ամեն ինչ սեփական աչքերով տեսնելու և գնահատելու, ինչն էլ ինձ բերեց այստեղ: Մինչև այցս  ես լսել էի, որ այստեղ պատերազմ է,  ավերածություններ, անվտանգ չէ, ոչ ստանդարտ  իրավիճակ է և այլն։ Բարեբախտաբար, այն, ինչ տեսա՝ տարբերվում է լսածից. տեսա  մաքուր, գեղեցիկ երկիր, բավականին լավատես,  հյուրընկալ մարդիկ, և այստեղից վերադառնում եմ  դրական լիցքերով:  Առիթ ունենալու դեպքում  սիրով նորից կայցելեմ: 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ