[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ԱՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի առաջին  լիագումար նիստի օրակարգով նախատեսված էր օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ։

Ժամը 13.00-ին խորհրդարանում էին  կառավարության անդամները` փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ։ Հարցի համար գրանցվեց 5 պատգամավոր, հնչեց  7 հարց։

Հայկ Խանումյանին հետաքրքրում էր Քոլատակ գյուղում կառուցված թվով 23 բնակելի տների ներկա վիճակը։ Դրանք թեև կառուցվել, բայց ցայսօր շահագործման չեն հանձնվել։ Ո՞րն է պատճառը, հարցրեց պատգամավորը և հավելեց, որ չբնակվելու պարագայում առաջանում է դրանց պահպանման խնդիրը։ Երկրորդ հարցն ուղղվեց արտաքին գործերի նախարարին. Շոտլանդիայի խորհրդարանն ընդունել է բանաձև ՙԽոջալուի կոտորածների՚ մասին։ Այս դիրքորոշմանը կողմ են արտահայտվել երկրի խորհրդարանի բոլոր խմբակցությունները, իսկ մեծամասնություն կազմող Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, ինչպես և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, անդամակցում է Եվրոպական ազատ դաշինքին։ Հ. Խանումյանի խոսքով՝ սա խորհրրդարանական դիվանագիտության խնդիր է. ԱԺԿ-ի դաշնակիցները նախաձեռնել են հակաարցախյան բանաձև։ 

Առաջին հարցին պատասխանեց փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։ Քոլատակի 23 տները կառուցվել են ռուսաստանաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանի հովանավորությամբ, այս պահի դրությամբ դրանց շինարարությունն ավարտված չի համարվում։  Պաշտպանության բանակի հրամանատարության և բարերարի միջև ձեռք է բերվել համաձայնություն, այդ գործում կառավարությունն ունեցել է օժանդակողի դերակատարություն։ Քոլատակը բարերարի հայրենի գյուղն է, և նպատակը եղել է սպայական ընտանիքներին տներով ապահովելը։ Ա. Աղաբեկյանի խոսքով՝ մեկ ամիս առաջ իրեն տեղեկացրել են, որ հիշյալ տների շինարարությունը դեռևս ավարտված չէ։ Փոխվարչապետի փոխանցմամբ՝ որոշ խնդիրներ կան պատվիրատու-կատարող հարաբերություններում։ Նա անձամբ խոսել է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բարերարի հետ, և այժմ սպասում է նրա վերադարձին։ Շինարարությունն ավարտելուց հետո նշված տները կհանձնվեն ՊԲ հրամանատարությանը։ Դրանցում կբնակվեն ինչպես սպայական, այնպես էլ՝ բանակից զորացրված պայմանագրային զինծառայողների ընտանիքներ։ 

Բնակելի տների պահպանման հետ կապված պատգամավորի մտահոգությունը փարատվեց. այդ պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել շինարարները։ Կա մեկ այլ հանգամանք՝ կապված շինարարներին ֆինանսավորելու հետ։  Նրանց հետ  տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ  պայմանավորվածություն է ձեռք բերվել տների պահպանման շուրջ։ Մինչև հարցերի վերջնական լուծումը դրանք կգտնվեն շինարարների վերահսկողության ներքո։ 

Հ. Խանումյանի երկրորդ հարցի առնչությամբ արտգործնախարար Կարեն Միրզոյանն ասաց, որ պետք է ճիշտ ներկայացնել խնդիրը։ Շոտլանդիայի խորհրդարանը բանաձև չի ընդունել. խոսքն օրենսդրական նախաձեռնության մասին է։ Նման մոտեցումն, այո, չի համապատասխանում իրականությանը, շեշտեց նախարարը՝ հավելելով, որ ադրբեջանական քարոզչության չեզոքացման ուղղությամբ աշխատանքներ տարվել են և կտարվեն։ Ինչ վերաբերում է Արցախի և արտաշխարհի քաղաքական ուժերի կապերին, դրանք  պետք է ողջունել։  Արդարացի չէ  դրանց  գնահատական տալ՝  հիմք ընդունելով շոտլանդական խորհրդարանում ներկայացված մեկ օրենսդրական նախաձեռնության փաստը։ Հարցերը պետք է դիտարկել համալիր կերպով՝ հասկանալու, թե որն է տարվող աշխատանքի ընդհանուր օգուտը։ 

ԱԺ և Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Ա. Ղուլյանը հավելեց, որ նույն պատմությունը եղել է նաև անցյալ տարի, արցախյան կողմին  հաջողվել է չեզոքացնել շոտլանդական խորհրդարանում բարձրացված այդ նույն հարցը։ 

Արսեն Առստամյանն արծարծեց փախստականի կարգավիճակ ունեցող ԱՀ քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման խնդիրը։ Պատգամավորը տեղյակ էր, որ 2016թ. այս ուղղությամբ իրականացվել են մի շարք աշխատանքներ։  2017 թվականի համար կոնկրետ ինչ-որ բան  նախատեսվե՞լ է, արդյո՞ք  փախստականները կարող են ակնկալել բնակարանային պայմանների բարելավում, հարցրեց Ա. Առստամյանը։

Պատասխանելով հարցին՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը նշեց, որ գործադիրը փախստականների բնակարանային խնդրով զբաղվում է 2016 թվականից։ Այս տարի էլ ծրագրի շարունակականությունը կապահովվի։ Անցյալ տարի գույքագրվել են մեզ մոտ գրանցված բոլոր փախստականների բնակարանային պայմանները։ Ներկա դրությամբ հանձնաժողովը քննարկում և ի մի է բերում առկա տվյալները։ Պետական տարբեր ծրագրերով փորձելու են լուծումներ գտնել։ Կառավարությունն ունի բնակարանների վարձակալության և փոխհատուցման ծրագիր, որը դրված է պետբյուջեում և արդեն երկրորդ տարին է, ինչ իրագործվում է։ Մյուս ծրագրերի մասով գործադիրը հստակ պատասխաններ կունենա  մինչև կիսամյակի վերջը։ 

Պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանին դիմել են անչափահաս երեխաների ծնողներ, որոնց անհանգստացնում են մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղակայված ՙղՉՈՑՈռ-ՍՈ՚  խաղի ապարատները։ Երեխաները ծնողներից գումար են վերցնում ու  անիմաստ  ծախսում։  Այս իրավիճակը ինչ-որ կերպ  վերահսկվո՞ւմ է, թե՞ ոչ, հարցրեց պատգամավորը։

Հարցին պատասխանեց փոխվարչապետը։ Ս. Աղաբեկյանը խորհուրդ տվեց պատգամավորին գրավոր դիմել քաղաքապետարանին՝ նշելով, որ դա ներհամայնքային խնդիր  է և գտնվում է համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներում։  Այն չի տարածվում շահումային խաղերին առնչվող օրենքի վրա։ 

Պատգամավոր Գագիկ Բաղունցը վկայակոչեց Տիգրան Մեծի 21բ հասցեում գտնվող բազմահարկ շենքի բնակիչների դիմումները, որոնցում նրանք արտահայտել են իրենց մտահոգությունը շենքի վթարային վիճակի վերաբերյալ։ 2017թ. պետբյուջեի կապիտալ ներդրումների պետպատվերի ցանկով չի նախատեսվում շենքի վերանորոգում, չնայած 2016-ին Քաղաքաշինության նախարարության հանձնաժողովն ուսումնասիրել և արձանագրել է շենքի վթարային վիճակը։  Երկրորդ հարցը ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտին էր վերաբերում։ Դպրոցականների և բուհերի առաջին կուրսերում սովորողների հետ շփումներից Գ. Բաղունցը պարզել է,  որ կան երիտասարդներ, ովքեր  զենքի մասին տարրական գիտելիքներ չունեն, ոմանք նույնիսկ  ինքնաձիգով կրակել չգիտեն։  Գյուղական որոշ դպրոցներում ինքնաձիգ չկա։ Որպես օրինակ նշվեց Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղը։ Հարցին ինչպե՞ս է գործադիրը մոտենում։

Առաջին հարցին պատասխանեց քաղաքաշինության փոխնախարար Գեորգի Հայրիյանը։ 2016 թվականին ուսումնասիրվել է Տիգրան Մեծի 21բ հասցեում գտնվող շենքի վիճակը, մասնագետները հրավիրվել են Հայաստանից։ Նրանք եկել են այն եզրակացության, որ շենքը վթարային է, և այն պահպանելու համար պահանջվում է բավականաչափ աշխատանք։ Խոսվել է նախագիծ պատվիրելու մասին. վթարային շենքի կողքին նույն չափերով ևս մեկ շենք պիտի կառուցվեր՝ որպես հենարան ծառայեցնելու համար։ Չնայած այդ մասին խոսվել է, սակայն առ այսօր նախագիծ չի ներկայացվել։ Փոխնախարարը հավաստիացրեց  լրացուցիչ ուսումնասիրել հարցը և իրազեկել պատգամավորին։

Երկրորդ հարցին պատասխանեց Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը։ Նրա տեղեկացմամբ՝ հարցը վերջերս է ուսումնասիրվել, նախարարությունում կան տվյալներ այն մասին, թե հանրապետության որ դպրոցներում չկան զենքի պահպանման պայմաններ։ Եթե դրանք չեն համապատասխանում գործող կարգին, զենք չի տրամադրվում։ Այս ուղղությամբ ծրագիր է նախապատրաստվում՝ կառավարություն ներկայացնելու համար։ 

Նախարարի խոսքով՝ դա   բավականին ֆինանսատար աշխատանք է, որովհետև հիմնական մասում պետք է կառուցվեն զենքի պահպանման սենյակներ։ Նա հորդորեց բոլոր նորակառույց շենքերում ապահովել պահանջվող պայմանները։ 2 տարի առաջ շահագործման հանձնված Ստեփանակերտի թիվ 6 դպրոցի պատերի հաստությունը չի համապատասխանում զենքի պահպանման սենյակի համար սահմանված նորմերին։  Նախարարությունն այս իրավիճակը ներկայացրել է վարչապետին, որպեսզի Քաղաքաշինության նախարարությանը տրվի համապատասխան հանձնարարական։ Դպրոցներին զենք  չտրամադրելու դեպքում առավել մեծ ուշադրություն պետք է դարձվի դաշտային պարապմունքներին և ռազմամարզական ճամբարներում նախատեսված կրակային պատրաստությանը։ Նախարարությունն ամեն տարի հրաձգության գծով մրցումներ է կազմակերպվում և, ինչքան հնարավոր է, մասնակից է դարձնում հատկապես արական սեռի դպրոցականներին։ Ս. Ասրյանի կարծիքով՝ խնդիրն, իրոք, հրատապ է, պետք է գործնական միջոցներ ձեռնարկել դպրոցներին զենքով ապահովելու ուղղությամբ։ Որոշ վայրերում զենքերը պահվում են ոստիկանության բաժանմունքներում, որտեղից էլ օգտվում են պարապմունքների ժամանակ, բայց դա, իհարկե, հարցի լուծում չէ։                      

Սահմանադրության հանրաքվեի օրը պատգամավոր Արպատ Ավանեսյանը ՀՀ պատվիրակության հետ  շրջել է մայրաքաղաքում և հանրապետության 12  համայնքներում։ Շրջայցի ժամանակ արձանագրել են, որ Քռասնի համայնքում մանկապարտեզ չկա։  Պատգամավորի հարցն  ուղղվեց կառավարությանը. ինչո՞ւ չեն կարողանում մի անկյուն գտնել մանկապարտեզի կարիք ունեցող բնակավայրում, որպեսզի մանկահասակ երեխաներին գյուղից չբերեն Ստեփանակերտի մանկապարտեզներ։ Այդ համայնքի շուրջ մեկուկես տասնյակ երեխաներ ամեն օր ճանապարհների վրա են, բացի այդ, ոչ բոլոր ծնողներն են ի վիճակի իրենց երեխաներին բերել մայրաքաղաք։ Պատգամավորի փաստարկմամբ՝ համայնքի դպրոցականների թիվը նվազել է, և գուցե հնարավոր լինի օգտագործել դպրոցի ազատ դասասենյակները։

Հարցին պատասխանեց Ս. Ասրյանը։ Նրա վկայությամբ՝ նախարարությունն ընդառաջել է Քռասնի համայնքի ծնողների խնդրանքին՝ ընդգրկել իրենց նախադպրոցական տարիքի երեխաներին Ստեփանակերտի մանկապարտեզներում։ Փոքր գյուղերում նպատակահարմար չէ մեծ ծախսեր անել. կառուցվող մանկապարտեզում պետք է ապահովվեն բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները։ Նախարարի խոսքով՝  առավելապես պետք է  ուշադրություն դարձվի մեծ բնակավայրերին։ Երեխաների թիվը պետք է համապատասխանի գործող  չափանիշներին։  

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ