[ARM]     [RUS]     [ENG]

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՆՏԵՍԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Անտոնիո ԷԼՈՐԱՍԸ իսպանացի  քաղաքագետ է, քաղաքական գիտությունների պրոֆեսոր՝ Մադրիդի համալսարանում, լրագրող, հրապարակախոս։ Արցախ է ժամանել   Սահմանդրության հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: 

 - Պարոն Էլորաս, ինչո՞վ է հետաքրքրել  Ձեզ Արցախը։

-Ես շահագրգռված եմ այս տարածաշրջանում խաղաղությամբ, իսկ շատ դեպքերում ժողովրդավարությունն ու արդարադատությունը  խաղաղության համար անհրաժեշտ պայմաններ են։ Այդ իսկ պատճառով ես ներգրավվում եմ այն բոլոր գործընթացներում, որոնք ապահովում են ԼՂ խաղաղությունն ու անկախությունը։ Դեռևս 1990-ականների սկզբներից ես հասկանում էի, որ  այս երկրին շատ դժվարություններ են սպասվում։ Ստալինյան ժառանգությունը բացասական հետք թողեց ոչ միայն այստեղ, այլև Մոլդովայում, Ղրիմում, Վրաստանում։ Նրա վարած քաղաքականության   տրամաբանությունն անհնարինը համատեղելու մեջ էր կայանում, դրա համար  ստեղծեց տարածքային այնպիսի միություն, միավորումներ, որոնք  տարածքով միասին էին, բայց կարող էին գոյատևել միայն ճնշման տակ, քանի որ արժեքային կամ այլ համակարգերով կապակցված չէին:  Այդ իսկ պատճառով տարածքային հակամարտությունների հետ կապված` չկան օպտիմալ լուծումներ: Ձեր պարագայում միայն ազգային-ազատագրական շարժումն էր հարցի լուծումը։ Միակ ժողովրդավարական լուծումը:  Բայց այն, ինչպես գիտենք, շատ թանկ արժեցավ ձեզ համար։ Ես միաժամանակ և հոռետես եմ, և լավատես։ Լավատես, քանի որ հնարավոր չէ չեղարկել այն ամենը, ինչ արդեն  արել են Հայաստանն ու Արցախը։ Հնարավոր չէ ավերել այդ ամենը, միաժամանակ դժվար է գտնել  վերջնական լուծում։ Հաճախ  պատմությունը ոչ տրամաբանական  լուծում է տալիս. այն  պարզապես դրսից պարտադրված լուծում է։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը հարուստ  պետություն է, զարգացող և կարող՝ վճարել, կաշառել,  այդ ճնշումը բացասաբար է անդրադառնում և ավելի է դժվարացնում իրավիճակը։ Միգուցեև Մինսկի խմբի դիրքորոշումը գալիս է այդ ճնշումից, չգիտեմ: Հուսով եմ, որ այսօրվա Հանրաքվեն փաստում է, որ դուք կայացած պետություն եք, և այն ամենը, ինչ անում եք՝ հնարավոր չէ անտեսել։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ դուք ճիշտ եք:

-Երևում է, որ Դուք համակրում եք արցախցիներին և ոչ միայն մասնագիտական դրդումներից եք մեզ մոտ...

-Ես  խնդիրը դիտարկում եմ բարոյական  հարթակում նույնպես։ Կարեկցում էի Հայաստանին և բոլոր այն երկրներին, ովքեր դժվարին, փորձություններով լի ճանապարհ են անցել: Փորձում եմ հասկանալ նրանց. դա  ինձ համար բարոյական  պարտք է։ Եթե այդպես  չվարվեմ, ինքս ինձ  դավաճանած կլինեմ: Դրա համար, իհարկե,  պատճառ կա, այն  հիմնավորված մոտեցում է։ 

-Ո՞րն է հիմնավորումը։

-Քաղաքական հարցերում  հնարավոր չէ  միայն երազանքներով ապրել։ Պետք է կարողանալ վերլուծել  իրավիճակը, տրամաբանորեն նայել, կշռադատել, հավասարակշռված մոտեցում ցուցաբերել։

-Ի՞նչ գիտի  Իսպանիայի հանրությունն Արցախի մասին։

 -Շատ քիչ բան։ Նույնիսկ երբ երկու  տարի առաջ, երբ մենք ճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը, շատերն ՙայո՚ էին ասում,  ափսոսանքով պիտի նշեմ, որ  տեղյակ էլ չէին   դրան, չէին գիտակցում ողբերգության ամբողջ խորությունը, և դա ինձ համար ցավալի է։ Իսպանիայի հասարակությունը, կարելի է ասել, անտեղյակ է աշխարհի այս մասից, այդ պատճառով ես այստեղ եմ ոչ միայն դիտարկելու հանրաքվեն, այլ պարզապես շփվելու մարդկանց հետ, տեսնելու` ինչպես են ապրում, ստանալ, որքան հնարավոր է, շատ տեղեկատվություն այս երկրամասի վերաբերյալ։ Հատկապես ինձ հետաքրքրում է արձագանքը, որ կլինի ադրբեջանական և թուրքական դեսպանատներում։

-Դուք դեռ Ադրբեջանի հանրահայտ   ՙսև ցուցակում՚ չե՞ք հայտնվել։

-Ես արդեն այնտեղ եմ. Իսպանիայի դեսպանատանն  ինձ տեղեկացրին, որ այլևս չեմ  կարող այցելել Ադրբեջան։ Բայց դա էապես կարևոր չէ ինձ համար, ինձ հետաքրքրում է Իսպանիայի հասարակական կարծիքը։ Քանի որ ես գրում եմ իսպանական  հայտնի թերթերում, և  Բասկերի Երկրի ամենակարևոր թերթի համար։

-Քանի որ հիշատակեցինք բասկերին.  առկա է, չէ՞,  լարվածություն Իսպանիայի և  Բասկերի Երկրի միջև։

-Հիմա այդ ճնշումն այնքան էլ շատ չէ: Բասկերի խորհրդարանը հռչակագիր է ընդունել ԼՂ մասին, և դա շատ լավ է։ Բայց ես  բացասական եմ տրամադրված նրանց հանդեպ, քանի որ նրանց խորհրդարանը Հայոց ցեղասպանության հետ կապված որևէ հռչակագիր չի ընդունել։ Նրանցից ոմանց համար շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղը, քանի որ այն նրանց ոգեշնչում է ազատության համար պայքարի։ Բասկերի մեծամասնությունը ազգայնական է, բայց դա չի նշանակում, որ նրանք անկախության կողմ են։ 50 տարիների ընթացքում բասկերի մոտ անկախության ցանկությունը հասել է շուրջ 50%-ի: Դա նույնը չէ, ինչ ԼՂ-ի դեպքում. այստեղ անկախության ձգտողների թիվը զգալի մեծամասնություն է կազմում։ Այսինքն՝ բասկերի, երկրի  կուսակցությունների մեծամասնությունը չի ձգտում այդ անկախությանը։ Գուցե հետագայում փոխվի իրավիճակը՝ չգիտեմ։ Կատալոնիայում, օրինակ, մոտ 12 տարի առաջ անկախության էր ձգտում  ընդամենը  բնակչության  10%-ը։ Տարիների ընթացքում  այն աճեց՝ հասնելով 48%-ի։ Այդ պարագայում, որպես ժողովրդավարական երկիր, կարելի է ինքնահռչակման մասին խոսել։ Այն արդեն  վերացական չի լինի։ 

-Դառնանք հանրաքվեին. ինչպիսի՞ն էր տպավորությունը, ի՞նչ  բացթողումներ եք արձանագրել և ի՞նչ կարող է  անել Արցախը միջազգային ճանաչման հասնելու համար։

-Չգիտեմ: Կարծում եմ, ամենահեշտ ճանապարհը նավթ ունենալն է (ասում է կես կատակ, կես լուրջ՝ ծիծաղելով-հեղ.)։ Անհրաժեշտ է շուտափույթ ձեռք բերել այն, վճարելու  հայամետ քաղաքականության համար։

-Կարծում եմ, մենք ավելի արժեքավոր կապիտալ  ունենք՝ մարդկային կապիտալ, մշակույթ...

-Ես նույնպես այդ կարծիքին եմ։ Միակ լուծումն այս նույն ճանապարհով, որով ընթանում եք,  առաջնորդվելն է։ Չգիտեմ՝ դուք ցանկանում ենք, թե` ոչ, բայց ես շատ կցանկանայի, որ միանայիք Հայաստանին։  Ներկա պայմաններում դուք կատարում եք ձեր պարտականությունը՝  համախմբված  եք,  ժողովրդավար: Այսօր դուք չունեք կարճաժամկետ  լուծումներ։ Պետք է մտածեք, վերլուծեք, գտնեք տարածքային հարցի հետ  լուծման մեխանիզմներ, Ադրբեջանի հետ, Մինսկի խմբի շրջանակներում, լեզու գտնեք: 

-Կարծում եք, հնարավո՞ր է Ադրբեջանի նման ագրեսոր պետության հետ լեզու գտնել։

-Գիտեմ միայն, որ Մինսկի խումբն անհրաժեշտություն է։ Տեսնենք ինչ կլինի Ֆրանսիայում սպասվող  ընտրություններից հետո. քանի որ նա ևս Մինսկի խմբի համանախագահ է, իսկ Ֆրանսիայում հայամետ կարծիքը  գերակշռում  է, նա կարող է ինչ-որ ձևով ազդել գործընթացի վրա։ Չնայած՝  քաղաքականությունը խելագար բան է  ու  անկանխատեսելի։  

-Ի՞նչ տպավորությամբ, լիցքերով եք վերադառնում հայրենիք։

-Դուք պետք է շարունակեք նույն ձևով։  Իսպանիայի համար այս տարածաշրջանը՝ Հայաստանը, Արցախը  անծանոթ են: Իրավիճակը բարդ է, պատերազմի վերսկսման  վտանգը՝ մեծ։ Ես տխուր եմ, բայց և լավատես։ Հայաստանի համար  ավելի լավատես եմ, քանի որ  նրա մեջ ուժ եմ տեսնում,  այնտեղ ժողովուրդը դիմակայության  ոգի ունի, ժողովրդավարության ձգտում, և շատ հայրենասեր է։ Չեմ կարծում , որ Պուտինն ուզում է, որ այստեղ պատերազմ  լինի, տարածաշրջանը վերածվի քաոսի, բայց նա Պուտինն է՝ սառը քաղաքական գործիչ, այլ ոչ թե Մայր Թերեզան։ Իմ հույսն այն է, որ նա շահագրգռված  կլինի եթե ոչ հակամարտության լուծման մեջ, ապա  գոնե խաղաղ գոյակցության: