[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՀԿՀ-Ն ԱՄՓՈՓԵՑ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ինչպես և նախատեսված էր՝ փետրվարի 23-ին տեղի ունեցավ ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։

Նիստը հրավիրվել է ՙՀանրաքվեի մասին՚ ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան, ըստ որի՝ փետրվարի 20-ի  հանրաքվեի վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրումը պետք է տեղի ունենա այդ օրը՝ փետրվարի 23-ին, եթե, իհարկե, հանրաքվեի արդյունքների վերաբերյալ մինչդատական բողոքարկման փաստեր չկան։ ԼՂՀ ՀԿՀ նախագահի խոսքով՝ հանձնաժողովի տեղամասային ու տարածքային հանձնաժողովներից ստացված տեղեկատվությունների համաձայն՝ պաշտոնական բողոքներ չեն եղել։ 

Ըստ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքների ամփոփիչ արձանագրության՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն ըստ ցուցակների 103 818 է, տեղամասային հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվը՝ 105061, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ստորագրությունների՝ 79 428, մարված, չօգտագործված, ոչ ճիշտ լրացված, վնասված և հետ վերադարձված քվեաթերթիկների թիվը՝ 25 633, քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 79 428, ընդ որում՝ վավեր քվեաթերթիկների թիվը՝  77 256, դրանց մեջ կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը` 69 750, դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 7686, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 2172, անճշտությունների չափը՝ 0։ Արձանագրությունն ստորագրվել է հանձնաժողովի նիստին ներկա անդամների կողմից՝ բացառությամբ ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցության կողմից նշանակված՝ հանձնաժողովի անդամ Լուսինե Հակոբյանի, ում հատուկ կարծիքը կցվել է։ Այդպիսով, ԼՂՀ ՀԿՀ նախագահը հայտարարեց, որ 2017թ. փետրվարի 20-ի` Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն կայացել է։ Դրա վերաբերյալ որոշումն ընդունվեց  6 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։ 

Օրակարգի հաջորդ հարցը Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի քարոզչությանը մասնակցող սուբյեկտների քարոզչական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման արդյունքներով կազմված տեղեկանքի քննարկման մասին էր։ Հարցի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությամբ հանդես եկավ ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Գ. Միրզոյանը։ Նրա խոսքով՝ ՙՀանրաքվեի մասին՚ ԼՂՀ օրենքի և ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ քարոզչության հիմնադրամներ են ձևավորել ՙԱզատ Հայրենիք՚, Արցախի ժողովրդավարական և ՙԱզգային վերածնունդ՚  կուսակցությունները։ Ներկայացված հայտարարագրերն ու մյուս փաստաթղթերն ընդհանրացնելուց պարզվել է, որ կուսակցությունների քարոզչության հիմնադրամներում  կատարված մուտքերի ընդհանուր գումարը կազմել է 5մլն 320 հազար դրամ, ծախսերի գումարը՝ 5մլն 42 հազար 900 դրամ, մնացորդը` 277 հազար 100 դրամ։ Քարոզչության հիմնադրամների ձևավորման, մուտքերի և ելքերի առումով կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ 

Հանրաքվեին առնչվող ժամանակավոր կառույցներից է ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնը, որի ղեկավար էր նշանակվել Երվանդ Հաջիյանը։ Նիստի օրակարգային հարցերից մեկն էլ վերաբերում էր Մամուլի կենտրոնի գործունեությանը, ինչը   հանգամանալից ներկայացրեց կենտրոնի ղեկավարը։ Մամուլի կենտրոնը, որի աշխատանքներում ներգրավված էր 24 հոգի, գործել է փետրվարի 14-ից մինչև փետրվարի 22-ը։  Եվս երկու հոգի՝ Երևանից հրավիրված օտար լեզուների մասնագետներ, աջակցել են կենտրոնի աշխատանքներին՝ կատարելով մամլո ասուլիսների բանավոր (համաժամանակյա) թարգմանություններ` հայերենից անգլերեն, ռուսերեն լեզուներով և՝ հակառակը։ Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի ընթացքի և արդյունքների մասին համապարփակ տեղեկատվություն տարածելու, ինչպես նաև՝ հավատարմագրված միջազգային և տեղական դիտորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հանրաքվեի գործընթացի իրողություններին տեղյակ պահելու նպատակով Մամուլի կենտրոնում ստեղծվել են ժամանակակից պայմաններ։ ԼՂՀ ՀԿՀ նախագահի, ինչպես նաև միջազգային դիտորդների ճեպազրույցներն ու մամլո ասուլիսներն անց են կացվել անմիջականորեն Մամուլի կենտրոնում՝ մեծ դահլիճում։ Միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացությունները տեղում թարգմանվել, բազմացվել ու տրամադրվել են ցանկացողներին։ Հանրաքվեի ընթացքի վերաբերյալ իրենց դիտարկումների մասին եզրակացություններ են գրել Եվրախորհրդարանում Արցախի բարեկամության խմբի և ՙՀայաստանի եվրոպացի բարեկամներ՚ պատվիրակությունները, ասաց Ե. Հաջիյանը։ 

Այսքանով ԼՂՀ ՀԿՀ նիստի օրակարգը համարվեց սպառված:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ