Logo
Print this page

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ ՈՒՇԱՆՈՒՄ Է…

Արցախում հարգեցին սումգայիթյան ոճրագործության  զոհերի հիշատակը 

 1988-ի փետրվարը Արցախյան ազատագրական պայքարի տարեգրության մեջ առանձնացավ նաև ծանր ու դաժան իրողությամբ՝ սումգայիթյան եղեռնագործությամբ։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Ադրբեջանում սկսվել էր սանձարձակ հակահայկական քարոզչական պատերազմ. ՙՀայերին բնաջնջել, հողն արյամբ նվաճել՚ և այլ մոլեռանդ կոչերով այդ երկրի պետական քարոզչությունը գրգռել է ամբոխին, ինչի հետևանքով Ադրբեջանում սկսվել են հայերի նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր։ Քսանինը տարի առաջ՝ 1988-ի փետրվարի 27-29-ը, Բաքվից ընդամենը երեք տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող հայաշատ Սումգայիթ քաղաքում՝ Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ ու խորհրդային կենտրոնի թողտվությամբ, ադրբեջանական խաժամուժը հայ բնակչության նկատմամբ իրականացրեց սարսափելի ոճրագործություն։ Փետրվարի 27-ին քաղաքում ծայր առավ նրա ավելի քան 20 հազար հայ բնակիչների ջարդը։ Երեք օր շարունակ Սումգայիթը հեղեղված էր հայերի արյամբ… Սումգայիթյան ոճրագործությամբ Ադրբեջանը բացեց 20-րդ դարավերջի ցեղասպանությունների մի նոր շղթա։ 

Սումգայիթում տեղի ունեցածը, հիրավի, մարդկային բանականությունից վեր է։ Ականատեսների ու տուժածների պատմածները տեղի ունեցածի մասին, սահմռկեցուցիչ մանրամասնությունները հավաստեցին, որ 1988-ի դահիճները ոչնչով չեն տարբերվում 1915-ի իրենց նախահայրերից։ Նույնն էին և՜ նպատակը, և՜ այդ նպատակին հասնելու քստմնելի  միջոցները։ 

Հայ ազգի դեմ իրականացված այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով: Այս ամենը, սակայն, ոչ միայն չընկճեց հայ ժողովրդին, այլև, ընդհակառակը, նրան ավելի համախմբեց համազգային նպատակների իրագործման գաղափարի շուրջ։ Իսկ հայոց պատմությունը ծանրացավ ևս մեկ հիշատակի օրով. ամեն տարի փետրվարյան այդ օրերին աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերը՝ որպես հարգանքի տուրք, հանրահավաքներ ու միտինգներ, տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպում, ոգեկոչում անմեղ զոհերին։

Փետրվարի 28-ին, վաղ առավոտից, մարդկային հոսքը ձգվեց դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, դեպի սումգայիթյան զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձան-կոթող։

Մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների և կրթօջախների կոլեկտիվներ, հասարակական կազմակերպությունների ու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ՝ դաժան ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներով եկել էին ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, այլև մեկ անգամ ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ միջազգային ատյաններում կատարվածին առ այսօր քաղաքական գնահատական չտալու համար։

Հասարակությանը միացան և սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակը հարգելու նպատակով  հուշահամալիր այցելեցին Արցախի հոգևոր և աշխարհիկ ղեկավարությունը՝ Նախագահ Բակո Սահակյանի  գլխավորությամբ։ 

Սումգայիթի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին Արցախի իշխանությունների,  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից։ 

Մեկ րոպե լռությամբ հարգվեց անմեղ զոհերի հիշատակը։  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։ 

Տարիներն անցնում են, իսկ մինչ այսօր Ադրբեջանի հայահալած քաղաքականությունն ամենևին էլ չի փոխվել։ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի և Արցախի բազմաթիվ բնակավայրերի եղեռնագործությունների հեղինակ ազերի-թուրքը միջազգային հանրության ներողամիտ հայացքի ներքո ոչ միայն մարսեց իրականացրած ոճիրը, այլև մինչ օրս շարունակում է քարոզչության դաշտում արդարացնել իրականացրածը՝ կեղծելով իրականությունը։ Ի՞նչ անելիքներ ունի հայկական դիվանագիտությունը նման պարագայում։ Այս և նման հարցերի կապակցությամբ պարզաբանումներ տվեց ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ով մասնավորապես ասաց. ՙՑեղասպանության մասին խոսելիս մենք պետք է խուսափենք այն քաղաքական շահարկումների առարկայի վերածելուց։ Դա անընդունելի է և մարդկային խղճին ու բանականությանը հակառակ։ Մենք խոսել ենք ու կշարունակենք խոսել Ադրբեջանի տարածքում՝ հայաշատ բնակավայրերում իրականացված էթնիկ զտումների ու ցեղասպանության ակտերի մասին, քանզի համոզված ենք, որ դրանց անպատժելիությունը ծնում է նոր վտանգներ, պարարտ հող է ստեղծում նոր ցեղասպանությունների համար՝ ինչպես դա տեղի ունեցավ անցած տարվա ապրիլին Թալիշում։ 

Ցավալի է, անշուշտ, որ Ադրբեջանն իր հակահայկական քարոզչության մեջ փորձում է օգտագործել այնպիսի հարցեր, ինչպիսին, ասենք, Խոջալուի դեպքերը, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ Ցավալի է, որ Ադրբեջանն իր հակահայկական նպատակների համար դիմում է կեղծարարությունների ու խաբկանքների։ Բայց մենք շարունակելու ենք մեր աշխատանքը՝ աշխարհին ներկայացնելու ճշմարտությունը, օբյեկտիվ պատկերն ու իրողությունը՚։ 

Գրեթե երեք տասնյակ տարի է անցել, բայց առ այսօր սումգայիթցի փախստականները (և ոչ միայն սումգայիթցի) չունեն համապատասխան կարգավիճակ։  Խնդրի առնչությամբ Արցախի արտաքին գործոց նախարարն ասաց. ՙՄիշտ էլ փորձ է արվում պատճառներ գտնել մեղադրելու  պետական մոտեցումն այն առումով, որ ժամանակին խնդիրը լիարժեք չի ներկայացվել աշխարհին։ Բայց հիշենք, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ. Հայաստանում և Արցախում շատ լավ են ընդունել սումգայիթյան փախստականներին՝ նրանց տեղավորելով հանրակացարաններում, բարեկամների տներում։ Եվ այդ հարցը մնացել է այդպես էլ առկախ։ Չնայած միջազգային տարբեր հարթակներում մեր ձայնն ենք բարձրացրել փախստականների կարգավիճակի վերաբերյալ, բայց այդպես էլ ոչ մի որոշում չի կայացվել՚։   

Սումգայիթյան դժոխքից փրկվածներից է Ռուզաննա Ավագյանը, ով այն ժամանակ 20 տարեկան էր։ 29 տարի անց էլ  հիշելով փետրվարյան ծանր ու դաժան օրերը, չի կարողանում զսպել հուզմունքը։ ՙԾնողներիս հետ ապրում էինք Սումգայիթում,- պատմում է Ռուզաննան։- Ուսումս այնտեղ եմ ստացել ու ավարտելուց աշխատում էի նույն քաղաքում։ Ծնողներս նույնպես աշխատում էին։ Հայրս քաղաքի հիմնադիրներից է։ Ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող, որ մի քաղաքում այդքան տարի ապրելուց հետո հայերին վերացնելու հրահանգ պետք է լինի։ Այդ դեպքերն աննախադեպ էին իրենց վայրագությամբ ու անմարդկայնությամբ։ Տարիների անիվը հետ պտտելով՝ դժվար է հավատալ, որ այդ ամենը մի քանի օրերի ընթացքում է կազմակերպվել. ինչպե՞ս հասցրեցին կարճ ժամանակամիջոցում ճշտել բոլոր հայերի   հասցեները, պատրաստել հատուկ երկաթյա ձողեր, որոնցով պետք է սպանեին հայերիս։ Չեմ ուզում պատմել այն սարսափելի տեսարանների մասին, որոնք  իմ աչքով տեսել եմ փետրվարի 27-ին և 28-ին։ Մենք 5-րդ հարկում էինք ապրում, և ես մտովի նախապատրաստել էի ինձ՝ եթե թուրքերը մտնեն մեր բնակարանը՝ կնետվեմ պատշգամբից… 

Մեր ընտանիքին փրկեց մեր հարևան թուրքը՝ պատսպարելով իր բնակարանում։ Բայց եթե իմանայի՛ն…մեզ էլ, նրան էլ  կսպանեին… Փետրվարի 29-ին նույն այդ հարևանը մի կերպ թաքցնելով՝ կարողացավ մեզ ճանապարհել Բաքու։ Զարմանալին այն է, որ փետրվարի 28-ից խորհրդային բանակը, տանկերը շրջում էին քաղաքում, բայց ոչ մի զինվոր և առհասարակ ոչ ոք չէր փորձում խառնվել իրադարձություններին։ Բոլորի աչքի առաջ սպանում, խոշտանգում էին հայ կանանց ու աղջիկներին, տղամարդկանց, նրանց իրերն էին նետում պատուհաններից, վառում…Այնպիսի տպավորություն էր՝ ասես դժոխքում էինք… 

Ծնողներս տեղափոխվեցին Ղարաբաղ, իսկ ես՝ հինգ ակտիվ երիտասարդների հետ՝ գեներալ Կրաևի հանձնարարությամբ մեկնեցի Մոսկվա՝ Գորբաչովին հանդիպելու և սումգայիթյան դեպքերի մասին  պատմելու։ Սակայն մեզ խաբեցին, որ Գորբաչովը մեկնել է Սերբիա։ Վերադարձանք Երևան, որտեղ սկսեցի մասնակցել Ազատության հրապարակում կազմակերպվող ցույցերին։ Վեց օր այնտեղ հացադուլ արեցի՚։ 

Այսօր էլ Ռուզաննան իր զավակների հետ շարունակում է բնակվել տարիներ առաջ ժամանակավորապես հատկացված բնակարանում։ ԼՂՀ փախստականների կազմակերպության ներկայացուցիչն է, և շատերի հետ միասին հույսով սպասում է, որ մի օր կբարելավվեն բնակարանային պայմանները, միջազգայնորեն կճանաչվի սումգայիթյան ոճիրը՝ որակվելով որպես ցեղասպանություն։ ՙԳուցե թե մեր անգործությունն ու անհետևողականությունն է նաև պատճառը, որ ուշանում է միջազգային հանրության համարժեք գնահատականը,- ասում է Ռուզաննան։- Ադրբեջանի իրականացրած հրեշավոր ոճիրը պետք է ստանա  համապատասխան գնահատականը, այլապես ՙսումգայիթները՚, ՙբաքուները՚, ՙկիրովաբադները՚ կշարունակեն մնալ պաշտոնական Բաքվի քաղաքական օրակարգում՚։

Ի՞նչ դասեր ենք քաղել սումգայիթյան եղեռնագործությունից, ինչպիսի՞ հիշողություններ ունեն ժամանակակիցները՝ ահավոր այդ օրերի հետ կապված։ Ստեփանակերտի հ.7 դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանի հիշողություններում այսօր էլ թարմ են ջարդի հետ կապված լուրերը։ ՙԱյսօր էլ հիշում եմ, թե ինչպես ցնցված էինք բոլորս։ Ոչ ոք չէր  կարող պատկերացնել, որ խորհրդային պետության նման երկրում հնարավոր է այդպիսի վայրագություն կատարել մի անմեղ ժողովրդի հանդեպ, ով իսկ կառուցել է չարաբաստիկ Սումգայիթ քաղաքը։ Սումգայիթը չի մոռացվի, մենք դա չենք կարող մոռանալ, քանզի եթե պատմության ստվերոտ մասերը մոռացվում են՝ պատմությունը կրկնվում է ավելի դաժանորեն։ Հիշենք նախորդ տարվա ապրիլի 2-ը, երբ թշնամին դարձյալ ցույց տվեց իր ձեռագիրը։ Եվ երբ, փոքրից մինչ զառամյալ, ոտքի կանգնեցինք զինվորի թիկունքում՝ հասկացանք, որ մենք, հիրավի, միաբանվել գիտենք, որ մենք անպարտ ենք ու երբեք թույլ չենք տա, որ ՙսումգայիթները՚ կրկնվեն...Այսօր եկել ենք մեր գլուխը խոնարհելու անմեղ զոհերի հիշատակի առջև և ասելու, որ մենք դեռ վրեժ ունենք լուծելու...Նաև՝ նրանց արյան վրեժը…՚։  

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.