[ARM]     [RUS]     [ENG]

ՙՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՄԻ ՕՐ ԿԴԱՌՆԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՚

Փետրվարը հայոց պատմության մեջ ընդմիշտ կմնա որպես ազատագրական պայքարի ամիս: 29 տարի Արցախն իրականացրեց ինքնորոշման իր իրավունքը, այն կյանքի կոչելու համար շատ սերունդներ են պայքարել:

Դարավոր մեր երազանքը հաջողվեց իրագործել միայն 1988-ին: Բայց մինչ այդ մի խումբ նվիրյալներ ընդհատակյա գործունեություն էին ծավալել՝ հավատալով գալիք հաղթանակին: Նրանցից մեկի` Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրուցեցինք այն շրջադարձային տարիների մասին: Նա ընդգծեց, որ Հայաստանին վերամիավորման գաղափարը միշտ էլ եղել է արդիական, պայքարի ձևերը՝ տարբեր:-Տասնամյակների մեր պայքարն սկսեց նոր թափ ստանալ 1986 թվականից՝ կապված գորբաչովյան ՙվերակառուցման՚  քաղաքականության հետ,- ասում է զրուցակիցս,- այդ օրերին գործարաններում, ուսումնական հաստատություններում ստեղծվում էին ընդհատակյա խմբեր, որոնք տարածում էին այն ժամանակվա համար գաղտնի գրականություն՝ կապված Հայ Դատի օրախնդիր հարցերի հետ` ժողովրդին ներկայացնելով ադրբեջանցիների կողմից իրականացվող հայաթափման ծրագրի ձևերը, հայրենասիրական ոգու շուրջ միավորելով ժողովրդին: Ընդհատակյա խումբ էր գործում Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում, որտեղ աշխատում էի, Զորգե փողոցի թաղամասում, որտեղ ապրում էի: Դրանք հետագայում մտան Հայոց ընկերվարական արցախական կուսակցության (ՀԸԱԿ) մեջ, որի հիմքի վրա  էլ կազմավորվեց ՀՅԴ արցախյան թևը: 1986թ. սկսվեցին ստորագրահավաքները. գործող խմբերի միավորման անհրաժեշտություն առաջացավ: Այդպես հիմնադրվեց ՙԱրցախյան միություն՚ ընդհատակյա կազմակերպությունը, որի առաջատարներից էր և հետո էլ մեծ դերակատարություն ունեցավ Արկադի Կարապետյանը:

Հետագայում կազմակերպության ստորաբաժանումներ ստեղծվեցին նաև շրջկենտրոններում և գյուղերում: Աստիճանաբար կազմակերպությունն սկսեց զորանալ և 1987թ.` բարենպաստ իրավիճակի պայմաններում, դուրս եկավ ընդհատակից, ինչն ավելի ոգևորիչ դեր խաղաց ժողովրդի համար: Աշխուժացան ուսանողները, ի հայտ եկան առանձին խմբավորումներ, անհատներ, շրջանների հետ հաստատվեց և հստակեցվեց կապը: Շրջանների ակտիվիստները կապի մեջ էին և՜ մայրաքաղաքի, և՜ Հայաստանի առաջնորդների հետ: Իրենց հերթին ադրբեջանցիները  ևս նպատակաուղղված գործունեություն էին իրականացնում. Ստեփանակերտի, շրջկենտրոնների շուրջբոլոր, մայրուղիների մոտակայքում արագ կառուցվում կամ ընդլայնվում էին ադրբեջանական գյուղերը: Պարզ էր դառնում, որ հակամարտությունը թեժանալու է: Աշխարհի ազգային-ազատագրական պայքարների փորձի ուսումնասիրումն էլ հուշեց, որ առանց պատերազմի հարցը չի լուծվի: Սումգայիթյան դեպքերը եկան հաստատելու այդ եզրահանգումները: Մի խումբ տղաներ, այդ թվում նաև Աշոտ Ղուլյանը (Բեկոր), Վահրամ Հայրապետյանը, սկսեց պատրաստվել առճակատման:

Ըստ Ա. Սարգսյանի ` միաժամանակ ակտիվանում էր քաղաքական դաշտը: 1987-ի նոյեմբերին Մոսկվա թռավ ԼՂԻՄ առաջին պատվիրակությունը` Իգոր Մուրադյանի գլխավորությամբ: Տեղի ունեցավ հանդիպում Սովետմիության Ֆեդերացիայի խորհրդի ազգային հարցերի բաժնի վարիչի հետ, ում հանձնվեցին համապատասխան փաստաթղթեր: Չստանալով ոչ մի արձագանք, Շարժման կազմակերպիչները որոշեցին ուղարկել երկրորդ պատվիրակությունը: Այս պատվիրակության մեջ ընդգրկվեցին նաև շրջանների ակտիվիստները. Մարտունուց` ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր Վազգեն Բալայանը, Հադրութից` Արթուր Մկրտչյանը, Ասկերանից` Սլավա Առուշանյանը, Ստեփանակերտից` Արկադի Կարապետյանը: Պատվիրակությունը դարձյալ գլխավորում էր Իգոր Մուրադյանը: Այս անգամ պատվիրակությունը հնարավորություն ունեցավ հանդիպելու ԽՄԿԿ Կենտկոմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Միխայլովի և ԽՍՀՄ ԳԽ նախարարության նախագահի առաջին տեղակալ Դեմիչևի հետ: Հանդիպման ժամանակ Դեմիչևն ասաց, որ ստորագրահավաքները ծանրակշիռ փաստարկներ են մարզի խնդրի դրական լուծման համար: Պատվիրակության անդամները ետ եկան ոգևորված ու մեծ եռանդով շարունակեցին կազմակերպական գործունեությունը: Բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում, կրթական հաստատություններում ի հայտ եկան Շարժման առաջնորդներ, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող էին արագ հավաքել ժողովրդին` տարբեր նպատակների համար, մասնավորապես, այդ ժամանակ կարևորվում էին երթերը, միտինգները, հանրահավաքները: Հանդիպումներ կազմակերպվեցին նաև հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենների և կրթական հաստատությունների ռեկտորների հետ, որոնց ցուցում տրվեց ժողովներ հրավիրել և ՙՄիացում՚ գաղափարով բանաձևեր ընդունել: Միաժամանակ աշխատանքներ էին ընթանում մոսկվաբնակ հայրենակիցների, ուսանողների հետ կապերի հաստատման ուղղությամբ, որոնց զինում էին համապատասխան տեղեկություններով, նյութերով, որպեսզի ղարաբաղյան խնդրի էությունը բացատրվի լայն զանզվածներին, հատկապես ռուս մտավորականներին: Ժողովներում ընդունված բանաձևերն ուղարկվում էին Մոսկվայի ակտիվիստներին, ովքեր դրանք ներկայացնում էին համապատասխան կառույցներին: Այդ ժամանակ Մոսկվայում կազմակերպվել էր գործուն և ազդեցիկ մարդկանցից կազմված աջակցման խումբ, որի հորդորներով որոշվեց ուղարկել 3-րդ պատվիրակությունը` բաղկացած Հայաստանի և Ղարաբաղի մտավորականներից: Մոսկովյան աջակցման խումբը բարձր մակարդակով ընդունեց և կազմակերպեց պատվիրակության հանդիպումները բարձրաստիճան իշխանավորների հետ: Տպավորությունն այնպես էր, որ այս անգամ ներդրված ջանքերը կպսակվեն հաղթանակով:

Ղարաբաղյան կարգավորող խմբի որոշմամբ կազմակերպված հանրահավաքով պետք է դիմավորեին 3-րդ պատվիրակության վերադարձը: Սակայն փետրվարի 12-ին Ստեփանակերտ այցելեց Ադրբեջանի ԿԿ կենտրոնական կոմիտեի 2-րդ քարտուղար Կոնովալովը և վարչական բաժնի վարիչ Ասադովը, ովքեր սպառնալիքների միջոցով փորձում էին կասեցնել վերելք ապրող Շարժումը: Կուսքաղկոմի դահլիճ հրավիրվեցին հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները, այն ժամանակվա լեզվով ասած` կուսակցական-տնտեսական ակտիվը: Կուսքաղկոմի առջև կազմակերպվեց հանրահավաք, ինչը երկակի դեր խաղաց շենքի ներսում հավաքվածների համար: Ակտիվը գտնվեց իր բարձունքի վրա և փաստարկված ու ծանրակշիռ ելույթներով ապացուցեց, որ ստեղծված վիճակի հեղինակները Բաքվի իշխանություններն են: Բաքվի դրածոները որոշեցին իրենց նպատակին հասնել շրջանների կուսակցական բյուրոների ընդունման որոշումներով: Այդ մասին իմացավ Սլավա Առուշանյանը, ով աշխատում էր կուսակցության Ասկերանի շրջանային կոմիտեում, և որոշվեց բոլոր շրջաններում կազմակերպել միտինգներ, ինչը և տեղի ունեցավ: Իսկ փետրվարի 13-ի առավոտյան Ստեփանակերտում կազմակերպվեցին երթեր` ուսանողների, աշխատանքային կոլեկտիվների, այդ թվում նաև՝ կոնդենսատորների գործարանի աշխատակիցների մասնակցությամբ, որի պատասխանատուն էր Ա. Սարգսյանը, ինչպես նաեւ Ասկերանից եկած ակտիվիստների մասնակցությամբ: Նրանց միացավ քաղաքի բնակչությունը, և այն ժամանակ Լենինի հրապարակում հավաքվեց մոտ 7000-անոց զանգված, որն ի ցույց արեց, որ Բաքուն այլևս իր հայատյաց որոշումները չի կարող թելադրել մարզին: Այդ միտինգին, որը, կարելի է ասել, ազդարարեց Ղարաբաղյան շարժման պաշտոնական սկիզբը, ընդունվեց մայր Հայաստանի հետ վերամիավորվելու բանաձև: Ետ եկավ նաև 3-րդ պատվիրակությունը, որը ոգևորված էր Մոսկվայում տրված խոստումներից: Այդ հանգամանքը, ինչպես նաև ժողովրդի աննահանջ պայքարելու կամքը, նոր թափ հաղորդեցին Շարժմանը: Որոշվեց միտինգում ընդունված բանաձևը  ամրապնդել օրենսդրական մակարդակով, ուստի և` փետրվարի 20-ին գումարել ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջան: Այդ օրերին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը դարձավ, բոլորի հիմնական հավաքատեղին` անգամ գիշերում էին այնտեղ, որպեսզի Բաքվից բերված ՆԳ ստորաբաժանումները չգրավեն հրապարակը:

Զուգահեռաբար տղաները պատրաստվում էին զինված պայքարի: 1988թ. փետրվարի 24-ին կազմավորվեց Հայոց ընկերվարական արցախական կուսակցությունը, որն իր ակտիվ գործունեությունը ծավալեց մայիս-հունիս ամիսներից սկսած: Կուսակցության հիմնադիր անդամներն էին  Հակոբ Խաչատրյանը, Արկադի Կարապետյանը, Լևոն Ավանեսյանը, Գենադի Ներսիսյանը, Վահրամ Արզումանյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Հայկ Աղաբեկյանը և Աշոտ Սարգսյանը: Նոյեմբերին Ա. Կարապետյանը կապվեց Երևանում գործող ՀՅԴ գրասենյակի հետ, ծանոթացրեց կուսակցության ծրագրին և կանոնադրությանը և համատեղ պայքարի առաջարկ արեց: 1989թ. ապրիլին ՀԸԱԿ Բյուրոյի հինգ անդամներ, Երևանում հանդիպելով ՀՅԴ Բյուրոյի գործիչ Ափո Պողիկյանի հետ, համաձայնության եկան ու մտան ՀՅԴ շարքերը՝ հիմք դնելով ՀՅԴ Արցախի ՙԱնտառ՚ կոմիտեի ստեղծմանը, և միասնական ուժերով անցան զինված պայքարի։

Աշոտ Սարգսյանը ցավով է նշում, որ տպագրվող բազմաթիվ գրքերում, նկարահանվող ֆիլմերում, երբ ներկայացվում է արցախյան շարժման տարեգրությունը, թերագնահատվում է ՀՅԴ դերակատարությունը մեր ազատագրական պայքարում:

-Տարօրինակ է. ստեղծվել է ՙԱրցախյան ազատագրական շարժման՚ հանրագիտարան, որտեղ հատուկ բաժին է նվիրված ՀՅԴ-ին, բայց Արցախյան կազմակերպության մասին համարյա բան չկա գրված, եղածն էլ խեղաթյուրված է, նշված չեն մի շարք անուններ, որոնք կարևոր դերակատարություն են ունեցել,- ընդգծեց նա:

Միևնույն ժամանակ, Աշոտ Սարգսյանը նշում է, որ չնայած Շարժումը չի հասել բուն նպատակին՝ մայր Հայաստանի հետ չի վերամիավորվել, սակայն ազգային-ազատագրական պայքարի, պետականաշինության, արժանապատվության վերականգնման հարցերում զգալի ու համոզիչ արդյունքների է հասել: Վերամիավորումն էլ մի օր իրականություն կդառնա: