[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐԱՑՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ. ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՀՎԱՆ ՈՒՂԱՐԿԵՑ ԻՐ ԷԼԻՏԱՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

Արցախի և Ադրբեջանի սահմանին նոր սրացումը կարելի է բնութագրել որպես ՙսպասված անակնկալ՚:

Հաշվի առնելով ամենատարբեր իրադարձությունների ու գործոնների մի ամբողջ շարք` հայկական կողմը պատրաստ էր սադրանքներին: Արդյունքում փետրվարի 25-ի գիշերը ոչնչացվեց էլիտար դիվերսիոն խումբը` բարձրաստիճան սպա,   Ադրբեջանի ԶՈՒ 181-րդ բրիգադի հետախուզության պետ մայոր Աբդուլաևի գլխավորությամբ: 

Հրապարակվել են հետախուզման համակարգի տեսագրությունները, որոնք հստակ ցույց են տալիս դիվերսանտների առաջխաղացումը` կասկածի տեղ չթողնելով, որ հենց Ադրբեջանի հրամանատարությունն է կրում ամբողջ պատասխանավությունը միջադեպի համար: Ընդ որում, պատասխանատվություն ոչ միայն միջազգային ատյանների առաջ, ովքեր ներգրավված են հակամարտության հանգուցալուծման մեջ, այլև  սեփական քաղաքացիների:

Այստեղ մի շարք հարցեր են ծագում: Ինչու՞ ռազմագործողությունը, որը բազում պատճառներով պետք է օրինակ ծառայեր, անցկացվեց այդքան ապաշնորհ ձևով: Հանուն ինչի՞ են ստույգ մահվան ուղարկվել էլիտար մարտիկներն ու սպաները: Ինչպիսի՞ն է Ռուսաստանի ու միջազգային հանրության արձագանքը տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Կարծում եմ՝ օգտակար կլիներ իրավիճակը վերլուծել տարբեր հանգամանքների հաշվառումով։

Մեհրիբան Ալիևայի գործոնը

Առաջին բանը, որ մտքովդ անցնում է որպես պատճառ, ինչն Ադրբեջանին մղեց սադրանք կազմակերպելու, Իլհամ Ալիևի տիկնոջ` Մեհրիբանի նշանակումն էր հանրապետության փոխնախագահի պաշտոնում։ Որքան էլ էական լիներ վերջին տարիներին Ադրբեջանի առաջին տիկնոջ դերը, այդուհանդերձ, նոր պաշտոնի անցնելու փաստը բուռն արձագանք հարուցեց թե՜ երկրի ներսում, թե՜ նրա սահմաններից դուրս։ ՙՌոսիա՚ հեռուստաալիքի ՙՎեստի նեդելի՚ ծրագրում այդ իրադարձությանը նվիրվել էր հաճոյախոսական ծավալուն սյուժե, որն ակնհայտորեն հասարակայնությանը նոր իրողության հետ հաշտեցնելու նպատակ էր հետապնդում։ Սա ցույց է տալիս, որ այդ նշանակման հետ կապված հասարակական կարծիքի շտկման կարիքը բավականին մեծ էր։ Ու Արցախի սահմանին փոքրիկ հաղթական ռազմագործողությունն ակնհայտ քայլերից մեկն էր։ 

Խոջալուի գործոնը

Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակի օրը, որը նշվում է փետրվարի 26-ին, արդեն մի քանի տարի, ՙավանդույթի համաձայն՚, Ադրբեջանի կողմից հրետակոծությունների ու դիվերսիաների առիթ է դառնում։ Այս տարի լրանում է առեղծվածներ պարունակող այդ իրադարձությունների 25 տարին։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանում ՙԽոջալուն՚ վերածել են քաղաքական երանգավորմամբ բրենդի, որը պետք է հակակշիռ ծառայեր Հայոց ցեղասպանության հիշատակին, ապա ճակատից ոգևորող նորությունները պետք է համալրեին հիշատակման միջոցառումների շարքը։

Ռուսաստանի գործոնը

Միջադեպից մի քանի օր առաջ Բաքվում վայրէջք էր կատարել ռուսաստանյան փորձագետների պատկառելի մի դեսանտ՝ Սերգեյ Մարկովի գլխավորությամբ, ով վաղուց է վաստակել ադրբեջանական լոբբիստի տիտղոսը։ Եվ անգամ եթե հրավիրված հասարակական գործիչների մի մասը դեռ առաջին քայլերն է անում դեպի ադրբեջանական քաղաքական գերատեսչությունների հետ համագործակցություն, ապա սահմանում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև ադրբեջանցիների համար զգայուն այլ հարցերի շուրջ մեկնաբանությունների տոնայնությունն ակնհայտ էր։ Ուելդանովի և Լապշինի օրինակներն անհրաժեշտ ֆոն են ստեղծում։ Բացի այդ, Ադրբեջանը ռուսական ՈԱԿ-ներին ու գործիչներին դրամաշնորհներ տրամադրելու մեծ արշավ է սկսում։ Մինչ Մոսկվայում շարունակվում էին տոնական արձակուրդները, ռուսաստանյան դեսանտի ներկայացուցիչները եթերը լցնում էին օբյեկտիվությունից ու անկողմնակալությունից հեռու մեկնաբանություններով։ Ըստ երևույթին, իրադարձությունների նման ընթացքը նախօրոք հաշվարկված էր։

Դրա հետ մեկտեղ Ադրբեջանը վերջին ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է բացահայտորեն քամահրում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պահանջներն ու հայտարարությունները։ Սադրանքից բառացիորեն մի քանի օր առաջ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է ուժի կիրառման ու ռազմաշունչ հռետորաբանության անթույլատրելիության մասին։ Քիչ ավելի վաղ Ադրբեջանն անտեսեց Ռուսաստանի քաղաքացի Լապշինին Բաքվին հանձնելու որոշման դեմ բողոքը։ Ադրբեջանի պահվածքը փոքրիկ ոխ է հիշեցնում Լավրովի այն խոսքի համար, թե ղարաբաղյան հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ, ու դրան հետևած այն փաստի, որ ԱԳՆ ղեկավարը հրաժարվեց չեղյալ հայտարարել 2017թ. հունվարի 17-ի մամուլի ասուլիսին արված տվյալ հայտարարությունը։ 

Արցախում 

հանրաքվեի գործոնը

Թեզիսներից մեկը, որը փորձում էին պարտադրել Բաքու հրավիրված ռուսաստանցի փորձագետները, ձևակերպված էր հետևյալ կերպ. ՙՀանրաքվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որը տեղի ունեցավ փետրվարի 20-ին, հակամարտության սրացում կհրահրի՚։ Տվյալ պնդումն անհամոզիչ է հնչում, բայց այն միևնույն ժամանակ սկզբունքային նշանակություն ունի։ 

Ադրբեջանի համար կարևոր է լրացուցիչ առիթ հորինել, որը կարդարացներ ուժի հերթական կիրառումը։ Միաժամանակ ակնհայտ է, որ Արցախում հանրաքվեն բացառապես տեխնիկական բնույթ էր կրում։ Օրենսդրական հենքի նորացումը կապված է անվտանգության համակարգի ու դե ֆակտո պետության կայուն զարգացման հետ։ Ներքին կարգավորումները, կառավարման նոր կառուցվածքը ոչ մի պարագայում չեն կարող օգտագործվել որպես առիթ զինված հարձակման համար։ 

Ձգձգված 

պատերազմ 

Դատելով մի շարք նախանշաններից` մոտակա շաբաթներին կարող է մարմրող պատերազմ սկսվել Արցախի և ՙմայրցամաքային՚ Հայաստանի հետ սահմանին գտնվող թեժ օջախներում։ Փետրվարի 25-ին իրականացված ներթափանցումը կարող էր ՙմարտով հետախուզության՚ միջոցառումներից մեկը լինել։ Այս պատերազմը երեք նպատակ ունի։ Առաջին՝ հյուծել Հայաստանի տնտեսությունը, նյարդային վիճակի հասցնել հասարակությանը, ռեսուրսները շեղել դեպի մշտական դիմակայություն։

Երկրորդ՝  ստեղծել ծանրակշիռ գործոն, որը թույլ կտա Ադրբեջանի քաղաքացիների առաջ արդարացնել տնտեսական խոր անկումը։ ՙԻ՞նչ աշխատավարձի ու թոշակների մասին կարող է խոսք լինել, երբ պատերազմ է ընթանում՚՝ մոտավորապես այսպիսի պատասխան կստանան դժգոհները։ 

Երրորդ հանգամանքը ռազմական դիմակայությունը մարմրող ռեժիմի մեջ պահելն է, որպեսզի առիթ չտան ծանր տեխնիկայի օգտագործման, այդ թվում՝ Իսկանդերների համար։ 

Պատերազմը պետք է ուժասպառ անի ոչ միայն հայերին, այլև միջնորդներին։ Ստիպել նրանց փոխել բանակցությունների ձևաչափը։ Այսօր չկա մի  փորձագետ, ով ճշգրտորեն կարողանա կանխատեսել իրադարձությունների զարգացումը։ Դրա համար հավանական բեմագրերի ընտրությունը չափազանց լայն է։ Դիտորդները կառչում են ցանկացած մանրուքից, յուրաքանչյուր ակնարկից կամ ՙպատահական՚ խոսքից, որպեսզի փորձեն տրամաբանական շղթա կազմել։ 

Վերնախավերի ներսում տեղի ունեցող պատերազմները, միջազգային ոչ պաշտոնական գործարքները, բիզնեսը և կլանային պայմանավորվածությունները՝ այս ամենը տեղեկատվական թանձր մշուշ են ստեղծում։ Այս առումով, կարծում եմ, շատերը ուշադրություն դարձրին ՙՎեստի նեդելի՚¬ի թղթակից Դենիս Դավիդովի՝ Մեհրիբան Ալիևային տված վերջին հարցին. ՙՊատրաստ ե՞ք ստանձնել նախագահի դերը՚։ Պատասխանը հաստատական էր։

 www.newsarmenia.am

Դենիս ԴՎՈՐՆԻԿՈՎ

Հրապարակախոս, Միջազգային իրավունքի 

ռուսաստանյան ասոցիացիայի անդամ