[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՀՄԱՆՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է ՎԿԱՅՈՒՄ

 

 

 

ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն ավանդաբար ամեն տարի այցելում են Արցախ:

Այս տարի այդ ձեւաչափով առաջին այցը մարտի 1-ին էր: Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ ժամանած դիվանագետներին ընդունել է նախագահ Բակո Սահակյանը: Արցախի համար ՀՀ դեսպաները արտաքին աշխարհի հետ կապի արդյունավետ օղակներն են: Դեսպանների հետ նախագահ Սահակյանի զրույցը գործնական էր եւ անհրաժեշտ՝ անգամ հերթական անգամ Արցախ ժամանած փորձառու դեսպանների համար, նախագահականում կայացած հանդիպումից հետո ճեպազրույցում ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

- Արդեն ավանդույթ է դարձել, որ դեսպանահավաքի ընթացքում անպայման այցելում ենք Արցախ: Շատ խորհրդանշական է, որ այս անգամ դեսպանահավաքը հենց Արցախ կատարած այցով սկսեցինք, եւ վստահ եմ, որ դրա շնորհիվ մեր դեսպանահավաքն ավելի հաջող ընթացք կունենա: Որովհետեւ այն, ինչ լսեցինք Արցախի նախագահից, շատ ոգեւորիչ էր: Նախագահի հետ հանդիպումն աշխատանքային էր: Շատ բովանդակալից, շատ հագեցած հանդիպում էր: Կարեւոր է մեր դեսպանների, դիվանագետների համար գալ Արցախ  եւ լսել առաջին ձեռքից այն խնդիրների մասին, այն հարցադրումների մասին, որոնք հուզում են Արցախի մեր քույրերին եւ եղբայրներին: Գիտեք, ցակացած հայի համար ցանկալի է գալ Արցախ՝ նորից ու նորից, իսկ դիվանագետների համար Արցախ գալը ինչ-որ տեղ նաեւ հրամայական է: Այս հանդիպումն էլ, ինչպես նախորդները, իսկապես շատ օգտակար է եղել:

Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգի մի խումբ դիվանագետների պարգեւատրել է ԼՂՀ պետական պարգեւներով: 2017-ին կունենա՞նք Արցախի անկախությունը ճանաչած առաջին երկիրը, հետաքրքրվել են լրագրողները: Էդվարդ Նալբանդյանը լավատես է:

-Բացառված չէ: Բայց մի երկրով չէ, որ ինչպես ասում են, ճանաչումը պետք է լինի: Ամեն ինչը իր սկիզբն ունի: Եվ զարգացումները դրան են տանում: Այն բանակցությունները, որ տանում ենք, այն գործընթացը, որը ընթանում է համանախագահների ձեւաչափով, հենց ուղղված է նրան, որ կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով եւ որ այն պետք է բերի արցախցիների ինքորոշման իրավունքի ճանաչմանը եւ Արցախի ճանաչմանը: Դա հնարավոր է, եւ ես կարծում եմ՝ մենք դրան ենք գնալու:

Հայկական կողմերի մոտեցումներն այսօր առավել քան երբեք ընկալելի են միջազգային հանրության եւ համանախագահող երկրների համար: Բանակցային գործընթացում փակուղու մեղքը Բաքվինն է, ով դիվանագիտական ասպարեզում բացթողումները փորձում է ռազմական շանտաժով լրացնել: Հայ դիվանագետները Արցախում հերթական անգամ են համոզվել՝ այս հարթությունում էլ ադրբեջանական քաղաքականությունը դատապարտված է:

-Սահմաններում լարվածության այդ աճը մի բան է նշանակում, այն, որ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում: Ադրբեջանի ղեկավարությունն իրեն փակուղու մեջ է դրել: Դուք էլ լավ գիտեք, թե ինչ են ասում համանախագահները եւ ինչ է ասում՝ Ադրբեջանը: Դրանք տարբեր, իրար հակասող բաներ են: Փակուղում հայտվելով՝ ելքը ուժի կիրառումն են համարում, գտնելով, որ այդ դեպքում իրենց դիրքերը կբարելավեն: Բայց մեր զինված ուժերը, հատկապես՝ Արցախի պաշտպանության բանակը, ապացուցում են, որ ապարդյուն են այդ իլյուզիաները:

Լրագրողները սուր հարցերից էլ չեն խուսափել: Հասարակության մի ստվար հատվածը դժգոհ է արտգործնախարարության աշխատանքից ու աշխատաոճից: Ինչպե՞ս է դրան վերաբերվում արտգործնախարարը:

-Ես լավ եմ վերաբերում: Քննադատությունը լավ բան է, հատկապես՝ եթե խոսքը առողջ, կառուցողական քննադատություն է: Պետք է շատ ուշադիր լինել, լուրջ վերաբերվել այդ քննադատություններին, որպեսզի մեր աշխատանքն էլ ավելի լավ անենք: Բայց կարծում եմ, մեր դիվանագիտության աշխատանքը նաեւ արդյունքներ է տվել: Մինսկի խմբի եռանախագահող երկրների ղեկավարները հինգ հայտարարություն են արել: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների առաջարկած սկզբունքների հիման վրա շարունակել բանակցությունները: Ադրբեջանը մինչ այսօր ձեւացնում է, թե նման հայտարարություններ ընդհանրապես գոյություն չունեն: Մենք հասել ենք դրան, որ նման հինգ հայտարարություն է արվել, եւ բոլոր այդ հայտարարություններն էլ Ադրբեջանն է անտեսում եւ ոչ թե մենք: Ուրեմն կան արդյունքներ: Իհարկե, դրանք կարող էին ավելի շատ լինել: Դրա համար էլ քննադատություններին նորմալ եմ վերաբերվում:

Ն. Հովսեփյան